Տիգրան Սարգսյան. «Հայ-չեխական հարաբերություններում բացվում է մի նոր էջ»

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 8, 2010 12:45

Չեխիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում երեկ  վարչապետ Տիգրան Սարգսյանը Պրահայում հանդիպել է  այդ երկրի իր գործընկեր Յան Ֆիշերի հետ:

Հանդիպման ընթացքում երկու երկրների վարչապետները քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցեր, տնտեսական գործակցության, այդ թվում՝ էներգետիկայի, հաստոցաշինության, քիմիական արդյունաբերության, կրթության, զբոսաշրջության եւ մշակույթի բնագավառներում զարգացման ծրագրեր: Կողմերն արձանագրել են, որ համագործակցությունը հեռանկարային է եւ ունի մեծ ներուժ: Վարչապետներն արձանագրել են, որ առկա է հնարավորություն` երկկողմ հարաբերություններն առավել խորացնելու եւ առաջ մղելու համար:

Սարգսյանը եւ Ֆիշերն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրների, ինչպես նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին ու ԵՄ Արեւելյան գործընկերությանն առնչվող հարցերին:

Անդրադառնալով Չեխիայի վարչապետ Յան Ֆիշերի հետ հանդիպմանը` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այդ հանդիպումը պայմանավորված էր նրանով, որ հայ-չեխական հարաբերություններում բացվում է «մի նոր էջ, մի նոր փուլ»:

«Չեխիայի վարչապետը պատրաստվում է այցելել Հայաստանի Հանրապետություն, եւ մեր այս աշխատանքային հանդիպման ժամանակ մենք հնարավորություն ունեցանք հստակեցնելու հայ-չեխական հարաբերությունների օրակարգը, այն հարցերը, որոնք գտնվում են մեր հետաքրքրությունների շրջանակներում, այդ թվում` եւ տնտեսական, եւ քաղակական բովանդակություն ունեցող խնդիրներ: Կարծում եմ, որ այսօր հստակ ձեւակերպված օրակարգն առավել արդյունավետ կդարձնի նաեւ Չեխիայի վարչապետի այցելությունը Հայաստան, եւ մենք կկարողանանք ձեռք բերել պայմանավորվածություններ, որոնք ձեւավորելու են ավելի բարենպաստ դաշտ մեր երկու երկրների տնտեսական եւ քաղաքական համագործակցության համար»,-ասել է  ՀՀ վարչապետը:

Նրա ներկայացմամբ` դա վերաբերում է եւ պայմանագրերի ստորագրմանը, եւ ներդրումների պաշտպանության օրենսդրության հստակեցմանը, երկակի հարկումից խուսափելու օրենսդրական դաշտի ձեւավորմանը: «Կարծում եմ, մենք կկարողանանք նաեւ կոնկրետացնել այն բնագավառները, որտեղ կան տնտեսական հետաքրքրություններ մասնավոր հատվածի համար»,-նշել է  Տիգրան Սարգսյանը:

Ըստ Սարգսյանի՝ Կարլրվի Վարիի հանդիպումը նաեւ հնարավորություն էր շփվել Եվրոպական Ժողովրդական կուսակցության բյուրոյի անդամների հետ, լսել նրանց անձնական կարծիքը Եվրոպայի այսօրվա քաղաքական դաշտի, նրանց որդեգրած արժեքային համակարգի վերաբերյալ, թե ինչ փորձությունների են հանդիպել դրանց պաշտպանության հարցում, ինչ խնդիրներ են նրանց մտահոգում:

«Այս ամենը չափազանց հետաքրքիր է մեզ համար, որովհետեւ Եվրոպան ինքն այսօր ունի բազմաթիվ պրոբլեմներ, խնդիրներ, մեր գործընկերներին նույնպես մտահոգում է միասնական Եվրոպայի ապագան, մանավանդ, որ արժեքների շուրջ բավական լուրջ քննարկումներ են ընթանում, դիտարկվում են մտահոգիչ երեւույթներ եւ հանգամանքներ: Մեզ համար չափազանց կարեւոր է իմանալ, թե մեր կուսակցական գործընկերներն ինչ խնդիրներով են այսօր ապրում: Եթե մենք ավելի լավ ենք պատկերացնում նրանց մտահոգող հարցերը, ապա այդ տեսակետից ավելի հասկանալի է դառնում արեւելյան եւ արեւմտյան հատվածների համագործակցության խնդիրները: Քանի որ փորձը, որը Եվրոպան կուտակել է, մանավանդ, բեռլինյան պատի փլուզումից հետո, նրանց հնարավորություն է տալիս դասեր քաղել»,-նշել է  ՀՀ վարչապետը:

Ըստ նրա, Արեւելյան գործընկերության այս նոր ծրագիրը, որն այսօր մշակվում է, եւ որի մեջ ներառված են նախկին Խորհրդային Միության վեց հանրապետություններ, ենթադրում է, որ այդ դասերը քաղելով, հնարավորություն կլինի մշակելու նոր ռազմավորություն, նոր օրակարգով, որպեսզի այդ համագործակցությունը հաշվի առնի նախորդ փուլի եւ բացթողումները, եւ սխալները, եւ ձեռքբերումները:

«Այդ տեսակետից մեր գործընկերների մտահոգությունը մեզ համար դարձավ ավելի հասկանալի, մյուս կողմից ՝ մեր տեսակետները` մենք ինչ ենք սպասում Նոր հարեւանության ծրագրից եւ որոնք են ա յն թիրախները, որոնք մենք ենք ուզում, որ այդ ծրագրի հիմքում ընկած լինի, մեր խոսքը նույնպես տեղ հասավ: Կարծում ենք, որ այս ամենը կնպաստի նրան, որ Նոր հարեւանության ծրագրի մշակման ժամանակ հաշվի առնվեն նաեւ ՀՀ արդիական խնդիրները, այն կարիքները, որոնք մենք ենք առաջ քաշում»,- ասել է  Սարգսյանը:

Դիտվել է 2015 անգամ:
Print Friendly

Leave a Reply