Սպիդ` կալանավայրում. կալանավորը մեղադրում է բժիշկներին

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | June 26, 2009 18:40
spid

Գագիկը վստահ է, որ վարակվել է հիվանդանոցում

Դատապարտյալների հիվանդանոցում փոքրամարմին, հաճելի տեսքով երիտասարդը
դողէրոցքի մեջ էր: «Անկախ»-ի թղթակցի այցից քիչ առաջ նրան արմենիկում են ներարկել:
Օգնո՞ւմ է:
«Ահագին ժամանակ է` վիճակս վատ էր, հիմա ներարկումներից հետո կարծես մի փոքր լավ եմ զգում, սկզբում տաքությունս բարձրանում է, բայց հետո ավելի լավ եմ զգում»,-ճակատի քրտինքը մաքրելով` ասում է Գագիկ Վասիլյանը:
7 ամիս առաջ` հոկտեմբերին, նրա մոտ սպիդ է հայտնաբերվել: Ասում է, որ իր գրիպը չէր անցնում, և երբ Սևանի գաղութում, ուր ինքը նստած էր, արյան անալիզ էին վերցնում, որոշեց ինքն էլ տալ ու պարզվեց, որ մահացու հիվանդ է:
26-ամյա Գագիկն իր կյանքի 10 տարիներն անց է կացրել կալանավայրում: Երկու անգամ դատվել է գողության համար: Երեք տարի առաջ առաջին պատիժը կրելուց հետո ազատվել է, ամուսնացել ու մեկուկես ամիս հետո կրկին ձերբակալվել է ու դատապարտվել ինը տարվա ազատազրկման: Արդյոք նա կապրի՞ 6,5 տարի, որ կրկին ազատություն վայելի:
Կնոջ` Քնարիկի արյան անալիզը սպիդ չի հայտնաբերել: Երեք ամիս հետո կրկին պիտի հանձնի: Գագիկն ու Քնարիկը վստահ են, որ Գագիկը վարակվել է հիվանդանոցում, ուր 2007-ի ամռանը երեք ամիս պառկել է.«Եթե, Աստված մի արասցե, մի բան եղավ , հիվանդանոցը ծայրից ծայր վառելու եմ,- ասում է Քնարիկը,- ես երկու երեխա ունեմ, պատկերացնո՞ւմ եք իմ վիճակը»:
Գագիկը հիվանդանոց էր պառկել և վիրահատության ենթարկվել, քանի որ մետաղյա իրեր էր կուլ տվել (հիվանդանոց ընկնելու համար ինքնավնասումը (բժշկական լեզվով` ներթափանցումը)` մետաղյա իրեր կուլ տալը, տարածված պրակտիկա է բանտերում: Տես այստեղ:
Նա վստահ է, որ վարակվել է հանցագործ աշխարհին հայտնի «Վալեր» մականունով Հովիկից, որի հետ նույն հիվանդասենյակում է եղել, և ում ստամոքսը նույնպես վիրահատել են` մետաղյա իրեր հանելու համար: Հովիկն ազատվել է դեկտեմբերին ու մահացել:
«Վալերը վիրակապվում էր ինձ հետ նույն սենյակում, ու համոզված եմ, որ բժիշկների անփութության զոհ եմ դարձել,- իր անզորությունից հուզված` ասում էր Վասիլյանը,-ես հայտարարում եմ, որ իմ` մահացու հիվանդությամբ վարակվելու հարցում մեղավոր են բժիշկներ Դավթյանն ու Հովսեփյանը: Ինձ ասում են` ինքնավնասման հակում ունես, ասում եմ` հա, պատից մեխ եմ հանել, կուլ եմ տվել, մեխը չէր կարող սպիդ դառնալ, վարակիչ լինել»:
Նա ասում է, թե հայտնի է, որ ինքը նարկոման չի, ու թմրադեղ չի ներարկել, որ ներարկիչից վարակված լիներ: Բացի կնոջից` ուրիշ կնոջ հետ չի եղել: Ասում է, որ սեռական ցանկությունները բավարարել է երկու կալանավորների հետ, բայց նրանցից չի վարակվել. «Թող բերեն մեկին, ով սպիդով հիվանդ է, ես էլ համոզվեմ,որ նրանից եմ վարակվել» (կալանավայրերում կալավորների` գ-եր կոչվող կաստա կա, որ սեռական ծառայություններ է մատուցում մյուս կալանավորներին): Այդ երկու կալանավորների արյան անալիզները սպիդ չեն հայտնաբերել. «Ինձ ասում են` թուք ես սրսկվել (ինքնավնասման ևս մի ձև է, որից կարճ ժամանակ անց այտուցում և թարախակալում է սկսվում: Գագիկն ընդունում է, որ թուք է սրսկվել), բայց դա էլ չի կարող վարակիչ լինել, ու իրենք դա լավ գիտեն»:
Բժիշկ Հովսեփ Հովսեփյանը, ում Գագիկը վարակվելու համար մեղադրում է, ո՛չ ժխտում, ո՛չ էլ հաստատում է, թե նա վարակվել է հիվանդանոցում: Հովսեփյանն ասում է, թե ոչ ոք չի կարող պարզել` նա որտեղ և ինչից է վարակվել, քանի որ մի քանի գաղութներում է եղել` Սևանում, Արթիկում, Կոշում, ինքն էլ ինքնավնասման հակում ունի, իսկ սպիդը 5-7, երբեմն` ավել գաղտնի շրջաններ ունի: Այսուհանդերձ, եթե հայտնի չէ` Գագիկը որտեղ է վարակվել, ապա ենթադրելի է, որ վարակվել է վերջին երկու տարվա ընթացքում, քանի որ նրա հետ սեռական հարաբերություն ունեցողների մոտ սպիդ դեռ չի հայտնաբերվել:
«Իրենք (ղեկավարությունն ու բժիշկները) ասում են` դու չես կարող ապացուցել, թե որտեղից ես վարակվել: 6 ամիս ուսումնասիրել եմ, թե ոնց կարող էի վարակվել: Գրքեր եմ նայել, մտածել եմ` ո՞նց եղավ: 6 ամիս է` ներվային վիճակում եմ, օրերով հաց չեմ կերել, մտածել եմ ու պարզել` մենակ հիվանդանոցում»:
Քրեակատարողական վարչությունը ծառայողական քննություն է անցկացրել, որի պատասխանից հետո Գագիկը հայտարարում է, որ վրեժ կլուծի հիվանդանոցի անձնակազմից. «Արյունս քաշելու եմ սպրիչով ու ընկնեմ բժիշկների հետևներից, բռնեմ սրսկեմ, վարակեմ, ու ոնց որ մերս ա մղկտում իմ համար, իրանց մերերն են լացելու»: Մայրը քաղցկեղի բուժման քիմիաթերապիա է ընդունում: Որդու հիվանդության լուրը նրան տանջում է ու շտապում է դուրս գրվի, որ պայքարի որդու իրավունքների համար: «Պիտի պատասխան տան, իմ կյանքը նվեր չեմ տալու ոչ ոքի»,-ասում է Գագիկը:
«Անկախ»-ի թղթակցի հանդիպմանը հիվանդանոցի պաշտոնյաները փորձեցին խոչընդոտել` իբր կալանավորը չի ցանկանում հանդիպել: Այսուհանդերձ, հանդիպումը կայանում է այն բանից հետո, երբ Գագիկը տեղեկանում է, որ իր մոտ թղթակից է եկել, ու աղմուկ բարձրացնում, որ թույլ տան` տեսակցի:

Ռուզան Ավոյան

Դիտվել է 6330 անգամ:
Print Friendly

Leave a Reply