Արտակարգ պատահարներ՝ անցած երեք օրերին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 3, 2010 12:30

Պատահար` մահվան ելքով

Ապրիլի 30-ին, ժամը 12.03-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արշակունյաց պողոտա 13 հասցեում գտնվող շինհրապարակում տեղի է ունեցել ավտոպատահար. շրջվել է բեռնատար ավտոմեքենա, որի բեռի տակ մարդ է մնացել, եւ  անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատից երկու խումբ:
Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02», «1-03»  ծառայությունները եւ ճանապարհային ոստիկանությունը:
Դեպքի վայրում պարզվել է, որ «ԳԱԶ-53» մակնիշի 20 ԼՕ 146 պետհամարանիշի բեռնատարից բեռը դատարկելիս գրունտը փլուզվել է, ինչի հետեւանքով ավտոմեքենան տեղաշարժվել է, բեռնաթափվող ավազը թափվել է կանգնած բանվորի վրա, այնուհետեւ ծանրության ազդեցությամբ լցվել անցնող ջրանցքը:
Պատահարի  հետեւանքով բանվոր` 1975 թ. Կարեն Շահվերդյանը, զոհվել է:
Փլուզումներ

Նույն օրը, ժամը 10.16-ին Սյունիքի մարզի Քարահունջի գյուղապետից ահազանգ է ստացվել, որ փլուզվել է գյուղի տներից մեկին հարակից պահեստի հենապատը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ հորդառատ անձրեւների հետեւանքով ինքնափլուզվել է Ս.Հակոբջանյանին պատկանող անասնակերի պահեստի հենապատը` 30 քմ մակերեսով:
Ժամը 13.15-ին դարձյալ նույն գյուղից ստացված ահազանգի համաձայն` փլուզվել են բնակիչներ` Ա. Ալեքսանյանի այգու 15 քմ եւ Ս. Սարգսյանի տանը կից 32 քմ մակերեսներով հենապատերը:
Տուժածներ չկան:
***
Նույն օրը Սյունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 12.22-ին Շիշկերտ-Մեղրի ավտոճանապարհի 43-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ճանապարհի եզրաշերտի փլուզում` 25 մ երկարությամբ, 10 մ լայնությամբ եւ 2000 խմ ծավալով, ինչի հետեւանքով երթեւեկությունը դարձել է անանցանելի:
Ժամը 13.00-ից մինչ 20.40-ը Մեղրիի «Ճանշինի» աշխատակիցների կողմից իրականացվել են ճանապարհի մաքրման աշխատանքներ:
Մայիսի 1-ին, ժամը  07.00-ին մաքրման աշխատանքները վերսկսվել են:
Ժամանակավորապես գործում է միակողմանի շրջանցիկ ճանապարհ:
Հրդեհ ավտոմեքենայում

Ապրիլի 30-ին, ժամը 16.24-ին Երեւանի ճանապարհային ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գր. Լուսավորչի 17-րդ շենքի դիմաց կայանված ավտոմեքենայում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է ժամը 16.36-ին:
Այրվել են «Տավրիա Պիկապ» մակնիշի 05 ՕՏ 160 պետհամարնիշի ավտոմեքենայի սրահը եւ շարժիչը:
Պատահար շինհրապարակում

Նույն օրը Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 17.00-ին Գյումրիի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատին հարակից տարածքից փլուզման ձայներ են լսվել:
Դեպքի վայր է դուրս եկել օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ  Շիրակացու 102 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքների ժամանակ վերամբարձ կռունկը շրջվել է, ընկել փողոցի բանուկ մաս, ինչի հետեւանքով կոտրվել է կռունկի վերին շարժական հենամասը:
Զոհեր եւ վիրավորներ չկան:
Դեպքի մասին տեղյակ է պահվել Շիրակի մարզպետ  Լ. Նանյանը:
Դեղորայքային թունավորում

Նույն օրը Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 20.37-ին դեղորայքային թունավորումով Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Անի թաղամաս 31/21 հասցեի բնակչուհի,1991 թ. ծնված Ն. Գրիգորյանը:
Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Սողանք Լոռու մարզում

Մայիսի 1-ին, ժամը 06.40-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Վանաձորի գծակայարանային միավորումից հաղորդագրություն է ստացվել, որ տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով, ժամը 04.00-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի երկաթգծի 10-րդ կմ-ում տեղի է ունեցել սողանք, ինչի հետեւանքով երկաթգիծը ծածկվել է մոտ 500 խմ հողաշերտով:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Ընթացող սողանքի պատճառով մաքրման աշխատանքներն սկսվել են հաջորդ օրը:
Մայիսի 2-ի, ժամը 14.35-ի դրությամբ` երկաթգծի վթարային ծառայության եւ անտառտնտեսության աշխատակիցների կողմից, ճանապարհի տվյալ հատվածում տեղի ունեցած քարաթափման հետեւանքները մասամբ վերացվել են, երթեւեկությունը ժամանակավորապես վերականգնվել է:
Վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար մայրաքաղաքից դեպքի վայր է ուղարկվել երկաթուղու ինժեներային հատուկ տեխնիկա, որի օգնությամբ մինչեւ ժամը 19.00-ը կատարվել են քարաթափման հետեւանքների վերացման աշխատանքներ:
Աշխատանքները կվերսկսվեն այսօր:
Հայտնաբերվել է անգիտակից վիճակում

Մայիսի 1-ին, ժամը 16.48-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Շիրակի 58/34 հասցեի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին, եւ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ բացվել է բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1926 թ. ծնված  Ռոզա Գրիգորյանը` անգիտակից վիճակում:
Առաջին բուժօգնություն ստանալուց հետո` տուժածը հանձնվել է 1-03 ծառայության աշխատակիցներին:
Մեղվի խայթոցին զոհ

Արմավիրի մարզից տեղեկություն է ստացվել, որ մայիսի 1-ին, ժամը 20.00-ի սահմաններում մեղվի խայթոցից թունավորվել եւ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է Լուկաշին գյուղի բնակիչ, 1953 թ. Ռադիկ Ավետիսյանը:
Ավտոպատահար

Մայիսի 2-ին, ժամը 06.17-ին Երեւանի ճանապարհային ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Դեռեւս չպարզված հանգամանքներում` բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 63 ՏՏ 742 եւ «Տոյոտա Պրադո» մակնիշի 20 ՏՍ 597 պետհամարանիշների ավտոմեքենաները:
Պատահարի հետեւանքով «ՎԱԶ 2106» ավտոմեքենայի` անձը չպարզված, մոտ 50-ամյա կին-ուղեւորը զոհվել է, իսկ վարորդ Ս. Մնացականյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Փրկարարների ուժերով զոհվածի դին դուրս է բերվել ավտոմեքենայից եւ հանձնվել 1-03 ծառայության աշխատակիցներին:
Քարաթափում Ձորագյուղում

Նույն օրը, ժամը 12.30-ին Լոռու մարզի Ձորագյուղից ահազանգ է ստացվել, որ տեղացած անձրեւների հետևանքով տեղի է ունեցել քարաթափում, ինչի պատճառով փակվել է Ձորագետ-Ձորաղբյուր ավտոճանապարհը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Կազմակերպված համապատասխան միջոցառումների արդյունքում ժամը 15.00-ի դրությամբ ճանապարհի մաքրման աշխատանքներն ավարտվել են, երթեւեկությունը` վերականգնվել:
Ժայռից  մարդ է ընկել

Նույն օրը, ժամը 17.50-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի «Մագիլի քարանձավ»  կոչվող տարածքում ժայռից մարդ է ընկել, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական  վարչության փրկարար ջոկատը եւ շտապօգնության մեկ բրիգադ:
Տեղում  պարզվել է, որ Երեւանի բնակիչ, 1973 թ. ծնված Հայկ Հարությունյանը փորձել է բարձրանալ քարանձավ, սակայն ոտքը սայթաքել է եւ 5-6 մ բարձրությունից ընկել է ներքեւ:
Տուժածը փրկարարների օգնությամբ` պատգարակով, դուրս է բերվել, եւ շտապօգնության մեքենայով տեղափոխվել Եղեգնաձորի հիվանդանոց:
Մեքենան իջել է ձորը

Նույն օրը, ժամը 15.07-ին ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի 8-րդ կմ-ում` «Լոռվա կիրճ» կոչվող տարածքում, ավտոմեքենան սողալով իջել է ձորը, եւ այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել «Լոռե» փրկարարական  ջոկատը:
Տեղում  պարզվել է, որ, դեռևս չպարզված հանգամանքներում, Թ. Աթոյանին պատկանող «ՎԱԶ-2121» մակնիշի 68 ՍՏ 545 պետհամարանիշի ավտոմեքենան  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի  մասից եւ սողալով իջել ձորը:
Փրկարարների ուժերով ավտոմեքենան դուրս է  բերվել երթեւեկելի մաս:


Դիտվել է 2756 անգամ:
Print Friendly

Leave a Reply