ԺՀ Նախագահ Հու Ձինթաոյի հրավերով Նախագահ Սարգսյանը կմեկնի Չինաստան` մասնակցելու “Շանհայ-Էքսպո-2010” ցուցահանդեսի բացմանը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 28, 2010 19:17
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Հու Ձինթաոյի հրավերով Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 29-ին կմեկնի Չինաստան` մասնակցելու “Շանհայ-Էքսպո-2010” համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը:
ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի, էկոնոմիկայի, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարները, պաշտոնատար այլ անձինք:
Այցի ընթացքում ՀՀ Նախագահն առանձնազրույց կունենա ՉԺՀ Նախագահ Հու Ձինթաոյի հետ: Հայաստանի ղեկավարը ներկա կգտնվի “Շանհայ-Էքսպո-2010” համաշխարհային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը: “Շանհայ-Էքսպո-2010” -ը տեղի է ունենում հինգամյա պարբերականությամբ եւ ներկայացնում է տարբեր երկրների նորագույն նվաճումները տնտեսության, գիտության, կրթության եւ այլ ոլորտներում: Նախագահ Սարգսյանը Հայաստանի տաղավարից զատ կայցելի նաեւ ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի տաղավարներ:
ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակությունը կլինի նաեւ Ձզյանսի նահանգի Սուժոու քաղաքում: Նախագահ Սարգսյանը կայցելի Սուժոուի գիտության, մշակույթի եւ արվեստի կենտրոն, նաեւ` գիտության եւ կրթության ինովացիոն կենտրոն, կլինի HIGER ավտոբուսների գործարանում:
Նախագահ Սարգսյանը Շանսի նահանգի Դաթուն քաղաքում ներկա կգտնվի հայ-չինական տնտեսական համագործակցության ամենախոշոր նախագծերից մեկի` քլորոպրենային կաուչուկի արտադրության “Շանսի-Նաիրիտ” համատեղ ձեռնարկության բացման արարողությանը:
Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Երեւան կվերադառնա մայիսի 3-ին:
Կայքի կառուցվածքը Նախագահ Աշխատակազմ Լուրեր Գրադարան






Facebook
Tweet This
Email This Post
