Թբիլիսին զարդարվել է հայ անվանի անձանց հուշատախտակներով

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | May 5, 2010 15:00

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին այսուհետ կզարդարեն հանրահայտ հայ կինոգործիչ Ռուբեն Մամուլյանի եւ շախմատի աշխարհի չենպիոն Տիգրան Պետրոսյանի հուշատախտակները: Բացումը Վրաստանում հայ մշակույթի օրերի շրջանակում էր: Ինչպես նշել է Թբիլիսիի քաղաքային խորհրդի` Սակրեբուլոյի ղեկավար Զաալ Սամադաշվիլին, «հին Թբիլիսիում` Ռուբեն Մամուլյանի, քաղաքի մայր պողոտայում` Տիգրան Պետրոսյանի հուշատախտակների բացումը խորհրդանշական է: Սրանք երկու ժողովուրդների բարեկամության փաստաթղթերն են, որոնք ե’ւ տեղաբնակներին, ե’ւ հյուրերին հիշեցնելու են Թբիլիսի տաղանդավոր զավակների մասին»:

Շախմատի արքա Տիգրան Պետրոսյանի հուշատախտակի բացման գործում փոքրիկ ներդրում ունի նաեւ Վրաստանի շախմատի ֆեդերացիան: Վրաց շախմատիստներն ընդգծում են, որ «Երկաթե Տիգրանի» պարտիաներով շատ վարպետներ են դաստիարակվել: «Տիգրան Վարդանովիչը շախմատի դասականներից է, որի օրինակը ժամանակ եւ տարածություն չի ճանաչում»,- ասել է Վրաստանի շախմատի ֆեդերիացիայի նախագահ Գիա Գիորգաձեն:

Օրվա միջոցառումների կիզակետը վիրահայ նկարիչների ստեղծագործությունների` «Մշակութային կամուրջ» խորագրով ցուցահանդեսն էր: Բացմանը ներկա էին վրացի մշակութային գործիչներ, արվեստասերներ, վրաց բարձրաստիճան պաշտոնյաներ:

Առաջիկայում նախատեսվում է նաեւ Հայաստանի եւ Վրաստանի մշակութային գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումներ: Հիշեցնենք, որ հայկական պատվիրակությունը, մի շարք հարցերի թվում, պատրաստվում է խոսել նաեւ Վրաստանում հայկական ճարտարապետական հուշարձանների պահպանության խնդրի մասին: Ի դեպ, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը այս հանդիպման հետ մեծ հույսեր չի կապում: «Մեր յոթնամյա ծառայության ընթացքում այս խնդրով բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել, սակայն որոշակի փոփոխություն այդպես էլ չի եղել»,- ցավով նկատել է Վազգեն եպիսկոպոսը:

Այնուամենայնիվ, նա հույս է հայտնել, որ վրաց կառավարությունը քայլեր կձեռնարկի հայկական հուշարձանների պահպանման ուղղությամբ` մինչեւ դրանք օրինական տերերին վերադարձնելը:

Դիտվել է 1844 անգամ:
Print Friendly

Leave a Reply