Խորվաթիայի նախագահն առաջին անգամ կայցելի Մեծ եղեռնի հուշահամալիր

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 21, 2009 14:49

khorvatiayi-naxagahՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երեկոյան պաշտոնական այցով առաջին անգամ Հայաստան կժամանի Խորվաթիայի նախագահ Ստյեպան Մեսիչը: Այցը կտևի մինչև մայիսի 23-ը:

Արմենպրեսի տեղեկացմամբ` այցի հիմնական նպատակն է ամրապնդել միջպետական կապերը, նախանշել երկու երկրների միջև տնտեսական համագործակցության առաջնային ուղղություններն ու խնդիրները, նպաստել գիտակրթական, մշակութային կապերի զարգացմանը:

Մայիսի 22-ին ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա Խորվաթիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի նախագահներ Սերժ Սարգսյանի և Ստյեպան Մեսիչի առանձնազրույցը: Պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումից հետո կստորագրվեն միջկառավարական փաստաթղթեր: Հայաստանի և Խորվաթիայի ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Ստյեպան Մեսիչը կհանդիպի նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, կհյուրընկալվի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին: Խորվաթիայի նախագահը կայցելի նաև Մեծ եղեռնի հուշահամալիր, Հայոց ցեղասպանության թանգարան և Մատենադարան: ԵՊՀ-ում Ստյեպան Մեսիչը կհանդիպի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:

Լուսանկարը` ec.europa.eu կայքի

Դիտվել է 1560 անգամ:
Print Friendly

Leave a Reply