Ո՞վ կասի ճշմարտությունը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 4, 2010 15:31

Բավական ժամանակ է, որ Հայաստանի ներկայացուցիչները վերադարձել են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայացած բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունից, սակայն նրանք քար լռություն են պահպանում: Սահմանակից երկրում կազմակերպված այդ ստուգատեսում մեդալներից բացի, վիճարկվում էին նաև Սինգապուրում օգոստոսին կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր: Ինչպես հայտնի է, Հայաստանից ռինգ էր դուրս եկել 6 բռնցքանարտիկ: Եվ մերոնք, մեկը մյուսի ետևից պարտվելով, դադարեցրել էին պայքարը: Հայ բռնցքամարտիկներից լավագույնը հասել էր քառորդ եզրափակիչ և զգալի տարբերությամբ զիջել մրցակցին: Ինչևէ, որ մերոնք կատարյալ անհաջողության են մատնվել, ակնհայտ է: Այդուհանդերձ, մարզասերներին հետաքրքրում է, թե ինչ է կատարվել իրականում մրցավայրում: Գնալուց առաջ էլ պարզ էր, որ Հայաստանի ներկայացուցիչներն արտակարգ պայմաններում պետք է հանդես գան, ոչ բարյացակամ տրամադրված միջավայրում: Ընդ որում, մերոնց պայքար էր սպասվում ոչ միայն ռինգի մրցակիցների, այլև մրցավարների հետ, քանի որ ամեն տեսակի անդրկուլիսյան խաղերը  բացառելի չէին: Որ Բաքվում ամեն բան հարթ չի ընթացել, վկայում է այն փաստը, որ առաջնության օրերին Երևանում գտնվող Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, նամակով իր դժգոհությունն էր հայտնել միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեին, պահանջել քայլեր ձեռնարկել արդարաթյունը պահպանելու համար: Անհրաժեշտություն է եղել այս քայլը, թե ոչ` դժվար է միանշանակ գնահատելը: Բայց ինքնին հասկանալի է, որ այդ ամենը  Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (ԱԻԲԱ) ներկայացուցիչների սրտովը լինել չէր կարող: Եվ, եղած տվյալներով,  ԱԻԲԱ-ի ներկայացուցիչներին խիստ վրդովել է իրենց դեմ դժգոհությունը: Եվ այս առումով, մութ է մնում, թե իրականում ինչ է եղել, քանի որ  վերադարձից հետո անգամ   Հայաստանի ներկայացուցիչները գերադասում են ոչինչ չասել: Մեր երկրի պատվիրակությունը Ադրբեջանում գլխավորած Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը պատճառաբանեց, որ ամենի մասին կպատմի միայն  ՀԱՕԿ-ի նախագահի հետ հանդիպելուց հետո: Թվում էր, թե այդ առումով խնդիր չունի Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Դերենիկ Ոսկանյանը: Պարզապես նա պետք է  ներկայացներ, թե որն է եղել մեր բռնցքամարտիկների ձախողման պատճառը, որ մարզիկն ինչպես է դրսևորել կամ էլ չի դրսևորել իրեն: Սակայն այն, ինչ ասաց մարզիչը, վեր էր ամեն սպասվածից: Նա հայտնից, որ իրեն զգուշացրել են, որ ոչ մի լրագրողի այդ մասին ոչ մի բան չտեղեկացնի: Հիշեցնենք, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը Երևանի մարզահամերգային համալիրի սեփականատերերից մեկը` Արման Մուրադյանն է, ով այս մարզաձևի հետ կապված որևէ բանի գրեթե չի խառնվում: Իսկ թե ով կասի ճշմարտությունը, դեռևս պարզ չէ:

Դիտվել է 1568 անգամ:
Print Friendly

Leave a Reply