Եվա Ռիվաս. «Գնում ենք եվրատեսիլ՝ հաղթելու»

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | May 6, 2010 10:37

Հատվածներ Հանրային հեռուստատեսության «Հայտնի անհայտը» հաղորդումից

Եվա Ռիվասը, երբ դեռ փոքրիկ Վալերիա Ռեշետնիկովան էր, երգել է դպրոցի հայկական երգչախմբում, հետո արդեն՝ Դոնի Ռոստովի «Արևիկ» անսամբլում: Դպրոցական երգչախմբի և «Արևիկ»  անսամբլի ղեկավար Արմինե Սագերտյանցը  հենց սկզբում խումբը հավաքել է երեք հոգու համար՝ Վալերիայի, Նելլի Կասաբովայի և Վաղարշակ Սագերտյանցի: Կարճ ժամանակ անց անսամբլին միացավ նաև Արամ Եղիազարյանը՝ Արամեն, որը 2004-ին տեղափոխվեցՀայաստան: «Արևիկը» Հարավային Ռուսաստանի երաժշտական կյանքում հայտնի անուն է:

«Արևիկ» ընդունվելու մասին Եվա Ռիվասը պատմում է. «Հիշում եմ այդ օրը, երևի ամենակարևորը իմ կյանքում: 8-9 տարեկան կլինեի: Շատ պստիկ էի: Մայրս տարավ լսումների, հայտնվեցինք հսկա դռների առջև: Սարսափելի էր… Երբ մտանք սենյակ, շատ մարդիկ կային, ես շատ փոքր էի, ստիպված էի բոլորին վարից վեր նայել: Այո, նույնիսկ այդպես է եղել մի ժամանակ… Չէի կարողանում հանգիստ կանգնել, ձեռքերս դողում էին, շատ էի ամաչում: Բեմ բարձրացրին, ղեկավարն ասում էր՝ դե երգիր, դու կարող ես: Ու երգեցի Ռոզի Արմենի «Հինգալա»-ն»:

1999-ին այս երգի կատարումը Սարատովում նրան մեդալ բերեց:

Ծատուրյան ազգանունը երգչուհին ավելացնում է Ռեշետնիկովա ազգանվան կողքին՝ ի պատիվ մայրիկի՝ Փիրուզա Ծատուրյանի, որի ծնողները երևանցի են: Բայց երբ Փիրուզան տասը տարեկան էր, ծնողների ու եղբոր հետ մեկնեց Կիսլովոդսկ. հաստատվեցին այնտեղ: Դոնի Ռոստով Փիրուզան տեղափոխվեց արդեն՝ ամուսնու հետ:

Ամառային արձակուրդներին փոքրիկ Վալերիան մեկնում էր Կիսլովոդսկ` տատիկի մոտ, ավելի ուշ մի որոշ ժամանակ ապրեց Մոսկվայում, հաճախ Երևանում է լինում` ազգականների մոտ. «Որ նայում եմ՝ ինչքան տեղեր կան, որտեղ իմ հարազատներն ու մտերիմներն են, որտեղ կարող եմ հայրենիքում զգալ… Շատ են: Բայց չեմ կարող իմ մանկության մասը հանել ու ասել՝ այս տեղն իմ հայրենիքը չէ: Ռոստովն իմ հայրենիքն է: Որտեղ ծնվել, մեծացել եմ, ուսում առել: Այնտեղ իմ ընկերներն են, մտերիմները, հարազատները: Այն ամենը, ինչ իմ մանկության հետ է կապված՝ Դոնի Ռոստովն է: Երբ վերադառնում եմ, զգում եմ, որ այնտեղ միշտ ուրախ են՝ ինձ տեսնելով, որ այնտեղ կարող եմ թաքնվել…

Տանը նույնիսկ փակ աչքերով, հնչյուններից ու շրշյուններից եմ զգում, որ սա այն նույն տեղն է, որտեղ անցել է մանկությունս: Երևանն իմ նոր հայրենիքն է, որովհետև ընդամենը մեկ տարի է, որ ապրում եմ այստեղ:

Դրանից առաջ էլ շատ հաճախ՝ տարին մեկ-երկու անգամ գալիս էի Երևան՝ ազգականներիս մոտ: Շատ ազգականներ ունեմ այստեղ: Բայց փոքր ժամանակ չէի զգում, որ սա իմ երկրորդ հայրենիքն է: Ես այստեղ անպայման տուն կգնեմ, երբ  նման հնարավորություն ունենամ: Կուզենայի՝ շուտ լիներ»:

Եվա Ռիվասը սպասում է նաև իր հայկական անձնագրին: Հայերեն է պարապում, թեպետ հասկանում է, թե ինչ է երգում, երբ հայերեն երգ է կատարում:  Բայց հայերեն չսովորելը  «նույնն է, թե երեխայի ծնողներն ասեն՝ ինչու՞ նրան խոսել սովորեցնենք»: «Ես հիմա այստեղ երեխայի պես եմ. առաջին քայլերս եմ անում հայոց լեզվի մեջ: Հասկանում եմ, թե ինչ են ասում, բայց կրկնելը բարդ է: Երեխայի պես եմ, որը նոր-նոր բացում է աչքերը, զգույշ է գցում քայլերը, որ չսխալվի: Վախենում եմ հայերեն խոսել, թվում է, եթե մի բան սխալ ասեմ, բոլորը կբարկանան վրաս» :

Բայց նույն փոքր ու մեծ երեխան հայերենին, նրա բարդ բարբառներին չտիրապետելով,  երգում էր Կոմիտաս, Սայաթ-Նովա… «Ինձ համար հայերենի  բարդ, ոչ բարդ՝ սովորական բարբառները պարզապես հայոց լեզու էին, որը պետք է սերտեի: Մայրս ամեն մի բառը թարգմանում էր ինձ համար, բացատրում երգի իմաստը: Բոլոր երգերը տանը մամայիս հետ էի սովորում: Հետո արդեն ղեկավարիս հետ մշակում էինք: Ինձ համար սովորական բան էր ամեն օր գնալ փորձերի` երգել հայերեն, գալ տուն` խոսել ռուսերեն»:

Կասկածող կա՞, որ Եվա Ռիվասին շատ են սիրահարվել, ու էլի շարունակում են սիրահարվել. ի՞նչ պատասխան է տալիս սեր խոստովանողներին: «Փառք Աստծո, որ նրանցից յուրաքանչյուրը չի կարող անձամբ մոտենալ. կգժվեի՝ դատելով Ինտերնետի իմ էջերում կարդացած սիրային խոստովանություններից: Լավ է, երբ մարդիկ սիրո մասին են խոսում, որովհետև սիրո պակասը շատ տհաճ հետևանք է ունենում. դա ներքին հիվանդություն է, որը նույնիսկ արտաքինի վրա է ազդում, աչքերում գրվում է՝ ինձ չեն սիրում, և ես չեմ սիրում, ես դժբախտ եմ:  Ես այդպիսին չեմ. բոլորին սիրում եմ: Ես շատ սիրառատ մարդ եմ:

Միշտ ուզում եմ բոլորին սեր նվիրել, իսկ երբ փոխարենը երկրպագուներիցս սեր եմ ստանում, ավելի շատ եմ ուզում նվիրել այդ սիրուց, բնականաբար՝ երգի միջոցով»:

Ամուսնանալու մտադրություն, Եվա Ռիվասն առայժմ չունի. «Բայց հույս ունեմ, որ մի օր նման բան լինելու է: Հիմա առաջին տեղում աշխատանքս է: Ամենակարևորը՝ դա կյանքիս անբաժան մասն է: Ես չեմ հոգնում: Ամեն օրվա հետ «Եվրատեսիլ» մրցույթի համար ուժերս ավելանում են, որպեսզի կարողանանք հաղթել: Ամուսնության մասին առայժմ չեմ մտածում: Ինքնիրեն կլինի, ու մի օր կասեմ՝ ես իսկապես ուզում եմ ամուսնանալ»:

«Իմիջ էլիտ դպրոցի» սան Վալերիան նաև գեղեցկության մրցույթների

հաղթող է: Հռչակվել է «Ռոստովի պատանի միսս»: 13 տարեկանում, երբ արդեն 180 սմ հասակ ուներ, բացառության կարգով թույլ տվեցին մասնակցել համեմատաբար տարիքով աղջիկների մրցույթին, շահեց «Միսս տաղանդ» տիտղոսը: 2005 թ. Վալերիա Ռեշետնիկովային շնորհվեցին «Ռոստովի ոսկե ձայն», ապա նաև «Միսս Դոնի մարգարիտ» տիտղոսները: Երևանում շահեց «Կովկասի վիցե միսս» տիտղոսը:

Եվ այդպես Վալերիա Ռեշետնիկովան 5 տարի առաջ դարձավ Եվա Ռիվաս: «Քննարկվում էր՝ ինչպես ինձ ներկայացնել մոսկովյան բեմում:

Վալերիա կար արդեն, հաջող նախագիծ ուներ, հիմար քայլ կլիներ Վալերիա մնալը, չէ՞: Ռեշետնիկովա ազգանունը դժվար արտասանվող է և բեմից չհնչող: Ի՞նչ անել, որ անունը ուրիշ լինի, բայց՝  քոնը:

Ելքը՝ հիշել տատիկներին, պապիկներին, նախատատերին»:

Անգամ ծնողները դժվարությամբ հիշեցին իրենց նախատատերի անունները…Վերջապես գտնվեց Եվա Ռիվաս անունով նախատատը. գեղեցիկ է հնչում և հետաքրքրիր մեկնաբանություն ունի. Եվա՝ կենսատու, Ռիվաս՝ ալեկոծ գետ. իսկը իր խառնվածքը. «Եվ իհարկե, նաև ի հիշատակ նախատատիս: Ինձ համար պատիվ է»:

Սոչիի «Հինգ աստղ» երգի մրցույթում Եվա Ռիվասը 2007-ին երրորդ մրցանակը շահեց: Մոսկվայում՝ «Տաշիր-2009»-ում Եվա Ռիվասը Սայաթ-Նովա երգեց. սա կարելի է համարել աշխարհի հայության համար նրա առաջին ամենամեծ հայտնությունը:

Եվա Ռիվասին ներկայացնող համերգավարները սիրում են նրբորեն կատակել նրա խիստ բարձր հասակի կապակցությամբ: «Ճիշտ է:

Ոչ միայն համերգավարները, որոնք դա անում են բոլորի առջև, և դա ինձ բոլորովին չի վիրավորում: Մարդը կայացած չէ, եթե ինքն իր վրա չի կարող ծիծաղել: Ես կարող եմ և, փառք Աստծո, հումորի զգացում ունեմ:

Հասակս հենց այն է, ինչի շուրջ կարելի է սիրուն, բարի կատակներ անել:

Դա իմ թերությունը չեմ համարում, ուրեմն, ինքս կարող եմ կատակներ անել: Թույլ եմ տալիս, կատակեք: Գլխավորը, որ այդ կատակները չար չլինեն: Ես շատ զգայուն մարդ եմ: Երբ իմ հասցեին չար կամ ոչ լավ բան են ասում, գուցե արտաքինից ցույց չեմ տալիս, բայց ներսս ցավում է»:

2010 թ. փետրվարին՝ Եվա Ռիվասի կատարմամբ  Արմեն Մարտիրոսյանի և Կարեն Կավալերյանի «Ծիրանի կորիզ» երգն ընտրվեց «Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացնելու համար: Եվան տրամադրվել է մրցելու բացարձակապես առաջին տեղի և Եվրատեսիլ-2011-ը Երևան բերելու համար: «Գրավել երկրորդ կամ երրորդ տեղը, նույնպես շատ հետաքրքիր է: Ես պարտվել չգիտեմ, պարտվելուն սովոր չեմ: Հազվադեպ եմ պարտվել, ու ցավոտ ընդունել պարտությունս:

Արժանապատվորեն, բայց ցավոտ: Գնում ենք «Եվրատեսիլ»՝ հաղթելու:

Որպեսզի ասեն՝ հաղթեց Հայաստանը»:

Հաղորդման հեղինակ՝

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է 3918 անգամ:
Print Friendly

Leave a Reply