Հովիկ Աբրահամյան. Հայաստանը սպասում է, որ Թուրքիան կառուցողական մոտեցում ցուցաբերելու կամք դրսևորի

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 4, 2010 22:32

Հայաստանը պատրաստ է կատարել իր ստանձնած միջազգային պարտավորությունները, բայց այդ պատրաստակամությունը չի ենթադրում սեփական շահերի ստորադասում: Այս մասին մայիսի 4-ին Երեւանում մեկնարկած Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպական տարածաշրջանի 23-րդ համաժողովում հայտարարեց Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Անդրադառնալով Հայաստանին անմիջականորեն վերաբերող երկու կարեւոր հարցերին` հայ-թուրքական հարաբերութունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, որոնց, իր բնութագրմամբ, ուղղակի կամ անուղղակի առնչվում են նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ պետությունները, նա,մասնավորապես, նշեց, որ  Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարաններում վավերացումից հետո ենթադրում են առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատում եւ սահմանների բացում, որոնք, ՙի դեպ, ավելի քան 17 տարի փակ է պահում հենց Թուրքիան՚:

ՙՄինչ Հայաստանը բազմիցս հայտնել է ստանձնած պարտավորությունները կատարելու իր պատրաստակամությունը, Թուրքիան ի սկզբանե խուսանավում էր` զանազան պատրվակներ ու պատճառներ բերելով, խոսքից հետ կանգնելով, արձանագրությունները կապելով ԼՂ-ի հակամարտության հետ, ձգձգելով դրանց վավերացումը, դրանով իսկ արգելակելով հարաբերությունների կարգավորման գործընթացը՚,-ասաց նա` հավելելով, որ  նման նախապայմանների առաջադրումն  անընդունելի է Հայաստանի համար: Նա հայտնեց նաև, որ Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին, և որ Հայաստանը առայժմ դուրս չի գալիս գործընթացից ու սպասում է, որ ՙԹուրքիան կառուցողական մոտեցում ցուցաբերելու կամք դրսևորի՚:

ՙՀայոց ցեղասպանության ճանաչման հարցը չի կարող դրվել ու չի դրվի որևէ քաղաքական աճուրդի կամ սակարկության: Հայաստանը` հայտարարելով, որ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, միաժամանակ ասում է, որ հավատարիմ է  համազգային ու համապետական նշանակություն ունեցող իր սկզբունքներին և ոչ մի քայլ չի անի ի վնաս հայ ժողովրդի շահերի՚,-հայտարարեց Հ.Աբրահամյանը:

Լեռնային Ղարաբաղի հարցի կապակցությամբ էլ նշվեց, որ Ադրբեջանի կողմից հաճախակի դարձած զինադադարի  խախտումներին զուգահեռ` այդ երկրի կողմից նաև թեժ ապատեղեկատվական քայլեր են ձեռնարկվում: ՙԱդրբեջանը քաջ գիտակցում է, որ իր բանակն ի վիճակի չէ հաղթանակի հանգեցնող որեւէ ռազմական խնդիր լուծել, և,  որպես հետևանք,  վարակվել է ռազմատենչ հայտարարությունների համաճարակով: Բայց անկախ ամեն ինչից, Լեռնային Ղարաբաղի հարցը երբեք ոչ հայանպաստ լուծում չի ստանա՚,-հայտնեց նա:

Ըստ ԱԺ-ի նախագահի, հայկական կողմի համար ամենակարևորը ԼՂ-ի կարգավիճակն ու ժողովրդի անվտանգությունն են, ինչին էլ ուղղված են Հայաստանի իշխանությունների ջանքերը բանակցային գործընթացում` հավելելով, որ ՙԼեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում՚,-հայտարարեց Հ.Աբրահամյանը:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 1052 անգամ:
Print Friendly

Leave a Reply