ՊՆ նախկին պաշտոնյան դատապարտվեց 2 տարվա ազատազրկման

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 5, 2010 16:04

Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության վարչության նախկին պետ Արմեն Սարգսյանին, ով մեղադրվում է ՊՆ-ի հույժ գաղտնի հրամանի հրապարակման մեջ, դատապարտել է 2 տարվա ազատազրկման, իսկ նույն վարչության ինֆորմացիոն խմբի ղեկավար Լյուսյա Այվազյանին` 1 տարվա ազատազրկման: Այվազյանը ազատ է արձակվել դատարանի դահլիճից, քանի որ դատարանը վճռել է ազատազրկման ձեւով պատիժը նրա նկատմամբ պայմանականորեն չկիրառել՝ նշանակելով 1 տարվա փորձաշրջան։

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը եւ Լյուսյա Այվազյանը ձերբակալվել են անցած տարեվերջին մամուլում պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի 2008-ի փետրվարի 23-ի հույժ գաղտնի հրամանի քաղվածքի մի քանի կետերի հրապարակման առնչությամբ: Արմեն Սարգսյանը Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության վարչության պետի պաշտոնից ազատվել է 2008 թվականի աշնանը:

Ապրիլի 23-ի դատական նիստում նրանք ընդունել էին իրենց առաջադրված մեղադրանքը եւ գործով նշանակվել էր արագացված կարգով դատաքննություն:

Դատարանում հրապարակված մեղադրական եզրակացության համաձայն, 2009-ի նոյեմբերին Սարգսյանը Լյուսյա Այվազյանից խնդրել է պատճենահանել հույժ գաղտնի հրամանի քաղվածքը եւ փոխանցել իրեն: Այնուհետեւ, ըստ մեղադրող կողմի, 2009-ի դեկտեմբերին հույժ գաղտնի հրամանի քաղվածքը տպագրվել է մամուլում:

Նշենք, որ պաշտպանության նախկին նախարարի այս հույժ գաղտնի հրամանի քաղվածքի հրապարակված մասի համաձայն, 2008-ի մարտիմեկյան իրադարձություններից օրեր առաջ զինված ուժերի ողջ անձնակազմին հրահանգվել է տեղափոխել զորանոցային վիճակի, ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծել տաբելային զենքով զինված սպայական խմբեր։

Ընդդիմադիր մամուլը սա որակել էր «ռազմական հեղաշրջման» հրաման, մինչդեռ ՊՆ-ն ու կառավարությունը հերքում են զինված ուժերը ներքաղաքական իրադարձություններում ներգրավելու վերաբերյալ վարկածները՝ պնդելով, որ դա ընդամենը զինված ուժերը «Զորանոցային վիճակի բերելու» վերաբերյալ իրավական ակտ է եւ չի կարող գնահատվել որպես զինված ուժերի օգտագործում վկայակոչող ակտ։ Հաղորդում է «Ազատություն»-ը:

Դիտվել է 1355 անգամ:
Print Friendly

Leave a Reply