Մետաղը ուսի մեջ. դնելը անվճար, իսկ հանելը վճարովի

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | June 26, 2009 12:44
andranik1

Անդրանիկի ուսից դուրս ցցված մետաղը

Անդրանիկը ամաչելով ցույց է տալիս ձախ ուսից դուրս ցցված մետաղը, ու ասում, որ կտրուկ շարժման ժամանակ վերք է բացվում:
Մետաղական կոնստրուկցիան տեղադրվել է Անդրանիկի կոտրված ուսին այս տարվա հունվար ամսին, երբ նա դպրոցից տուն վերադառնալիս սայթաքել էր, վայր ընկել և կոտրել անրակը: Մետաղը պետք է հեռացվեր մեկ ամիս հետո, սակայն չորս ամիս այն տանջում է տղային: Բժիշկը ով տեղադրել է մետաղը հրաժարվում է հանել: Վիրահատությունը կատարվել է պետպատվերով, սակայն մետաղը հանելը պետպատվերի մեջ չի մտնում և ծնողները պետք է վճարեն դրա համար:
Վիրահատող բժիշկը` «Արաբկիր» բժշկական համալիրի օրթոպեդ-վնասվածքաբան Արա Անթառանյանը, հրաժարվում էր հեռացնել մետաղը` պատճառաբանելով, որ ծնողները ժամանակին չեն բերել երեխային:
Բժիշկը բացատրում է, որ քանի որ անրակին ամրացված մետաղական մասը ունի արտաքին միջավայր բացվող ելուստ, կա վարակի լուրջ վտանգ: Այդուհանդերձ չի բուժում:
«Բժիշկը իրավունք ունի որոշելու արդյոք ուզում է նա աշխատել այդ հիվանդի հետ թե ոչ, – ասում է Արաբկիրի մանկական օրթոպեդիայի և վնասքաբանույթան ծառայության ղեկավար Կարեն Քոլոյանը, – թող գնան ուրիշ տեղ ստանան բուժ օգնությունը»:
Նա ասում է, որ Անդրանիկի անրակի 211 000 դրամ արժեքով վիրահատությունը արվել է անվճար, քանի որ դա պետպատվերի մեջ մտնող անհետաձգելի բժշկական ծառայություն է, սակայն մետաղական կոնստրուկցիայի հեռացումը անհետաձգելի չէ և պետպատվերի մեջ չի մտնում: Իսկ հեռանցելու համար պետք է վճարել 121 000 դրամ:
Ըստ Առողջապահության նախարարության թեժ գծի՝ անվճար վիրահատման համար պետք է Առողջապահության նախարարի անունով դիմում գրել և սպասել պատասխանի ` անորոշ ժամանակով:

Մանկաբույժ Հասմիկ Ավետիսյանը ասում է, որ օրենսդրական թերության արդյունք է, որ մետաղն տեղադրելը պետպատվերով է հանելը վճարովի:
«Մարտիրոսյաններն ապրում են ծայրահեղ աղքատ պայմաններում,-ասում է Ավետիսյանը,- Այս մարդիկ պատուհաններին նույնիսկ ապակի չունեն: ընտանիքում մեծանում են երեք անչափահաս երեխաներ: Ինչպե՞ս նրանք կդրսևորեն իրենց հետո, կախված է այն բանից, թե ինչպես մենք այսօր կվերաբերվենք նրանց»:
Ծնողներին Անթառանյանը բացատրել էր, որ մետաղի հեռացումը երեք րոպե տևողությամբ պարզ գործողություն է և կարող է իրականացվել պոլիկլինիկայի վիրաբույժի կողմից՝ «թող վերջապես սովորեն»:
andranikԴավթաշենի թիվ 20 պոլիկլինիկայի մանկաբույժը` Ավետիսյանը ասում է, որ մետաղի հեռացումը վիրահատական գործողություն է, որը պետք է իրականացվի միայն հիվանդանոցային պայմաններում և ցանկալի է որ անի այն տեղադրած բժիշկը:

Անթառանյանը ասում է, որ ծնողները անուշադիր են և փետրվարին գալու փոխարեն հիմա են եկել:
Անդրանիկի մայրը` 45-ամյա Ծովինար Մնացականյանը հապաղելը և «անուշադրությունը» բացատրում է, որ փող չունեին:
«Մենք ուշացրել ենք, քանի որ առանց գումարի գիտեինք, որ չեն հանի, գումար էլ չկարողացանք գտնել: Մի 10 000 դրամ ունեի հետս, առաջարկեցի, չվերցրեց: Խնդրեցի, որ գոնե ցույց տա ոնց հանել, ինքս հանեմ, բայց ցույց չտվեց, չնայած ասեց, որ 3 րոպեի գործ ա»:
Ծովինարի խոսքերով վիրահատության համար (անրակը ամրացնելու) Անթառանյանը պահանջել էր 400-450 ԱՄՆ դոլարը (148000-167000 դրամ): Ըստ նրա, քանի որ գումարը չէին տվել, արժանացել էին աշխատողների ծայրահեղ անբարյացակամ վերաբերմունքին:
«Դուրս գրվելիս սանիտարկան ասում էր` շուտ արեք, գնացեք, ձեզնից պրծնենք», – հիշում է Անդրանիկը:
Այդ իսկ պատճառով Ծովինարի խոսքերով իրենք պետք է արդեն պահանջված գումարով ներկայանային:
«Չենք կարող վճարել, – նեղսրտում է Ծովինարը, – երեխուն մի օր ուշացումով ենք տարել բժշկի: Մի կերպ կարողացանք 15 000 դրամ ճարել, որը մինչև հիմա չենք վերադարձրել, ես որտեղի՞ց 450 դոլար տամ»:
Արաբկիր բժշկական համալիրի ծառայությունների գնացանկի համաձայն մետաղական կոնստրուկցիայի հեռացման համար պահանջվող 121 000 դրամը պարտադիր վճար է, որը Անդրանիկի ծնողները պետք է կատարեն: Թեև նրանք նպաստ ստացող ընտանիք են, սակայն «բալերը» չեն բավարարում մետաղը հանելու համար պետպատվեր ստանալու համար:
Երկու ժամ «Արաբկիր բժշկական համալիրի» երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտում մի բաժնից մյուսը պինկ-պոնգի գնդակի պես նետվելուց և բուժաշխատողների ու բժիշկների զսպված անբարյացակամ վերաբերմունքին արժանանալուց հետո «Անկախ»-ի լրագրողին հաջողվեց հիվանդանոցի բժշկական գծով տնօրեն Սպարտակ Ղազարյանի միջամտությամբ ստանալ ցանկալի պատասխանը` 15-ամյա Անդրանիկ Մարտիրոսյանը պետք է ստանա անհրաժեշտ բուժ օգնությունը:
Ղազարյանը ասում է, որ «Արաբկիրը» եզակի հիվանդանոցներից է, որտեղ բոլոր մուծումները կատարվում են դրամարկղում: Ի վերջո վիրահատությունը կատարվել է անվճար: Եվ թեև հիվանդանոցի համար սա նշանակում է գումարների և ռեսուրսների ներդրում, այն կրկին պատրաստ է բարի կամք դրսևորել` հեռացնելով Անդրանիկի անրակը գոտևորող մետաղական կոնստրուկցիան:

Դիտվել է 3187 անգամ:
Print Friendly

Leave a Reply