Բոգոսյանի ֆուտբոլային ճակատագիրն անորոշ է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 6, 2010 15:08

Վերջին շրջանում խոսակցությունները շատացել են, որ Ուրուգվայի քաղաքացիություն ունեցող Խոակին Բոգոսյանը հնարավոր է հագնի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզազգեստը: Ամեն բան կախված կլինի նրանից, թե այդ հարձակվողին կըդգրկե՞ն Ուրուգվայի հավաքականի կազմում, թե՞ ոչ: Ինչպես հայտնի է, Ուրուգվայի ընտրանին իրավունք է ստացել մասնակցել ամռանը Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչին: Իսկ ցանկացած ֆուտբոլիստի համար երազանք է այդ ստուգատեսին մասնակցելը: Եվ ահա, ամենայն հավանականությամբ, Բոգոսյանը դեռևս հույսը չի կորցրել, որ իր ծառայությունից կցանկանան օգտվել: Եվ եթե նա Ուրուգվայի հավաքականում խաղալու հնարավորություն չստանա, միակ հույսը կմնա  ներկայացնելու Հայաստանի ընտրանին: Բոգոսյանը պատրաստվում է ամռանն այցելել իր նախնիների երկիրը: Ինչևէ, նա ներկայումս խաղում է արգենտինական «Նյուելզ Օլդ Բոյզ»  ակումբում: Ի դեպ, Բոգոսյանի նկատմամբ հետաքրքրություն է սկսել ցուցաբերել արգենտինական մեկ այլ, ավելի հանրածանոթ ակումբ` «Ռիվեր Փլեյթը»: Մինչև այդ, Բոգոսյանը հետաքրքրել էր իտալական, անգլիական մի շարք թիմերի, նաև Մոսկվայի  «Լոկոմոտիվի» ղեկավարներին: Ի դեպ, Բոգոսյանն իր ներկայիս թիմում իրեն շատ լավ է զգում և դժվար է ասել, թե ինչ կլինի նրա հետագա ճակատագիրը:

Դիտվել է 1533 անգամ:
Print Friendly

Leave a Reply