Փորձագետները կարծում են, որ հայ-թուրքական գործընթացը կշարունակվի

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | April 29, 2010 13:46

Ապրիլի  22-ին նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց  «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին: ՀՀ արտգործնախարարին հանձնարարվեց  արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին ծանուցել Թուրքիայի Հանրապետությանը:

Նախագահ Սարգսյանը հանդես եկավ հեռուստաուղերձով` շեշտելով, որ  «ողջամիտ ժամկետներն» ավարտվել են. «Մեկ տարի շարունակ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից նախապայմանների լեզվով շարադրված հրապարակային խոսքերի պակաս չի զգացվել, մեկ տարի շարունակ Թուրքիան ամեն ինչ արել է ժամանակ ձգելու և գործընթացը տապալելու համար: Հետևաբար, մեր եզրակացությունն ու դիրքորոշումն էլ միանշանակ է. Թուրքիան պատրաստ չէ սկսված գործընթացը շարունակել և առանց նախապայմանների, արձանագրությունների տառին համապատասխան քայլերով առաջ շարժվել»:

Դրան հետևեց ապրիլի 26-ին արձանագրությունները ԱԺ  հերթական քառօրյայի օրակարգից հանելը:  Սակայն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ արձանագրությունները շարունակում են մնալ խորհրդարանի գարնանային նստաշրջանի օրակարգում:

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը  նախագահ Սարգսյանի ուղերձը որակեց մեսիջ Թուրքիային, որ բոլոր ողջամիտ ժամկետներն ավարտված են. «Այդպես երկար շարունակել չի կարելի: Միաժամանակ այն նաև ուղղված էր արտաքին խաղացողներին, որոնցից արդեն ադեկվատ արձագանք է ստացվել»:

Քաղաքագետի կարծիքով՝  hայ-թուրքական գործընթացն ընդհատված չէ, ուղղակի այն սառեցված է, որը փաստացի սկսվել էր այս տարվա հունվարին: «Սա դադարեցում չէ, այլ ուղղակի բաց թողնված դուռ, որի միջոցով տեղ է թողնվում հարաբերությունների հետագա զարգացումների համար,- ասաց Իսկանդարյանը,- սա մեսիջ էր Թուրքիային, որ մենք պատրաստ ենք ստորագրել արձանագրությունների տակ, եթե դուք ևս պատրաստ եք»:

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը նույնպես կարծում է, որ քանի Հայաստանն իր ստորագրությունն արձանագրություններից հետ չի կանչել, գործընթացը շարունակելու հավանականությունը սպառված չէ: «Իսկ  Թուրքիայի քաղաքական վերնախավը միջազգային հանրությանը պատասխան տալու փնտրտուքների մեջ է»,- ասում  է նա:

Ալեքսանդր Իսկանդարյան

Իսկանդարյանն այն կարծիքին է, որ ԱՄՆ-ն, Եվրոպան և ՌԴ-ն շարունակում են մնալ որպես գործընթացի շարունակությամբ հետաքրքրված կողմեր: «Ուղղակի խնդիրն այն է, որ նրանք իրենց ստրատեգիան կազմակերպում են տարբեր մեթոդներով,- ասաց նա,- ԱՄՆ-ի ճնշումն ավելի կոշտ է արտահայտվում, իսկ Եվրոպայի գործելակերպն ավելի փափուկ է: Իսկ ՌԴ-ի կողմից ես որևէ պատճառ չեմ տեսնում, որ հանդես գա գործընթացին դեմ: Ընդհանրապես այս երեք խաղացողներն էլ ուզում են գործընթացի շարունակությունն ու սահմանի բացումը»:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ապրիլի 24-ին ելույթ ունենալով, չարտասանեց «ցեղասպանություն» բառը:

«Այս սուրբ օրը մենք դադար ենք առնում հիշելու, որ 95 տարի առաջ սկսվել է XX դարի ամենասարսափելի վայրագություններից մեկը: Չնայած առճակատվում ենք 1915 թվականի անմարդկային իրադարձություններին, մենք նաև ոգեշնչված ենք հայ ժողովրդի անկրկնելի ոգով: Մինչդեռ, ոչինչ չի կարող վերադարձնել Մեծ Եղեռնի զոհ գնացածներին: Բայց այն ներդրումը, որ հայերն ունեցել են վերջին 95 տարիների ընթացքում, վկայությունն են հայ ժողովրդի տաղանդի, դինամիկության և ճկունության ու ամենամեծ նախատինքն են նրանց, ովքեր փորձել են նրանց բնաջնջել»,- ասաց նա:

Իսկանդարյանի կարծիքով՝ «ցեղասպանություն» բառի գործածությունը գործիք է, որը պետք է օգտագործել ըստ նշանակության: «Եթե դու մի անգամ արդեն օգտագործես, ապա այն արդեն կկորցնի իր նշանակությունը հետագայում օգտագործելու առումով, այսպիսի իրավիճակում հնարավոր չէ սահմանի բացումը, իսկ գործընթացի հետագա զարգացման համար այդ գործիքը դեռ պետք կգա»: Նա ասում է, որ եթե նույնիսկ Օբաման արտասանի «ցեղասպանություն» բառը, դա դեռ ոչինչ չի նշանակում. «Մարդու խոսքը, եթե անգամ նա պրեզիդենտն է, և Կոնգրեսի որոշումը լրիվ տարբեր հասկացություններ են: Եվ հետո Ռեյգանն արդեն օգտագործել է «ցեղասպանություն» բառը»:

ԱՄՆ նախագահ Օբամայի ելույթին Թուրքիան արձագանքեց ԱԳՆ մամուլի հաղորդագրությամբ:

«Խոր ափսոսանքով ենք վերաբերվում այդ ուղերձին, որը ենթադրում է անստույգ ու միակողմանի քաղաքական ըմբռնում: Պատմական փաստերի ամենակոշտ թշնամին սուբյեկտիվ հիշողության տվյալներն են: Ոչ մի ազգ իրավունք չունի իր հիշողության տվյալները պարտադրել մեկ ուրիշ ազգի: Երրորդ երկրները ո՛չ իրավունք ունեն, ո՛չ լիազորություն քաղաքական մոտիվներով դատելու թուրք-հայկական հարաբերությունների պատմությունը»,- ասված էր հաղորդագրությունում:

Իսկանդարյանի կարծիքով՝ գործընթացի նկատմամբ Թուրքիայի բռնած դիրքը պայմանավորված է ներքին քաղաքականությամբ: «Խնդիրն Անկարայում է,- ասաց նա,- իշխող կուսակցության ռեյտինգն ընկնում է, և իշխող էլիտաների դիրքի ամրապնդման խնդիր կա: Նրանք վախենում են կտրուկ քայլեր անել 2011 թ. ընտրությունների նախաշեմին»:

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն արձագանքեց դեպքերի զարգացումներին` մեկնաբանելով, որ հենց սկզբից էլ պարզ էր, որ հնարավոր չէր երկար ձգել ցանկալին իրականության տեղ ներկայացնելու գործընթացը: «Ինձ զարմացնում է երկու այլ բան: Նախ` իշխանություններն այսօր բաց տեքստով ասում են, որ մեկ տարի շարունակ իրենք հետևել են, թե ինչպես է Թուրքիան իրենց առաջ նախապայմաններ դնում, ինչպես է շահարկում գործընթացն իր օգտին, և ոչ միայն հանդուրժել են դա, այլև շարունակաբար պնդել, որ նման բան չկա, որ այս ողջ գործընթացը մեծագույն հաջողություն է և աննախադեպ դիվանագիտական հաղթանակ»,- ասել է Օսկանյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանի համոզմամբ՝ արձանագրությունների ստորագրումից մեկ տարի անց, շատերի համար ակնհայտ դարձավ, որ Թուրքիայի ղեկավարները` հատկապես վարչապետն  ու  արտգործնախարարը, առաջին իսկ օրվանից հետապնդել, խորացրել և դարբնել են  նախապայմանները:  Նրա կարծիքով՝ «Ժառանգությունն» ի սկզբանե տեսել է այդ նախապայմանները և դեմ արտահայտվել արձանագրություններին. «Իշխանության, գործող նախագահի և  քաղաքական կոալիցիայի այժմ կատարած քայլը պետք է դիտել որպես սխալի ընդունում և խոստովանանք, որ այդ քաղաքականությունը եղել է անհիմն, չմտածված, փորձարարություն է եղել, որը տապալվել է»:

Դիտվել է 3958 անգամ:
Print Friendly

Leave a Reply