Հայ մշակույթի հանդիսաշար Վրաստանում

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | May 5, 2010 21:30

Թիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում ս.թ. մայիսի 4-ին կայացած գալա-համերգով պաշտոնապես սկսվեց Վրաստանում հայ մշակույթի հանդիսաշարը, որի կազմակերպիչներն են երկու երկրների մշակութային գերատեսչությունները` Վրաստանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ:

Գալա-համերգին նախորդեցին Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանի, Թբիլիսիի քաղաքային խորհրդի` Սակրեբուլոյի նախագահ Զաալ Սամադաշվիլու, ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի, Վրաստանի մշակույթի, հուշարձանների պահպանության եւ սպորտի փոխնախարար Գեորգի Չալաձեի ելույթները: Հանդիսատեսները ջերմորեն ողջունեցին Արամ Խաչատրյանի անվան քառյակի, Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային պարախմբի, Հայաստանի երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի կատարումները:

Նախորդ օրը` մայիսի 3-ին, Վրաստանի մշակույթի, հուշարձանների պահպանության եւ սպորտի նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը եւ Վրաստանի մշակույթի, հուշարձանների պահպանության եւ սպորտի փոխնախարար Դավիթ Քիրիան ընդգծեցին մշակութային փոխգործակցության եւ փոխայցելությունների կարեւորությունը հայ-վրացական մշակութային դարավոր ավանդույթների պահպանման, արդյունավետ համագործակցության զարգացման գործում:

Նույն օրը Թբիլիսիի Վ. Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի անվան քառյակի համերգը, իսկ Ա. Քութաթելաձեի անվան գեղարվեստի ակադեմիայում բացվեց Զավեն Սարգսյանի` «Հայաստանի պատմամշակութային հուշարձանները» խորագիրը կրող ցուցահանդեսը: Երեկոյան Թբիլիսիի` Պետրոս Ադամյանի անվան թատրոնում մեկնարկեց «դարավոր բարեկամության ճամփաներով» թատերական փառատոնը:

Ս.թ. մայիսի 4-ին Թբիլիսիի Ի. Գրիշաշվիլու անվան պատմության թանգարանում բացվեց հայ նկարչուհի, դիզայներ Արեւիկ Պետրոսյանի աշխատանքների ցուցահանդեսը: Թբիլիսիի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հանդիսավորությամբ բացվեց հանրահայտ ռեժիսոր Ռուբեն Մամուլյանի հուշատախտակը: Ռուսթավելու անվան պողոտայում Վրաստանում Հայաստանի դեսպանության, Թբիլիսիի քաղաքապետարանի եւ Վրաստանի շախմատի ֆեդերացիայի ջանքերով բացվեց եւս մի հուշատախտակ` նվիրված շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին:

Նույն օրը բազմաթիվ թբիլիսցիներ հնարավորություն ունեցան մասնակցելու վիրահայ նկարիչների «АРТ МОСТ» գեղանկարչական ցուցահանդեսին, դիտեցին Թբիլիսիի` Պետրոս Ադամյանի անվան թատրոնի «ավերակների պահակը» ներկայացումը:

Մայիսի 5-ին ՀՀ պատվիրակության անդամները այցելեցին Խոջիվանքի հայ գրողների եւ հասարակական գործիչների պանթեոն, հանդիպումներ ունեցան Հայ առաքելական Ս. Եկեղեցու Վիրահայոց թեմի Առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, Վրաստանում Հայաստանի դեսպանության աշխատակիցների հետ:

Դիտվել է 1827 անգամ:
Print Friendly

Leave a Reply