Բուենոս Այրեսի Գրքի միջազգային ցուցահանդեսում նշվել է Հայաստանի Հանրապետության օրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 3, 2010 17:42

Բուենոս Այրեսում ընթացող Գրքի 36-րդ միջազգային ցուցահանդեսի շրջանակներում մայիսի 1-ին նշվել է Հայաստանի Հանրապետության օրը:

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևսª ՀՀ դեսպանության և Հայաստանյաց Առաքելական եկեղեցու կենտրոնական վարչության ջանքերի շնորհիվ, Հայաստանի տաղավարը չէր զիջում ցուցահանդեսում ներկայացված այլ երկրների ու հրատարակչությունների տաղավարներին:

Նկատի ունենալով, որ մայիսի 25-ին Արգենտինայում նշվելու է Մայիսյան հեղափոխության 200-ամյակը, որի շնորհիվ երկիրը ձեռք բերեց իր անկախությունը, ցուցահանդեսի համար ընտրվել է «Գրքերի հետ տոնել 200-ամյա պատմությունը» կարգախոսը:

«Հայաստանի օրվա» հանդիսությունները կայացել են Գրքի ցուցահանդեսը հյուրընկալող «Ռուրալ» համալիրի «Խոսե Ֆերնանդես» սրահում: Միջոցառմանը ներկա մոտ 1500 հանդիսատեսներին ուղղված իր խոսքում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը մասնավորապես նշել է. «Հայ ժողովրդի երեք հազարամյա պատմության մեջ, թերևս, ամենակարևոր իրադարձություններից էր մ.թ. 5-րդ դարում հայոց այբուբենի ստեղծումը, ինչի շնորհիվ հայերեն թարգմանվեց գրքերի գիրքըª Աստվածաշունչը, տպագրվեցին հազարավոր գրքեր, որոնք մեր ազգի մշակութային և մտավոր հարստության ամենաարժեքավոր մասն են կազմում»: Դեսպան Կարմիրշալյանը նշել է նաև այն կարևոր դերը, որ անցած երկու հարյուրամյակների ընթացքում ունեցել են արգենտինացի գրողներն ու մտավորականները այդ երկրի կայացման ու ժողովրդավարեցման գործում: «Բավական է հիշատակել միայն մեր ժամանակների այնպիսի խոշորագույն գրողների անուններ, ինչպիսիք են Խորխե Լուիս Բորխեսը, Խուլիո Կորտասարը, Ադոլֆո Բիոյ Կասարեսը, որպեսզի պարզ դառնա, թե ինչ մեծությունների է պարգևել Արգենտինան ամբողջ աշխարհի», – ասել է ՀՀ դեսպանը:

Այնուհետև ողջույնի խոսքով հանդես է եկել Գրքի միջազգային ցուցահանդեսի շրջանակներում Աշոտ Արծրունու «Հայ ժողովրդի պատմություն» գրքի նոր հրատարակության շնորհանդեսին մասնակցելու համար Իսպանիայից ժամանած հայտնի լրագրող ու գրող, հանրաճանաչ «Լա բոմբա» գրքի հեղինակ Խոսե Անտոնիո Գուռիարանը: Նա անդրադարձել է իր հեղինակած գրքի նախապատմությանը և, խոսելով հայ գրքի ու գրականության մասին, կոչ է արել ներկաներին այցելել Երևանի Մատենադարանըª «ծանոթանալու համար այն մեծագույն մտավոր և մշակութային արժեքների հետ, որ դարերի ընթացքում ստեղծել է հայ ժողովուրդը»:

«Հայաստանի օրվա» կապակցությամբ կայացել է համերգ Բուենոս Այրեսի «Նաիրի», «Գայանե», «Մասիս» պարային համույթների և համայնքում սիրված երգչուհի Միրթա Սաջյանի մասնակցությամբ:

Դիտվել է 1089 անգամ:
Print Friendly

Leave a Reply