Ամենափոքր մասնակիցը` Սեդա Դոյդոյան

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | May 1, 2010 11:55

Էդգար Մելքոնյան՝ 4-րդ դասարան, սանթուրահար, Արմինե Պետրոսյան՝ սանթուրի ուսուցիչ, Սուրեն Միրզոյան ՝ դպրոցի տնօրեն, Լարիսա Քյուրքչյան՝ փոխտնօրեն, Սեդա Դոյդոյան՝ 2-րդ դասարան

2010 թ. մայիսի 5-13-ը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում կանցկացվի երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային երկրորդ մրցույթ-փառատոնը, որ նվիրված է Կոմիտասի 140-ամյակին և կրում է «Համաշխարհային մշակույթը և Հայաստանը» խորագիրը: Կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան,  նրա Գյումրու մասնաճյուղը, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամը և «Շիրակ» բարեգործական հիմնադրամը:

Փառատոնին կարող են մասնակցել ցանկացած երկրի 10-28 տարեկան երաժիշտներ: Ներկայացված են հետևյալ մասնագիտությունները. դաշնամուր, լարային գործիքներ (ջութակ, ալտ, թավջութակ, կիթառ), ակադեմիական երգեցողություն, ժողովրդական երգեցողություն, փողային գործիքներ (ֆլեյտա, հոբոյ, կլարնետ, ֆագոտ, գալարափող, շեփոր, տրոմբոն, սաքսոֆոն), ժողովրդական նվագարաններ (շվի, դուդուկ, քանոն, քամանչա, թառ, սազ, սանթուր, ուդ):

Այսպիսի մրցույթ-փառատոները մեկ հիմնական նպատակ ունեն` ազգաբնակչությանը և,  հատկապես, մատաղ սերնդին ծանոթացնել երաժշտական գործիքներին: Ողջունելի է այն փաստը, որ մրցույթին ներկայացված են նաև ժողովրդական նվագարանները:

Ընդամենը մի քանի տարի առաջ, Հայաստանի երաժշտական ուսումնական  հաստատություններում   չէին լսվում ազգային մի շարք նվագարանների հնչյունները: Ժամանակի թելադրանքով, ավելի ճիշտ` բոլորիս  անտարբերության պատճառով, դարերի շունչը կրող ազգային նվագարաններն աստիճանաբար վերածվել էին թանգարանային նմուշների (ի դեպ, Սարդարապատի թանգարանում է գտնվում սանթուրահար Արմինե Պետրոսյանի մորաքրոջ սկեսրայրի` Սեբաստիայից դժվարությամբ բերված սանթուրը)`  հայկական երաժշտարվեստը զրկելով  ուրույն ելևէջներից ու հմայքից: Երաժշտական դպրոցներում, քոլեջներում և անգամ պետական կոնսերվատորիայում ազգային նվագարանների բաժիններ գրեթե չկային: Հայ պատանին անմասն էր մնում  իր ժողովրդի հոգևոր հարստության մի շատ կարևոր հատվածից:

Ցավոք, այսօր շատ ընտանիքներում անգամ ավագները շատ բան չգիտեն ազգային նվագարանների մասին, էլ ուր մնաց երեխաները: Նախկինում, բոլոր հայ ազնվական ընտանիքներում  պարտադիր էին ազգային նվագարանները` սանթուրը, սազը, թառը, քանոնը, քամանչան, շվին, դուդուկը և այլն: Պետք է ցույց տալ, բացատրել, ապացուցել ժողովրդին, որ մենք ունենք հրաշալի նվագարաններ, որոնք կարող են հուզել և զարմացնել աշխարհին: Եվ հուսադրող է, որ այսօր կառավարությունն ազգային նվագարաններին տիրապետել  ցանկացող երեխաներին ուսման վարձից ազատել է: Բայց դա դեռ բավարար չէ: Երեխաները երաժշտական դպրոցներում դժվարանում են նվագել հին գործիքները (օրինակ` Տ. Չուխաջյանի անվ. երաժշտական դպրոցում սանթուրն ավելի քան 30 տարվա վաղեմություն ունի): Կառավարությունը, անհատ ձեռներեցներն ու  բարձրաստիճան այրերը դեռ շատ անելիքներ ունեն ազգային նվագարանների տարածումը հովանավորելու և աջակցելու հարցում:   Երեխաների մեջ ազգային նվագարանների, ասել է թե`  ազգային արժեքների հանդեպ սեր և հետաքրքրություն առաջացնելու համար ընդամենը ըմբռնում և ցանկություն է պետք:

Երևանի Տ.Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցն առաջին անգամն է մասնակցում  այս մրցույթ-փառատոնին: Ներկայացված է 11 երեխա: Այս դպրոցի օրինակով կարելի է ցույց տալ, թե ինչպես կարող է երեխան սիրել ազգային նվագարանը, եթե այն ճիշտ մատուցվի և ուսուցանվի: Օրինակ` 8-ամյա Սեդա Դոյդոյանը, որ իր տարիքային խմբից փոքր է երկու տարով,  ընտրել է սանթուրը` Արմինե  Պետրոսյանի ճիշտ դասավանդման շնորհիվ: Վերջինիս շրջանավարտները  նվագում են Արա Գևորգյանի և «Սայաթ-Նովա» համույթներում: Ամենափոքրիկ մասնակիցը` Սեդա Դոյդոյանը, մեծ եռանդով է նախապատրաստվում կայանալիք մրցույթ -փառատոնին և հույս  ունի, որ  հաղթող է ճանաչվելու:

Լուսինե Սողոմոնյան

Դիտվել է 2032 անգամ:
Print Friendly

Leave a Reply