Ահմեդ Դավութօղլու. «Թուրքիան ցանկանում է բացել Հայաստանի հետ սահմանը»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 2, 2010 23:13

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Թուրքիան կամենում է բացել Հայաստանի հետ իր սահմանները, որովհետև ցանկանում է հարևանների հետ լիակատար համագործակցություն:

Դավութողլուն ելույթ է ունեցել «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը փոփոխվող աշխարհում» խորագրով գիտաժողովում, որը կազմակերպվել է Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանում:

«…Անշուշտ, ուզում ենք բացել մեր սահմանները որովհետև ցանկանում ենք լիակատար ինտեգրացիա մեր հարևանների հետ: Այդուամենայնիվ, բավարար չէր լինի բացել Թուրքիա-Հայաստան սահմանը. մենք նաև ուզում ենք` Հայաստան-Ադրբեջան սահմանը բացվեր, որ տարածաշրջանային կայունությունը վերահաստատվեր»,-հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:

Նա ասել է, որ Թուրքիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Մեծ 20-յակի անդամ է ու նաև ձեռնարկել է «Քաղաքակրթությունների դաշինք» նախաձեռնությունը. «Թուրքիան աշխատում է նպաստել աշխարհակարգին այս երեք ձևաչափերով»:

«Թուրքիան ցանկանում է անվտանգ տարածաշրջան և հարևաններ Մերձավոր Արևելքում, Կովկասում, Բալկաններում ու Պարսից ծոցում»,-ասել է Դավութօղլուն:

«Ինչու ենք մենք այսքան ակտիվ Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ. ոչ որովհետև պաշտպանում ենք Իրանին. մենք չենք ուզում, որ Իրանը միջուկային զենք ունենա և չենք ցանկանում որևէ ռազմական լարվածություն մեր տարածաշրջանում… Քաղաքական երկխոսությունը և դիվանագիտությունը անհրաժեշտություն են հակամարտությունների լուծման համար»,-հայտարարել է Դավութօղլուն:

Դիտվել է 3714 անգամ:
Print Friendly

Leave a Reply