Վալմար.«Աշխարհում ամենաեկամտաբեր բիզնեսն ու առևտուրը համարվում են զինամթերքը, թմրամիջոցն ու նկարչությունը»

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | May 3, 2010 11:54

«Յուրաքանչյուր արվեստագետ ազատ է և անկախ, հակառակ պարագայում նա չի կարող վերարտադրել իր ապրումներն ու հույզերը: Ճշմարիտ արվեստագետը, ինչպիսին էր Վան Գոգը և այլ  նշանավոր նկարիչներ,   ստեղծագործելիս երբեք  չի մտածում այն վաճառելու մասին: Նա անկեղծ է իր հոգու հետ, իրեն չխաբելով` չի խաբում նաև շրջապատին: Նման արվեստագետները  փորձում են ստեղծել իրենց աշխարհը և այդ ստեղծած աշխարհը նվիրել աշխարհին: Արվեստը զգացմունքների գիտություն է, այսինքն` արվեստասեր հասարակությունը, դիտելով նկարչի գործերը,  հաղորդակից է լինում այդ կտավի էներգիային, որն իր մեջ ներառում է բարություն, ուժ, սեր, խաղաղություն և այլ դրական զգացումներ: Թեպետ  կան նաև նկարիչներ, ովքեր, հաշվի առնելով շուկայի պահանջները, նկարելիս մտածում են վաճառքի մասին: Նման նկարիչները, իրենք իրենց խաբելով, խաբում են նաև հասարակությանը»,- ասում է ՀՀ վաստակավոր նկարիչ Վալմարը: Թեպետ  միաժամանակ չի ժխտում, որ ի վերջո, արվեստագետի  եկամտի աղբյուրն իր գործերն են: Այսուհանդերձ, նյութական գործոնը պետք է մղվի վերջին պլան. սա է արվեստագետի կյանքի օրենքը:

Վաստակավոր նկարիչն  իր ստեղծագործական ճանապարհին գտել է արվեստասեր-նկարիչ կապի հմայքի գաղտնիքը: «Ստեղծագործելիս առաջին հերթին ես պետք է հաճույք ստանամ, այդ ընթացքում ապրում եմ ամենադրական էմոցիաները, որոնք  շրջապատին եմ փոխանցում գործերիս ցուցադրությունների ժամանակ: Որից հետո այցելուները կարողանում են կտավի միջոցով ինձ հետ զրուցել և գտնել իրենց հոգուն հարազատ աշխարհն ու փնտրած շատ հարցերի պատասխաններ: Հենց այստեղ, այս փոխադարձ էներգիայի միջոցով իմ ստեղծագործությունները դառնում են այդ  մարդկանց  բնակարանի կամ կազմակերպության կարևորագույն մասնիկը, իրենց սեփականության կարևոր բաղադրիչը»,- խոստովանում է նկարիչը:

Ըստ Վալմարի` նկար գնելը նման է ամուսնության, ինչպես  ճշմարիտ սերն է գտնում իր տեղը, և  զույգերը, միմյանց պահանջն զգալով, հոգևոր կապվածություն ունենալով,  դառնում  են ամուսիններ, այնպես էլ կտավն ու գնորդը` առանց ամուսնալուծության պայմանի,  հոգու ուժով պետք է զգան ու  գտնեն իրար:

«Աշխարհի ամենամարդասեր ազգերը նրանք են, ովքեր հարուստ են իրենց մշակույթով  ու աշխարհահռչակ արվեստագետներով, ապրում են արվեստի լույսով, հակառակ  դեպքում  ազգը, ապրելով խավարում, ծնում է  մութ հասարակություն: Այս դեպքում ասածս ուղիղ կապ ունի  «Ամեն մարդ գիտի այն, ինչ ինքը գիտի, բայց նա չգիտի, թե դիմացինը ինչ գիտի» դարձվածքի հետ: Արվեստով ապրողը գիտի այն, ինչ  չգիտի դրանով չապրողը: Արվեստը մարդու մեջ  գեղեցիկը տեսնելու ունակություն է դաստիարակում:  Լավ արվեստ ընկալելու համար, պետք է  լինես  հասկացող  դիտող»,-վստահեցնում է արվեստագետը:

Ինչ մնում է մեր օրերի արվեստն ընկալող հային,  նկարիչը նախորդ տարիների համեմատ  այսօր գոհացուցիչ փոփոխություն է նկատում, որն ուղիղ կապ ունի Խորհրդային Միության փլուզման հետ: «Դրսի հետ շփվելով` մարդիկ հասկացան արվեստի դերն ու նշանակությունը` թե՛ կրթական և թե՛ հարուստ ժառանգության  առումով: Այսօր մարդիկ  հասկանում են, որ արվեստը ոչ միայն հոգևոր հարստություն է, այլև ժամանակի ընթացքում դառնում է  նյութական հարստություն:  Որքան էլ տարօրինակ լինի, բայց իրականությունն  այն է, որ աշխարհում ամենաեկամտաբեր բիզնեսը համարվում են  զինամթերքը, թմրամիջոցն ու արվեստը`  նկարչությունը: Վերջինս տարիների հետ էլ ավելի է թանկանում: Երևույթը զարմանալի է, քանի որ մարդու ձեռքով ստեղծված որևէ բան նման կարճ  ժամանակահատվածում  չի կարող  ունենալ այնքան մեծ արժեք, որքան ունի նկարչությունը»,-ասում է Վալմարը:

Արվեստագետի վերջին տարիներին նկատած դրական փոփոխություններից է նաև այն, որ, եթե նախորդ տարիներին մարդիկ սպասում էին, որ նկարիչն իր ստեղծագործություններն անձամբ նվիրի իրենց, աչքի էր զարնում «եղածը մի նկար է» անտարբեր վերաբերմունքը,  ապա այսօր մարդիկ, շրջվելով  դեպի նկարչությունը, իրենց նախաձեռնությամբ են նկար գնում: Ավելին, քիչ չեն դեպքերը, երբ որևէ կազմակերպության  աշխատողները կամ պարզապես մի քանի ընկերներ համատեղ ծննդյան կամ որևէ առիթի դեպքում նկար են նվիրում: Պատահել է  նաև,  որ ամուսինները միմյանց օծանելիք կամ հագուստ նվիրելու փոխարեն,  կտավ են նվիրում:  «Ես ուրախանում եմ, որ մարդիկ միմյանց արվեստ են նվիրում, և բոլորովին կարևոր չէ, թե ում գործն է, կարևորը մարդկանց փոխված վերաբերմունք է արվեստի ու նկարչության նկատմամբ,- ասում է վաստակավոր նկարիչը:  Այս  դրական տեղաշարժի հետ այսօր քիչ չեն նաև ֆինանսապես անապահով, սակայն արվեստը գնահատողները: Դրանից բացի,  թվաքանակով լինելով փոքր ազգ` համեմատած հարևան Ադրբեջանի, Վրաստանի հետ, ունենք բավական մեծ թվով նկարիչներ և նրանցով ոչ միայն հայը, այլև օտարն է հպարտանում. Արշիլ Գորկի, Այվազովսկի, Մարտիրոս Սարյան, Մինաս Ավետիսյան, Հակոբ Հակոբյան և ուրիշներ,  նրանք իրենց տեղն ու դերն ունեն աշխարհի մշակույթի  և արվեստի պատմության մեջ: Ավելին, նրանց գործերը  միջազգային ցուցասրահներում վաճառվում են բարձր գներով:

Իմ զրուցակից նկարիչը չի ժխտում, որ արվեստը բարդ ու դժվարին ուղի է: Ըստ նրա`  մարդն ինչքան էլ տաղանդավոր լինի, առաջին քայլն ինքը պետք է անի, որ հետո Աստված  օգնի նրան: Ավելին, լավ արվեստագետն  անպայման իր գործը գնահատողն ունի, պարզապես տարածության  ու ժամանակի խնդիր է:

Թեպետ այսօր ապրում ենք բարդ ժամանակշրջանում, միևնույն է, Վալմարը մեր օրերը համարում է բախտավոր, քանի որ  նկարիչն այսօր նկատվում  ու գնահատվում է: «Արվեստագետն իր ներքին չբավարարված վիճակը  պետք է փնտրի իր մեջ, ոչ թե դիմացինին մեղադրելով` չհաշտվի արտաքին աշխարհի հետ: Երբեմն պետք է անդրադառնաս քո ներաշխարհին, գնահատես հնարավորություններդ, որից հետո  կարողանաս  ստեղծել լուսավոր գործեր և արձագանքել շրջապատի հոգու ձայնին»,-ասում է նկարիչը: Իսկ աշխարհի հոգու գաղտնիքները  Վալմարը  փորձում է բացահայտել  իր վրձնի հարվածներով և  գույների  հետ  զրուցելով:

Դիտվել է 2124 անգամ:
Print Friendly

Leave a Reply