Ագռավային դրամա

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | June 26, 2009 11:05

agravԱգռավների բները թափվեցին, ճտերն ընկան գարաժի կտուր ու ասֆալտին, երբ Շինարարների 24 շենքի դիմացի 50-ամյա բարդին կտրեցին: Ասում են` անհրաժեշտ էր կտրել, քանի որ չորս հարկանի շենքից մեկ-երկու հարկով բոյով ծառն ուժեղ քամուց կարող էր տապալվել շենքի վրա:

Պապա-մամա ագռավները կռկռոցներով փորձում էին ինչ-որ կերպ փրկել ճտերին: Մի ճուտը գարաժից թռավ ու ընկավ ուղիղ բակով անցնող մեքենայի անիվի տակ: Մյուսներին բնակիչները հավաքում էին, որ անվնաս տեղ դնեն, բայց ագռավները չէին հավատում նրանց բարի ցանկությանը ու հարձակվում, կտցահարում էին մարդկանց: Մեկի գլուխն այնպես կտցահարեցին, որ խորը վերքից արյունը չէր լինում կտրել:

Ճտերից մեկն էլ հարևանները տվեցին երրորդ հարկի բնակիչ 82-ամյա Բյուրակն Անդրեասյանին, որ պահի: Արդեն երկրորդ շաբաթն է` ագռավի ճուտը տան բնակիչն է, մահճակալի թիկնակին թառած` կերակրվում է տիկին Բյուրակնի ձեռքից: agravՏան տիկինը հացի, կաթնաշոռի կլորակները դնում է ագռավի բացած կտուցի մեջ, ինչպես նրա մայրը կկերակրեր որդերով ու այլ կերակուրներով, թեյնիկով ջուր է տալիս: Ագռավն էլ արդեն մոռացել է իր իսկական ծնողներին ու որպես ծնող ընդունում է տիկին Բյուրակնին, նստում նրա ուսին ու հարդարում մազերը: Բայց գենետիկական ծնողները չեն մոռացել իրենց ճտին, զույգ ագռավներն ամեն օր գալիս են ու Բյուրակնի պատուհանի մոտ նստում ու կարոտով կռկռում: Իսկ մի անգամ էլ ներխուժել էին հարևանի տուն, պահարան, իրեր ավերել ու դուրս թռել, երևի շփոթել էին` կարծելով, թե ճուտն այդ բնակարանում է:

Տիկին Բյուրակն էլ զավակի պես սիրում է ճտին ու մոր պես մտածում` մեծացնի ագռավիկին, որ նա ագռավ դառնա ու ինքնուրույն թռչի «բնից»:

Դիտվել է 2683 անգամ:
Print Friendly

Leave a Reply