«Հայաստանում ֆրանսերենը լիովին պաշտպանված է»,-համոզված են եվրոպացի ֆրանսախոս պատգամավորները

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | May 6, 2010 13:37

Մայիսի 4-ին և 5-ին Երևանում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպական տարածաշրջանի 23-րդ համաժողովը: «Կրթական համակարգերի խնդիրները և մարտահրավերները մեր հասարակություններում սոցիալ-տնտեսական և մշակութային զարգացումների համատեքստում» թեմայով համաժողովին մասնակցում էին Եվրոպայի տարբեր երկրների ավելի քան 80 ներկայացուցիչ:

Համաժողովի բացմանը, ողջունելով մասնակիցներին, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, ուրախությամբ նշեց, որ համաժողովի անցկացումը Հայաստանի մայրաքաղաքում համընկնում է կարևոր մի իրադարձության հետ.  այս տարի Հայաստանը` ասոցացված անդամի կարգավիճակով, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մյուս բոլոր անդամ պետությունների հետ միասին նշում է կազմակերպության 40-ամյակը:

Նա հայտնեց, որ ֆրանսերենը Հայաստանում օտար լեզվի կարգավիճակ ունի, սակայն, դարեր ի վեր ֆրանսերենը հայ ժողովրդի մի ստվար զանգվածի համար եղել է ավելին, քան հաղորդակցության լեզու: «1915-23 թթ. Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության հետևանքով Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Բելգիայում, Կանադայում, Մերձավոր Արևելքի երկրներում ապաստանած հայ ժողովրդի զավակների` Շառլ Ազնավուրի, Վահե Քաչայի, Անրի Վերնոյի, Գառզուի, Ժանսեմի, Ալիս Սապրիչի  և շատ այլ հայազգի հայտնի գործիչների համար ֆրանսերենը դարձավ ստեղծագործելու և արարելու լեզու: Իսկ Հայաստանում ֆրանսերենը խորհրդայնացումից հետո չմոռացվեց և նոր շունչ ստացավ հատկապես 1946-47 թթ. հայրենադարձությունից հետո, երբ մեր հայրենակիցներն իրենց հետ պատմական  հայրենիք բերեցին Փարիզի, Մարսելի, նաև միջերկրյածովյան տարածաշրջանին բնորոշ առոգանությունները»,-ասաց ԱԺ-ի նախագահը:

ՖԽՀ-ի եվրոպական տարածաշրջանի առաքելութան ղեկավար Ժան-Պոլ Վահլն իր հերթին նկատեց, որ համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար Ֆրանսիայից, Բելգիայից և այլ երկրներից Երևան ժամանած պատվիրակները հիանալի հիշում են Անրի Վերնոյի (Աշոտ Մալաքյանի )ֆիլմը, որով նա ցույց տվեց Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած բազմաթիվ հայերի: «Արշիլ Գորկին և մեծարգո ու մեծանուն բազմաթիվ հայեր` Պատրիկ Դևեջյանը, Շարլ Ազնավուրը, Անրի Վերնոյը և այլք, հարստացնում են մեր քաղաքակրթությունը»,-ասաց Բելգիայի ներկայացուցիչը:

Վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ կարևորեց այն,որ Ֆրանկոֆոնիան համախմբում է ոչ միայն ընդհանուր լեզվամտածողությամբ մարդկանց, այլև ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության վրա հիմնված արժեհամակարգը կրողներին: Նա նշեց նաև, որ նախկինում դիտորդի, իսկ այժմ արդեն  ասոցացված անդամի կարգավիճակ ունեցող Հայաստանն ավելի մեծ  հնարավորություններ է ստացել  լիարժեք ընդգրկվելու կառույցի մեջ, աշխատելու բոլոր այն ուղղություններով, որ այս կազմակերպությունն ունի: Մասնավորապես, հայ պատվիրակները լուրջ անելիքներ ունեն վեհաժողովի հանձնաժողովներում` ավելի մանրամասն ներկայացնելու Հայաստանի խնդիրները և օգտվելու կազմակերպության ընձեռած  հնարավորություններից:

Երկօրյա համաժողովի շրջանակներում քննարկվեցին դպրոցի դերը, առաքելությունն ու արժեքները, մանկավարժական խնդիրները, դպրոցի անկախությունը շուկայից, նաև դպրոցական իրական արդարությանը, խտրականության վերացմանն ուղղված քայլերը: Քննարկվեցին նաև Հայաստանում իրականացվելիք մի շարք ծրագրեր, այդ թվում` կապված TV-5 հեռուստաալիքով Ֆրանկոֆոնիայի կազմակերպության հեռարձակման հետ: Պատվիրակներն այցելեցին Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական և Հայաստանում ֆրանսիական համալսարաններ, նաև երևանյան երկու դպրոց, ծանոթացան ֆրանսերենի ուսուցման, կրթական համակարգի բարեփոխումների գործընթացներին:

Համաժողովի ավարտին` մայիսի 5-ին, ընդունվեց բանաձև: Կրթական համակարգի բարեփոխումների վերաբերյալ առաջարկություններ պարունակող փաստաթղթում, մասնավորապես, կարևորվում է որակյալ կրթության անհրաժեշտությունը, ինչը միտված կլինի դպրոցում սոցիալական, էթնիկ և այլ խմբերի համար հավասար պայմանների և արդարության ապահովմանը:

Ինչպես համաժողովին հաջորդած ասուլիսում հայտնեց ՖԽՀ-ի եվրոպական տարածաշրջանի առաքելութան ղեկավար Ժան-Պոլ Վահլը, բանաձևում ամրագրված առաջարկների կատարման ընթացքին հետևելու նպատակով իրենք Եվրոպական տարածաշրջանում դիտորդական մարմին ստեղծելու առաջարկով կդիմեն Ֆրանկոֆոնիայի  միջազգային կազմակերպությանը:

«Շատ կարևորում ենք համաժողովի ընտրված թեման, որովհետև կրթության, դպրոցի նշանակությունը, դերը մեր հասարակությունում ինքնին շատ արժևորված և առաջնահերթ խնդիրներից է, և շատ կարևոր էր այդ առումով փորձի փոխանակություն անցկացնել, մատնանշել ոլորտում առկա մարտահրավերներն ու խնդիրները և, օգտագործելով մեր բարեկամների փորձը, առաջարկությունները, խորհուրդները, նաև կարողանալ գտնել լավագույն լուծումներ»,-ասաց Ա.Ռուստամյանը:

Առաքելության ղեկավարը և ՖԽՎ-ում Ֆրանսիայի խորհրդարանի պատվիրակության ղեկավար Հենրիետ Մարտինեսը գոհունակություն հայտնեցին Հայաստանում համաժողովը «հոյակապ մակարդակով» կազմակերպելու համար, նաև համաժողովի բոլոր մասնակիցների կողմից նշեցին, որ անչափ տպավորված և հուզված են այցելած համալսարանների և դպրոցների կրթության որակից: Իսկ Ժան-Պոլ Վահլը հավաստեց, որ ինքն անձամբ երջանիկ կլիներ, եթե իր երկրում, որտեղ կա պետական երկու  լեզու, դպրոցականները երկրորդ լեզվին տիրապետեին այնպես, ինչպես Հայաստանում:

Ինչպես նշեց Ա.Մարտինեսը, ՖԽՎ-ն ունի երկու նպատակ` պահպանել ու զարգացնել  ֆրանսերենը և խթանել ժողովրդավարական արժեքների տարածումը, և ակնհայտ է, որ Հայաստանը հավատարիմ է  երկու  նպատակներին էլ, իսկ ֆրանսերենի հարցում կարելի է ասել, որ այն Հայաստանում «խորապես պաշտպանված է»: «Հայաստանը Ֆրանկոֆոնիայի ասոցացված անդամ է հազիվ մեկ տարի, բայց արդեն ցույց է տվել, որ լիարժեքորեն ինտեգրվել է այս կազմակերպությանը: Մենք տպավորված ենք դպրոցներում աշակերտների ֆրանսերենի իմացությունից»,-ասաց նա:

Ասուլիսից անմիջապես հետո, համաժողովի մասնակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, իսկ մայիսի 6-ին եղան Հայաստանի մի շարք պատմամշակութային օջախներում:

Գայանե ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է 1242 անգամ:
Print Friendly

Leave a Reply