ԵԽԽՎ լիագումար նիստին հրապարակվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ հայտարարություն

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 30, 2010 14:50

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստին այսօր հրապարակվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու վերաբերյալ հայտարարություն: Ինչպես նշեց ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, նախօրեին հայկական պատվիրակությունը շրջանառության մեջ էր դրել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ գրավոր հայտարարություն, որի ներքո ստորագրել են պատվիրակությունների 20-ից ավելի ներկայացուցիչներ: Արդյունքում տեքստը պաշտոնապես հրապարակվել է վեհաժողովի նիստի ընթացքում:

Հրապարակված տեքստի հակիրճ բովանդակությունը հետևյալն է. «Հաշվի առնելով, որ լրացավ Հայոց ցեղասպանության 95-ամյակը, և արձանագրելով, որ Ցեղասպանության ճանաչումը նպաստում է մարդկային արժանապատվության հարգմանը և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը, վկայակոչելով տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը` վեհաժողովի ներքոստորագրյալ անդամները վեհաժողովի բոլոր անդամներին կոչ են անում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր 1915թ. Օսմանյան Թուրքիայի իրականացրած Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, որը կնպաստի, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչի նաև Թուրքիան, ինչն էլ իր հերթին կնպաստի Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կանոնակարգմանը և տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»:

Ըստ Ն. Զոհրաբյանի` այդ հայտարարությանը միացել են վեհաժողովի 16-ից ավելի երկրների ներկայացուցիչներ, այդ թվում` այնպիսի երկրների, որոնք դեռևս չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, մասնավորապես, Մեծ Բրիտանիան: «Վեհաժողովի լիագումար նիստի մեկնարկին նախագահող ֆրանսիացի պատգամավոր Ժան Կլոդ Մինյոնը հրապարակեց հայտարարությունը` ասելով, որ այն բաց է ստորագրությունների համար, ցանկացողները կարող են միանալ: Ես ուզում եմ նշել նաև այն հանգամանքը, որ այսօրվա նիստը չղեկավարեց ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն: Մենք այդպես էլ ակնկալում էինք, որ Չավուշօղլուն չի վարի նիստը, որպեսզի խուսափի այդ հայտարարության հրապարակումից»,- ասաց Ն. Զոհրաբյանը:

Նա, շնորհակալություն հայտնելով հայտարարության ներքո ստրագրած պատգամավորներից, կարևոր համարեց ԵԽԽՎ-ի ամբիոնից Հայոց ցեղասպանության հարցի բարձրաձայնումը: ԼՂՀ-ի իշխանությունը պաշտոնական հրավեր է ուղարկել ԵԽԽՎ-ի նախագահ Մ. Չավուշօղլուին, որպեսզի մայիսի 23-ին ներկա գտնվի ԼՂՀ-ում խորհրդարանական ընտրություններին: Ն. Զոհրաբյանը նշեց, որ ապրիլի 30-ին տեղի ժամանակով ժամը 11-ին ելույթ ունի և ինքը հնչեցնելու է ԼՂՀ-ի իշխանությունների հրավերն ուղղված Մ. Չավուշօղլուին, որպեսզի մայիսի 23-ին այցելի Ղարաբաղ և տեսնի, թե ինչպիսի ընտրություններ է անցկացնում Արցախի ժողովուրդը:

Դիտվել է 1211 անգամ:
Print Friendly

Leave a Reply