Բեյրութում տեղի է ունեցել Հայկազյան համալսարանի վերանորոգված «Ժառանգության շենքի» բացման արարողությունը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | May 3, 2010 17:47

Ս.թ. ապրիլի 29-ին Բեյրութում տեղի է ունեցել Հայկազյան համալսարանի վերանորոգված «Ժառանգության շենքի» բացման հանդիսավոր արարողությունը, որն իրականացվել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի բարձր հովանավորությամբ: Միջոցառման մշակութային ծրագրի շրջանակներում ելույթով հանդես են եկել համալսարանի երգիչներն ու պարախումբը:

Երեկոյան կազմակերպված ճաշկերույթին ներկաներին շնորհավորական խոսքով դիմել են Լիբանանում ԱՄՆ դեսպան Միշել Սիսոնը, ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Հայկազյանի նախագահ Փոլ Հայդոստյանը, համալսարանի հոգեբարձուների խորհրդի անդամները:

ՀՀ դեսպանը, Համալսարանի տնօրինությանը ու բոլոր ներկաներին շնորհավորելով «Ժառանգության շենքի» բացման կապակցությամբ, ընդգծել է, որ Հայկազյան համալսարանը իր հզոր հայկական ոգով և ներկայությամբ մեծ հեղինակություն է վայելում ոչ միայն Լիբանանում այլև` Հայաստանում և արտերկրում: Նա իր երախտագիտությունն է հայտնել Լիբանանի իշխանություններին և ժողովրդին հայ համայնքի հանդեպ ցուցաբերվող հատուկ ուշադրության և հարգալից վերաբերմունքի համար, ինչի շնորհիվ հարուստ հայկական կրթական և մշակութային ավանդույթները շարունակվում են: Նշվել է, որ Հայկազյանը, որն այս տարի աշնանը նշելու է հիմնադրման 55-ամյակը, սերտ համագործում է ՀՀ Սփյուռքի նախարարության, ինչպես նաև` Հայաստանի առաջատար ուսումնական հաստատությունների հետ: Մասնավորապես, Երևանի պետական համալսարանը 2009թ. Հայկազյանի հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր, իսկ վերջերս Երևանի բժշկական համալսարանի ներկայացուցիչները Հայկազյանի ղեկավարության հետ քննարկել են ապագա համագործակցության հեռանկարները:.

Միջոցառումներին մասնակցել են նախարարներ, պատգամավորներ, հոգևոր առաջնորդներ, պաշտոնյաներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Դիտվել է 1230 անգամ:
Print Friendly

Leave a Reply