Պարզաբանումներ փոքր սխրանքից հետո

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | April 30, 2010 11:02

Տիգրան Մարտիրոսյանը ցնծում է

Երկաթախաղի Հայաստանի վարպետների հաջողությունները սովորական  են դարձել: Սակայն, Բելառուսի մայրաղաք Մինսկում  օրերս կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում աննախադեպ բան կատարվեց. մերոնք տիրացան 19 մեդալի: Ընդ որում, Հայաստանի հավաքականի նախորդ փայլուն ցուցանիշը Հին աշխարհամասի առաջնությունում գրանցվել էր 2006-ին, Ստրասբուրգում, երբ մերոնք տիրացել էին 18 պարգևի: Մինդեռ, այս անգամ այդ ցուցանիշը մեկ մեդալով գերազանցվեց: Իսկ ավարն այսպիսին է` 7 ոսկե, 8 արծաթե, 4 բրոնզե մեդալ:

Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ մերոնք այդ ստուգատեսում  մրցահարթակ էին դուրս բերել ոչ լրիվ կազմով հավաքականներ, Հայաստանից մասնակցում էին 6 մարզիկ և 2 մարզուհի, ապա պատկերն ավելի ամբողջական կդառնա: Հայաստանի ծանրորդները երկամարտում տիրացան 7 մեդալի` 2 ոսկե, 4 արծաթե և 1 բրոնզե: Հայաստանի տղամարդկանց հավաքականը մեդալների քանակով 1-ին  տեղը գրավեց,   մեր մարզուհիները  5-րդն են, ընդհանուր հաշվարկով էլ` 4-րդն ենք: Եվ գլխավորը` շրջանցել ենք այս շատ հզոր երկրներին:

Փաստորեն, մերոնք  իրենց ողջ ներուժն օգտագործելու ցանկություն չունեին, քանի որ Եվրոպայի առաջնության մասնակցությունը նվազ կարևոր էր, քան  սեպտեմբերի 19-30-ը Թուրքիայի Անթալիա քաղաքի մարզապալատում անցկացվելիք աշխարհի առաջնությունը, ուր մեր երկրի ներկայացուցիչները կպայքարեն ամբողջական թիմերով` 8 մարզիկ  և 7 մարզուհի: Միավորներ վաստակելու խնդիր կա, քանի որ այս ստուգատեսը վարկանիշային է 2012-ին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի համար: Ինչևէ, Եվրոպայի առաջնությունում և դրա շուրջը կատարվածի մասին  դեռ երկար կխոսվի, քանի որ Հայաստանի ներկայացուցիչները գերազանցել են իրենք իրենց և մեր երկրի մարզական տարեգրությունում նոր էջ է գրվել:

Վերադարձից հետո զրուցեցինք մեր պատվիրակության անդամների հետ:

Սամվել Խաչատրյան (Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար) – Եվրոպայի ծանրամարտի առաջնությանը զուգահեռ, Մինսկում անցկացվել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի համաժողովը: Քննարկվել են մի շարք կարևոր հարցեր: Մասնավորապես, որոշվել է 2011-ի Եվրոպայի մեծահասակների առաջնությունն անցկացնել Կազանում, իսկ 2012-ին` Անթալիայում: Անդրադարձ է եղել նաև 2011-ին  այս մարզաձևի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը Հայաստանում անցկացնելու հարցին: Բանն այն է, որ մենք նախապես ցանկություն էինք հայտնել հյուրընկալելու այդ ստուգատեսի մասնակիցներին: Արտասահմանյան մի շարք  զանգվածային լրատվամիջոցներում հաղորդագրություն է եղել, որ իբր Հայաստանը հրաժարվել է, որ այդ ստուգատեսն անցկացնել մեր երկրում: Նույնը կրկնել են նաև հայկական որոշ լրատվամիջոցներ: Իրականությունն այն է, որ հարցը մնացել է առկախ:

Բանն այն է, որ այդ միջոցառումը Երևանում անցկացնելու համար կպահանջվի 110-120 մլն դրամ: Փաստորեն, անհրաժեշտ է նոր մարզագործիքներ, մարզագույք, մրցահարթակներ գնել: Առաջիկայում այդ հարցերը   կքննարկվեն, մեր հնարավորությունները կհստակեցվեն, որից հետո միայն կպարզվի` պատրա՞ստ ենք այդ ստուգատեսն անցկացնելու, թե՞ ոչ: Ի դեպ, առաջարկ ենք ստացել 2012-ի աշխարհի պատանեկան առաջնությունը Երևանում անցկացնելու համար:

Աջից՝ Գևորգ Պողոսյան, Արա Խաչատրյան

Ինչ խոսք, գոհ ենք մեր մարզիկ-մարզուհիների մրցելույթներից: Իսկ առաջիկայում հիմնական ուշադրությունը բևեռված կլինի աշխարհի առաջնության նախապատրաստմանը: Լրջորեն ենք  նախապատրաստվելու նաև 2011-ի աշխարհի առաջնությանը, որպեսզի կարողանանք միավորների մեծ պաշար հավաքել: Դրանից կախված կլինի, թե քանի ծանրորդուհի և ծանրորդ մրցահարթակ դուրս կբերենք օլիմպիական խաղերում: Թուրքիայում մերոնց համար դժվար կլինի, որովհետև բոլոր ուժեղագույններն են մասնակցելու: Այժմ այս մարզաձևում աշխարհում եղանակ են ստեղծում եվրոպական երկրների և հատկապես Չինաստանի ներկայացուցիչները: Ոմանք պնդում են, թե չինացիներն իրենց ուժը կրկնապատկելու գաղտնիքներ ունեն: Իրականում, նրանց  առավելությունն այն է, որ ընտրության հնրավորությունը մեծ է: Միայն մեկ փաստ: Հայաստանում ծանրամարտով կանոնավոր պարապում է  հազար մարդ, իսկ Չինաստանում այդ թիվը հասնում է 6 մլն-ի:  Ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի 2010-ի բյուջեն 150 մլն դրամ է: Մինչդեռ, Չինաստանի ծանրամարտի ֆեդերացիան տարեկան պետությունից աջակցության կարգով ստանում է 365 մլն դոլար: Այսինքն` կազմակերպությունն օրական իր կարիքների համար հնարավորություն ունի վատնելու 1 մլն դոլար: Ընդ որում, դրանից բացի, ծանրոդներին օգնում են Չինաստանի ազգային ֆեդերացիան, հովանավորները: Ասվածը պետական աջակցության մասին է, չհաշված ԱՕԿ-ի, հովանավորների ներդրումները:

Ինչևէ, աշխարհի առաջնությունում մեր պատասխանատվությունը կրկնակի մեծ կլինի քանի որ Թուրքիայում ենք մրցումների մասնակցելու: Պետք է հնարավորն արվի, որպեսզի մեր մարզիկները մրցանակակիրներ դառնան, այսինքն` բարձրացվի եռագույնը: Վստահեցնում եմ, որ դա կլինի: Մնում է, որ ի պատիվ մեր երկրի ներկայացուցչի հաղթանակի` հնչեցվի նաև Հայաստանի օրհներգը: Եվրոպայի առաջնությունը ցույց տվեց, որ ունենք մարզիկ-մարզուհիներ, որոնց հետ կարող ենք հույսեր կապել: Ի դեպ, աշխարհի չեմպիոնուհի, գյումրեցի  Նազիկ Ավդալյանի ձեռքի վնասվածքն ապաքինվել է,  և նա անպայման մասնակցելու է աշխարհի առաջնությանը: Ընդ որում, Հին աշխարհամասի առաջնությունը բաց թողեցին նաև նրա տիտղոսակիր համաքաղաքացիներից երկուսը` Գևորգ Դավթյանը (77 կգ) և Տիգրան Մարտիրոսյանը (85 կգ):

Հայաստանի ծանրամարտի հավաքականի մարզիչ Աշոտ Մխիթարյան

Հաճախ են հարցնում, թե ինչու են գյումրեցի ծանրորդներն ավելի շատ աչքի ընկնում միջազգային ստուգատեսներում, իսկ երևանցիներին դա չի հաջողվում: Պատճառը պարզ է: Գյումրիում ծանրամարտի 7 մարզադպրոց կա, իսկ Երևանում` միայն մեկը: Գյումրիում  ծանրամարտի 7 դահլիճ է  գործում, մայրաքաղաքում` երկուսը: Վերջիններից մեկը   «Հայաստան» մարզական միությունում է, իսկ մյուսը` Երևանի մարզական քոլեջում: Ի դեպ, նախկինում Երևանում ծանրամարտի 19 մարզադահլիճ է եղել, սակայն դրանց գերակշիռ  մասը սեփականաշնորվել է: Ինչ վերաբերում է աշխարհի առաջնության մասնակիցների կազմի ընտրությանը, ապա հուլիսի վերջին անցկացվելու է Հայաստանի ծանրամարտի  գավաթի խաղարկությունը, որին կմասնակցեն մեր բոլոր ուժեղագույն ծանրորդները: Ապա մարզչական խորհուրդը կորոշի, թե որ ծանրորդներին է վստահվելու մեր երկիրը ներկայացնելու պատիվը:

Փաշիկ Ալավերդյան (Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, միջազգային կարգի մրցավար) – Հայաստանի ծանրորդները Բելառուսի մայրաքաղաքում փոքր սխրանք գործեցին: Մրցահարթակ դուրս եկած մեր 8 մարզիկներից 7-ը մեդալների արժանացան, մեկն էլ` 105 կգ քաշային Արթուր Բաբայանը, մոտ էր դրան, բայց բավարարվեց 5-րդ տեղով և բարելավեց իր անձնական ցուցանիշները: Մեր բոլոր ծանրորդների մրցելույթներից գոհ ենք, այդ է պատճառը, որ անգամ համեմատական կարգով մարզիկների միջև տարբերակումներ դնելը դժվար է: Ինչևէ, այդ առումով մի քանի ,շտրիխե փորձենք տալ:

77 կգ քաշային Տիգրան Մարտիրոսյանը երեք ոսկե մեդալ նվաճեց: Այս մարզիկը երկրորդ անգամ ուժեղագույն ճանաչվեց Եվրոպայում, ինչն արդեն ամեն բան ասում է: 85 կգ քաշայինների պայքարում Գևորիկ Պողոսյանը և  Արա Խաչատրյանն առաջին երկու տեղերը գրավեցին: Հայկական ծանրամարտի տարեգրությունում  այսպիսի փառահեղ էջերը շատ չեն: Ընդ որում, Պողոսյանը պատրաստվում է հանդես  գալ 94 կգ քաշային կարգում: Եվրոպայի առաջնությունում նա ապացուցեց, որ կամքի մեծ ուժ ունի:  Արա Խաչատրյանն էլ Եվրոպայի առաջնություններում  արծաթե  երրորդ մեդալին տիրացավ: Սակայն, այս պարգևը տարբերվում է նախորդներից: Նախ` նա առաջին անգամ հանդես եկավ 85 կգ քաշայինների պայքարում,  բացի այդ, երկար ժամանակ է, որ վիրահատությունից հետո Արան չէր կարողանում վերագտնել իր լավագույն մարզավիճակը:

56 կգ քաշային կարգում երկամարտում արծաթե մեդալակիր դարձած Սմբատ Մարգարյանի հաջողությունը շատ մեծ է: 17-ամյա մարզիկն իրականում չպարտվեց: Մրցավարները բարյացակամ գտնվեցին նրա մրցակցի` Բելառուսի ներկայացուցչի հանդեպ և աչք փակելով թողեցին, որ Վիտալի Դերբենյովը գրավի առաջին տեղը: Փաստորեն, տանտերերի թիմի այս անդամը  չբարձրացրեց ծանրաձողը, այն չպահեց գլխավերևում, բայց մրցավարներն արդյունքը գրանցեցին: Բողոքեցինք, սակայն հատուկ հանձնաժողովը ոչ մի բան  չփոխեց: Կարևորն այն է, որ Սմբատը մեծ ներուժ ունի և հազվադեպ է պարտվում: Ի դեպ, Մարգարյանը 2009-ին 4 խոշոր ստուգատեսի է մասնակցել, որից  3-ում չեմպիոն է հռչակվել: Սմբատը  դարձել  է Եվրոպայի պատանիների, Եվրոպայի 20 տարեկանների,  Եվրոպայի 23 տարեկանների չեմպիոն և աշխարհի 17 տարեկանների առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել: Ի դեպ, առաջիկայում չի բացառվում, որ նա մեկնի Իսպանիայի Վալենսիա քաղաքը, որպեսզի մասնակցի մայիսի 15-ին  մեկնարկելիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը: Ընդ որում, օգոստոսին էլ հնարավոր է, որ Մարգարյանը  հանդես գա Սինգապուրում կայանալիք պատանեկան  օլիմպիական խաղերում: Սակայն այս մարզիկի  ամենալուրջ փորձությունը կլինի աշխարհի մեծահասակների առաջնությունում, որում նրա հիմնական հակառակորդը կլինի Չինաստանի ներկայացուցիչը:

Մեր պատանի մյուս դյուցազնը`Ռուբեն Ալեքսանյանը, 20 տարեկան է և արդեն խառնվում է գերծանրքաշայինների պայքարին: Այս քաշայինների

Ձախից՝ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Ս. Խաչատրյան և գլխավոր քարտուղար Փ. Ալավերդյան

մրցումներն ամենահետաքրքիրն են ծանրամարտում, քանի որ մրցահարթակում են ամենուժեղ մարդիկ: Մարզասերները հավանաբար հիշում են, որ Ռուբենը վնասել էր ձեռքը:  Մտահոգ էինք, բայց այս անգամ նրա համար ամեն բան բարեհաջող էր: Ալեքսանյանը բարձրացրեց այնքան կիլոգրամներ, որքան  մարզումների ժամանակ էլ չէր հաղթահարել: Նա մարզումների ժամանակ պոկում վարժությունում 190 կգ-ից ավելի չէր բարձրացրել, մինչդեռ ցույց տվեց 195 կգ: Զարմանալի կլիներ, եթե հրում վարժությունում, 237 կգ բարձրացնելուց հետո, մեր մարզիկին հաջողվեր հաղթահարել նաև 246 կգ-ոց ծանրաձողը և դառնալ չեմպիոն: Եվ փորձն անհաջող անցավ: Փաստորեն, այդ պահին  դա նրա ուժերից վեր էր: Ծանրքաշային մարզիկի համար Ալեքսանյանը շատ երիտասարդ տարիք ունի: Այդ քաշային կարգում ծանրորդները 25 տարեկանից հետո են բարձր արդյունքներ ցույց տալիս:

Մեր ծանրորդուհիները Եվրոպայի առաջնությունում նույնպես անմասն չմնացին խաղարկված մեդալներից: Մելինե Դալուզյանը  69 կգ քաշայինների պայքարում իրեն ավելի վստահ էր զգում, քան 63 կգ քաշային կարգում: Հիվանդությունից հետո նրա համար քաշ գցելը նպատակահարմար չէ: Եվ Դալուզյանը երեք արծաթե մեդալ նվաճեց: Դա վկայում է, որ դժվարին օրերը մնացել են անցյալում: Հռիփսիմե Խուրշուդյանը (75 կգ) նույնպես պետք է ավելի բարձր քաշային կարգում հանդես գար, սակայն նա  այդ քայլին չդիմեց: Հետևանքը եղավ այն, որ նա բավարարվեց սոսկ երեք բրոնզե մեդալով: Վստահ եմ, որ Հռիփսիմեն կլսի մասնագետներին և աշխարհի առաջնությունում հանդես կգա ավելի բարձր քաշային կարգում:

Աշոտ Մխիթարյան (ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ).- Հաջողությունները մեր գործը թեթևացնում են, կրկնակի լիցք են տալիս: Բանն այն է, որ եթե պատասխանատու մրցումների ժամանակ որևէ բան չի ստացվում, ուրեմն անհրաժեշտ է դրա պատճառները փնտրել, արդարացումներ գտնել: Իսկ երբ  մեդալների հաշվարկով Եվրոպայում առաջին տեղն ենք զբաղեցնում, սկսում ենք մտածել, որ  կարող է ասեն` մի՞թե միայն հայերն են այս մարզաձևով զբաղվում: Իրականում, այդպիսի բան չկա: Ընդ որում, ամեն քաշային կարգում մի քանի տասնյակ ուժեղ մարզիկներ կան, և ամեն բան մրցահարթակ դուրս եկած 15-20 մարզիկով չի սահմանափակվում: Ուրախ ենք, որ այսպիսի պայմաններում այս մարզաձևը դարձրել ենք մերը  և պատվով ենք ներկայանում փորձություններին:

Խոսում են, որ Ռուբեն Ալեքսանյանի բախտը չի բերել: Սակայն այս ստուգատեսից առաջ նա այդպիսի կիլոգրամներ չէր կարողացել հաղթահարել: Եվ եթե վերջում նրան չի հաջողվել ծանրաձողը բարձրացնել, ուրեմն ինչ-որ բան այնպես չի եղել: Ի դեպ, Ռուբենը մի փոքր առաջ էր հրում ծանրածողը: Բայց նրա հաջողությունը շատ մեծ է, քանի որ անակնկալ մատուցեց մրցակիցներին` օլիմպիական խաղերի չեմպիոնին, փոխչեմպիոնին: Իսկ ահա Սմբատ Մարգարյանի բախտն  իրոք չբերեց, քանի որ լավագույնն էր, բայց բավարարվեց արծաթե մեդալով: Մրցավարները մարդ են և կարող են սխալվել: Եվ  եթե ինձ` որպես մարզչի հարցնեն, կասեմ, որ եթե ծանրորդի աշխատանքը մաքուր չի կատարվել, այդ կարգի հարցերը պետք է վճռվեն հօգուտ մարզիկի:

Ի դեպ, մրցավարների  մասին. Տիգրան  Մարտիրոսյանը ստիպված եղավ նույն ծանրությունը երկու անգամ բարձրացնել: Պատճառն այն էր, որ դահլիճում խաղաղ չէր, մեր հայրենակիցները շատ էին: Մինչդեռ, ծանրամարտի մրցումների ժամանակ, երբ մարզիկը մոտենում է ծանրաձողին, դահլիճի հանդիսականները պետք է լռություն պահպանեն: Եվ հանկարծակի ծագած աղմուկի պատճառով, Տիգրանը ծանարաձողը շուտ գցեց: Մրցավարներն էլ քաշը չհաշվեցին: Ինչ վերաբերում է մեր հավաքականին, ապա մի քանի անվանի ծանրորդ ունենք 77 կգ, 85 կգ քաշային կարգերում, փոխարենը` խնդիրներ կան 62 կգ, 69 կգ քաշային կարգերում: Համեմատաբար  ուժեղները  բացակայում են: Այդ է պատճառը, որ հնարավոր է` այդ քաշային կարգերի ներկայացուցիչների փոխարեն աշխարհի առաջնությունում երկուական ծանրորդներ հայտավորենք այն քաշային կարգերում, որոնցում տիտղոսակիր մարզիկներ և շատ սպասելիքներ ունենք: Ընդ որում, ոչ մի երկրի, ինչպես  նաև Չինաստանի ծանրամարտի հավաքականը,  բոլոր քաշային կարգերում  ուժեղ մարզիկներ չունի:

Դիտվել է 2053 անգամ:
Print Friendly

Leave a Reply