Ուսանողական երթ՝ ընդդեմ կառավարության որոշման

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | April 29, 2010 13:17

Քիչ առաջ Երևանի պետական և Երևանի պետական տնտեսագիտական համալսարանների շուրջ 50 ուսանողներ սկսեցին երթը դեպի Կառավարության շենք՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու ընդդեմ կառավարության որոշման, որով կրճատվում են ասպիրանտական և մագիստրոսական տարկետման իրավունքով տեղերը:

Երթը պետք է սկսվեր դեռևս առավոտյան ժամը 10:00-ին, սակայն այդ ժամին ԵՊՀ-ի դիմաց հավաքված էին միայն երթի կազմակերպիչները և մի խումբ ոստիկաններ:

Երեկ Facebook սոցիալական ցանցում երթի մասին ազդարարող հայտարարությունը մեծ ակտիվություն էր առաջացրել, 261 մարդ իր մասնակցությունն էր հաստատել միջոցառմանը:

ֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրա առաջին կուրսի ուսանող Դանիել Իոաննեսյանը ուսանողների սակավաթվությունը 2 հանգամանքով է պայմանավորում՝ վատ եղանակային պայմանները և ԵՊՀ ղեկավարության վարած քաղաքականությունը:

Ըստ կազմակերպիչների՝ ուսանողներին սպառնացել են, որ եթե ակտիվ լինեն, պետական ավարտական քննական հանձնաժողովում շատ կլինեն դրսից հրավիրվածները, ինչը վախեցնում է ուսանողներին:

Ուսանողներն ասում են նաև, որ ԵՊՀ ռեկտորն այսօր շրջել է բուհի բոլոր ֆակուլտետներում, զրուցել դեկանների հետ, ինչից հետո դեկաններն ուսանողներին սպառնացել են, որ եթե մասնակցեն երթին, հետագայում խնդիրներ կունենան:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, սակայն, ասում է, որ ինքը ամեն օր է շրջում համալսարանում, հանդիպում ուսանողների հետ՝ դա իր պարտականությունն է:

ԵՊՀ ուսանող Դանիելը, սակայն, ասում է, որ 5 տարվա ուսման ընթացքում ռեկտորին մի քանի անգամ է տեսել և միշտ նման միջոցառումների ժամանակ: «Նախագահական ընտրություններից հետո էր շրջում, որ դասադուլ չլիներ, նախորդ հինգշաբթի էր շրջում, նաև այսօր»,- ասում է Դանիելը:

Երթին չի աջակցում ԵՊՀ ուսանողական խորհուրդը: Ուսխորհրդի նախագահ Ցոլակ Ակոպյանը ուսխորհրդի դիրքորոշումը պատճառաբանում է, թե բողոքի երթն ունի քաղաքական ենթատեքստ: «Վաղ առավոտից համալսարանում շրջում են բուհի հետ կապ չունեցող մարդիկ, ովքեր կուսակցական են: Եթե քաղաքական ենթատեքստ չունենար, կաջակցեինք»: Ակոպյանն ասում է, որ ասպիրանտական տարկետման իրավունքով տեղերի կրճատումը կբերի նրան, որ միայն արժանավորները կրթությունը կշարունակեն և կզբաղվեն գիտությամբ:

Հավաքին ներկա Ժառանգության Հայք երիտասարդական միության համակարգող խորհրդի անդամ Դավիթ Սանասարյանն ասում է, որ իրենց ներկայությունը քաղաքական բնույթ չի կրում՝ երիտասարդությանը վերաբերող խնդիրները նաև իրենց են հուզում:

Ուսանողները նաև դժվարություններ են ունեցոլ քաղաքապետարանից երթի թույլտվություն ստանալու ընթացքում: Քաղաքապետարանը հայցը քննարկել է իրազեկումը ստանալուց հետո ոչ թե 72 ժամ հետո, ինչպես նախատեսված է օրենքով, այլ 110 ժամ հետո: Բացի այդ, ուսանողներին չի թույլատրվել Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց կազմակերպել:

Ռոմանոգերմանական ֆակուլտետի իսպաներեն բաժնի ուսանող Սոս Ավետիսյաննը չհիմնավորված է համարում մագիստրատուրայի տեղերի կրճատումը: «Ուզում ենք ապրել երկրում, որտեղ կրթությունն է կարևոր»,- այսպես է նա պատճառաբանում երթին իր մասնակցությունը:
ֆիզիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Արամը, ով առողջական խնդիրների պատճառով ազատված է զինծառայությունից, ասում է, որ պայքարում է, որ գիտությունը վարի չգնա Հայաստանում:

Դիտվել է 2302 անգամ:
Print Friendly

Leave a Reply