Մատիրոս Սարյանը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | May 5, 2010 14:58

Բացվեց <<Մարտիոս Սարյանը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին>> ցուցահանդեսը` նվիրված Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակին: Ցուցադրությունում ներկայացվել են Մարտիրոս Սարյանի 1941-1945թթ. գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքները` Մ.Սարյանի տուն-թանգարանի ֆոնդերից և նկարչի ընտանիքի հավաքածուից: Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի վերջ:
Պատերազմի բոթը Մ. Սարյանը լսում է Երևանում: Նրա կրտսեր որդին` Ղազարոսը, արդեն երկու տարի ծառայում էր Կարմիր բանակում և պետք է շուտով տուն վերադառնար, բայց փոխարենը հայտնվում է ռազմական գործողությունների ամենաթեժ գծում` Լվովից ոչ հեռու, և ընկնում շրջապատման մեջ:
Մ. Սարյանը չէր կորցնում ոգու արիությունը և սփոփվում էր աշխատանքով: Նրա ստեղծագործության գլխավոր խնդիրը պատերազմի տարիներին ևս մնում էր կյանքի գեղեցկության պատկերումը: Հավատարիմ մնալով իր այն սկզբունքին, որ մահը պետք է հաղթահարել ապրելով` նա էլ’ ավելի եռանդուն կերպով նկարում է ծաղիկներ, բնություն և իհարկե, մարդկանց: Կյանքը, մանավանդ պատերազմի ժամանակ, նախ և առաջ արժևորվում է մարդկանցով: Եվ Մ. Սարյանը կերտում է իր ժամանակակիցների մի ամբողջ պատկերասրահ` Հովսեփ Օրբելի, Կարո Հալաբյան, Ալեքսանդր Սպենդիարյան, Հրաչյա Աճառյան, Հովհաննես Իսակով, Վաղարշ Վաղարշյան, Պավել Լիսիցյան, Մարիետա Շահինյան, Սուրեն Քոչարյան, Ստեփան Զորյան, Հովհաննես Շիրազ, Արամ Խաչատրյան, Աբրահամ Էֆրոս, Միխայիլ Լոզինսկի և շատ ուրիշներ:
1941թվականին Մ. Սարյանը ստեղծում է մի զարմանալի կտավ` □Նկարչի կյանքից□ խորագրով: Նրան հաջողվում է մեկ կտավի վրա ներդաշնակորեն պատկերել ներկան ու ցանկալի ապագան. Լուսիկ Սարյանի ձեռքի սովորական միրգը հայելային մոգական ձևափոխման արդյունքում վերածվում է զինվոր-որդուց սպասված ցանկալի նամակի: Այդ մեկ հատիկ նամակից է կախված Սարյան ընտանիքի երջանկությունը: Եվ ահա, երբ ուրախալի լուրը հասնում է տուն, որ Ղազարոսը ողջ ու առողջ է, Մ. Սարյանը վրձնում է 1942 թվականի գարունը: Դեռ քանի գարուն հետո պետք է ավարտվեր պատերազմը, բայց նկարիչը գիտեր արժևորել ճշմարիտ երջանկության պահերը և մոլեգին նկարում է գարունը, ծաղկած այգին, վարդերը, իր շատ ու շատ սիրելի կնոջը` Լուսիկին:
1943 թվականին Մ. Սարյանը ստեղծում է □Ինքնադիմանկար: Երեք հասակ□ գլուխգործոցը: Վերացական բնանկարի խորքում պատկերված է նկարչի տունը: Հորիզոնում` Արարատի ձյունածածակ գագաթն է: Տուն, Հայրենիք, Արարատ… ահա այս ամենի համար արժե ապրել, կռվել, մաքառել, և արվեստագետը ոգեկոչում է իր երեք հասակները պաշտպանելու հայրենյաց հողը թշնամու ոտնձգություններից: Նա էլ է երկրի զինվոր և պայքարում է իր արվեստով` ձեռքին մատիտ, վրձին և ներկապնակ:
Պատերազմի դաժան իրականության արձագանքները կարելի է գտնել Մ. Սարյանի գրաֆիկական աշխատանքներում, որտեղ նա պատկերում է Արզնիի ռազմական հոսպիտալում բուժվող վիրավոր զինվորներին և բուժքույրերին, Ստալինգրադի ավերակները, Կիևի ծխացող կիսաքանդ շենքներն ու անճանաչելի դարձած Կրեշչատիկը, Մոսկվայի կամ Կիևի կառամատույցներում խռնված մարդկանց և զինվորականներին:
Պատերազմի ավարտին Վարպետը Հայրենական Մեծ պատերազմում զոհված հայ զինվորներին է նվիրում իր ամենամեծ նատյուրմորտը` հազարավոր ծաղիկներ, հազարավոր ճակատագրերի և ծաղիկների մի վիթխարի հրավառություն:

Դիտվել է 1996 անգամ:
Print Friendly

Leave a Reply