Հանրային խորհրդի կարծիքով` ամառային կինոդահլիճը պետք է ստանա նախկին կարգավիճակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | April 29, 2010 13:59

Հանրային խորհրդի նիստ

Հանրային խորհրդի ապրիլի 28-ի  խորհրդի լիագումար նիստում որոշում կայացվեց Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի վերաբերյալ:

«Ես ուզում եմ հստակեցնել, որ խնդիրն այստեղ  եկեղեցի կառուցել-չկառուցելը չէ, այլ պատմամշակութային կառույցը քանդել –չքանդելը»,- խորհրդի անդամներին ասաց ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, երբ ՀԽ կրոնի  և միջազգային հարցերի ենթահանձնաժողովի նախագահ,  թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն իր ելույթում ասաց, որ ինքը կողմ է եկեղեցու կառուցմանը:

Մանուկյանն ավելացրեց նաև, որ ինքը հանդիպել է ամառային դահլիճի պահպանության քաղաքացիական նախաձեռնության անդամներին. «Այդ երիտասարդների մեջ, որոնք ի պաշտպանություն ամառային դահլիճի ստորագրահավաք էին կազմակերպել, ես ոչ մի թույն չտեսա ո՛չ եկեղեցու, ո՛չ էլ իշխանությունների դեմ»:

Արվեստագետ Աննա Ասատրյանն ասաց, որ հասարակություն-եկեղեցի հակամարտության գնով չի կարելի պահպանել կառույցը. «Որպես արվեստագետ` դեմ եմ որևէ հուշարձանի քանդմանը կամ ապամոնտաժմանը, բայց եթե դա պետք է պահպանվի այն գնով, որ եկեղեցու ու հասարակության միջև հակամարտություն սկսվի, ճիշտ չէ պահպանելը»:

«Եկեք ամեն ինչ չխառնենք իրար, թող ոչ ոք այստեղ չկարծի, թե ես իրենից պակաս հավատացյալ եմ, խոսքը կառույցը պահպանվող հուշարձանների ցանկում կրկին ընդգրկելու մասին է»,- վրդովվեց Խոսրով Հարությունյանը:

Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանն ասաց, որ իր տեղեկություններով Նկարիչների միության և Մոսկվա կինոթատրոնի հետևում կառուցվում է 20 հարկանի շենք:

«Պետք է նայել ֆունկցիոնալության առումով, թե այդ շենքի հարևանությամբ ինչքանո՞վ է նպատակահարմար եկեղեցու կառուցումը,- ասաց նա,- բացի այդ, եթե այդ տեղում եկեղեցի կառուցվի, ապա ստիպված կլինեն քանդել նաև հարակից շենքերը, այդ թվում նաև` Հայկական հանրագիտարանի շենքը»:

Կարեն Բեքարյանը հանդես եկավ առաջարկությամբ՝ դիմել  Մայր աթոռին, որ պահի շենքը որպես մշակութային օջախ օգտագործելու նպատակով:

«Դա շատ լավ է հնչում` պահել,- առարկեց Մարկոս սրբազանը,- սակայն ի՞նչ գնով է այն պահվելու: Կառույցն այսօր արդեն իսկ չի կատարում իր ֆուկցիոնալ նշանակությունը, իսկ  հնարավոր տարբերակները քննելով` հանգում ենք այն եզրակացության, որ շատ մեծ ջանքեր են պահանջվելու,  և մենք մեծ խնդիրներ ենք ունենալու կառույցն իր նշանակությամբ պահելու համարե: Նա նաև նշեց, որ ամառային կինոդահլիճի ճարտարապետը բարձրության վրա է կառուցել այդ շինությունը, որ տեղ թողնի  պեղումներ անելու համար. ,Եթե հեղինակը դա պահել է, մենք չենք կարող դրանից չօգտվել. ապամոնտաժումն ինքնանպատակ չէ»:

«Ես կողմ եմ, որ Հանրային խորհուրդը պետք է ձեռնպահ մնա այս հարցում որևէ որոշում ընդունելուց` թույլ տալով, որ շարունակվեն բանակցությունները եկեղեցու և ճարտարապետների միջև»,- իր դիրքորոշումը հայտնեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Հանրային խորհրդի նիստում

Վազգեն Մանուկյանն ասաց, որ  խնդրո առարկայի շուրջ նախօրեին երկար զրույց է ունեցել  Վեհափառ հայրապետի հետ. «Պետք է ասեմ, որ նա շատ ըմբռնումով է մոտենում  հարցին. նա ասաց, որ դեռ հանդիպելու է ճարտարապետների հետ, և դեռ ինչ-որ որոշում պետք է կայացվի»:

Մինչև լիագումար նիստը ամառային կինոդահլիճի հարցը քննարկվել էր ՀԽ չորս  ենթահանձնաժողովների նիստերում, որոնցից 3-ը հանդես էին եկել կառույցը ցանկի մեջ ներառելու որոշմամբ, իսկ մեկ ենթահանձնաժողով ձեռնպահ էր մնացել որոշում ընդունելուց:

17 կողմ, 6 դեմ և 3 ձեռնպահ ձայների  հարաբերակցությամբ Հանրային խորհուրդը որոշեց դիմել կառավարությանը, որ վերականգնի ճարտարապետական այդ կառույցը պետության կողմից պահպանվող անշարժ  հուշարձանների ցանկում:

Քննարկվեց և որոշվեց  ոչ դրական վերաբերմունք արտահայտել «Լեզվի մասին»  ՀՀ օրենքում կառավարության Ազգային Ժողով ներկայացրած փոփոխությունների վերաբերյալ:

Վազգեն Մանուկյանն ասաց, որ ամեն մի պետություն էլ աշխատում է իր ձեռքը վերցնել երեխաների դաստիարակության հարցը: «Երբ երեխան կավարտի դպրոցը, խնդրեմ, կա ամերիկյան համալսարան. թող գնա, սովորի ,- ասաց նա,- եթե այս «Պանդորայի արկղը» բացենք, 5 տարի հետո Հայաստանի մի կեսը ռուսական դպրոց կգնա, մյուս կեսը՝ անգլիական: Մյուս կողմից էլ, այո, օտար լեզուների դասավանդման մակարդակի բարձրացումը շատ կարևոր է»:

Հարցով հիմնական զեկուցող Արտուշ Ղուկասյանն ասաց, որ օտար լեզուների իմացությունը խորացնելու խնդիրը չի կարելի լուծել հայկական դպրոցների հաշվին. «Օտար լեզուների ուսուցումն անհրաժեշտ մակարդակի վրա դնելու անհրաժեշտություն կա»:

Վազգեն Մանուկյանը հավելեց, որ ըստ իր ունեցած տեղեկությունների` կառավարությունը մտադիր է նախագիծը հետ կանչել` փոփոխելու նպատակով:

Որոշումն ընդունվեց միաձայն, միակ  ձեռնպահը Բրյուսովի անվան օտար լեզուների համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանն էր:

Հանրային խորհուրդը որոշում ընդունեց նաև հետևել Նուբարաշենի դպրոցի հայոց լեզվի նախկին ուսուցիչ Լևոն Ավագյանի դատավարությանը, որպեսզի նա իր մեղադրանքին համապատասխան պատիժ կրի և չկարողանա խուսափել դրանից:

Առաջարկ եղավ նաև Հայաստանի պետական խորհրդանիշերի հանդեպ հատուկ վերաբերմունքի համատեքստում՝ Պետական դրոշի տոն սահմանելու մասին առաջարկ ներկայացնել:

Դիտվել է 1317 անգամ:
Print Friendly

Leave a Reply