«Դրական է այն, որ այս տարի առաջին անգամ Թուրքիայում նշվեց ապրիլի 24-ը»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 4, 2010 16:38

Մարի Յովանովիչ. «Դրական է այն, որ այս տարի առաջին անգամ Թուրքիայում նշվեց ապրիլի 24-ը»

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի համոզմամբ, հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման մասին ուղերձով նախագահ Սերժ Սարգսյանը պարզ դարձրեց, որ Հայաստանը չի դադարեցնում Թուրքիայի հետ մերձեցման գործընթացը, այլ սպասում է այն ժամանակին, երբ Թուրքիան ավելի պատրաստ կլինի դրան։
Երեքշաբթի «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչը ողջունեց նախագահ Սարգսյանի որոշումը` կենդանի պահել գործընթացը՝ մանրամասնելով. – «Մենք կարծում ենք, որ այդպիսով կողմերը հնարավորություն են ստանում աշխատել խաղաղության, կայունության եւ հաշտեցման տեսլականի ուղղությամբ: Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել երկու երկրների հարաբերությունների բարելավմանը, ինչպես նաեւ շարունակում է կողմերին հորդորել` անել հնարավորը կարգավորման պատուհանը բաց պահելու համար»:

Արձանագրությունների վավերացման կասեցումը հայկական կողմը բացատրում է այն հանգամանքով, որ Թուրքիան խախտել է բոլոր խելամիտ ժամկետներն ու շարունակում է Հայաստանի հետ խոսել նախապայմանների լեզվով: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե Վաշինգտոնն ընդունո՞ւմ է, որ գործընթացի կասեցման մեղքն իսկապես թուրքական կողմինն է, Մարի Յովանովիչը պատասխանեց. – «Համոզված չեմ, թե տվյալ դեպքում մեղավոր փնտրելը կոնստրուկտիվ կլիներ: Կարող եմ արձանագրել միայն, որ Միացյալ Նահանգների դիրքորոշումն այս հարցում միշտ հստակ է եղել։ Վերահաստատեմ այն` հայ-թուրքական մերձեցման գործընթացը պետք է առաջ գնա խելամիտ ժամկետներում եւ առանց նախապայմանների»։

ԱՄՆ-ի դեսպանը հատուկ ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ վերջին երեք տարիների ու հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում ականատես եղանք Հայաստանի եւ Թուրքիայի հասարակությունների, ժողովուրդների փոխադարձ ձգտմանն ու հետաքրքրությանը` ուղղված միմյանց ավելի լավ ճանաչելուն, միմյանց հետ կապեր հաստատելուն:

«Ես ինքս այս ընթացքում թուրքերի շատ խմբեր տեսա այստեղ` Հայաստանում. ուսանողներ, տուրիստական գործակալներ, ովքեր հետաքրքրված են այստեղ գործարարությամբ զբաղվելու հարցում: Կարծում եմ, այս ամենը շատ դրական է: Դրական է նաեւ այն, որ այս տարի առաջին անգամ Թուրքիայում նշվեց ապրիլի 24-ը` հայերի հիշատակի օրը», – ասաց Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչը։

Դիտվել է 1641 անգամ:
Print Friendly

Leave a Reply