Օրը 4 հազարով. խորհուրդներ Ծաղկաձոր մեկնողներին

ՄՇԱԿՈՒՅԹ | | June 26, 2009 18:36
caxkadzor1

Ծաղկաձորի հյուրանոցային սենյակ

Հայկական զբոսաշրջությունը փորձում է պայքարել տնտեսական ճգնաժամի դեմ` զեղչելով առաջարկվող ծառայությունների փաթեթները: «Հյուրանոցը պահելու համար հաճախորդի պակասության պարագայում կարող ենք նույնիսկ 50 տոկոս զեղչ անել»,- ասում է Ծաղկաձորի «Ալիք» հյուրանոցի տնօրեն Վարդան Ղազարյանը: Ըստ այդմ, իրենց ֆիքսած 18000 (երկու սենյակ)-65000 (լյուքս` հսկա ապարտամենտ) դրամ գինը կարող է իջնել մինչև 9000-35000:
«Անկախ»-ի լրագրողները բացահայտեցին Ծաղկաձորի տուրիստական հնարավորությունները:
Քաղաքի բյուջեի վրա ևս ազդել է ճգնաժամը, և այն երեք անգամ նվազել է: Այս տարվա բյուջեն 300մլն դրամ է, այն դեպքում, երբ 2007թ. եղել է 900մլն: «Մենք վերջին 4 տարվա ընթացքում այնպիսի մեծ ֆինանսական հոսքեր ունեցանք, որ չէինք էլ երազի: Բայց հիմա ճգնաժամ է, արդեն իսկ կրճատվել է քաղաք այցելող զբոսաշրջիկների թիվը»,- ասաց քաղաքապետ Գարուն Միրզոյանը:
Ճգնաժամը չի ազդել հարմարավետության վրա, փոխարենը իջեցրել է ծառայությունների գները։ «Անկախ»-ի թղթակիցները, 10 հյուրանոց ուսումնասիրելով, պարզեցին, որ սառնարանը, հեռուստացույցը, արբանյակային ալեհավաքները, ներքին հեռախոսակապը, ջեռուցումը, շուրջօրյա տաք ու սառը ջուրն արդեն ոչ թե ճոխության նշան են, այլ պարզ անհրաժեշտություն:
Հյուրանոցների տարբերությունները միայն հարմարավետությունների որակին է վերաբերվում։ Ամենաէժան հյուրանոցում` «Նկարիչների տանը», սովետական հին սառնարան էր, իսկ սովետական բույրն իր մեջ դեռ պահող Մերգելյանի «Նաիրի»-ում` փոքր հեռուստացույց, թանկարժեք հյուրանոցներում` կահույքի մեջ հավաքված մինի սառնարաններ՝ լցված ըմպելիքներով՝ ալկոհոլային և ոչ ալկոհոլային, գարեջրի հետ պիստակ։ Իսկ «Սպորտկոմպլեքս»-ի լյուքս համարներում` LCD հեռուստացույցներ:

caxkadzor2

Ռեստորան Ծաղկաձորում

Կասկածելի մաքրության սպիտակեղեն, ինչպես նկարիչների տանն էր, թանկարժեք հյուրանոցներում չես գտնի. կահավորանքը նոր է` զգեստապահարան, փափուկ կահույք, կոմոդներ, լրագրային սեղան` վրան գլամուրային ամսագրեր,  անձեռնոցիկ: Մատուցվող սպասքը բարձրորակ հախճապակյա էր, մաքրությունն էլ` կասկածից վեր:
Էժան հյուրանոցներում՝ «Նկարիչների տունը», «Նաիրին» ու ԵՊՀ-ի պանսիոնատը, վարձը սահմանված է անձով: ԵՊՀ-ի հանգստյան տանը սենյակը մեկ անձի համար արժե 4000-6000, «Նաիրի»-ում` 5000-7500, «Նկարիչների տանը»` 4000-5000 դրամ: Սակայն «Նկարիչները» սնունդ չեն տալիս, իսկ «Նաիրի»-ում 3 անգամյա սնունդը մեկ անձի համար արժե 2500 դրամ, «ԵՊՀ»-ում` 4000: Ծաղկաձորում հանգստանալու օրական ամենաէժան գինը կլինի 8000 դրամը։ Սակայն եթե մի փոքր նեղություն տաս քեզ, ու կերակուրն ինքդ պատրաստես կամ խանութից գնես, ապա «Նկարիչների տանը» մնալով` օրական կծախսես մի փոքր քիչ՝ 7000 դրամ։

Սակայն մեծ ցանկության դեպքում դրա կես գինն էլ կարելի է վճարել, ինչպես արեցինք մենք. «Նկարիչների տանը» մի փոքր բազարի շնորհիվ երկուսիս համար վճարեցինք 5000 դրամ ու քնեցինք: Բայց էժանությունը թանկ կնստի նրանց վրա, ովքեր վախենում ու զզվում են մկներից: Սպիտակեղենն էլ այստեղ նամուկ էր, որ երկար չլվանալուց մի տեսակ կպնող ու մածուցիկ տեսք է ունենում: Իննան բորբոքվեց, բայց ես հանգիստ տարա:
Քաղաքապետարանի հետևի խանութից գնած երշիկը, պանիրը, 4-5 հատ վարունգը, 2 բուլկին, 2 մակկոֆեն, հացը, շպռոտն ու մի շիշ ջուրը նստեց 2700 դրամ, և մենք դարձանք Ծաղկաձորի ամենասակավապետ հանգստացողները` յուրաքանչյուրիս օրվա ծախսը հասցնելով 4 հազար դրամի:

Փայտյա հնաոճ հյուրանոցը, որ կառուցվել է 1850 թ., հարմարավետության չձգտող երիտասարդների համար, կարող է լեռնային արշավային մթնոլորտի տպավորություն ստեղծել շքեղ ծաղկաձորյան միջավայրում։ Բնությունն այստեղ ավելի առատաձեռն է, մանավանդ գիշերը, երբ հյուրանոցի քո համարում հայտնվում է երրորդ կենվորը՝ մուկը. կռըծ, կռըծ, կռըծ… Ստիպված վեր կացա, ուտելիքը ցելոֆանով փաթաթեցի ու դրեցի սառնարանը: Երևի խելացի մուկ էր, հասկացավ, որ արդեն անելիք չունի ու հեռացավ:
Սենյակներն էլ` մի տեղանոց կամ երկտեղ, տարբեր հնարավորություններ ու հարմարավետություն ունեն. «Յուպիտեր»-ի ստանդարտ համարը թեև մաքրությամբ փայլում է ու ժամանակակից հարմարավետություններով աչքի է ընկնում, բայց նեղ է, հազիվ մահճակալի տեղ ունի, իսկ «Ալիք»-ում ու «Ալվա»-ում համապատասխան համարներն ազատ տարածք համեմատաբար շատ ունեն:
Հարմարավետ հյուրանոցներում սենյակի գինը 18.000-90.000 է, որի մեջ ներառված է առավոտյան նախաճաշը: Լրացուցիչ մահճակալի գինը 7000-10000 դրամ է, իսկ մինչև 6 տարեկան երեխան քնում է անվճար: Ոչ սեզոնային օրերին գները զեղչվում են 30 տոկոսով:

«Ալվա»-ում, «Յուպիտեր»-ում և «Բագարտ»-ում սենյակներն արժեն 18000-25000 դրամ։ 3 անգամյա սնունդն «Ալվա»-ում արժե 4000, «Կեչառիս»-ում ու «Ալիք»-ում` 6000: Ամենաթանկը «Մուլթի ռեսթ»-ն ու «Սպորտկոմպլեքս»-ն են, որտեղ սենյակն արժե 35.000-90.000 դրամ, բայց այս գների մեջ մտնում են լրացուցիչ ծառայություններ` ճոպանուղու, խաղասենյակի, լողավազանի տոմս, իսկ «Սպորտկոմպլեքս»-ում նաև 3 անգամյա սնունդ, ինչպես նաև ինտերնետ` լյուքսում:
«Յուպիտեր»-ում դառը դեմքով մի աղջիկ այնպիսի հաղթական տոնով ասեց, որ հիմնական շենքը ներկա պահին փակ է, ու չեմ կարող նայել, կարծես ճգնաժամն այս հյուրանոցին չէր առնչվել, ու հաճախորդներն այնքան շատ էին, որ մեկին էլ կարող էր կոպտել: Կոպտությունն այն հիմնական վերաբերմունքն է, որ հիշեցնում է` այս քաղաքը եղել է Սովետի կազմում։ Մյուս սովետական բնակիչը խավարասերն էր, որ դուրս եկավ «ԵՊՀ»-ի սենյակի ծորակից, երբ ջուրը բացեցի, և հենց հասկացավ, որ 3 հոգի նայում են իրեն, վզզալով նետվեց լվացարանի կոյուղատար խողովակը:
«Նկարիչների տանն» ու «Նաիրի»-ում Սովետն են հիշեցնում սովետական սանհանգույցները՝ սովետական ունիտազ, կաֆել, մետլախ։ «Նաիրին»  հաղթահարել է Սովետը միայն 6-րդ հարկում, ուր հյուրանոցի լյուքս տարածքն է:

caxkadzor3
Կանաչը՝ «Նկարիչների տունը»

Զուգարանի թուղթ, սրբիչներ, մեկանգամյա օգտագործման շամպուններ, լողանալու հեղուկներ, ֆեն, լոգարանի հողաթափեր, ատամի խոզանակներ հիմնականում ամեն տեղ կային:
Քանի որ հանգստյան տները բարձրահարկ չեն ու տեղակայված են իրարից որոշակի հեռավորության վրա, բոլորի պատշգամբներից բացվում են ծաղկաձորյան համայնապատկերները:
Զվարճությունների սիրահարները Ծաղկաձորում պարապ չեն մնա, իհարկե, եթե կարող են մեկ ժամ բոուլինգ գլորելու համար «Կեչառիս»-ում վճարել 10 000 դրամ։ Ծաղկաձորի երևանյան դեմքը «Կեչառիս»-ի «Ջազվե» սրճարանն ու «Հին Թիֆլիս» ռեստորանն է` երևանյան գներով, իսկ «Սպորտկոմլեքս»-ում` «Պասկուչի» սրճարանը:
Ամռանը ճոպանուղու քարտեզի վրա քիչ բան կասեն «Քոչարյան» և «պրեզիդենտական» կոչվող սահքուղիները, որոնք ձմռանը դահուկորդների համար ամենադժվարն են։ Հինգ կայան ունեցող ճոպանուղու առաջին գծով բարձրանալու համար կվճարես 1500 դրամ, իսկ սարի վրա` երկրորդ կայարանում, սուրճ կամ գարեջուր կխմես «Տիֆոզի» սրճարանում, իսկ եթե չես ուզում այդքան գումար ծախսել օդով ճանապարհ կտրելու համար, ապա ճոպանուղու կողքի սրճարանները քեզ միշտ էլ սպասում են։
Սաունան ամենատարածված պերճանքն է, որ մեկ ժամի համար արժե 6000-10000, սակայն մոտ 2000 դրամով կարելի է լողավազաններում լող տալ՝ «Գրողների տանը», «Ալիք»-ում և «Մուլթի Ռեսթ»-ում։ Բայց լավագույն տարբերակը «Սպորտկոմպլեքս»-ում է, ուր 3000 դրամ մուտքի գնով ամբողջ օրը կանցկացնես լողանալով ու մարզվելով: Բիլիարդ էլ ամեն տեղ կգտնես (2000-3000 դրամով), հարցնելու դեպքում կարաոկե բարի տեղն էլ ցույց կտան: Ինտերնետն էլ Ծաղկաձորում հիշեցնում է, որ Երևանում չես, ու խանութներից մեկի ցուցանակը՝ «Ծախսաձոր», բնութագրական է. ինտերնետի փնտրտուքները կբերեն սկզբում «Կեչառիս», ուր մի ժամն արժե 1000 դրամ, իսկ «Գրողների տանը» երևի Հայաստանի ամենաթանկ ինտերնետն է` 1500 դրամ։
Երևանից մոտ 50 կմ դեպի հյուսիս գտնվող Ծաղկաձորը ծովի մակերևույթից բարձր է 1820-1890 մ, միջին ջերմաստիճանն օգոստոսին +18+25 աստիճան է, հունվարին` -7-9: Բնակչությունը` 1700, կարող է հյուրընկալել մինչև 5000 մարդ: 5 կայան ունեցող, 6105 մ ընդհանուր երկարությամբ ճոպանուղին ծովի մակերևույթից բարձր է 1969-2819 մ: Քաղաքում կա 25-30 մեծ ու փոքր հյուրանոց, ինչպես նաև վարձով տրվող տներ: Քաղաքապետ Գարուն Միրզոյանի խոսքերով` Ծաղկաձորում գործազրկությունը 100 տոկոսով լուծված է: «Ծաղկաձորը նույնիսկ աշխատուժի պակաս ունի: Սեզոնին հյուրանոցային բիզնեսում մեր քաղաքից ներգրավված է լինում մինչև 150 մարդ, 350-ն էլ գալիս է կողքի շրջաններից ու Երևանից»,- ասում է նա:

Դիտվել է 12934 անգամ:
Print Friendly

Leave a Reply