Աշխատանքային քննարկում ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովում

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | May 3, 2010 18:01

Մայիսի 3-ին ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովը ախտաբանաանատոմիական հետազոտության հիմնախնդիրների օրենսդրական կարգավորման վերաբերյալ կազմակերպել էր աշխատանքային քննարկում, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ և առողջապահության ոլորտի մասնագետներ:

ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ գործող օրենսդրությամբ կանոնակարգված չէ ախտաբանաանատոմիական գործունեության իրականացման կարգը: Հանձնաժողովը գործող օրենսդրության մեջ նախաձեռնել է փոփոխություն, որով սահմանվում են ախտաբանաանատոմիական գործունեության տեսակները և դրա իրականացման հիմնական սկզբունքները: Պարոն Բաբլոյանը ներկայացրեց, որ ախտաբանաանատոմիական գործունեության տեսակներ են սահմանվել ախտաբանաանատոմիական հետազոտությունները, ախտաբանաանատոմիական հերձումները  և ախտաբանաանատոմիական փորձաքննությունը:

Քննարկման մասնակիցները, կարևորելով նախաձեռնությունը, ներկայացրին մի շարք առաջարկություններ, որոնք վերաբերում էին բժշկական փաստաթղթերի պահպանման ժամկետներին, հիմնական հասկացությունների հստակեցմանը և այլն:

Հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը պատասխանեց նաև ներկաների հարցերին, որոնք առնչվում էին մահվան պատճառի հայտնաբերմանը կամ ախտորոշման ճշգրտմանը, շրջապատի համար վտանգավոր հիվանդությունների, հղիների, ծննդկանների, մինչև մեկ տարեկան երեխաների մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումների պարտադիր կարգով իրականացմանը և այլն:

Քննարկումն ամփոփելով`  հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը առաջարկեց օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ նկատառումները և առաջարկությունները գրավոր ներկայացնել հանձնաժողովին:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Դիտվել է 1032 անգամ:
Print Friendly

Leave a Reply