ՙՕքսֆորդ փլեյhաուս՚ ստեղծագործական խումբը Երևանում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | May 5, 2010 14:27

Բրիտանական խորհրդի (British Council) հայաստանյան գրասենյակը և Երևանի պատանի հանդիսատեսի պետական թատրոնը ուրախ են հայտնել, որ ս.թ. մայիսի 8-ին և 9-ին Երևանում ՙՄի փոքր քայլ՚ ներկայացումով հանդես կգա ՙՕքսֆորդ փլեյհաուս՚ ստեղծագործական խումբը:

Հիասքանչ, տպավորիչ և ոգեշնչող է… Daily Telegraph

ՙՄի փոքր քայլ՚ը արտառոց, հումորային և անակնկալներով լեցուն ներկայացում է, որն առաջին անգամ բեմադրվել է 2008թ. Էդինբուրգի միջազգային թատերական փառատոնին, որի խիստ հանդիսատեսի դատին ներկայանալուց և մեծ հաջողության հասնելուց հետո բեմադրվել է Միացյալ Թագավորության տարբեր անկյուններում: Այժմ Բրիտանական խորհրդի աջակցությամբ ՙՄի փոքր քայլը՚ մեկնել է սևծովյան հյուրախաղերի և մոտ օրերիս կհյուրընկալվի Երևանի պատանի հանդիսատեսի պետական թատրոնի բեմում:

Այս մեկ գործողությամբ դինամիկ ներկայացման մեջ նկարագրվում է ԱՄՆի և Խորհրդային Միության մրցակցությունը մարդուն առաջինը լուսին ուղարկելու համար£ Դերասաններ Ռոբին Հեմինգսը և Օլիվեր Միլլինգհամը, ովքեր վարպետորեն բազում կերպարներ են ներկայացնում, առօրյա կենցաղային իրերի միջոցով ստեղծում են տասնյակ պատկերներ: Ապոլոն, Երկվորյակ և Սպուտնիկ հայտնի տիեզերանավերը պատրաստվում են դույլերից, լամպերից և ստվարաթղթե տուփերից` գրավելով հանդիսատեսների ուշադրությունը£ Մարդկության պատմության ամենախորհրդավոր դրվագներից մեկին արտառոց կերպով անդրադարձող ՙՄի փոքր քայլ՚ ներկայացումը բարձր գնահատականի է արժանացել Միացյալ Թագավորության հանդիսատեսի, քննադատների, ինչպես նաև ԶԼՄների կողմից:

Սցենարի հեղ.` Դեյվիդ Հասթինգս

Ռեժիսոր` Թոբի Հասլ

Դերասաններ` Ռոբին Հեմինգս և Օլիվեր Միլլինգհամ

Նկարիչ և արտադրության ղեկավար` Թիմ Բոյդ

Երևանյան հյուրախաղերի ընթացքում դերասանները կհանդիպեն լրագրողներին (մանրամասները կհաղորդվեն նախապես), ինչպես նաև վարպետության դաս կկազմակերպվի Երևանի պետական թատրոնի և կինոյի ինստիտուտի ուսանողների համար:

Դիտվել է 1378 անգամ:
Print Friendly

Leave a Reply