Ջերմային այրվածքներ. Ինչպե՞ս առաջին օգնություն ցույց տալ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | April 30, 2010 10:49

Երբեմն լինում են իրավիճակներ, երբ հարկ է շտապ օգնություն ցույց տալ վիրավորված կամ վնասված մարդուն, բայց շուրջը ոչ մի բժիշկ կամ բժշկական կրթություն ունեցող մարդ չկա: Հենց այսպիսի դեպքերում է կարևոր խուճապի չմատնվել, կենտրոնանալ և տուժողին գրագետ առաջին օգնություն ցույց տալ:

Առաջին օգնության գլխավոր խնդիրն է վերացնել տուժողի կյանքին սպառնացող վտանգը և կանխել հետագա հնարավոր բարդությունների առաջացումը:

Առաջին օգնությունն անհրաժեշտ է ցույց տալ արագ, և ցանկալի է, որ միայն մի մարդը զբաղվի դրանով (ամեն կողմից հնչող խորհուրդները, վեճերը և շփոթը միայն թանկ ժամանակի կորուստ են):

Գործողությունների ճիշտ հերթականությունը բոլոր դեպքերում.

– Տուժողին հեռացնել վտանգավոր վայրից (գազով լի տարածքից, էլեկտրականությունից, ջրի միջից եւ այլն):

– Արագ գնահատել տուժածի վիճակը և հարկ եղած դեպքում կանչել շտապօգնություն:

– Վերացնել կյանքին սպառնացող վտանգները (կանգնեցնել արյունահոսությունը և այլն):

– Չթողնել տուժողին առանց ուշադրության և սպասել շտապօգնության գալուն:

Բնականաբար, այս ամենն իրականացնելու համար անհրաժեշտ են որոշակի գիտելիքներ: Այսպիսով, պարզենք, թե ինչպես է պետք առաջին օգնություն ցույց տալ այրվածքների դեպքում:

Այրվածքները կարող են լինել ջերմային, էլեկտրական, քիմիական և ճառագայթային: Ամենից հաճախ հանդիպում են ջերմային այրվածքները. դրանք կազմում են բոլոր այրվածքների մոտ 90-95%-ը:

Այրվածքի ծանրությունը կախված է նրա մակերեսից և խորությունից:

Տարբերում են չորս աստիճանի այրվածքներ: Մակերեսային այրվածքները (I, II աստիճանի) բարենպաստ պայմաններում  լավանում են առանց միջամտության, իսկ խոր այրվածքների (III, IV աստիճանի) դեպքում երբեմն անհրաժեշտ է լինում վիրահատություն և մաշկի փոխպատվաստում իրականացնել:

Այրվածքների ախտանշանները.

– այրվածքի ժամանակ մաշկը ցավում է,

– I աստիճանի այրվածք` մաշկը կարմրում է,

– II աստիճանի այրվածք` մաշկի վրա առաջանում են բշտեր,

– III աստիճանի այրվածք` բշտիկները պայթում են, և առաջանում են վերքեր,

– IV աստիճանի այրվածք` մաշկը խանձվում է, այրված մակերեսն ասես անզգայանում է:

Ինչպե՞ս ցույց տալ առաջին օգնություն այրվածքների դեպքում:

1. Առաջին հերթին հարկավոր է, ինչպես ասվել էր վերը, հանել մարդուն կրակի միջից, հեռացնել վառվող կամ քիմիական նյութերով ներծծված  հագուստը:

2. Այնուհետև սառեցնել այրված մակերեսը: I եւ II աստիճանի այրվածքների դեպքում վնասված տեղը հարկավոր է 10-15 րոպեի ընթացքում հոսող ջրի տակ պահել: Ավելի ծանր այրվածքների վրա հարկավոր է թաց սառը վիրակապ դնել և ապա այրված մակերեսն ընկղմել ջրի մեջ:

3. Ապա ծածկել այրվածքը մաքուր թաց վիրակապով:

4. Եթե այրվածքը շատ խորն է և ցավոտ, տուժողին կարելի է ցավազրկող դեղամիջոց տալ (անալգին, պենտալգին, տեմպալգին և այլն):

5. Տուժողի վրայից այնուհետև հարկավոր է հանել ավելորդ հագուստը և աքսեսուարները` գոտին, ժամացույցը, մատանիները և այլն: Այրված տեղին կպած հագուստը պետք է զգույշ կտրել, վերքի վրայից այն պոկել չի կարելի:

6. Այնուհետև տուժողը պետք է հանգստանա ու հնարավորինս շատ հեղուկ խմի:

Ի՞նչ ՉԻ ԿԱՐԵԼԻ անել.

Բժիշկները պնդում են, որ առաջին օգնություն ցույց տալու ժամանակ շատ «ժողովրդական» մեթոդներ ոչ միայն արդյունավետ չեն, այլև կարող են վնասել: Այսպիսով`

– ՉԻ ԿԱՐԵԼԻ նոր այրված մակերեսին քսել կարագ, սպիտակուց կամ տարբեր տեսակի քսուքներ: Դրանք միայն կեղտոտում են վերքերը:

– ՉԻ ԿԱՐԵԼԻ պոկել վերքին կպած հագուստը:

– ՉԻ ԿԱՐԵԼԻ միզել այրվածքի վրա:

Ե՞րբ է անհրաժեշտ կանչել շտապօգնություն.

– Երբ այրված մակերեսը մարդու մարմնի 5%-ից մեծ է (մարդու հինգ ափի չափով),

– Երբ  տուժողը երեխա է կամ ծեր մարդ,

– Եթե այրվածքը III կամ IV աստիճանի է,

– Եթե այրվածքը որովայնի ստորին հատվածում է,

– Եթե այրվել են բերանը, քիթը, գլուխը կամ շնչառական ուղիները,

– Եթե այրվածքների թիվը մեծ է:

Հիշեք, որ առաջին օգնություն ցույց տալիս ամենակարևորը ձեր անվտանգությունն է, որովհետև եթե ձեզ ինչ-որ բան պատահի, ոչ ոք չի կարողանա ձեզ և տուժողին օգնել: Ուստի, առաջին օգնություն ցույց տվողն առաջին հերթին պիտի մտածի իր անվտանգության և առողջության մասին, իսկ հետո անի ամեն ինչ, որպեսզի օգնի տուժողին:

Դիտվել է 8745 անգամ:
Print Friendly

Leave a Reply