Թուրքիայի վարչապետը աշխարհի 100 ազդեցիկ մարդկանց ցուցակում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 30, 2010 0:00

ՙԹայմ՚ հանդեսը ապրիլի 29-ին հրապարակել է աշխարհի հարյուր ամենաազդեցիկ մարդկանց տարեկան ցուցակը, որում ընդգրկվում են ոչ միայն պետական գործիչներ, այլև գիտնականներ, մարզիկներ, արվեստագետներ, հասարակական ճանաչում ունեցող անձնավորություններ:

Ինչպես հայտնում է ՙԱզատություն՚ ռադիոկայանը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ՙԹայմ՚ի կազմած առաջնորդների ցանկում զբաղեցրել է 17-րդ տեղը: Առաջինը Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա Դա Սիլվան է, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման չորրորդն է, առաջին տասնյակում է նաև Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին:

ՙԹայմ՚ը Էրդողանի մասին գրել է, որ նախկին ֆուտբոլիստ, կարծրախոս, միաժամանակ նվիրյալ մահմեդական, 56-ամյա վարչապետը հռչակ է ձեռք բերել 1994 թվականին, երբ Ստամբուլի քաղաքապետ է ընտրվել է: Քաղաք, որի փողոցներում Էրդողանը ժամանակին բլիթներ է վաճառել ապրուստի միջոցներ հայթայթելու համար:

Աշխարհիկ կարգերը խախտելու մեղադրանքով Էրդողանը պաշտոնանկ է արվել, բանտ նստել, ինչի արդյունքում էլ ավելի մեծ ժողովրդականություն է նվաճել:

Թուրքիայում երեք մահմեդական կուսակցություն է արգելվել: Ռեջեփ Էրդողանը դա հաշվի է առել` 2001 թվականին ստեղծելով ՙԱրդարություն և զարգացում՚ը, որը որդեգրել է արևմտամետ դիրքորոշում ու սատարել է բիզնեսին:

Առաջին անգամ նա վարչապետ է ընտրվել 2003 թվականին, իսկ 4 տարի անց վերընտրվել է: Պաշտոնավարման երկրորդ ժամկետի ընթացքում Էրդողանն, ըստ ՙԹայմ՚ի, իր վրա է ստանձնել մոլորակի մահմեդական աշխարհի խոսնակի երբեմն բավական վիճահարույց առաքելությունը: Չնայած Իսրայելի և Թուրքիայի կապերին, Էրդողանը սկսել է բացահայտորեն քննադատել Իսրայելի քաղաքականությունը, գործարքներ է կնքել Համասի հետ և ընդդիմանում է Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆի կոչերին:

Ղեկավարելով ՆԱՏՕի միակ մահմեդական պետությունը, որը միաժամանակ ունի կենսունակ դեմոկրատիա և աշխարհիկ կարգեր, Ռեջեփ Էրդողանը, ՙԹայմ՚ի համոզմամբ, ի զորու է վերափոխել այդ անհանգիստ տարածաշրջանը:

Դիտվել է 904 անգամ:
Print Friendly

Leave a Reply