«Գիտությունն էլիտար զբաղմունք է»

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | May 8, 2010 13:12

Կադրեր ապրիլի 29-ին տեղի ունեցած ուսանողական բողոքի ակցիայից

Վերջին երկու շաբաթների ընթացքում պարբերաբար տեղի են ունենում ուսանողական բողոքի ակցիաներ` երթեր, հանրահավաքներ`  ուղղված կառավարության մարտի 18-ի և ապրիլի 22-ի որոշման դեմ, որով 2010-2011 ուսումնական տարում կրճատվում են պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով մագիստրոսական և ասպիրանտական տեղերը:  Բողոքի հանրահավաքներ են  նախատեսված նաև առաջիկա շաբաթներին: Բողոքի ակցիայի կազմակերպիչներից ուսանող Դանիել Իոննեսյանն ասում է, որ պայքարելու են մինչև որոշակի արդյունքի հասնեն:

Եթե անցած ուսումնական տարի մագիստրատուրայի համար հատկացված էր 450 անվճար տարկետումով և 239 վճարովի տարկետման իրավունքով տեղ, ապա այս տարի հատկացվել է ընդամենը 350 տարկետման իրավունքով տեղ:

Ասպիրանտուրայի համար այս տարի հատկացվել է առկա ուսուցմամբ տարկետման իրավունքով 122 տեղ և հեռակա ուսուցմամբ` 247 տեղ, մինչդեռ անցած տարի եղել է 224 առկա և 145 հեռակա ուսուցմամբ տարկետման իրավունքով տեղ:

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Դանիելը կարծում է, որ կառավարության որոշումը բացասական ազդեցություն կունենա գիտության վրա, ինչն էլ իր հերթին կանդրադառնա մյուս ոլորտների վրա` տնտեսության, գյուղատնտեսության և այլն: Նա նշում է, որ որոշումն ուղղված է բուհական կոռուպցիայի  դեմ, սակայն կոռուպցիայի դեմ պայքարը չպետք է դառնա գիտության դեմ պայքար: «Մատի ցավի դեմ կարելի է պայքարել ձեռքը կտրելով, սակայն սա հարցի լուծում չէ»,- ասում է նա:

Բողոքի ակցիայի կազմակերպիչներից «Ազգային նոր պահպանողական շարժման» առաջնորդ Էդուարդ Ափրամյանը կարծում է, որ ասպիրանտական տեղերի կրճատումը հակասում է գիտության շահերին.  «Այսօր շատերն են մտահոգվում երիտասարդ գիտնականների պակասով, բայց միևնույն ժամանակ, բոլոր պայմանները ստեղծում են, որ այդ պակասը երբեք չլրացվի»:  Նրա խոսքով` ավելի նախընտրելի է ունենալ  մեկ ատոմային էներգետիկայի փայլուն մասնագետ, որը հետագայում երկրի համար ավելի լուրջ անվտանգության խնդիրներ կլուծի, քան հիմա` մեկով ավել հրաձիգ:

Ռոմանոգերմանական ֆակուլտետի իսպաներեն բաժնի ուսանող Սոս Ավետիսյանը նույնպես հիմնավորված չի համարում մագիստրատուրայի և ասպիրանտուրայի  տեղերի կրճատումը: «Ուզում ենք ապրել մի երկրում, որտեղ կրթությունն է կարևոր»,- այսպես է նա պատճառաբանում իր մասնակցությունը ուսանողական բողոքի երթերին:

Արամ Սիմոնյան. «Գիտությունն էլիտար զբաղմունք է, և բոլորը չէ, որ պետք է զբաղվեն գիտությամբ»

Կառավարության որոշման դեմ պայքարողների թվում է և ֆիզիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Արամը, որ առողջական խնդիրների պատճառով ազատված է զինծառայությունից:  Արամի խոսքով`  պայքարում է, որ «գիտությունը վարի չգնա Հայաստանում»:

ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բաժնի պետ Ռոբերտ  Սուքիասյանի  հավաստմամբ, սակայն,  կառավարության նման որոշումը գիտական և գիտամանկավարժական կադրերի վրա էական ազդեցություն չի ունենա: Ըստ նրա` զինծառայությունից հետո մագիստրատուրա և ասպիրանտուրա  կընդունվեն մարդիկ, ովքեր իրականում ուզում էին շարունակել կրթությունը և գիտամանկավարժական գործունեությամբ զբաղվել, իսկ նրանց համար, ովքեր մագիստրատուրա և ասպիրանտուրա էին ընդունվում զինծառայությունից խուսափելու նպատակով, այժմ շարունակելն անիմաստ կդառնա: Սուքիասյանի խոսքով` բարձրագույն կրթական երկրորդ և երրորդ աստիճանում տարկետման իրավունքով տեղերի կրճատումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Այսպես, նախորդ տարիների տվյալների վերլուծությամբ պարզվել է, որ ասպիրանտուրայի տեղերի  10-12 տոկոսը թափուր էր մնում, և հենց այդ տեղերի հաշվին էլ կրճատումներ են տեղի ունեցել: Նաև միջպետական պայմանագրերով նախատեսված ասպիրանտական տեղերն այս տարի չեն հաշվարկվում ընդհանուրի թվում: «Բացի այդ, երբ վերլուծում ենք ասպիրանտական անվճար տեղերի սեռային կազմը, պարզվում է, որ մոտ 90 տոկոսը տղաներ են: Ասպիրանտուրան  երբեմն  դիտվում էր որպես քաղաքացիական պարտքը կատարելուց և բանակում ծառայելուց խուսափելու միջոց: Այս որոշումը  կնպաստի, որ ասպիրանտական տեղերը զբաղեցնեն լավագույնները»,- ասում է Սուքիասյանը:

Իսկ մագիստրատուրայի տեղերի կրճատումը Սուքիասյանը պայմանավորում է պետության հետաքրքրություններով: «Վերլուծելով  պետության գերակա ուղղությունները, որոնք պարտավոր ենք հաշվի առնել պետպատվերով տեղեր սահմանելիս,  նախապատվությունը տվեցինք պետության համար տվյալ պահին գերակա ուղղություններին` բնագիտական, հայագիտական, գյուղատնտեսական, մշակութային:  Ժամանակակից մասնագիտությունների համար, որոնք պետության համար մեծ պահանջարկ և կարևորություն չունեն, պետպատվերով տեղեր չենք նախատեսել»,- ասում է Սուքիասյանը` հավելելով, որ այդ ոլորտներում մասնագիտանալ ցանկացողները կարող են իրենց կրթությունը կազմակերպել վճարովի հիմունքներով:

Կառավարության որոշմանը համամիտ է նաև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: «Եթե դա պետության կարիքներից է բխում, ուրեմն պետք է ենթարկվենք,- ասում է նա:- Ասպիրանտական տեղերը քիչ են, և շահագրգռված ենք ընդունել միայն լավերին: Ասպիրանտները հետագայում լրացնելու են բուհի դասախոսական կազմը, և անարժանները հետագայում պատուհաս կարող են դառնալ»:

ԵՊՀ ռեկտորի կարծիքով` գիտությունն էլիտար զբաղմունք է, և բոլորը չէ, որ պետք է զբաղվեն գիտությամբ. թող գիտնականները լինեն քիչ, բայց որակով:

Դիտվել է 2394 անգամ:
Print Friendly

Leave a Reply