Հանրային խորհուրդը դեմ է ամառային դահլիճի քանդմանը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 28, 2010 17:52

Այսօր Հանրային խորհրդի լիագումար նիստում որոշում կայացվեց Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի վերաբերյալ:

«Ես ուզում եմ հստակեցնել, որ խնդիրն այստեղ  եկեղեցի կառուցել-չկառուցելու մեջ չէ, այլ՝ պատմամշակութային կառույցի քանդել –չքանդելու»,- խորհրդի անդամներին դիմեց ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, երբ ՀԽ Կրոնի  և միջազգային հարցերի ենթահանձնաժողովի նախագահ  թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն իր ելույթում ասաց, թե ինքը կողմ է եկեղեցու կառուցմանը:

ՀԽ անդամ Աննա Ասատրյանն էլ ասաց, թե հասարակություն –եկեղեցի հակամարտության գնով չի կարելի պահպանել կառույցը:

«Եկեք ամեն ինչ չխառնենք իրար, թող ոչ ոք այստեղ չկարծի, թե ես իրենից պակաս հավատացյալ եմ, խոսքը գնում է ցանկում փոփոխություններ կատարելու մասին»,- վրդովվեց Խոսրով Հարությունյանը:

Ցեղասպանության թանգարանի տնօրեն, ՀԽ անդամ  Հայկ Դեմոյանն ասաց, թե իր տեղեկություններով Նկարիչների միության և Մոսկվա կինոթատրոնի հետևում կառուցվում է 20 հարկանի շենք. «պետք է նայել ֆունկցիոնալության առումով, թե այդ շենքի հարևանությամբ ինչքանով է նպատակահարմար եկեղեցու կառուցումը»:

Կարեն Բեքարյանը հանդես եկավ առաջարկությամբ՝ դիմել  Մայր Աթոռին պահելու շենքը՝ այն   որպես մշակութային օջախ օգտագործելու նպատակով:

«Դա շատ լավ է հնչում. պահել,- առարկեց Մարկոս սրբազանը,- սակայն ի՞նչ գնով է այն պահվելու: Կառույցն այսօր արդեն իսկ չի կատարում իր ֆուկցիոնալ նշանակույունը,  հնարավոր տարբերակները քննելով մենք հանգում ենք այն եզրակացության, որ շատ մեծ ջանքեր են պահանջվելու  և մենք մեծ խնդիրներ ենք ունենալու կառույցն իր նշանակությամբ պահելու համար»:

Վազգեն Մանուկյանն ասաց, որ  խնդրո առարկայի շուրջ նախօրեին երկար զրույց է ունեցել  Վեհափառ Հայրապետի հետ:

«Պետք է ասեմ, որ նա շատ ըմբռնումով է մոտենում  հարցին,- ասաց նա,- նա ասաց, որ դեռ հանդիպելու է ճարտարապետների հետ և դեռ ինչ-որ որոշում պետք է կայացվի»:

«Ես կողմ եմ, որ ՀԽ պետք է ձեռնպահ մնա այս հարցում որևէ որոշում ընդունելուց, թույլ տալով, որպեսզի շարունակվեն բանակցությունները եկեղեցու և ճարտարապետների միջև»,- իր դիրքորոշումը հայտնեց Ռուբեն Սաֆրաստյանը:

17 կողմ, 6 դեմ և 3 ձեռնպահ ձայների բաշխմամբ Հանրային խորհուրդը որոշեց դիմել կառավարությանը՝ վերականգնել ճարտարապետական այդ կառույցը պետության կողմից պահպանվող անշարժ  հուշարձանների ցանկում:

Մինչև լիագումար նիստը՝ ամառային կինոդահլիճի հարցը քննարկվել էր ՀԽ չորս  ենթահանձնաժողվների նիստերում, որոնցից 3-ը հանդես էին եկել կառույցը ցանկի մեջ ներառելու որոշմամբ, իսկ Կրոնի  ենթահանձնաժողովը ձեռնպահ էր մնացել որոշում ընդունելուց:

Դիտվել է 1793 անգամ:
Print Friendly

Leave a Reply