«Թաքնված տաղանդ»-ի աստղը. Սամվելիկն ԱՄՆ մեկնելուց առաջ քարտեզում անծանոթ տեղ չի թողել

Շաբաթվա լուր | | June 26, 2009 16:06
samvelik

Սամվելիկ

Մոզամբիկ` Մապուտո, Զիմբաբվե` Հարերա, Բոցցվանա` Գաբոռոմե. Աֆրիկան «Թաքնված տաղանդ»-ի հաղթող հնգամյա Սամվելիկի ամենասիրած աշխարհամասն է:
Հեռուստադիտողի հիշողությունից դեռ չի ջնջվել չորսուկես տարեկան Սամվելիկը, որ «Շանթ»-ով «Թաքնված տաղանդ» հեռուստամրցույթում հաղթեց 150 ահել ու ջահելի: Աստղով մանուկի անմիջականությո՞ ւնն էր գերել հազարավոր մարդկանց, թե՞ ընդունակությունը, որ երկրագնդի բոլոր անունները գիտի:

Հիմա նա արդեն հինգ տարեկան է ու հինգ մատի պես գիտի աշխարհի քարտեզը, բոլոր երկրներն ու մայրաքաղաքները, կարողանում է բացատրել, թե ինչ է նշանակում երկրի անունը, կամ հիշել, թե որ գետն է հոսում քաղաքի միջով:
«Թաքնված տաղանդ»-ի ժյուրիի անդամ, բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանի հետ ճամփա ընկանք Նոր-Հաճն` հանդիպելու Սամվելիկին:
Երբ մոտեցանք քաղաքին, վարորդն ասաց. «Էկանք բռլյանտի քաղաք», ու պատմելով Ադամանդի գործարանի մասին` քշեց դեպի քաղաքի նորահայտ քարտեզագետ ադամանդի տուն:
Զորավար Անդրանիկի փողոցը երկար փնտրելու կարիք չկար. երբ մեքենայի պատուհանն իջնում էր, ու Վիոլետի ուրախ բարևին մարդիկ, առանց հարցին սպասելու, ցույց էին տալիս Սամվելիկենց տան ճամփան: «Տեսնո՞ւմ եք` ոնց են ճանաչում Սամվելիկին»,- ասաց Վիոլետը: «Բա չե՞ք տեսնում` ինչ ուրախացած են, էսա ամբողջ Հաճնով թնդալու ա, որ էստեղ եք»,-ասաց վարորդ Արմենը:
Հենց մեքենան կանգնեց շենքի դիմաց, առաջին հարկի պատուհանից լսվեցին Սամվելիկի ու նրա քույրիկի` Թամարիկի ուրախ ծղրտոցները: Վիոլետը, փոքրիկ աղջնակի պես թռչկոտելով, վազեց դեպի պատուհանը, իսկ երեխաներն իրենց թաթիկները երկարում էին ներքև` բարևելու նրան:

samvelik2

Սամվելիկը մայրիկի՝ Լիլիթի հետ

Սամվելիկի ընտանիքն ապրում է շենքի առաջին հարկում, բնակարանն ունի մի փոքրիկ կախարդական դուռ, որ տանում է դեպի բակ, ուր Սամվել պապը Սամվելիկի համար ճոճանակներ է պատրաստել և մի մեծ ավազե հրապարակ` բահ ու դույլով խաղալու համար: Սամվելիկի մայրը` Լիլիթը, պատմում է, որ հաճախ ինքն էլ է երեխաների հետ մտնում ավազների մեջ ու աշտարակներ ծեփում ավազից: Սոցիոլոգ մայրը թեև երազում է մասնագիտությամբ աշխատելու մասին, բայց իրեն նվիրել է երեխաների դաստիարակությանն ու արդյունքներով հիանում է: Իսկ ամուսինը` Յանեկը, կնոջ դաստիարակության արդյունքներից ոգևորված, նրա աշխատելու ցանկությանը պատասխանում է. «Էրեխեքին դաստիարակելուց էլ լավ ու կարևոր գո՞րծ»:
Երեխաները փոքրիկ մեղուների նման անընդհատ պտտվում են Վիոլետի շուրջը. «Գլուխս ‎ֆռռում ա, էնքան արագ եք պտտվում»,-ասում է նա: «Տիկին Վիոլետին մի քիչ հանգիստ թողեք»,- սաստում է հայրը: Սամվելիկը ծիծաղից ուշաթափվում է. «Տիկին, տիկին»,-կրկնում է նա ու էլի ծիծաղում. «Վիոլետը տիկին չի»,-ասում է ու փախնում. Վիոլետը շտապում է համաձայնվել երեխայի հետ:
Սամվելիկն ամեն ինչ նկատում է` ինչպես մեղուն նստեց ծաղկի վրա, ինչպես հարևանի երեխան ծիծաղեց, ու ամեն ինչ ասում է մաքուր գրական հայերեն: Լիլիթն ասում է, որ մեկուկես տարեկանից Սամվելիկն այբբենարան է ունեցել, ամեն օր երկուսով թերթել են. «Տղաս ոչ թե գունավոր նկարներն էր նայում, այլ տառերը, ես էլ ասում էի, թե որն ինչ տառ է, ինքն էլ մտապահում էր ու շատ շուտ սովորեց, երեք տարեկանում արդեն կարողանում էր սովորած տառերն իրար կպցնել ու բառեր կարդալ»:

samvelik3

Սամվելիկն ու Թամարիկը

Սամվելիկը և քույրիկը զույգեր են: Մայրն ասում է, որ աղջիկը նույնպես շատ ընդունակ է, ու որդու իմացած ամեն ինչը նա էլ գիտի, միայն ամաչկոտ է: Կլինի՞ նա հաջորդ թաքնված տաղանդը. «Հիմա էլ ուզում եմ աղջկանովս զբաղվել, շատ լավ ձայնային տվյալներ ունի, ուզում եմ երգի, պարի տանեմ»: Ծնողները որոշել են երեխաներին Երևանում դպրոց տանել, որ լավ կրթություն ստանան. «Պատկերացնում եմ` ինչ տանջանքի առաջ պիտի կանգնեմ, ամեն օր այդքան երկար ճամփա պիտի կտրենք»:
Հայրը բողոքում է. «Պետությունը ոչ մի հետաքրքրություն ցույց չտվեց Սամվելիկի նկատմամբ: Եթե ինքն Իսրայելում լիներ, պետությունը ձեռք կգցեր, կհետաքրքրվեր, թե որտեղ է սովորելու ապագայում»:
Թամարիկն իր տաղանդը ցույց տվեց` կրկնելով «Թաքնված տաղանդ»-ի մեկ այլ մասնակցի` Յուրիկի հմտությունը, որ մարմնին մետաղյա իրեր էր կպցնում: Թամարիկը գդալների մի մեծ կապոց բերեց ու սկսեց հերթով վերցնել ու կպցնել փոքրիկ մատներին: Գդալները մագնիսացած մնում էին մատներին:
Զույգ երեխաներով հղի Լիլիթն առողջական լուրջ խնդիրներ է ունեցել, նույնիսկ կյանքի ու մահվան հարց է եղել, բայց, փառք Աստծո, մայրն էլ, զավակներն էլ ողջ են մնացել: «Բժիշկն ասաց` կամ կինդ, կամ երեխեքդ, ես շատ-շատ տխրել էի, բայց պարզ է` ընտրեցի կնոջս կյանքը»,-պատմում է Յանեկը: Լիլիթը ծիծաղելով պատասխանում է` ով գիտի, եթե իմանար, որ այսքան տաղանդավոր երեխաների մասին է խոսքը, ինչ քայլի կդիմեր:
«Թաքնված տաղանդ»-ից հետո Սամվելիկն ու ընտանիքն այնքան հանրահայտ են դարձել, որ ամեն քայլափոխի ճանաչում են նրանց. «Երբեմն ամաչում ենք կարուսել գնանք, որովհետեւ գիտենք, որ փողը չեն վերցնում,- ասում է մայրը,-շուկաներում ու խանութներում նվերներ է ստանում: Վերջերս Վերնիսաժում արծաթե խաչ նվեր ստացավ, հայկական նախշազարդերով գլխարկ, էլի տարբեր սուվենիրներ: Փողոցում հանդիպած անծանոթ մարդիկ գրկում են, համբուրում, ուզում նկարվել հետը»: Ոստիկանը, կանգնեցնելով Յանեկի մեքենան, տեսնելով Սամվելիկին, այնքան է ուրախացել, փաթաթվել, համբուրել, որ մոռացել է` ինչու էր
կանգնեցրել:
Սամվելիկն օdnoklassniki.ru կայքում ունի իր էջը` Սամվելիկ Դավթյան, 55 տարեկան (օդնոկլասնիկում 5 չի գրվում, հետևաբար 2 հատ 5 են գրել: Ոմն մեկը գրանցվել է Սամվել Դավթյան, 77 տարեկան և Սամվելիկի էջից գողացած լուսանկարներով ներկայանում է որպես Սամվելիկ: Հայտնում ենք, որ իսկական Սամվելիկը 55 թվով է ներկայանում): Նրան գրում են աշխարհի տարբեր ծայրերից:
Իսկ ԱՄՆ-ում անհամբեր սպասում են, ուր Սամվելիկը մոր հետ կմեկնի սեպտեմբերին: Ուղևորությունը «Շանթ» հեռուստաընկերության «Թաքնված տաղանդ» մրցանակն է:
Հայրը կուզեր, որ ինքն ու Թամարիկն էլ կնոջ ու Սամվելիկի հետ մասնակցեին ուղևորությանը: Նա պատրաստ է հոգալու ծախսերը, սակայն մտավախություն ունի, որ ԱՄՆ դեսպանատունը կմերժի իրենց:

samvelik1

Սամվելիկ

Սամվելիկի ծնողները ցավով հիշում են, որ նախագծից շատ մասնակիցներ հեռացան վիրավորված, որ ոչ մի պարգևի չարժանացան. «Գոնե մի շնորհակալագիր տային,-ասում է Լիլիթը,- մենք մեզ շատ վատ էինք զգում»: Նա ցավով հիշում է, թե ինչպես էր կուլիսներում լացում Յուրիկի հայրը, ու իրեն մեղավոր էր զգում. «Բա Քիթ Լևո՞նը: Իրա մաման էլ անիծելով հեռացավ, որ տղային ոչինչ չտվեցին: Չէ՞ որ շատ աղքատ են ապրում: Մալաթիայի տոնավաճառում Լևոնը քթին ինչ-որ բաներ է դնում, որ մի երկու կոպեկ փող ստանա»:
«Թաքնված տաղանդ»-ի մի միջադեպ հեռուստադիտողից գաղտնի պահվեց, որ մեծ անհանգստություն էր պատճառել Սամվելիկի հարազատներին: Գալլա համերգի ժամանակ Հսկա Գալուստը, որ ականջով ինքնաթիռ էր քաշում, այս անգամ ականջով փորձել է բարձրացնել փոքրիկ Սամվելիկին, բայց չի հաջողվել, երեխան դեմքի վրա ընկել է ու արյունլվա եղել: Ծնողները տեսել էին, թե ինչպես էր հսկան ավելի ծանր բաներ բարձրացրել ու չէին վախեցել տղայի համար: Երբ երեխան ընկել է, ծնողները հազիվ են զսպել իրենց, որ բեմ չթռչեն: Հեռուստադիտողները, որ ընկնելը չէին տեսել, զարմացել են` ինչու է Յանեկը տխուր, փոխանակ ուրախանա: Բարեբախտաբար, վնասվածքը շուտ անցկացրել են, և Սամվելիկը շարունակել է բեմում իր հաղթական ներկայացումը:
Սամվելիկն ու քույրիկը ճանապարհեցին մեզ մինչև մեքենա, ճամփին մտածում էինք, թե ինչպես են երեխաներն ամեն օր դպրոց գնալու-գալու այս երկար ճանապարհով: Հեռու մարզերում ու գյուղերում բազմաթիվ թաքնված տաղանդներ այդպես էլ չեն բացահայտվում, քանի որ  միջնակարգերն էլ կրթական այն մակարդակը չունեն:

Արփի Մաղաքյան

Դիտվել է 3034 անգամ:
Print Friendly

Leave a Reply