Տոն` դրամատիկ վերջաբանով

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | May 7, 2010 12:07

Տափօղակով հոկեյը հայաստանցիների համար էկզոտիկ խաղ է: Այդ է պատճառը, որ  Երևանի մարզահամերգային համալիրում կայացած այս մարզաձևի աշխարհի առաջնության C խմբի B ենթախմբի մրցաշարը  մեծ հետաքրքրություն էր առաջացրել, կարելի է ասել` իսկական տոնի էր վերածվել: Անկախ այն հանգամանքից, թե մերոնք ինչ արդյունքի հասան, կարելի է ասել, որ այն հաջողվեց. տպավորությունը մեծ էր:

Ի դեպ, երբ մարզահամերգային համալիրում խոշորամասշտաբ մրցումեր են անցկացվում,  դահլիճի հետ կապված խնդիր է առաջանում: Եվ որպեսզի այն կիսադատարկ չմնա, հատկապես բացման և փակման արարողությունների ժամանակ, սովորաբար դահլիճը լցվում է ստիպողաբար բերված մարդկանց խմբերի հաշվին, հիմնականում` սովորող երիտասարդների և զինվորական ստորաբաժանումների ներկայացուցիչների: Դա վկայում է, որ խորհրդային մտածողությունը և գործելաոճը  մեր երկրում դեռևս անցյալ չեն: Եվ տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության բացման արարողությունը բացառություն է այնքանով, որ այս անգամ զորքին որոշել էին  չտեղաշարժել: Եվ դարձյալ, ինչպես միշտ, միջոցառման բացման արարողության ժամանակ  ՄՀՀ այցելած զգալի թվով ճշմարիտ մարզասերներ մնացին դրսում: Էականն այն է, որ հաջորդ բոլոր օրերին էլ մարզասրահում հանդիսականները շատ էին: Բայց փաստ է, որ առաջին օրն այնքան պատահական մարդկանց էին բերել, որ բացմանը հաջորդած Հայաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականների խաղի  երկրորդ մրցափուլից հետո, հոկեյին անտեղյակ այդ մարզասերների մեծ մասը  հեռացավ դահլիճից: Պարզապես, ոմանք չգիտեին, որ այս մարզաձևում  երեք մրցափուլ է:

Իսկ մերոնք այդ խաղում հաղթեցին մրցակցին (9:2),  այնուհետև առավելության հասան Հյուսիսային Կորեայի (7:6), Մոնղոլիայի (15:0) հավաքականների նկատմամբ: Սակայն, դա բավարար չէր խմբում առաջին տեղը գրավելու և եկող տարի B խմբում հանդես գալու իրավունք ստանալու համար: Բանն այն է, որ վերջում եզրափակիչ մրցամարտ է անցկացվում առաջին և երկրորդ  տեղերը գրաված հավաքականների միջև: Եվ  մերոնք վճռական խաղը 2:5 հաշվով տանուլ տվեցին նույն  կորեացիներին, որոնց մեկ անգամ արդեն հաղթել էին: Պատճառը թերևս այն էր, որ մեր երկրի հավաքականը հանդես եկավ 11 խաղացողով, այն դեպքում, երբ հայտավորվում է  երկու տասնյակից ավելի հոկեյիստ: Խանգարել էր այն, որ  առաջնության առաջին իսկ խաղից առաջ հարավաֆրիկացիներն ահազանգել էին, որ Հայաստանի հավաքականի 8 խաղացողներ փաստաթղթերի հետ կապված խնդիրներ ունեն: Ինչպես հայտնի է, մեր երկրի հավաքականի հոկեյիստների մեծ մասը մարզվում և մրցելույթներ է ունենում ԱՄՆ-ում: Այդպես էլ հնարավոր չեղավ որևէ բան շտկել:

Հայաստանի տափօղակով հոկեյի  ֆեդերացիայի նախագահ Հայկ Ջաղացպանյանն այն կարծիքին է, որ փաստաթղթերի ուշացման կամ անճշտության խնդիր չկա : «Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիային ապակողմնորոշող տվյալներ էր ներկայացրել Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականի գլխավոր մարզիչը: Եվ ամեն բան հստակեցնելու համար պարզապես ժամանակ չկար: Դա կարվի արդեն մրջազգային կազմակերպության մայիսին կայանալիք համաժողովում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է առաջնության կազմակերպմանը, ապա երկար ժամանակ այդ ստուգատեսի անցկացումը Երևանում հարցականի տակ էր: Բանն այն է, որ մեկ օր  մարզասրահը վարձակալելու համար ՄՀՀ-ի սեփականատերերը պահանջում էին 9 մլն դրամ, իսկ այդպիսի փողեր Հայաստանի տափօղակավ հոկեյի ֆեդերացիան չուներ, ուստի խնդրել էր, որ ՄՀՀ-ի մարզասրահն անվճար տրամադրվի, սակայն Հայաստանի կառավարությունը մերժել էր: Մինչդեռ ժամանակին, երբ ՄՀՀ-ն մասնավորեցվում էր, պայմանավորվածություն կար, որ մարզասրահը տարվա ընթացքում մի քանի մարզական ստուգատեսների անցկացման համար անվճար տրամադրվի: Բարեբախտաբար, վերջին պահին Հայաստանի կառավարությունը միջոցառման կազմակերպման համար 15 մլն դրամ տրամադրեց, որն էլ ամբողջովին հանձնվեց ՄՀՀ-ի սեփականատերերին:

Ի դեպ, առաջնության ավարտից հետո տարբեր ղեկավարներ ոգևորված հայտարարություններ էին անում, որ պետք է օգնեն այս մարզաձևի ներկայացուցիչներին: Ժամանակը ցույց կտա, թե որքանով  են նրանք իրենց խոսքի տերը: Փաստն այն է, որ 2009-ից սկսած` Հայաստանի տափօղակով հոկեյի առաջնություն չի անցկացվել, թեև համալրված չորս թիմեր ունենք: Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականի գլխավոր մարզիչ, իտալական ծագումով ամերիկացի Դուգլաս Դիչեզարին  այն կարծիքին է, որ եթե իր թիմի խաղից դուրս մնացած 8 հոկեյիստները  հանդես գային, ապա կհաղթեին: «Իմ նպատակն է, որ թիմը չտրոհվի և նույն կազմով շարունակի հանդես գալ: Անկախ այն հանգամանքից, թե որտեղ  կանցկացվի առաջիկա առաջնությունը, նպատակ ենք դնելու առաջին տեղը զբաղեցնել և B խմբում հանդես գալու ուղեգրի արժանանալ: Ինձ երբեմն հարցնում են, թե դժվա՞ր չէ հայերի թիմի մարզիչ լինելը: Եվ իմ պատասխանն այն է, որ բարդ բան չկա: Իրականում, ես այս թիմի խաղացողներին մարզում էի, երբ նրանք դեռ պատանի էին: Կյանքս հայերի շրջապատում է անցել, և ինքս հայերեն որոշ բառեր գիտեմ: Հայաստանում էլ լավ հոկեյիստներ կան: Նրանցից հինգը մասնակցեց խաղերին»,-ասաց Դիչեզարին:

Հայաստանի հավաքականի հարձակվող Միշել կամ, ինչպես նրան թիմում են կոչում, Մանուկ Բալյանը  2005-ից  խաղում է մեր երկրի ազգային հավաքականում: Նա Հայաստանի գեղասահքի հավաքականի մենասահորդ Պիեռ Բալյանի ավագ եղբայրն է: Մանուկն ուսի վնասվածքով մասնակցեց հանդիպումներին , քանի որ  չխաղալու իրավունք չուներ, առանց այդ էլ թիմում հոկեյիստները պակասում էին: Բալյանն այն կարծիքին է, որ եզրափակիչ` Հյուսիսային Կորեայի հավաքականի հետ հանդիպման ժամանակ մրցակցի թիմի դարպասապահը լավ է խաղացել: Սակայն Հայաստանի հավաքականի հոկեյիստների բախտը չի բերել: «Անգամ թվային առավելություն ունեցած դեպքերում ոչ մի անգամ չկարողացանք գրավել մրցակցի դարպասը: Մեր թիմի խաղացողների նետած տափօղակը չորս անգամ դիպավ դարպասաձողին և այդպես էլ չհայտնվեց ցանցում», – ասում է 30-ամյա հոկեյիստը:

Գրիգոր Ալեքսանյանն  էլ 15 տարի է, որ հոկեյ է խաղում, հանդես է եկել ամերիկյան տարբեր թիմերի կազմերում: Նա էլ ասաց, որ  մեր մի խումբ հայրենակիցների հետ երկար ճանապարհ էին  կտրել, որպեսզի ուրախացնեն մարզասերներին: «Երբ վճռական խաղում պարտվեցինք  հյուսիսկորեացիներին, տխրեցինք, բայց հպարտ ենք, որ ի վերջո կարողացել ենք հաղթել բոլոր մրցակիցներին, գլխավորը` լավ խաղ ենք ցուցադրել»,- ասաց  մրցաշարում մրցակիցների դարպասը 6 տափօղակ նետած հոկեյիստը:

Դժվար է ասել, թե ինչ կլինի հայկական հոկեյի հետագա  ճակատագիրը: Առայժմ Հայաստանում այս մարզաձևի ներկայացուցիչները չունեն ամենակարևորը` սահելու համար սառույց: Իսկ առանց դրա այս  մարզաձևի զարգանալու հեռանկարի մասին խոսելը պարզապես զավեշտական կլինի:

Դիտվել է 1002 անգամ:
Print Friendly

Leave a Reply