Մշակութային ծառայություններ իրականացնողները պարտավոր կլինեն ….

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 28, 2010 15:21

Մշակութային ծառայություններ իրականացնողները պարտավոր կլինեն հրապարակել համերգների կատարումների ձայնային առանձնահատկությունների մասին ստույգ տեղեկատվության

Ապրիլի 28-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՅԴ խմբակցության պատգամավորների հեղինակած օրենսդրական փաթեթը, որով լրացումներ և փոփոխություն են նախատեսվում ՙԳովազդի մասին՚, ՙՍպառողների իրավունքների պաշտպանության մասին՚ օրենքներում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում:

Ըստ այդմ, ՙԳովազդի մասին՚ և ՙՍպառողների իրավունքների պաշտպանության մասին՚ օրենքներում ամրագրվում է մշակութային ծառայություններ իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնակատերերի կողմից գովազդի միջոցներով համերգների կատարումների ձայնային առանձնահատկությունների` կենդանի կատարման կամ որևէ տեսակի ձայնագրվածքի (ֆոնոգրամա) օգտագործման, մասին նշելու պահանջը:

Ընդ որում` ՙկենդանի ձայնի կամ ձայնագրվածքի մասին տեղեկատվության ծավալը, տարածքը կամ բովանդակությունը չպետք է լինի գովազդի ողջ ծավալի, տարածքի կամ բովանդակության 7 տոկոսից պակաս՚:

Գովազդատուի կամ գովազդ արտադրողի կողմից մշակութային ծառայությունների գովազդին ներկայացվող պահանջները խախտելու, ինչպես նաև մշակութային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնակատերերի կողմից գովազդի միջոցներով հայտարարված կենդանի ձայնի փոխարեն ֆոնոգրամա օգտագործելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանվում է պատասխանատվություն` տուգանքի ձևով:

Ըստ ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի, օրենսդրական փաթեթի ընդունումը համահունչ է նաև կառավարության տեսակետին: Նշվեց նաև, որ մշակույթի նախարարի հրամանով այժմ կանոնակարգվում է պետական համերգասրահներում մշակութային միջոցառումների անցկացումը, սակայն սպառողների շահերի լիարժեք պաշտպանության տեսանկյունից չափազանց կարևոր է խնդրին օրենսդրական լուծում տալ:

ՙՎերջին շրջանում շատ են այն մշակութային կազմակերպությունները, անհատ ձեռներեցները, որոնք մշակութային ծառայություններ են փորձում մատուցել` մասսայական միջոցառումների, հյուրախաղերի և այլնի տեսքով, և մի իրավիճակ է ստեղծվել, երբ հանրությունը` որպես մշակութային արժեքների սպառող, դահլիճում ականատես է լինում մի իրողության, երբ կատարողական որակը, բովանդակությունը, նաև միջոցառման կազմակերպչական հմտությունները չեն համապատասխանում նախապես ստացված տեղեկատվությանը, և սպառողը իրապես կարող է կարծել, որ ծառայության դիմաց վճարած գինը չի համապատասխանում մատուցված ծառայությանը՚,-ասաց փոխնախարարը:

Դիտվել է 1240 անգամ:
Print Friendly

Leave a Reply