Գործազուրկների թվին կավելանան շուրջ 30 000 սեզոնային աշխատանքի չմեկնած միգրանտներ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 25, 2009 15:35

YeganyanԱյս տարվա հունվար-ապրիլ ամիսներին արտերկրից Հայաստան ուղարկվող տրանսֆերտների(գումար) ծավալն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 33,6 տոկոսով: Իսկ միայն Ռուսաստանից փոխանցվող տրանսֆերտները կրճատվել են 35,7 տոկոսով (Հայաստան եկող տրանսֆերտների մոտ 70 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին):

«Տրանսֆերտների նվազման միտում արձանագրվել է դեռ 2008-ի 4-րդ եռամսյակից. նախորդ տարվա 530 մլն-ի փոխարեն Հայաստան է փոխանցվել 430 մլն, մինչդեռ տրանսֆերտների ծավալն ամեն տարի մոտ 20-25 տոկոսով աճում էր, և պետք է արձանագրվեր 700 մլն դրամի ներհոսք»,-ասում է Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը:

Եգանյանը նշում է, որ միգրացիան զգայուն երևույթ է և տնտեսական, սոցիալական, քաղաքական գործընթացները մեծ ազդեցություն են ունենում այս ոլորտի վրա: 2009-ի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանից դուրս եկողների թիվը կրճատվել է 56 տոկոսով: 2008-ին 2007-ի նույն ժամանակահատվածի համեմատ նույն թիվը 40 տոկոսով աճել էր:

Ամեն տարի Հայաստանից արտագնա սեզոնային աշխատանքի է մեկնում շուրջ 60-70 հազար մարդ: Եգանյանը նշում է, որ աշխատանքի մեկնողների մոտ կեսն այս տարի չի մեկնել Հայաստանից, և մեծ մասը համալրել է գործազուրկների շարքը:

«Աշխատաշուկայում լարվածությունը կմեծանա, քանի որ առաջարկը պահանջարկից շատ կլինի»,-ենթադրում է Եգանյանն ու նշում, որ դեռևս չի նկատվում վերադարձի ծավալուն հոսք. արտերկրում աշխատող հայերը, կորցնելով աշխատանքը, փորձում են ավելի ցածր վարձատրությամբ կատարել այն կամ էլ աշխատանք են փնտրում այլ ոլորտում:

Կրճատվել է նաև ուղևորահոսքերի ծավալը (Հայաստանից մեկնողների և Հայաստան եկողների հանրագումարը)` 1-1,2 տոկոսով` կազմելով 702.000 մարդ, ինչը նախորդ տարվանից քիչ է 7.600-ով: Նախորդ տարիներին ուղևորահոսքերի տարեկան միջին աճը 9-34 տոկոս է կազմել: Եգանյանը նշում է, որ տնտեսական ճգնաժամի պայմաններում շատերն ուղևորության մեկնելու հնարավորություն չեն ունենում:

Դիտվել է 1192 անգամ:
Print Friendly

Leave a Reply