Չգրված օրենքներ. աղջիկները տղայական պանյատների զոհերն են

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | June 26, 2009 16:08

mardik222-ամյա Սուրենն իր շրջապատում ընդունված օրենքները չխախտելու և, ինչպես ինքն է ասում, իր «ճշտի» համար հրաժարվեց սիրած աղջկանից:
Նրա խոսքերով` աղջկա անցյալն այնքան էլ մաքուր չէր, իսկ դա կարող էր ազդել նրա հեղինակության վրա: Ընկերները հարց էին դրել նրա առաջ՝ կամ իրենք, կամ սիրած աղջիկը: Իսկ ինքը չէր կարող թույլ տալ, որ այդ հանգամանքն իր վրա հետք թողներ:
Նրա սիրած աղջիկը՝ Էլենը, բացատրեց, որ իր` ՙոչ այնքան մաքուր անցյալն այն է, որ ինքը Սուրենից առաջ ընկեր է ունեցել»:
«Տղայական օրենքներ են, մինչև լուրջ հարաբերություն ստեղծելը հետաքրքրվում են ինստիտուտից, թաղի տղաներից, թե ով ես, ինչ ես, քրքրում են անցյալդ,-ասում է Էլենը:- Դե ինքը թաղում հարգված տղա ա, բա իրան կսազե՞ր, որ իր սիրած աղջիկն ընկեր է ունեցել: Ախր իրենք են մեղք, գերի են ինչ-որ փուչ գաղափարների»:
Հասարակության մեջ իշխում է տղաների մի ենթամշակույթ, որն ունի իր չգրված օրենքներն ու չափանիշները և առաջնորդվում է դրանցով: Ով ապրում է այդ օրենքներով, նա «ճիշտ» է, իսկ եթե ոչ, մերժվում է նրանց կողմից:
Հոգեբան Դավիթ Գալստյանն ասում է, որ այդ «հասարակության» տիպիկ մոդելը Խորհրդային միությունն էր, երբ համայնական կյանքը տարածում գտավ: Իսկ համայնքին պետք էին անհատներ, ովքեր այդ տարիներին քաղաքներում բակային հեղինակություններ էին և իրենց գողական օրենքներով իշխում էին բակերում. «Բակային օրենքները չեն մեկնաբանվում, չեն պարզաբանվում, միայն պարտադրվում են»,-ասում է հոգեբանը:
Նա ասում է, որ այդ օրենքներին անգիտակցաբար ենթարկվողները չունեն հստակ ձևավորված «ես», և նրանց մոտ կախվածություն է առաջանում ինչ-որ արժեքներից կամ մարդկանցից. «Չկա ինքնուրույնություն, կա միայն խմբակային «ես»: Վախ կա, որ հարևանը կարող է չհավանել իրենց արածը: Իսկ դա կոլեկտիվացման հետևանք է, որ մեր միջից չի մաքրվել»-ասում է հոգեբանը:
20-ամյա Սուսաննան երբեք ինքնուրույն որոշումներ չի կայացնում: Նրա փոխարեն ամեն ինչ որոշում է ավագ եղբայրը: Երբ բարձր դասարաններում ցանկություն հայտնեց դպրոցն ավարտելուց հետո ընդունվել ԵՊՀ-ի օտար լեզուների ֆակուլտետ, եղբայրը չթողեց, քանի որ համարվում է, թե այդ ֆակուլտետում` Ռոմանոյում սովորող աղջիկներն ավելի ազատ են. «Ասաց` Էդ էր պակաս՝ իմ քուրը Ռոմանո ընդունվի: Ի՞նչ ես ուզում դառնաս, դասատու՞, գնա Մանկավարժական: Ոչ մի Ռոմանո»,-պատմում է Սուսաննան: Աղջիկը, ենթարկվելով եղբորը, ընդունվեց Մանկավարժական:
19-ամյա Հեղինեն ինտերնետ է մտնում միայն հեռախոսով: Ասում է, որ եթե եղբայրն իմանա, որ ինքն «odnoklassniki.ru»-ում կա, իրեն պարզապես կսպանի:
Ուրիշ անունով է գրանցվել, որ ընկերների հետ զրուցի: Նկարն էլ չի դրել, որ հանկարծ մի օր չբացահայտվի:
«Ես մտնում եմ, ուրիշ աղջիկների եմ խոսացնում, կարո՞ղ ա թողնեմ, որ մեկն էլ իմ քրոջը խոսացնի»,- ասում է եղբայրը` Աշոտը:
Բոլոր «չգրված օրենքները» ստեղծել են տղաները, բայց դրանք կիրառվում են նաև աղջիկների նկատմամբ:
Իր ընկերուհուն թողած Սուրենի խոսքերից պարզվում է, որ աղջիկների վարքն ազդեցություն ունի տղաների դիրքի վրա. «Որ հետո էդ սաղ մեր դեմ չֆռա, որ չասեն` էս ինչը լավ տղա ա, բայց իրա քուրը սենց արեց, կամ ընկերուհին ընենց արեց»:
Արվեստագետ Արման Գրիգորյանն ասում է, թե այն, որ տղաներն իրենց աշխարհայացքը տարածում են աղջիկների վրա, գալիս է կրոնից ու առաքելական եկեղեցուց, որ պարտադրում են, որ կինը միշտ հնազանդվի տղամարդուն, չհակառակվի նրան. «Երբ ասում ենք աղջիկ, տղա, կին, տղամարդ, այդ ամենը հասարակական որոշակի դեր է ենթադրում, իսկ դա մեզ մոտ կարգավորում է եկեղեցին, որ հորինելով ինչ-որ օրենքներ` սահմանափակում է աղջիկների իրավունքները»,-բացատրում է նա:
23-ամյա Դավիթն ինքն է մշակում իր ընկերուհու «օրակարգը»: Տնից դասի, դասից տուն: Ոչ մի կոսմետիկա, իսկ կարճ շրջազգեստի և լայն բացվածքի մասին խոսք լինել չի կարող: Ընկերուհիների հետ թույլ է տալիս հանդիպել միայն տանը, իսկ հյուր՝ միայն իր կամ ծնողների հետ:
«Ինչո՞ւ» հարցին Դավիթը միայն մի պատասխան ունի՝ «Տենց եմ ուզում, տենց ա պետք»: Իսկ ընկերուհին վաղուց արդեն հարմարվել է այդ ամենին:
Դավիթ Գասպարյանն ասում է, որ հայ տղաների անգիտակցականի մեջ ապրում է կնոջն իշխելու, գերի վերցնելու սեփականատիրական բնազդը։ Պատճառը համարում է այն, որ Հայաստանն արևելյան երկիր է, և այստեղ կնոջը դեռևս նայում են իբրև սեռական օբյեկտի, ով միայն երեխա ունենալու համար է:
21-ամյա Մարին բաժանվեց ընկերոջից, քանի որ չէր կարողանում ապրել այնպես, ինչպես իրեն պարտադրում էր նա. «Զգում էի, որ կորցնում եմ իմ «ես»-ը, ամեն ինչ անում էի այնպես, ինչպես ինքն էր ուզում: Բայց հասկացա, որ ես երբեք այդպիսին չեմ եղել, միշտ շատ ազատ էի, ինքնուրույն: Լավ է, որ ժամանակին կանգ առա»,- խոստովանում է նա:
Հոգեբան Նարե Գրիգորյանն ասում է, որ նման խնդրի հետ բախվելիս աղջիկները երկու տեսակի վարք են դրսևորում` կամ անում են այն, ինչ իրենց պարտադրում է շրջապատը, և ապրում են այդ «օրենքների» համաձայն, որպեսզի պաշտպանվեն հասարակության անբարյացակամ վերաբերմունքից, կամ արհամարհում են այդ ամենն ու իրենց համար այլ միջավայր, այլ աշխարհ են ստեղծում ու ապրում այդ ամենից դուրս:
Նա ասում է, որ այն աղջիկները, որոնց համար այդ օրենքներն անընդունելի են, և նրանք կարողանում են իրենց գործողություններով, ապրելակերպով բողոքել դրա դեմ, ինքնուրույն և կայուն բնավորություն ունեն, համարձակ են և չեն վախենում այդ օրենքներին չենթարկվելուց:
«Այդ օրենքներն անընդունելի և ճնշող են բոլոր աղջիկների համար, պարզապես նրանց մի մասն ունի բողոքելու համարձակություն, իսկ մյուս մասը ստիպված է թաքցնել իր բողոքն ու համակերպվել»,-ասում է Նարե Գրիգորյանը:
Արման Գրիգորյանն ասում է, որ աղջիկները ենթարկվում են տղաների օրենքներին, քանի որ ֆիզիկապես ավելի թույլ են և ուժով չեն կարող մրցել նրանց հետ: Քանի որ աղջիկները չեն կարող ուժով մրցել տղաների հետ, նրանց հետ հավասար կռվել, հետևաբար, հովանավոր են փնտրում ի դեմս տղաների, որոնք կպաշտպանեն իրենց այլ տղաներից: Տղամարդկային պաշտպանություն ունենալու համար նրանք ստիպված են լինում ենթարկվել իրենց պաշտպանի օրենքներին. «Եթե աղջիկները ֆիզիկապես ուժեղ և պատրաստված լինեն, եթե չփախչեն ֆիզկուլտուրայի դասերից, մարզվեն, նման խնդիր արդեն չի լինի»,-կարծում է նա:
22-ամյա Հասմիկն ասում է, որ երկու տարվա ընթացքում որոշ կարծրատիպեր կարողացել է կոտրել իր ընկերոջ մեջ. «Ես բազմաթիվ օրինակներ բերեցի, որ, ասենք, կարճ շրջազգեստը դեռ ոչինչ չի ասում մարդու բարոյականության մասին, կամ ընկերուհիների հետ սրճարան գնալու մեջ վատ բան չկա: Որոշ հարցերում եկանք ընդհանուր հայտարարի»,- ասում է նա:
Նարե Գրիգորյանն ասում է` աղջիկներ կան, որ իրենց «ճկունության» շնորհիվ կարողանում են համատեղել երկու «կուլտուրաները»` տղաների օրենքները և իրենց ազատությունը: Նույն աղջիկը կարող է շատ ազատ մտածել և այդպես դաստիարակել իր երեխաներին և միևնույն ժամանակ լինել մի այնպիսի տղամարդու կին, ով այլ աշխարհայացք ունի:
«Կանայք ամեն ինչին շատ ավելի հեշտ են հարմարվում: Սակայն յուրաքանչյուր դեպք և իրավիճակ եզակի է և կախված է մարդու անհատականությունից»,- ասում է նա:

Արևիկ Չափարյան

Դիտվել է 3516 անգամ:
Print Friendly

Leave a Reply