Դեղ կյանքի դեմ. հակաբիոտիկը սպանում է նաև օրգանիզմը, սակայն ազատ վաճառվում է

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | June 26, 2009 16:02

antibioetkՀակաբիոտիկները, որ աղջկա ինֆեկցիոն հիվանդությունը բուժելու միակ միջոցն էին, չեն ազդում։ Պատճառն այն է, որ 24-ամյա աղջիկը, որ չցանկացավ իր անունը հրապարակել, մանկությունից ամեն աննշան առիթով հակաբիոտիկ է խմել, և այժմ հակաբիոտիկներից շատերը նրան այլևս չեն օգնում: Հիվանդությունների հարուցիչ միկրոօրգանիզմները շատ զգայուն են դեղամիջոցների նկատմամբ ու շատ արագ ընտելանում են դրանց, սովորում են դրանց դեմ «պայքարել» կամ հարմարվել:
«Հիմա չգիտեմ` կարիքը կա՞ր, որ էդքան խմում Էի,- ասում է նա, որ ինքը չի եղել որոշողը` ինչ դեղ խմի,- պարզ է մի բան, որ հիմա, երբ հակաբիոտիկներ ընդունելու անհրաժեշտություն առաջացավ, պարզվեց` դրանցից շատերի հանդեպ անզգա եմ, իսկ մյուսներից էլ ալերգիա ունեմ: Զզվելի վիճակ է, մի հակաբիոտիկ խմելու համար տասը հատ հակաալերգիկ եմ խմում»:
Հակաբիոտիկները, որ միլիոնավոր մարդկանց կյանքեր են փրկում, սխալ ու անտեղի օգտագործման դեպքում կարող են օրգանիզմի համար վնասակար դառնալ ու երբեմն էլ անդառնալի կորուստներ հասցնել:
«Առաջին հերթին հակաբիոտիկներն ախտահարում են օրգանիզմի ներսում գտնվող միկրոֆլորան,- հակաբիոտիկների վնասակար ազդեցության մասին է ասում թերապևտ Սուսաննա Չոբանյանը:- Աղիքներում, օրինակ, կան շատ բակտերիաներ, որոնք պետք են օրգանիզմին և մասնակցում են օրգանիզմի ամենօրյա գործունեությանը: Հակաբիոտիկը ոչնչացնում է դրանց մեծ մասը` առաջացնելով մարսողական տրակտի խանգարումներ և մի մեծ հիվանդությունների շարք, որ կոչվում է դիսբակտերիոզ»:
Հակաբիոտիկ բառն առաջացել է «anti» (դեմ, հակա) և «bios» (կյանք) արմատներից և նշանակում է «դեղ կյանքի դեմ»: Հակաբիոտիկը միկրոբային, կենդանական, բուսական կամ սինթետիկ ծագման նյութ է, որ ճնշում է հիվանդության հարուցիչ միկրոօրգանիզմների աճը կամ սպանում դրանց: Հակաբիոտիկներն էֆեկտիվ են միայն բակտերիալ ինֆեկցիոն հիվանդությունների դեմ, այսինքն, այն հիվանդությունների, որոնց հարուցիչը բակտերիաներն են։ Վիրուսային հիվանդությունների դեմ, ինչպիսիք են, օրինակ, գրիպը կամ հերպեսը, հակաբիոտիկները ոչ միայն չեն օգնում, այլև վնասում են։ Հակաբիոտիկը գցում է օրգանիզմի դիմադրողականությունը, որի պատճառով օրգանիզմը չի կարողանում հաղթել գրիպի վիրուսին։
Հակաբիոտիկները կարող են նաև ալերգիայի, գաստրիտի և սրտանոթային համակարգի հետ խնդիրների առաջացման պատճառ դառնալ:
Թերապևտ Հռիփսիմե Բաբաջանյանն ասում է, որ հակաբիոտիկների օգտագործումը (հաճախ` անտեղի) կարող է օրգանիզմն ընտելացնել տվյալ դեղին, և հաջորդ անգամ, երբ հիվանդին իրոք պետք լինի ընդունել հակաբիոտիկ, դա նրան արդեն չի օգնի, և անհրաժեշտ կլինի ընդունել հաջորդ, ավելի ուժեղ հակաբիոտիկը:
«Անտիբիոտիկներ նշանակելուց առաջ պետք է ստուգել օրգանիզմի զգայունությունը դրանց նկատմամբ,-ավելացրեց Սուսաննա Չոբանյանը,- դրա համար ստուգման շատ մեթոդներ կան: Որոշ մարդիկ զգայուն չեն որոշ անտիբիոտիկների նկատմամբ: Նրանք կարող են ինքնագլուխ խմել այդ դեղերը, որոնք իրենց ոչ միայն չեն օգնի, այլև կառաջացնեն այն բոլոր կողմնակի ազդեցությունները, որոնց մասին ասեցի»:
Հայաստանում հազարավոր մարդիկ վիրուսային հիվանդությունների ժամանակ, մասնավորապես մրսածությունների դեպքում, առաջին հերթին գնում են դեղատուն և առանց մտածելու խմում են այն բոլոր դեղերը, որ առաջարկում են դեղավաճառները (որոնք հաճախ չունեն բժշկական կրթություն), լինեն դրանք քոլդրեքսի կամ տեռաֆլյուի նման դեղեր, թե հակաբիոտիկներ:
«Անկախ»-ի խմբագիր Վահան Իշխանյանը պատմում է, որ երկու ամիս առաջ դեղատուն է մտել` մրսածության դեմ դեղ առնելու, առաջարկել են հակաբիոտիկ. «Ջղայնացա, գնացի ուրիշ դեղատուն, բայց այնտեղ էլ մրսածության համար առաջարկեցին նույն հակաբիոտիկը»: Հակաբիոտիկն արտադրված է եղել Հայաստանում, և խմբագիրը ենթադրում է, որ արտադրողը դեղատների հետ այնպիսի կապ ունի, որ սպառի իր հակաբիոտիկները։
«Անկախ»-ի թղթակիցը Երևանի տասը դեղատներում մրսածության դեմ դեղ խնդրեց, որոնցից երկուսում առաջարկեցին հակաբիոտիկներ՝ «որ բարդություն չլինի»: Մյուս դեղատներում դեղավաճառները հետաքրքրվեցին, թե հիվանդն ինչ ախտանիշներ ունի, և առաջարկեցին տեռաֆլյու, դեղաբույսերից պատրաստված թեյ կամ դիմել բժշկի:
Կոմիտասի մի դեղատան գործակատարուհին ասաց, որ առաջ մրսածության դեմ շատ էին անտիբիոտիկներ գնում, բայց վերջերս ավելի քիչ են գնում. «Քամին փչում էր թե չէ, միանգամից գալիս էին անտիբիոտիկ առնելու: Բայց հիմա չէ, երևի ավելի շատ են սկսել կարդալ»։
Թերապևտները պատմում են, որ հաճախ են հանդիպում հիվանդների, որոնք դեղավաճառների խորհրդով կամ ինքնագլուխ գնել ու խմել են թանկարժեք հակաբիոտիկներ: Չոբանյանի խոսքերով` այդպիսի դեպքերում հակաբիոտիկը փոխում է հիվանդության ողջ պատկերը, և շատ հաճախ դժվար է լինում ճիշտ ախտորոշել հիվանդությունը, որպեսզի ճիշտ բուժում նշանակվի:
«Այդպիսի դեպքեր շատ հաճախ են լինում մեր պրակտիկայում: Եթե այստեղ մի կես ժամ նստեք, այդ ընթացքում անպայման նման մի մարդ կգա», – ասում է թերապևտը:
Մինչդեռ բազմաթիվ երկրներում, ինչպես, օրինակ, ամբողջ Եվրոպայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, հակաբիոտիկը տրվում է միայն բժշկի տված դեղատոմսերով, ազատ վաճառքն արգելված է: Նույնիսկ երկրներ կան, ուր դեղատանը հակաբիոտիկ ընդհանրապես չկա, և դրանք դուրս են գրվում միայն բժշկական հաստատություններում։
Շատ հայ բժիշկներ համամիտ են, որ դեղերի մեծ մասը, առավել ևս հակաբիոտիկները, չի կարելի առանց դեղատոմսի վաճառել: Սակայն Հայաստանում գրեթե յուրաքանչյուր մարդ կարող է դեղատանը գնել ցանկացած հակաբիոտիկ։ Սա օրենսդրության խախտում է, քանի որ համաձայն դեղերի պետական գրանցման ռեգիստրի` Հայաստանում ևս հակաբիոտիկները համարվում են դեղատոմսով բաց թողնվող դեղեր: Դեղավաճառներից շատերը նույնիսկ չգիտեն, որ օրենք են խախտում, և ոչ միայն չեն պահանջում դեղատոմս, այլև հաճախ իրենք են առաջարկում ընդունել հակաբիոտիկ:
Զարգացած երկրներում, ինչպես, օրինակ, Դանիայում կամ Շվեդիայում, բժիշկները շատ հազվադեպ են հակաբիոտիկ նշանակում, մանավանդ` երեխաներին:
Հայաստանում հսկվում է միայն հոգեմետ դեղերի և նյութերի վաճառքը, իսկ հակաբիոտիկների համար դեղատոմս են դուրս գրում ոչ թե այն պատճառով, որ առանց դեղատոմսի հակաբիոտիկ գնելն անհնար կլինի, այլ հիվանդի հարմարության համար, որ նա թղթի վրա գրված ունենա, թե որ դեղը երբ պիտի խմի:
«Անկախ»-ի թղթակցի այցելած դեղատներում տեղյակ չէին, որ հակաբիոտիկների ազատ վաճառքն արգելված է: Մի դեղատան աշխատակիցն ասաց, որ լավ կլիներ` «դեղատոմսով սարքեին»: Մեկ այլ դեղավաճառ դեմ էր դեղատոմսերին, քանի որ դա դեղ վաճառողների համար շահավետ չէ. «Առանց էն էլ առևտուրը լավ չի…»։

Ամալյա Գաբրիելյան

Դիտվել է 6968 անգամ:
Print Friendly

Leave a Reply