Հանրային խորհուրդն առաջարկում է սահմանել Պետական դրոշի տոն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 29, 2010 21:42

Հանրային խորհուրդը ապրիլի 28ի լիագումար նիստում հավանության արժանացրեց Խորհրդի անդամ Կարեն Բեքարյանի մշակած նախագիծը, որով առաջարկվում է պետական խորհրդանիշների հանդեպ հարգանքի և  ճանաչողության միջոցառումներ սահմանելուց բացի, դիմել համապատասխան մարմիններին` պաշտոնական տոնացույցը լրացնել Պետական դրոշի օրով. ոչ աշխատանքային:

Հեղինակը կոնկրետ օր չէր նշել նախագծում, թողնելով Հանրային Խորհրդի հայեցողությանը: Խորհրդի անդամների կարծիքները այս հարցում տարբեր են.

Հայկ Դեմոյան, որը հայկական հին ու նոր խորհրդանիշների մասին 250 էջանոց հատոր է պատրաստում հրատարակության. ՙ Օրը պետք է համընկնի այն օրվան, երբ Եռագույնը ընդունվեց որպես Հանրապետության պետական դրոշ՚:

Վազգեն Մանուկյան. ՙ Դուք որ Հանրապետությունը նկատի ունեք: Կարելի է   և   առաջին Հանրապետության որոշման օրը՚:

Հովհաննես Հովհաննիսյան. ՙ Իսկ ինչու   ոչ Զինանշանի օր կամ Օրհներգի օր…Պետական խորհրդանիշների տոնին համաձայն եմ, բայց առանձին`    Դրոշի օրվան, ոչ: Բացի այդ, մենք ունենք մայիսի 28, ունենք սեպտեմբերի 21…՚:

Լիլիթ Ասատրյան. ՙ Այլ պետություններում էլ խորհրդանիշերի մեջ ամենամեծ պաշտամունքը դրոշի հանդեպ է… Եվ ինչքան շատ տոն, այնքան շատ տոնական տրամադրություն՚:

Էմիլ Գաբրիելյան. ՙԼրիվ համաձայն եմ, որ`   Դրոշի օր: Զինվորը երդման ժամանակ ծնկի է գալիս և   դրոշն է համբուրում՚:

Վազգեն Սաֆարյան. ՙ Դրոշի գաղափարը ընդունում եմ, բայց եթե ֆիքսվելու է, որ դա եռագույնն է, ոչ: Բերել է այսօր եռագույնը այն բարեկեցությունը, որը բերեց Խորհրդային դրոշը… Այսօր բերել եք, երկուսուկես տարվանը պետական դրոշ եք դարձրել, իսկ 70 տարվանը մոռացել եք…՚:

Վազգեն Մանուկյան. ՙ Լավ, պրն Սաֆարյան, դուք էլ պայքարեք ձեր դրոշի համար, բայց ձեր պայքարը դրսում է լինելու, ոչ այստեղ՚:

Որոշման պաշտոնական տեքստը առաջիկայում կտեղադրվի Հանրային խորհրդի պատշոնական կայք էջում:

ՀՀ Հանրային խորհրդի տեղեկատվություն

Դիտվել է 2040 անգամ:
Print Friendly

Leave a Reply