Փոխվել է Շենգենյան տարածք մուտք գործելու համար տրամադրվող վիզաների կարգը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | April 2, 2010 16:25

Ձախից Ֆրեդերիկ Գրապեն

Ընթացիկ տարվա ապրիլի 5-ից ուժի մեջ են մտնում Եվրոպական համայնքի «Արտոնագրերի մասին» օրենսգրքի փոփոխությունները:

Օրերս Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված մամուլի ասուլիսում այդ փոփոխությունները ներկայացրին Շենգենյան տարածքի 6 անդամ -երկրների` Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Հունաստանի, Լեհաստանի և Լիտվայի հյուպատոսական ծառայությունների ներկայացուցիչները:

Գլխավոր փոփոխություններից մեկն այն է, որ ՀՀ քաղաքացու անձնագրի ընդհանուր գործածության ժամկետը չպետք է գերազանցի տրման ամսաթվից սկսած տասը տարին, դիմելու պահին անձնագիրը պետք է ունենա առնվազն երկու ազատ էջ` նախատեսված մուտքի վիզայի համար, և անձնագիրը ճամփորդության նախատեսված ավարտից հետո առնվազն երեք ամիս պետք է վավերական լինի:

Հայաստանում Ֆրանսիայի հյուպատոս Ֆրեդերիկ Գրապենը նշեց, որ փոփոխությունների նպատակը  Եվրոպայի տարածքով տեղաշարժերի դյուրացումն է:

«Ուզում եմ ընդգծել, որ  բոլոր փոփոխությունները վերաբերում են կարճաժամկետ և, առաջին հերթին, տուրիստական կամ ընտանեկան շրջագայությունների համար  տրամադրվող վիզաներին,- ասաց նա,- իսկ երկարաժամկետ վիզաների մասով ոչ մի փոփոխություն չկա, բացառությամբ մի  որոշակի դեպքի, որի մասնավոր օրինակն այն է, որ եթե Ֆրանսիայում սովորող ուսանողը պետք է մեկնի դասախոսություններ լսելու, օրինակ, Գերմանիա կամ Իտալիա, նախկինում պետք է ունենար երկու տեսակի վիզա, իսկ այժմ` մի տեսակի»:

Ֆրանսիայի հյուպատոսն ասաց, որ Շենգեն գոտում տեղաշարժվելու համար պահանջվող վիզաների մերժման պատճառն այն չէ, որ իրենք չեն ցանկանում, որպեսզի  ՀՀ քաղաքացիները ճանապարհորդեն:

«Մենք բոլորս էլ շատ ենք ուզում, որ հայ քաղաքացիները մեկնեն Շենգեն գոտի ճանապարհորդելու կամ ուսանողները` սովորելու,- ասաց Գրապենը,- սակայն նախանձախնդիր մոտեցում ենք ցուցաբերում վիզայի տրամադրման համար պահանջվող փաստաթղթերը հավաքելիս, որովհետև չենք ցանկանում, որ երբ քաղաքացին հատի Շենգեն գոտու սահմանը, տվյալ երկրի սահմանապահ ծառայության աշխատակիցը զանգի մեզ և ասի, որ այսինչ փաստաթուղթը բացակայում է»:

Նոր փոփոխությունների համաձայն` հյուպատոսարանը պարտավորվում է գրավոր բացատրություն ներկայացնել քաղաքացուն, թե ինչու է մերժել նրան:

«Սա կատարված փոփոխություններից ընդամենը մեկ տարր է և միտված է բարձրացնելու վիզայի տրամադրման ընթացակարգի թափանցիկությունը»,- ասաց Գրապենը:

Նա հայտնեց նաև, որ այսուհետ վիզայի համար դիմողները պետք է համապատասխան ծառայությանը գրավոր հանձնառություն թողնեն, որ պարտավորվում են անպայման նախանշված ժամկետում վերադառնալ իրենց երկիր, ինչպես նաև պետք է ապացուցվի, որ վիզա ստանալը պատրվակ չէ Շենգենյան տարածք մուտք գործելու և հետ չվերադառնալու համար:

Հյուպատոսը հավաստիացնում է, որ դիմողի ներկայացրած փաստաթղթերն ինչքան կապակցված, տրամաբանական ու ամբողջական լինեն, այնքան վիզայի մերժման հնարավորությունը կնվազի, և հնարավոր է, որ այն տրամադրվի ընդամենը երկու օրում. «Իսկ երկարաձգումը կախված է միայն այն հանգամանքից, թե երբ քաղաքացին կներկայացնի անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը»:

Բացի այդ, եթե ՀՀ քաղաքացին մի քանի անգամ արդեն հնարավորություն ունեցել է ճանապարհորդելու, և այդ ընթացքում պարզվել է, որ նրա հետ կապված ոչ մի խնդիր չկա, ոչ մի օրենք չի խախտվել, բնականաբար, որոշ ժամանակ անց նա կմտնի հույս ներշնչող քաղաքացիների ցանկը, և հաջորդ անգամ վիզա տրամադրելու գործընթացն անհամեմատ ավելի հեշտ ու դյուրին կլինի նրա համար, քան այն մարդու, ով առաջին անգամ է դիմել:

Հայաստանում Գերմանիայի հյուպատոս Ֆրանկ Ռադկեն նշեց, որ ԵՄ վիզաների վերաբերյալ նոր օրենսգիրքը ճանապարհորդներին զերծ չի պահելու սահմանային ծառայությունների հետ շփվելու անհրաժեշտությունից: Մաքսատներում ու սահմանակետերում աշխատող պատասխանատուները իրավունք ունեն և պարտավոր են ստուգել, թե ճանապարհորդի ներկայացրած փաստաթղթերը նրան Եվրոպայում տեղաշարժվելու հնարավորություն տալի՞ս են:

Գայանե Հարությունյանը մեկ ամսով Գերմանիա շրջագայության մեկնելու համար դիմել էր Գերմանիայի դեսպանատուն, և նրա վիզան երկու շաբաթից պատրաստ էր: «Նրանք ցուցակ են տալիս, թե ինչ փաստաթղթեր են ուզում, բոլորը ներկայացրել եմ, ոչ մի խնդիր էլ չկար, ինձ չմերժեցին»,- ասում է Գայանեն:

Իսկ Արմինե Հովհաննիսյանը, որ հաճախ է մեկնում արտասահման, ասում է, որ  կախված նրանից, թե որ երկիր ես մեկնում կամ ինչ պայմաններով` պահանջվող փաստաթղթերը տարբեր են լինում:

«Ամուսնության վկայականի պատճեն կամ տեղեկանքներ աշխատանքի վայրերից` թարգմանված անգլերեն. դրանք սովորական փաստաթղթեր են,- ասում է Արմինեն,- պետք է նաև բանկում հաշիվ ունենալ` օրվա կտրվածքով առնվազն 50 եվրոյի հաշվարկով: Եթե գնում ես ոչ թե տուրիստական փաթեթով, այլ անհատական, ապա պիտի ներկայացնես տոմսի պատճենը և հյուրանոցում  նախապես պատվիրված համարի թղթերը, կամ եթե գնում ես բարեկամի տուն, անհրաժեշտ կլինի նրա գրավոր համաձայնությունը և տան հասցեն»:

Ֆրանսիայի հյուպատոսն ասում է, որ Շենգեն գոտու հյուպատոս լինելուց բացի, իրենք ներկայացնում են սեփական երկրները, հետևաբար, պահանջում են հարգել համապատասխան երկրի ազգային կանոնակարգերը: «Այդ պատճառով էլ հնարավոր է, որ Շենգեն գոտու մեկ երկիր մեկնելու համար այդ երկրի հյուպատոսը պահանջի այնպիսի փաստաթղթեր, որոնք չեն պահանջվի մեկ այլ երկիր մեկնելու համար»,- ասաց Գրապենը:

Արմինեն ասում է, որ Ֆրանսիա մեկնելու համար պահանջվում է հատուկ ֆրանսիական կողմից տրվող բժշկական ապահովագրություն, որն արժի մոտավորապես 50-60 եվրո, իսկ Իսպանիա կամ Իտալիա մեկնելու համար հայկական ապահովագրությունը բավարար է:

«Սահմանապահ ծառայության աշխատակիցները շատ հաճախ բժշկական ապահովագրության հանգամանքը խիստ հսկողության տակ են վերցնում,- ասում է Գերմանիայի հյուպատոս Ֆրանկ Ռադկեն,- նրանք իրավունք ունեն ստուգելու նաև զբոսաշրջության նպատակով մեկնող քաղաքացու ամրագրված հյուրանոցի գոյությունը»:

Նոր օրենսգրքով վիզայի ստացման սակագնի փոփոխություն նախատեսված չէ: Շենգեն գոտու համար նախատեսված վիզայի համար անհրաժեշտ է վճարել 60 եվրոյին համարժեք դրամ, մերժում ստանալու դեպքում գումարը հետ չի վերադարձվում:

Դիտվել է 7742 անգամ:
Print Friendly

Leave a Reply