Ծովակալ Իսակով .«Ես իմ ժողովրդի անառակ որդին եմ»

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | May 5, 2010 16:28

Տիգրան Մեծի ժամանակներից Հայաստանը ծով չի տեսել: Սակայն այն հիշողությունը, որ ինչ-որ ժամանակ նրա ափերը ողողել  է երկու ծով, անբացատրելի թախիծ է առաջացնում: Երևի հենց այդ ժառանգական հիշողությունն է Հովհաննես Իսակովին հուշել իր ուղին:

1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմն էր: Բայազետի ամրոցը գրավվեց գեներալ Արզաս Տեր-Ղուկասովի  գլխավորությամբ: Կայազորը թողնելով գնդապետ Կովալևսկու ղեկավարության տակ` գեներալը շարժվեց դեպի Իգդիր: Նրա բացակայության ժամանակ թուրքական զորքերը շրջապատեցին Բայազետը:  Այնտեղ  ջուր, մթերք չկար, իսկ ռազմամթերք` շատ քիչ: Մնում էր հուսալ, որ Տեր-Ղուկասովն ինչ-որ կերպ կտեղեկանա շրջափակման մասին ու օգնության կհասնի: Եվ ահա, մի մութ գիշեր ամրոցի պատերին սողեսող մոտեցավ քրդական տարազով մի մարդ: Օղաթոկը գցելով պատի վրա` նա կարողացավ  Բայազետ թափանցել ու բացատրեց, որ իր ազդրի մեջ նամակ է կարված:

Հոսպիտալում ռազմական բժիշկը կտրվածք արեց թարմ սպիի տեղում ու այնտեղից դուրս բերեց դատարկ փամփուշտը, որի մեջ  փաթաթված ծխախոտաթուղթ էր` «Իգդիրից ձեզ մոտ եմ գալիս: …Միշտ ձեր Արզաս Տեր-Ղուկասով»: Հանուն Բայազետի ազատագրման կյանքը վտանգած այդ տարեց հետախույզը Հովհաննես  Իսահակյանի պապն էր` Եգոր Իսահակյանը: Իսկ ԽՍՀՄ  ռազմածովային նավատորմի ծովակալի հայրը եղել է  ռուս-թուրքական  պատերազմի հերոս, սակրավոր և «Կարսի գրավման համար» մեդալ  է ստացել: Հովհաննեսը հորը վաղ է կորցրել: Բաքվում սկսված հուզումների ժամանակ երկաթուղայինների շենքն այրեցին, որտեղ բնակվում էին Ստեփան Եգորիչի ենթակաները: Գիշերով, մի գիշերաշապիկով նա օգնում էր երեխաներին ու ծերերին շենքից դուրս բերելուն: Դրանից հետո սրվում է կրծքահեղձուկը,  ու նա մահանում է թոքերի այտուցից:

Հովհաննեսը փոքր էր, երբ ընտանիքը  Կարսից տեղափոխվեց Թիֆլիս, ուր նա մեկընդմիշտ  որոշեց նվիրվել ծովի գործին: Մեկնեց Պետերբուրգ` ծովային ռազմական դպրոց ընդունվելու նպատակով: Սակայն նրան մերժեցին` պատճառաբանելով, որ հասարակ երկաթուղայինի որդին չի կարող ընդունվել արտոնյալ ազնվականների ուսումնարան: Բայց Հովհաննեսը չհուսահատվեց, ընդունվեց տեխնոլոգիական ինստիտուտ: Ապրում էր ձեղնահարկում գտնվող   8 քմ  մակերեսով խցում, գրականության նկատմամբ հետաքրքրությամբ ու ծովի միակ երազանքով: Ամեն երեխա մի հետաքրքրություն ունի…

Մի անգամ` պարապմունքի ժամանակ, դասատուն նկատում է, որ Իսակովը նայում է նստարանի տակ: «Էլի մի բան կարդում է»,-մտածեց նա ու կանչեց Հովհաննեսին գրատախտակի մոտ` խնդիր լուծելու: Իսակովը լուծեց այն և  հետ ստացավ իր գիրքը: Դա  ծովակալ Մակարովի «Քննարկումներ ծովային տակտիկայի հարցերի վերաբերյալ» գիրքն էր:

Արհամարհելով ոչ երկիմաստ մերժումները` նա կրկին ու կրկին փորձում էր ընդունվել ծովային ռազմական դպրոց: Սակայն մի անգամ պատահաբար շենքերից մեկի ճակատին տեսավ «Բալթիական նավատորմի առանձին գարդեմարինյան դասարաններ» ցուցանակը: Նավատորմը ամրապնդելու համար ստեղծված այս  հիմնարկ կարող էին ընդունվել ոչ միայն ազնվականները, այլև բոլոր դասերի երիտասարդները: Վերջապես «բացվել էր դուռը», և Իսակովը երջանիկ էր:

«Պետրոպավլովսկի» պայթյունի զոհերը

Մի անգամ, երբ Իսակովը քեռու հետ զբոսնում է այգում, հանդիպում է մի բարձրահասակ տղամարդու: Քեռին տղայի ականջին շշնջում է. «Դու գիտե՞ս` ով է, ծովագնաց Շլիպպեն է ու տառապում է ջրավախությամբ: Իսկ գիտե՞ս, թե ինչպես է զոհվել ծովակալ Մակարովը: Եթե չգիտես, ուրեմն անպայման կարդա»: Երեկոյան սպայական գրադարանում Իսակովը գտավ այդ գիրքը և  կարդաց մինչև լույսը բացվելը: Նա  խորասուզվել էր ընթերցանության մեջ:  Առավոտյան նրան մոտեցավ հերթապահն ու առաջարկեց. «Մի կողմ թող անցյալը: Մի մոռացիր, որ ոսկին սուզվում է, իսկ աղբը դուրս է լողում»: Հետո նա հերթապահության ավարտին լեյտենանտին կզեկուցի կատակով.«Իմ հերթապահության ժամանակ ոչ մի իրադարձություն չի եղել, չհաշված այն, որ «Պետրոպավլովսկը» կրկին պայթեցվեց, որից մեկ գարդեմարին (ծովային կադետական դպրոցի բարձր դասարանի աշակերտ ) է տուժել: Ճիշտ է, հատուկ օգնության կարիք չի զգում, ինքնիրեն կապաքինվի, բայց կոնտուզիա է ստացել, որը ողջ կյանքում կուղեկցի նրան»:

Երևի հենց այս պահից Իսակովը որոշեց դառնալ այն  չսուզվող ոսկին:

Ավարտական քննություններից հետո, Իսակովը ստացավ միչմանի կոչում և ուղարկվեց ծառայելու «Իզյասլավ» ականակրի վրա: Կապիտան Շևելյովը, տեսնելով Իսակովին, բարձրաձայն ասաց. « Ներկայումս նավահանգիստը նման է հասարակաց տան»: Նկատի ուներ երիտասարդի ոչ ազնվական ծագումը:

«Սառցային արշավ»

1918 թ. գերմանացիները դեսանտ իջեցրին և գրավեցին Գանգե նավահանգիստը: Միակ   ջրային ուղին մնում էր Ֆիննական ծովածոցը: Գերմանացիները գիտեին, որ տարվա այդ ժամանակ այն ծածկվում էր մետրանոց սառցաշերտով, իսկ Խորհուրդների երկիրը  հարուստ չէր սառցահատներով: Սակայն, կառավարությունը հրաման արձակեց ամեն գնով հանել սառցահատներն ու խորտակել մնացած նավերը: Այս օպերացիան անվանվեց «Սառցային արշավանք»: Այդ ժամանակ «Իզյասլավի» վրա հաստիքային 170 աշխատողներից մնացել էին 70-ը,  իսկ 100-ը, նրանց թվում նաև դիվիզիայի պետ, առաջին կարգի կապիտան Շևելյովը, փախել էին: Թաքնվել էր նաև 2-րդ կարգի կապիտան  Լեոնտևը: Նավաստիները նավի հրամանատարությունը ստանձնելու առաջարկով դիմեցին ավագ լեյտենանտ Յումմեին: Իսկ ավագ սպայի պաշտոնակատար նշանակվեց միչման Իսակովը: Արշավանքն աննկարագրելի դժվարին պայմաններում էր անցնում: Նավի վրա յուրաքանչյուրն աշխատում էր երեքի փոխարեն, իսկ հրամանատարական կամրջակի վրա միշտ կանգնած էր վտիտ երիտասարդ Հովհաննեսը և երկփող հեռադիտակով անթարթ  հետևում էր սառույցի վրա ձգվող նավերի քարավանին: Իր անդրդվելի հանգստությամբ նա ոգևորում էր անձնակազմին: Երբեմն թվում էր, թե նավը չի  դիմանա ու  կանցնի սառույցի տակ: Սակայն  նավին վիճակված էր պատվով դուրս գալ փորձությունից: Հետագայում Իսակովը «Իզյասլավը» կանվանի իր առաջին սերը:

Կուսակցական տոմս

1924 թ. Իսակովը  դեռևս անկուսակցական էր ու հրամանատարի հարցին պատասխանում էր հետևյալ կերպ.«Ժամանակին ընդունվել եմ բոլշևիկյան կուսակցության շարքերը, քանի որ դրա մասին շատ բան չգիտեի,  իսկ հիմա, երբ մեր կուսակցությունը դարձավ ղեկավարող ու  նրա շարքերը ոչ միայն կարգին մարդիկ են ընդունվում, այլև խարդախ սրիկաներ, չեմ ուզում, որ որևիցե մեկի մտքով անցնի, որ ես շահի համար եմ ընդունվում»: Հետագայում նմանատիպ հարցերին կպատասխանի.«Ես միայն այն ժամանակ կանցնեմ կուսակցության շարքերը, երբ երկրին պատերազմ սպառնա. այդ ժամանակ անձնակազմից ոչ ոք չի համարձակվի ասել, որ  իրենց կռվի է տանում սպիտակ սպան»: Նա իր խոսքի տերն էր  և միայն 1929-ին    դարձավ կուսակցական, երբ ֆաշիստներն իշխանության  էին ձգտում արևմուտքում, իսկ Հեռավոր  արևելքում Ճապոնական ռազմական ինտերվենցիան գլուխ էր բարձրացնում:

Մեծ հայրենական  պատերազմ

1941-ին նշանակվել է հյուսիսարևմտյան ռազմաճակատի հրամանատար,  Շլիսսելբուրգի մոտ կոնտուզիա է ստացել ու ընդմիշտ խլացել ձախ ականջից: 1942-ին Տուապսեի շրջանում վիրավորվել է արկի բեկորից: Միայն 2 օր հետո են կարողացել նրան հասցնել հոսպիտալ, սակայն արդեն  փտախտ էր սկսվել, ու ստիպված անդամահատել են  աջ ոտքը: Վիրահատությունը կատարվել է հապճեպ ու առանց ցավազրկման, ինչի հետևանքով հետագայում կրկին վիրահատվել է:

Իշխանության  անատոմիան

Հետպատերազմյան առաջին տարին էր, և Իսակովը հաշմանդամի սայլակում մտորում էր ու վերլուծում անցած գործողությունները: Ու մի անգամ, գիշերվա ժամը 3 անց 40-ին լռության մեջ հնչում է հեռախոսազանգը: Իսակովին կանչում էր Ստալինը: Դեսից դենից զրուցելուց հետո, խոսքը հասավ ծովային նավատորմիղին, ու գենսեկը հարցրեց. «Ընկեր Իսակով, ի՞նչ եք  կարծում, եթե մենք ձեզ կրկին նշանակենք Ծովային գլխավոր շտաբի պետ»: Իսակովն ի պատասխան ասաց. «Ընկեր Ստալին, ես ոտք չունեմ և ինձ համար այս վիճակով դժվար է գտնվել նավի վրա»: Ստալինը խոժոռվեց ու ասաց. «Ավելի լավ է  այդ պաշտոնին լինի ոտք չունեցող , սակայն գլխով մարդ, քան երկու ոտքով, սակայն անգլուխ մեկը: Վստահության համար շնորհակալություն մի հայտնեք: Մենք ձեզ հավատում ենք»:

1953-ին Իսակովն առաջին անգամ այցելեց Հայաստան: Նախ ուղևորվեց Մատենադարան: Ծանոթացավ Մարտիրոս Սարյանի ու Ավետիք Իսահակյանի հետ: Ապա Էջմիածնում հանդիպեց կաթողիկոսին ու զրույցը սկսեց հետևյալ խոսքերով. «Ես`  որպես իմ ժողովրդի անառակ որդի, չէի կարող չայցելել Էջմիածին ու  Մայր տաճար: Շնորհակալ եմ բոլորին…»:

Դժվարին վիրահատությունը թուլացրեց ծովակալի առողջությունը: Բուժող բժիշկը պատմում է, որ երբ ցավը մեղմանում էր, նա իսկույն սկսում էր աշխատել: Իսկ երբ արգելում էին, պատասխանում էր. «Եթե դեղորայքն անզոր է, իմ միակ բալասանը աշխատանքն է»:

Ереван, 2009թ., թիվ 9

Դիտվել է 2168 անգամ:
Print Friendly

Leave a Reply