Կառավարությունը քննարկել է Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի հարցը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | May 6, 2010 16:03

Այսօր տեղի ունեցած կառավարության նիստում գործադիրը քննարկել է
Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի տարածքում ստեղծված իրավիճակը:  Կառավարությունը որոշել է դրա մեկուսացման նպատակով գերեզմանոցի ծածկի, ջրահեռացման համակարգի եւ ցանկապատի վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման եւ այդ աշխատանքի իրականացման համար իր պահուստային ֆոնդից հատկացնել 31650.0 հազար դրամ։
Այնուհետև, առաջիկա վեց ամսվա ընթացքում, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ բնապահպանության եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունները պատրաստելու են համատեղ որոշում, որով վերջնական լուծում է տրվելու թունաքիմիկատների ոչնչացման գործընթացին։
Տիգրան Սարգսյանը նաեւ նշել է, որ խնդիրը ՀՀ նախագահի անմիջական հսկողության տակ է։ Ուշադրության է առնվել այն փաստը, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը բանակցություն է սկսել միջազգային կազմակերպությունների եւ դոնոր երկրների հետ` ֆինանսավորելու թունաքիմիկատների ոչնչացման գործընթացը։
Գործադիրը որոշել է Մեծ հայրենականում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձի տոնակատարության նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացնել 10262.0 հազար դրամ, որով ֆինանսավորվելու են համերգային միջոցառման կազմակերպման եւ տոնական հրավառության ծախսերը։
Կառավարությունը, փոփոխություններ կատարելով «ՀՀ 2010թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքում եւ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, սահմանել է, որ մինչեւ համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվելիք կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրով ՀԲ-ից վարկային միջոցների ստացումը, այդ ծրագրով նախատեսված աշխատանքների գծով պետական բյուջեից կատարվող ծախսերը ֆինանսավորվում են կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից, որոնք ՀԲ-ից գումարն ստացվելուց հետո վերականգնվում են։
Գործադիրը որոշել է Լոռու մարզի Ջիլիզայի գյուղական համայնքին (համայնքի տնօրինության տակ գտնվող ավտոբուսով Ջիլիզա-Ալավերդի-Վանաձոր եւ հետադարձ ուղղությամբ նախատեսվող երթուղային սխեմայով շաբաթական երեք երթ ըստ չվացուցակի կանոնավոր ուղեւորափոխադրում կազմակերպելու նպատակով) սուբվենցիա տրամադրելու համար Լոռու մարզպետարանին հատկացնել 1,753.1 հազար դրամ։ Դրանով իսկ լուծվում է Վանաձորի եւ Ալավերդու տրանսպորտային կապը Ջիլիզա գյուղի հետ։
Կառավարությունը 20000.0 հազար դրամ է հատկացրել ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը` «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամին տրամադրելու համար։
Դիտվել է 1652 անգամ:
Print Friendly

Leave a Reply