ՀՅԴ-ն երեկ և այսօր

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | May 5, 2010 16:51

Ցեղակրոն կազմակերպության Բուլղարիայի մասնաճյուղի գործուն անդամներից Օնիկ Զարմունին, 1936 թ. խոսելով ՀՅԴ-ի մասին, գրել է. «Ճշմարիտ դաշնակցականությունը սկիզբեն իսկ եղած է և մինչև հավիտյան պիտի մնա հայ ժողովուրդի ցեղային ուխտը: Ուրիշ կարգի սոփեստություններ ո՛չ հայոց պատմությունը կրնա հանդուրժել, ո՛չ ալ դաշնակցական ուխտի նահատակներու սրբազան հիշատակը»: Անձամբ էլ հարգանք տածելով այնպիսի լուրջ ներքաղաքական ուժի նկատմամբ, ինչպիսին եղել է ու թերևս այսօր էլ հանդիսանում է ՀՅԴ-ն, այնուամենայնիվ, կարծում եմ, որ եթե Զարմունին այսօր կենդանի լիներ, հազիվ թե պնդեր 1936-ին արտահայտած միտքը:

2009 թ. ապրիլի 27-ին Դաշնակցությունը, որ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և «Օրինաց երկրի» հետ միասին կոալիցիայի մաս էր կազմում, հայտարարեց կոալիցիայից  դուրս գալու և ընդդիմություն դառնալու մասին: Պատճառը, ըստ Դաշնակցության առաջնորդների, վերջին մեկուկես տարում հայ-թուրքական հարաբերություններում արձանագրվող զարգացումներն են, որոնց նրանք բացասաբար են վերաբերվում: Իսկ սեպտեմբերի 1-ին հայ-թուրքական արձանագրությունների հրապարակումից հետո» ՀՅԴ-ն ընդհանրապես սկսեց ակտիվորեն բողոքի ցույցեր ու հացադուլներ կազմակերպել ընդդեմ արձանագրությունների ընդունման:

Սակայն, Դաշնակցության շատ քայլեր տարակուսանք են առաջացնում ու ստիպում մտածել, որ վերջին մի քանի ամիսների ՀՅԴ գործողությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ ընդդիմադիր դաշտում ամրապնդվելու փորձ և թերևս նաև` բավական հաջողված PR, որովհետև հայաստանյան հասարակության մի հատվածն իրոք վստահություն հայտնեց ՀՅԴ-ի կազմակերպած բողոքի ցույցերին` ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների: Օրինակ` ՀՅԴ ղեկավարները չե՞ն հասկանում, որ ՀՀ (ինչպես նաև ցանկացած ժողովրդավարական երկրի) արտաքին քաղաքականության գլխավոր պատասխանատուն ոչ թե արտգործնախարար Նալբանդյանն է, որի հրաժարականն են նրանք ջերմեռանդորեն պահանջում վերջին շրջանում, այլ նախագահ Սարգսյանը, որի հրաժարականի հնարավոր պահանջի մասին Դաշնակցությունը միայն անորոշ հայտարարություններ է արել: Կամ` առհասարակ ինչպե՞ս կարելի է երկար տարիներ իշխանության մաս հանդիսանալ, երկրի կառավարման գործում նշանակալի դեր ունենալ և  ապա մի քանի օրվա ընթացքում կտրուկ հայտարարել ընդդիմության շարքերն անցնելու մասին և սկսել աշխուժորեն քննադատել այն իշխանությանը, որի մասն են կազմել մինչ այդ (վերջին անգամ նմանատիպ ռևերանսներով աչքի ընկավ ՕԵԿ-ը, ինչն էլ հանգեցրեց հասարակության շրջանում նրա ունեցած վարկանիշի գրեթե զրոյացման):

Այդ համատեքստում ապշեցուցիչ էր դեռևս այս տարվա սկզբներին ՀՅԴ գործիչների շրջանում հնարավոր համարվող ՀՅԴ-ՀԱԿ (ըստ էության` ՀՅԴ-Տեր-Պետրոսյան) համագործակցությունը` հայ-թուրքական արձանագրությունների հարցի շուրջ: Դա ակնհայտորեն հակասում է այն ՀՅԴ-ի կերպարին, որ այնքան սկզբունքայնորեն բողոքի ձայն է բարձրացրել: Սակայն, ինչպես տեսանք, այդ համագործակցությունն այդպես էլ չկայացավ:

Ուշագրավ է, որ մարտի 1-ի դեպքերից հետո ՀՅԴ-ն լրջորեն չարձագանքեց տեղի ունեցածին, մանավանդ բողոքի ակցիաներ ու հացադուլներ չկազմակերպեց: Այդ ժամանակ դաշնակցականները դեռևս համարվում էին կոալիցիայի մաս:

Այս օրերին նույնպես ՀՅԴ գործիչները, շարունակելով առաջ տանել իրենց անընդհատ փոփոխվող քաղաքական հայացքները, այլևայլ հակասական հայտարարություններ են անում: Մասնավորապես, ապրիլի 14-ին ՀՅԴ անդամ, ԱԺ պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի հարցերի հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը, կարծես մոռանալով իր կուսակցության` ամիսներ շարունակ արտահայտած բողոքը իշխանությունների վարած արտաքին քաղաքականության դեմ, հայտարարեց, որ Դաշնակցությունը գոհ է Վիլսոնի շիրիմի առաջ ունեցած Սերժ Սարգսյանի ելույթից և դրա մեջ զգացել է «ազգային համայն շահերի հետապնդում»: Հրայր Կարապետյանը նշեց, որ Հայաստանը պետք է ավելի ուժգնացնի այդ քաղաքականությունը:

Այս հայտարարության համատեքստում տարակուսանք է առաջացնում, ժամերի տարբերությամբ, մեկ այլ ՀՅԴ-ականի` Արծվիկ Մինասյանի արած հայտարարությունը, որը, մեկնաբանելով նախագահ Սարգսյանի վաշինգտոնյան հանդիպումները, նշեց, որ հայ-թուրքական գործընթացի արդյունքում ավելի են սրվել հարաբերությունները Թուրքիայի հետ: Իրավիճակը, ըստ Մինասյանի, ի վնաս Հայաստանի է, և ելքը բանակցություններից դուրս գալն է:

Նույն կերպ ՀՅԴ ներկայացուցիչները սկսել են հակասական կարծիքներ արտահայտել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի` քաղաքականություն վերադառնալու հնարավոր քայլի շուրջ: Ինչպես հայտնի է, երրորդ հանրապետության երեք նախագահներից միայն Քոչարյանն է համարվում «դաշնակասեր», քանի որ բանտերից ազատեց առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ ազատազրկված մի շարք ՀՅԴ լիդերների: Ինչպես նշել եմ նախորդ հոդվածներիցս մեկում, նրանք հենց իրենց ազատազրկված լինելու փաստը օգտագործեցին քաղաքական դաշտում կարիերա անելու համար: Եվ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին նրան հայտնած վստահությամբ Դաշնակցությունը միշտ էլ ներքաղաքական դաշտում ամուր հենարան է եղել նրա համար: Սակայն վերջերս, քննարկելով Քոչարյանի հնարավոր վերադարձի քայլը, ԱԺ-ի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արտյուշա Շահբազյանը քննադատել է երկրորդ նախագահին և նշել, որ Քոչարյանի օրոք Հայաստանի տնտեսությունն առաջընթաց ու զարգացում ապրեց` իր բացթողումներով հանդերձ, որոնցից են օլիգարխիկ համակարգի բյուրեղացումն ու ստվերային տնտեսության ամրապնդումը:

Ինչքա՞ն կարելի է փոփոխել քաղաքական հայացքները և ամեն անգամ պնդել դրանց իրավացիությունը:

Սակայն, ինչպես տեսնում ենք, իշխանությունները մեծ ուշադրություն չեն դարձնում ՀՅԴ-ի` վերջին շրջանում անընդհատ փոփոխվող քաղաքական հայացքներին, և դա վերաբերում է նաև ՀՅԴ-ի` ներքաղաքական գործընթացների շուրջ արտահայտած կարծիքներին: Վերջերս ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, խոսելով վերջին շրջանում ծավալված ներքաղաքական գործընթացների մասին, չբացառեց երկրում արտահերթ ընտրությունների հավանականությունը: Այս հայտարարությանը իշխանությունները պատասխանեցին ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի միջոցով. նա ընդամենը նշեց, որ ամեն կուսակցություն ընտրությունից հետո սկսում է պատրաստվել հաջորդ ընտրությանը և ազատ է որոշելու իր կուսակցական մարտավարությունը: Շարմազանովն ավելացրել է նաև, որ անկարող է ազդել դրա վրա, որովհետև, բարեբախտաբար, Հայաստանում միակուսակցական համակարգ չէ:

Այս ամենը ստիպում են մտածել, որ ՀՅԴ-ն իշխանությունների հետ որևէ խնդրի շուրջ հակասություն չունի և իշխանությունների առաջադրանքով, մանավանդ ՀԱԿ-ի ակնհայտ պասիվացումից հետո, ներքաղաքական դաշտում իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները հավասարակշռելու գործառույթ է իրականացնում: Հենց սրանով է բացատրվում այն հանգամանքը, որ իշխանությունները ՀՅԴ-ի դեմ որևէ լուրջ քաղաքական հայտարարություն չեն արել վերջինիս ընդդիմություն դառնալուց հետո: Սակայն իշխանությունների կողմից ՀՅԴ-ի վրա ճնշում չգործադրելը կարող է նաև ՀՅԴ արտասահմանյան մարմինների կողմից իրականացվող լրջագույն հսկողության հետևանք լինել: Ոչ ոքի համար գաղտնիք չէ արտասահմանից ՀՅԴ-ն հովանավորող կառույցների հզորությունը: Իմիջիայլոց, վերջին շրջանում մամուլում շրջանառվում էր այն վարկածը, որ լուրջ հակասություններ կան ՀՅԴ հայաստանյան և արտասահմանյան մարմինների միջև, և նշվում էր, որ Դաշնակցության վերջին շրջանի ակտիվ ընդդիմադիր գործողությունները թելադրվում են հենց արտասահմանից: Դա չի կարելի բացառել, եթե մանավանդ հաշվի առնենք բողոքի այն հուժկու ակցիաները, որոնք կազմակերպվեցին ՀՅԴ ջանքերով այն երկրներում, ուր այցելեց նախագահ Սարգսյանն իր համահայկական շրջագայության ընթացքում:

Սակայն, դիտարկելով ՀՅԴ-ն այսօրվա հայաստանյան քաղաքական կուսակցությունների շարքում` պետք է նշել, որ նա, լինելով ավանդական հայկական կուսակցություն, միշտ իր ուրույն տեղն է ունեցել երկրի քաղաքական զարգացումների մեջ: Ի դեպ, ՀՅԴ վարկանիշը ակնհայտորեն բարձրացավ 2008 թ. նախագահական ընտրությունների ժամանակ, երբ իր թեկնածուին որոշելու համար Դաշնակցությունը ամբողջ երկրով քվեարկություն կազմակերպեց, և երկու թեկնածուներից մեկը (Վահան Հովհաննիսյան) ընտրվեց որպես նախագահական ընտրություններում ՀՅԴ թեկնածու, իսկ մյուսը (Արմեն Ռուստամյան) անկեղծորեն սեղմեց նրա ձեռքը և հաջողություն մաղթեց: Ի դեպ, խոսելով ընդդիմության մասին, հարկ է փաստել, որ վերջին մի քանի տարվա ընթացքում Հայաստանում որևէ քաղաքական ուժ (խոսքը  որոշակի քաղաքական գործիչների մասին չէ) երկար ժամանակ արմատական ընդդիմություն չի հանդիսացել: Ներքաղաքական խմորումները միշտ  հանգեցնում են նրան, որ տվյալ քաղաքական ուժը կա՛մ ի վերջո պառակտվում է ներսից, կա՛մ չի դիմանում իր վրա գործադրված ճնշումներին: Այս համատեքստում կարելի է վստահորեն պնդել, որ այսօր հայաստանյան ընդդիմադիր դաշտում տիրող իրավիճակն այնպիսին է, որ քաղաքական ուժերն այդ դաշտը դարձրել են PR արենա և ուղղակի ձգտում են  հայտարարությունների և գործողությունների միջոցով բարձրացնել սեփական վարկանիշը:

Այսպես շարունակվելու դեպքում, Հայաստանը կարող է ընդհանրապես զրկվել առողջ ընդդիմություն ունենալուց, ինչը խիստ վտանգավոր է երկրի համար, քանի որ յուրաքանչյուր երկրի քաղաքական դաշտում ընդդիմության առկայությունն անհրաժեշտ է ճիշտ այնպես, ինչպես իշխանության անհրաժեշտությունը:

Այս առումով, որպես ազգային-ավանդական կուսակցություն, հսկայական դեր կարող է և պետք է ունենա ՀՅԴ-ն, եթե հետ կանգնի իր օգտապաշտական ու շահադիտական նկրտումներից:

Անհայտ է, թե մինչև երբ է շարունակվելու ՀՅԴ ճգնաժամը, որի մեջ նա հայտնվել է թերևս կուսակցության առաջնորդների մեղքով, քանզի հնարավոր չէ անընդհատ սիրաշահել իշխանություններին և միաժամանակ ընդդիմադիր դիրքեր գրավել, այսինքն` «հարվածելով և՛ մեխին, և՛ նալին» ու միաժամանակ փորձել պահպանել հասարակության մեջ ունեցած վստահությունը:

Ամեն դեպքում, Հայաստանում Դաշնակցությանը դեռևս հավատում են, այն Դաշնակցությանը, որի մասին գրել է Օնիկ Զարմունին, այն Դաշնակցությանը, որի անդամն էր Նժդեհը:

Դիտվել է 2920 անգամ:
Print Friendly

Leave a Reply