Սթրեսներ. ինչպե՞ս հաղթահարել
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | Ամալյա Գաբրիելյան | May 8, 2010 13:10
Մեր ամենօրյա կյանքում հաճախ ենք առնչվում նյարդայնացնող տարբեր իրավիճակների, որոնք հետագայում սթրեսների առաջացման պատճառ են դառնում:
Սթրեսը օրգանիզմի պատասխանն է էմոցիոնալ հանգստությունը և հավասարակշռվածությունը խախտող հանգամանքներին և իրավիճակներին: «Սթրես» եզրույթը, որն առաջին անգամ իր հոգեբանական աշխատություններում օգտագործել է Ուոլտեր Քեննոնը և լայն գործածություն է ստացել միայն 1946 թ. սկսած, թարգմանաբար նշանակում է «լարվածություն, ճնշում»:
Առաջին հայացքից սթրեսը ժամանակավոր երևույթ է, բայց այն կարող է անդառնալի բացասական ազդեցություն թողնել առողջության վրա: Սթրեսներն առաջին հերթին ազդում են նյարդային և սրտանոթային համակարգերի վրա` առաջացնելով դեպրեսիաներ, սրտային և արյան շրջանառության հիվանդություններ, մարսողության, լյարդի և երիկամների աշխատանքի խանգարումներ, խոցեր, սեռական համակարգի հետ կապված խնդիրներ և նույնիսկ ուռուցքներ: Դրանք բացասաբար են ազդում նաև արտաքինի վրա` առաջացնելով քաշի հետ կապված խնդիրներ (որպես մարսողության և նյութափոխանակության խախտման հետևանք) և մազաթափություն, փչացնելով ատամները, վատացնելով մաշկի գույնը, վիճակը և այլն:
Հոգեբան Դավիթ Գալստյանն ասում է, որ սթրեսի պատճառ կարող են դառնալ այն իրավիճակները, որոնք առաջացնում են ուժեղ զգացմունքներ, եթե նույնիսկ այդ զգացմունքները դրական են: Որոշ մարդկանց համար սթրեսի պատճառ կարող են լինել ամուսնությունը, երեխայի ծնունդը, աշխատանքը կամ նույնիսկ աննշան բաներ, ասենք` երկար ինչ-որ բանի սպասելը կամ մարդկանցով լի երթուղային նստելը:
Ըստ հոգեբանի` Հայաստանում կարևոր սթրեսածին գործոն է հեռուստատեսությունը: «Հեռուստատեսությամբ հաճախ ցուցադրում են թանկարժեք իրեր, հայտնի մարդկանց և աստղերի տներ և խոհանոցներ, իսկ միջին խավի մարդկանց համար, ովքեր դիտում են այդ ամենը, բայց չեն կարողանում իրենց նման շռայլություն թույլ տալ, դա լուրջ սթրեսի պատճառ է», – ասում է Գալստյանը: Լուրջ սթրեսային գործոն են նաև հայկական ընտանիքներում կին-տղամարդ հարաբերությունները: «Այստեղ դեռ ընտանեկան շփման հայեցակարգ չկա, էթիկա չկա, և սա նույնպես սթրեսների պատճառ է թե՛ ընտանեկան զույգի, թե՛ նրանց երեխաների համար», – ասում է հոգեբանը: Մեկ այլ պատճառ` ուսուցիչ-աշակերտ հարաբերությունը. «Ուսուցիչն ասես արժեզրկված է այսօր և այլևս հերոս չէ աշակերտի աչքում: Բոլոր առօրյա խնդիրները, որոնց առնչվում են ուսուցիչները (ինչպես, ասենք, դպրոցների օպտիմալացումը, դպրոցում տիրող լարվածությունը, կրճատումները և այլն), նրանց դարձնում են ամենասթրեսային, հոգեբանորեն ամենախոցելի խավերից մեկը»: Օրինակ` հոգեբանը պատմում է, որ անձամբ ճանաչում է մի ուսուցչուհու, որն աշխատում է թիվ 110 դպրոցում: Նա անձնական կյանք չունի, աշխատանքը նրա համար սթրեսների աղբյուր է, և նա անընդհատ վախենում է, որ իրեն կազատեն աշխատանքից …
Գալստյանն ասում է, որ սթրեսները լիովին կանխել հնարավոր չէ, քանի որ դրանց հիմնական պատճառը մեր ամենօրյա կյանքն է, բայց հնարավոր է նկատելիորեն նվազեցնել դրանց վնասակար ազդեցությունը:
Ահա թե ինչ է խորհուրդ տալիս մասնագետը.
* Նախ` անհրաժեշտ է փոխել ձեր այսպես կոչված «ներքին լարումը»` ձեր վերաբերմունքը կյանքի և արտաքին սթրեսների նկատմամբ: Աշխատեք ավելի դրական վերաբերմունք ունենալ կյանքի նկատմամբ, միշտ հիշեք, որ բոլոր դժվարությունները ժամանակավոր բնույթ ունեն: Հիշեք, որ եթե լինեք սառնասիրտ ու հանգիստ, կկարողանաք հաղթահարել բոլոր դժվարությունները:
* Աշխատեք մենակ չմնալ: Շփվեք մարդկանց հետ, խոսեք ձեր խնդիրների մասին: Երբեք ձեր խնդիրները ձեր մեջ մի պահեք. եթե չխոսեք, ավելի վատ կզգաք:
* Շփվեք միայն այն մարդկանց հետ, ովքեր ձեզ դրական էմոցիաներ են պարգևում: Բնականաբար, աշխատեք չշփվել նրանց հետ, ովքեր ձեզ դուր չեն գալիս կամ նյարդայնացնում են: Հոգեբանը խորհուրդ է տալիս նաև օրական մեկ ժամ շփվել սիրելի մարդու հետ և խոսել նրա հետ բոլոր հուզող հարցերի մասին: Լավ «դեղ» է սթրեսի դեմ նաև սիրելի մարդու հետ համբուրվելը:
* Գտեք ինչ-որ զբաղմունք, որը ձեզ հաճույք և դրական լիցքեր է հաղորդում: Շատ կանայք ասում են, որ իրենց համար սթրեսներից ազատվելու և հանգստանալու լավագույն միջոցը հյուսելն: Իսկ տղամարդիկ ասում են, որ ձկնորսությունից լավ միջոց չկա: Ուրեմն, դուք էլ փորձեք, գուցե հյուսելն ու ձկնորսությունը ձեզ նույնպես խաղաղեցնեն:
* Եթե ձեր սթրեսի պատճառն աշխատանքը, առօրյա զբաղվածությունն ու մշտական «չհասցնելու խնդիրն» է, աշխատեք նախօրոք պլանավորել ձեր օրվա գործերը, հետևեք գրված պլանին և մի մոռացեք հանգստի մասին:
* Լսեք միայն դրական էմոցիաներ հաղորդող երաժշտություն: Ոչ մի ագրեսիվ երգ, ոչ մի տխուր հիշողություն արթնացնող երգ…
* Գուցե այս խորհուրդը կարող է տարօրինակ թվալ, բայց եթե սթրեսային վիճակում եք, զգուշությամբ վերաբերվեք նորություններին, հատկապես բացասականներին: Եթե նույնիսկ լսում կամ կարդում եք ինչ-որ բացասական էմոցիաներ առաջացնող բան, աշխատեք այն սրտին մոտ չընդունել:
* Եթե երիտասարդ եք և ունեք այդպիսի հնարավորություն, անպայման ժամանակ հատկացրեք սպորտին ու ֆիզիկական վարժություններին, քանի որ դրանք նվազեցնում են հոգեկան լարվածությունը:
* Մոռացեք ալկոհոլի և ծխախոտի մասին, քանի որ դրանք էլ ավելի են ուժեղացնում սթրեսները և բացասաբար են ազդում նյարդային համակարգի վրա: Կոֆեինը նույնպես գրգռում է նյարդերը, ինչը սթրեսային վիճակում գտնվող մարդուն բոլորովին պետք չէ… Խմեք բնական հյութեր, կանաչ թեյ, կերեք մրգեր, բանջարեղեն և թարմ կանաչեղեն, քանի որ դրանք հանգստացնում են և սնուցում օրգանիզմն անհրաժեշտ վիտամիններով:
* Կապ պահպանեք լավ հոգեբանի հետ: Հայաստանում հոգեբանի հետ խորհրդակցելու մշակույթը դեռ այնքան էլ զարգացած չէ, բայց այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ հոգեբանը կարող է օգնել հաղթահարելու սթրեսներն ու շատ այլ հոգեբանական խնդիրներ:
Եվ, վերջապես, հիշեք, որ կյանքն առանց սթրեսների շատ միապաղաղ ու անհետաքրքիր կլիներ: Սթրեսների ֆոնի վրա դրական էմոցիաները էլ ավելի վառ են երևում:






Facebook
Tweet This
Email This Post
