Ցմահ դատապարտյալները պահանջում են վերանայել դատավճիռը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | May 4, 2010 16:08

Մայիսի 4-ին «Նուբարաշեն» Քրեակատարողական հիմնարկում(ՔԿՀ) շարունակվեց  բանտից փախած ցմահ դատապարտյալներ Մհեր Ենոքյանի և Սողոմոն Քոչարյանի դատավարությունը:

Գործը գտնվում է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարանի նախագահ Արթուր Օհանյանի վարույթում, մեղադրող կողմը ներկայացնում է դատախազ Հարություն Հարությունյանը:

Նախորդ դատական նիստին չներկայացած` գործով վկաներ, Նուբարաշեն ՔԿՀ նախկին աշխատակիցները չէին եկել ցուցմունք տալու:  Նրանք գրավոր պատասխան էին ուղարկել, որ չեն ցանկանում ցուցմունք տալ: Նրանք կալանավորված են և այժմ գտնվում են «Վարդաշեն» ՔԿՀ-ում:

Ենոքյանի դատապաշտպան Ռոբերտ Ռևազյանն ասաց, որ դա, ըստ էության, գործում ոչինչ չի փոխի.«հետո, որպես մեղադրյալ` նրանք իրավունք ունեն ցուցմունք չտալու իրենց դեմ»:

Դատախազ Հարություն Հարությունյանի միջնորդությամբ հրապարակվեց նախաքննության ցուցմունքները:

Դատապարտյալ Մհեր Ենոքյանն ասաց, որ չի ցանկանում մեռնել բանտում: նա ասաց, որ, ի սկզբան մեղավոր չի եղել ու մարդ չի սպանել: «Ես ամեն միջոց էլ կօգտագործեմ, որ  ազատության մեջ լինեմ: Ես երկու անգամ փախել եմ ու ոչ մի դիակ չի եղել դրա արդյունքում, ոչ ոքի վնաս չեմ տվել»,- ասաց նա:

Ենոքյանը մինչև վերջ հրաժարվել է ընդունել իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը: Նրա ընտանիքը գործը վերանայելու համար ժամանակին դիմել  է բոլոր իրավասու մարմիններին, սակայն դրանից մեղադրանքը չի փոխվել:

Մհեր Ենոքյանը բանտում է արդեն 14 տարի: Նա կալանավորվել էր 19 տարեկան հասակում՝ իր ընկերոջը սպանելու մեղադրանքով և դատապարտվել մահապատժի, սակայն 2003թ. Հայաստանում մահապատիժը վերացնելուց հետո նրա պատիժը փոխվել է ցմահ ազատազրկման:

Ենոքյանն ասաց, որ փախուստի է դիմել Սողոմոն Քոչարյանի հետ, որովհետև նա իր էությամբ հանցագործ չէ:

Սողոմոն Քոչարյանն ասաց, որ սպանելով ադրբեջանցուն` իր հայրենիքն է պաշտպանել թմրանյութ ներկրող մարդուց: նա մտադիր է հացադուլ հայտարարել` իր գործը վերանայելու պահանջով:

Սողոմոն Քոչարյանը ևս դատապարտվել է ցմահ ազատազրկման` 1995թ. Երևան-Կապան մայրուղու վրա Իրանի իսլամական հանրապետության քաղաքացի՝ ազգությամբ ադրբեջանցի, սպանելու մեղադրանքով: Նա այն ժամանակ եղել է 27 տարեկան, այժմ 43 տարեկան է:

Սողոմոն Քոչարյանն ու Մհեր Ենոքյանը փախուստի էին դիմել 2009թ. նոյեմբերի 27-ին և հայտնաբերվել դեկտեմբերի 18-ին: Սա նրանց արդեն 2-րդ փախուստն է. առաջին փախուստը  եղել  է 2004թ. դեկտեմբերի 9-ին  «Գորիսի» ՔԿՀ-ից:

Նրանք պահանջում են, որպեսզի իրանց քրեկան գործը վերանայվի: Փաստաբան Ռևազյանն ասում է, որ Վճռաբեկ դատարան դիմելու համար պետք  է 1996թ. Մհեր Ենոքյանի դատավճռում կարողանալ գտնել նոր հանգամանքներ:

Փախուստի համար սահմանված պատժաչափը նախատեսված է 3 ամսից 8 տարի, որն ավելանում է դատապարտյալի համար սահմանված պատժաչափին: Նախորդ փախուստի ժամանակ օրենքը կիրառվել էր ողջ խստությամբ` 8 տարի: Ռևազյանն ասում է, որ հույս ունի, թե այս անգամ պատիժն ավելի մեղմ կլինի:

Դատախազ Հարությունյանը ժամանակ խնդրեց մեղադրականը նախապատրաստելու համար: Հաջորդ դատը նշանակվեց մարտի 12-ին ժամը 11-ին:

Դիտվել է 2122 անգամ:
Print Friendly

Leave a Reply