Մարզիչը փոխում է մարտավարությունը

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | May 6, 2010 10:31

Որպես կանոն, շախմատի Հայաստանի հավաքականի անդամները կարևոր փորձություններից առաջ առանց գլխավոր մարզչի են նախապատրաստվում: Հունգարիայում բնակվող և իր փեսայի` հունգարացի հանրածանոթ գրոսմայստեր Պետեր Լեկոյի մարզիչ, շախմատի Հայաստանի հավաքականի մարզիչ Արշակ Պետրոսյանը  թիմի անդամներին միանում է միայն մրցումների նախօրեին և դիրիժորի նման ցուցումներ է տալիս, իհարկե, նաև որոշում է հավաքականի կազմը, թե ով տվալ տուրում պետք է նստի խաղատախտակի առջև: Սակայն, այս անգամ մարտավարությունը փոխվել է: Եվ ապրիլի սկզբից սկսած մինչև մայիսի 1-ը գրոսմայստերը Հայաստանի շախմատի տանը ծանրաբեռնված պարապմունքներ անցկացրեց մեր թիմի անդամների հետ:

Սկզբնական շրջանում մարզվողների թվում էին Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Վլադիմիր Հակոբյանը, Ավետիք Գրիգորյանը: Հետո մնացին միայն վերջին երկուսը: Ապրիլի 21-ից էլ խաղընկերներին միացավ Լևոն Արոնյանը, որ  Ծաղկաձորում  ուսումնամարզական հավաք էր անցկացնում: «Հատկապես հետաքրքրում էր, թե ինչ խաղամակարդակ ունի թիմի նորեկը` Գրիգորյանը: Երիտասարդ  գրոսմայստերը փայլուն հաղթանակ է տարել այս տարվա Հայաստանի առաջնությունում, հասուն խաղ ցուցադրել: Եվ տպավորությունը շատ լավ է: Հաճախակի հավաքվելու համար դժվարությունն այն է, որ մեր հավաքականի բոլոր խաղացողներն էլ մրցումներ ունեն: Այժմ այդպիսի հնարավորություն կար, և այն  չէր կարելի չօգտագործել: Իսկ օլիմպիադայից առաջ  ուսումնամարզական հավաք կանցկացնենք սեպտեմբերի 1-15-ը, ապա կմեկնենք  մրցավայր` Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքը: Ստուգատեսի բացումը կայանալու է սեպտեմբերի 18-ին»,- ասաց Պետրոսյանը:

Եվ, քանի որ մերոնք հաղթել են  վերջին երկու Շախմատի համաշխարհային օլիմպիադաներում, որոնք անցկացվել են Իտալիայի Թուրին և Գերմանիայի Դրեզդեն քաղաքներում, ապա, ինքնին հասկանալի է, որ Հայաստանի հավաքականից սպասելիքները մեծ են: Ընդ որում, մեր ընտրանին իր վարկանիշով ներկայումս զիջում է շուրջ մեկ տասնյակ երկրների հավաքականների: Եվ, եթե  հաշվի առնենք այն հանգամանքը, որ շախմատն օբյեկտիվ խաղ է, ապա պարզ կդառնա, որ մերոնց համար շատ  դժվար կլինի նվաճած բարձունքում մնալը: Թերևս այդ է պատճառը, որ հավաքականի գլխավոր մարզիչն օլիմպիադայից ամիսներ առաջ Երևանում է:  Սակայն կար նաև մեկ այլ պատճառ:

Բան այն է, որ վերջին շրջանում ասես բախտը մեր շախմատիստներից երես է թեքել: Նրանք խաղարկված մեդալներից անմասն մնացին շախմատի թիմային վերջին Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, որոնք անցկացվեցին Սերբիայում և Թուրքիայում: Փաստորեն, այժմ Հայաստանի հավաքականն իր սասանված հեղինակությունը վերականգնելու խնդիր ունի: Եվ Պետրոսյանը կարծում է, որ մերոնք պետք է պայքարեն 1-3-րդ տեղերի համար, իսկ ցանկացած այլ արդյունք, նրա կարծիքով, Հայաստանի հավաքականի համար անցանկալի կլինի:

Ինչևէ, Հայաստանի հավաքականի կազմում են`  Արոնյանը, Վլադիմիր,  Սարգսյանը, Փաշիկյանը և Գրիգորյանը: Նախորդ օլիմպիադայի համեմատությամբ հավաքականի առաջին երեք խաղացողները մնացել են: Տիգրան Պետրոսյանին և Արտաշես Մինասյանին փոխարինել են Փաշիկյանը և Գրիգորյանը: Ընդհանրապես, սպորտում չգրված օրենք կա` հաղթող թիմի կազմը չեն փոխում: Փաստորեն, այդ տարբերակը չի ընտրվել, և շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականն այլ սկզբունքով է ձևավորվել: «Ինքս կողմ եմ, որ հաղթող թիմը պահպանի կազմը: Սակայն, Հայաստանի հավաքականի ձևավորման համար հատուկ կարգ է սահմանված: Հավաքականում խաղում են մեր ամենաբարձր վարկանիշ ունեցող չորս շախմատիստները և Հայաստանի տվյալ տարվա չեմպիոնը: Դա այնքանով է ճիշտ, որ ոչ մի հարց չի առաջանում: Իսկ  մինչև այդ տարաձայնություններն անպակաս էին»,- պարզաբանեց Պետրոսյանը: Եվ քանի որ նա մոտիկից ծանոթ է  շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովին և Շախմատի միջազգային ֆեդերացիայի  (ՖԻԴԵ) նախագահ Կիրսան Իլյումժինովին, ովքեր Խանտի Մանսիյսկում` Շախմատի համաշխարհային օլիմպիադայի օրերին կայանալիք ՖԻԴԵ-ի համաժողովում, մասնակցելու են այդ կազմակերպության նախագահի ընտրություններին, հետաքրքրվեցինք, թե նրա կարծիքով ով է արժանի զբաղեցնելու այդ պաշտոնը: Ի դեպ, առաջինի թեկածությունն առաջադրել է Ֆրանսիայի, իսկ երկրորդինը` Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան: Գրոսմայստերը հայտնեց, որ Կարպովի հետ վաղուց է մտերիմ, և ժամանակին շախմատային խնդիրներն իրար հետ են լուծել: Նա չթաքցրեց, որ լավ փոխհարաբերությունների մեջ է նաև Իլյումժինովի հետ; Այդ է պատճառը, որ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչը դիվանագիտական պատասխան տվեց` ասելով, որ դա Ռուսաստանի խնդիրն է, և թող իրենք էլ լուծեն այն:

Դիտվել է 1138 անգամ:
Print Friendly

Leave a Reply