Դատարանը տուժողի գործին ծանոթանալու համար փաստաբանից պահանջում է 100 000 դրամ

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | May 4, 2010 14:04

Ձախից Լևոն Ավագյան, Վիկտորյա Կիրակոսյան

Այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, շարունակվեց  Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի սաների նկատմամբ  այդ նույն դպրոցի նախկին ուսուցիչ Լևոն Ավագյանի կողմից սեռական ոտնձգություններ կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի դատավարությունը: Դատը դռնբաց էր:

Այս դպրոցը նախատեսված է մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար:

Լևոն Ավագյանը  մեղադրվում է  Քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասով` «անառակաբարո գործողություններ» կատարելու մեջ: Ըստ օրենքի՝ սահմանված առավելագույն պատժաժամկետը 3 տարին է: Ամբաստանյալն ընդունել է իր մեղքը:

Թեպետ դատական նախորդ նիստում ամբաստանյալ Լևոն Ավագյանը միջնորդություն էր ներկայացրել դատը հետաձգելու այն պատճառաբանությամբ, որ հրաժարվում է իր պաշտպան Վիկտորյա Կիրակոսյանի ծառայություններիցց, սակայն այս նիստին Կիրակոսյանը շարունակում էր ներկայացնել մեղադրյալի շահերը: «Մեր տարաձայնությունները հարթել ենք»,- ասաց Կիրակոսյանը:

Գործով տուժող ճանաչվածների պաշտպան Տիգրան Հայրապետյանը միջնորդություն ներկայացրեց դատը հետաձգել մեկ շաբաթով՝ գործի նյութերին ծանոթանալու նպատակով:

«Մենք գրավոր միջնորդություն ենք դատարան, որպեսզի մեզ տրամադրեն քրեական գործը՝ մանրամասներին ծանոթանալու համար,- ասաց Հայրապետյանը,- մեզ մինչ օրս գրավոր պատասխան չի տրվել, իսկ բանավոր հարցմանը ի պատասխան, ասել են, որ պետական տուրք պիտի մուծվի: Մենք գտնում ենք, որ քրեական գործով տուժողը չպետք է վճարի պետական տուրք: Խնդրում ենք մեկ շաբաթով հետաձգել դատը, որպեսզի կարողանանք ստանալ գործը»:

Մեղադրող կողմը ներկայացնող դատախազ Կարեն Բադիկյանն առարկեց, որ տուժողները ծանոթացել են գործին և նման իրավիճակում կարելի է շարունակել դատը:

Մեղադրվող կողմից առարկություն չլինելով, դատավոր Գաբրիելյանը որոշեց դատը հետաձգել մայիսի 12-ին, ժամը 14.00-ին:

Նիստի ավարտից հետո տուժողների ներկայացուցիչներ Ավագ Լալայանն ու Տիգրան Հայրապետյանն ասացին, որ պահանջվող պետական տուրքի չափը 100 000 դրամ է:

Ձախից փաստաբան Տիգրան Հայրապետյան, դատախազ Կարեն Բադիկյան

«Դա մենք չենք ստացել գրավոր և չգիտենք,  թե դա դատարանի պաշոնական դիրքորոշումն է, թե ոչ»,- ասաց Հայրապետյանը:

Փաստաբան Լալայանն ասաց, որ քրեական  գործի մանրամասներին ծանոթ չլինելու պարագայում, դժվարանում է որևէ բան ասել, անգամ, թե գործով քանի հոգի են տուժող ճանաչվել:

«Բացի այդ՝ մեր կարծիքով, պետք է փոխվի Ավագյանի խափանման միջոցը,- ասաց Լալայանը,- խափանման միջոցը ճիշտ չի ընտրված»:

Ավագյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրությամբ քաղաքից չբացակայելը: Նա ազատության մեջ է:

Դիտվել է 2045 անգամ:
Print Friendly

Leave a Reply