ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԶՈՒԼՈՒՄԻ ԱՇԽԱՐՀԻՑ

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | April 24, 2010 13:37

ԽՈՐԵՆ ՔԱՀԱՆԱ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ

ՍԱԹԻԿԻ  ՄԱՅՐԻԿԸ

ԻՐԱԿԱՆ

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ԶՈՒԼՈՒՄԻ   ԱՇԽԱՐՀԻՑ

(Գրի առնված 1925թ.)

ԵՐԵՎԱՆ 2010

Խորեն քահանա Ստամբոլցյան

«Սաթիկի մայրիկը» իրական պատմություն զուլումի աշխարհից /Գրի առնված 1925 թ./  Եր. 2010թ.- 48 էջ

«Սաթիկի մայրիկը» գրքի թեման մի իրական, ճշմարտացի, ողբերգական պատմություն է` ցեղասպանության մասին: Այն գրի է առել Կարսի սուրբ Առաքելոց եկեղեցու վերջին քահանան` Խորեն քահանա Ստամբոլցյանը 1925 թվին: Գիրքն ընթերցվում է շատ մեծ հետաքրքրությամբ և մեկ շնչով:

Ինչպե~ս է կարողացել Սաթիկի մայրը` Աղավնին, այդ երիտասարդ հայ կինը, գոյատևել, դառնալով գաղթական, կրելով անասելի տանջանքներ, սարսափելի նվաստացումներ,  կորցնելով ամեն ինչ, նաև հայրենիքը`սիրելի Արդահանը: Այս պատմությունը ևս մի ապացույց է հայերի դեմ կատարված եղեռնագործության մասին:

©  Խորեն քահանա Ստամբոլցյան

©  2010թ.

Ն Ա Խ Ա Բ Ա Ն

Ես`Կարինե Աղաբաբյանս, ցեղասպանությունից մազապուրծ փրկված Սաթիկ Սիմոնյանի և Արիստակես Աղաբաբյանի թոռնուհին եմ, հաճախ եմ հանդիպում կարսեցի, ցեղասպանությունը վերապրած, 100-ամյակի նախաշեմին կանգնած գեղանկարչուհի, վաստակավոր մանկավաժ` Հեղինե Աբրահամյանին: Մենք զրուցում ենք թե’ գեղանկարչության, թե’ ցեղասպանության և թե ամեն ինչի մասին, նա կենդանի վկան է մեր մեկդարյա պատմության:

Մի երեկո էլ զրուցելով, տեղեկացա, որ Հեղինե Աբրահամյանի պապը` Խորեն քահանա Ստամբոլցյանը, ում արդեն ծանոթ էի կարդալով նրա ձեռագիր ”Հիշատակարանից” «Կարսի անկումը» անտիպ հուշերը, որն առանց արցունքների անհնարին էր կարդալը և բավականին սեր ու հարգանք էի տածում այդ բազմակողմանի զարգացած, տաղանդավոր, մեծ կամքի տեր մարդու նկատմամբ, ուներ գրի առած նաև «Սաթիկի մայրիկը» պատմությունը, որը համարվում էր կորած: Կորցրեցի  հանգիստս, հարկավոր էր անպայման գտնել և կարդալ այդ պատմությունը ևս, համոզված էի, որ այն նույնպես պիտի արտացոլեր մեր ժողովրդի դեմ կատարված անասելի դաժանությունները: Գաղթի և կոտորածի մասին ես լավ տեղեկացված էի նաև կարսեցի տատիս և էրզրումցի պապիս պատմածներից:

Պարզվեց, որ Հեղինեն այդ գրված պատմության հերոսներին գիտեր, իսկ ձեռագրի մասին գիտեր միայն, որ պապի մահից հետո, նրան խնամող կինը` Սոֆիան, տեղյակ լինելով, որ պապը  մտերիմ է եղել մեր շատ մտավորականների, նաև Դերենիկ Դեմիրճյանի հետ` Թիֆլիսից բերում, հանձնում է նրան պապի բոլոր ձեռագրերը:

Գեղանկարչուհի  Հեղինե Աբրահամյանը, ձեռքին պապի` Խորեն քահանա Ստամբոլցյանի նկարը

Մտադրվեցի անպայման գնալ ձեռագրերի հետքերով և գտնել այդ ողբերգական պատմությունը: Այցելեցի Դ.Դեմիրճյանի տուն թանգարան, կարդացի նրա համարյա բոլոր   ստեղծագործությունների  14 հատորյակը,  հուսով, որ մի բան գուցե կգտնեմ, ցավոք ոչինչ  չգտա: Բայց հոգեպես հանգիստ էի, որ անպայման գտնելու եմ:

Այնուհետև ձեռք բերելով Դ.Դեմիրճյանի քրոջ` Սաթենիկի դստեր, Նատալիա Շիրինյանի հեռախոսահամարը, զանգահարեցի Բոստոն, որտեղ նա այժմ բնակվում է: Հեռախոսը վերցրեց նրա որդին` Դավիթ Ոսկանյանը: Խնդրեցի, որ իր մայրիկից` 92- ամյա Նատալիայից, ով Դ.Դեմիրճյանի տուն թանգարանի հիմնադիրն ու տնօրենն է եղել 1977թ.-ից մինչև 1994թ.-ը, որևէ տեղեկություն իմանա և հաղորդի ինձ Դ.Դեմիրճյանի արխիվի մասին: Նա շատ բարեհամբույր պատասխանեց, որ կաշխատի օգնել ինձ:

Հաջորդ օրն իսկ, ինձ զանգահարեց Դավիթը և հայտնեց, որ Դ.Դեմիրճյանի մահից հետո /1956թ./ նրա կինը` բարի ու շատ համակրելի Մարիա Միխայլովնան արխիվը հանձնել է Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան:

Եվ ահա սրտատրոփ, Հեղինե Աբրահամյանի հետ եկանք արխիվի ետևից: Մեզ տվեցին 4 գրքից կազմված կատալոգը, որը մեծ համբերությամբ, տող առ տող որոնելով, գտանք Խորեն քահանա Ստամբոլցյանի ձեռագիրը, վերնագրված «Սաթիկի մայրիկը» իրական պատմություն զուլումի աշխարհից – 1925թ.:

Անհնարին է նկարագրել մեր ակամա ունեցած ուրախությունը:

Գրկախառնվել էինք և ուրախությունից արտասվում էինք:

Մեր խորին շնորհակալությունը բոլոր-բոլոր նրանց, ովքեր անշահախնդիր օգնեցին մեզ` այս պատմությունը գտնելու և ընթերցողին ներկայացնելու համար:

Մեծ հետաքրքրությամբ ընթերցեցի այդ գեղեցիկ ձեռագիրը,  ունեցա անասելի ապրումներ, ամբողջ ժամանակ մտածում էի Սաթիկի մոր` Աղավնիի մասին: Ինչպե~ս է կարողացել այդ երիտասարդ կինը գոյատևել, այդքան տանջանքներ, սարսափելի նվաստացումներ, ապրումներ ունենալով, անվերադարձ կորցնելով ամեն ինչ թե’ ամուսնուն, թե’ չորս երեխաներին, թե’ տուն-ունեցվածքը և թե’ հայրենիքը: Իրոք, որ արժեր  գտնել այս պատմությունը, ևս մի ապացույց հայերի դեմ կատարված եղեռնագործության մասին:

Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում այդ իրական ողբերգական պատմությունը` Սաթիկի մայրիկի պատմությունը, մեկը հազարավոր պատմություններից, որ տեղի են ունեցել Արևմտյան Հայաստանի քաղաքներում ու գյուղերում 1915-1921թթ.-ին, գրի առնված 1925 թ. – ին Կարսի սուրբ Առաքելոց եկեղեցու վերջին քահանայի`Խորեն Ստամբոլցյանի /1858-1927/ կողմից, ով Կարսից հեռացող վերջին հայերից մեկն էր: Իր հիշատակարանում նա գրում է.

«1918 թվին Կարսը թուրքերի կողմից գրավելու ժամանակ ամեն բան թողի այնտեղ ու հեռացա, և ոչ միայն քառասուն տարվա ընթացքում հավաքածս տան կահ կարասին մինչև վերջին չոփը կորցրի, 1500-ի չափ գրքերից բաղկացած գեղեցիկ գրադարանս, բոլոր գրվածներս, թարգմանություններս, հին ձեռագրերի միջից և ավերակների վրայից հավաքած բազմաթիվ ծաղկանկարներս, որոնցից գծագրական ու նկարչական տետրակներ էի կազմել ա, բ, և գ դպրոցական տարիների համար ու այդ բոլորի հետ միասին երկար տարիների ընթացքում գրած «Հիշատակություններս» և

հավաքածս նամակները կորցրի, որոնց մրմուռը երբեք չպիտի

կտրվի սրտիցս:

1919 թվի գարնանը Կարս վերադառնալիս մեծ հույս ունեի, թե կորցրածներիցս շատ բան կգտնեմ, բայց ավաղ, գրեթե ոչինչ չգտա: Երբեք մտքիցս չէր հեռանում անցյալում գրածներս, մտածում էի նորից վերհիշել և գրել:

1920 թվի հոկտեմբերի 30-ին թուրքը նորից գրավեց Կարս քաղաքը և սրի ու ավերի մատնեց: Ութ ամսից ավելի մնացի գերության մեջ: 1921թվի մայիսի 18 /31-ին/ մի կերպ հեռացանք Կարսից: Արևը կարծես մթնել էր, այդպես երևաց աչքերիս: Վագոնի դռանը կանգնած վերջին անգամ նայում էի սիրածս Կարսին, որ գուցե այլևս չպիտի տեսնեի: Սիրտս կծկված նստած մի արկղի վրա, ձեռներով երեսս ծածկեցի ու լացի: Երբ նորից բաց արի աչքերս արդեն Կարսից հեռացած էինք…

Գիշեր ցերեկ աչքիս առջևից չէին հեռանում այն սոսկալի պատկերներն ու խեղճ ժողովրդիս  քաշած տառապանքները:

Շարունակ մտածում էի, մի՞ թե կարող է մարդ կոչված արարածը, մանավանդ գրի սևն ու սպիտակը ճանաչողը, իրեն տգետ դասակարգից բարձր, զարգացած համարողը, ով կուզե լինի` հոգևորական, թե աշխարհական, ընկեր թե մտերիմ բարեկամ, ազգական, թե հարազատ զավակ, այդ միևնույնն է, կարող է բարոյապես այն աստիճան ընկնել, փչանալ ու զզվելի տիպար դառնալ, որ յուր հարազատին, յուր նմանին շան ու գելու բերան տալու մասին մտածելն անգամ, ուր մնաց թե նպաստել ու գործակից լինել, յուր աչքերով տեսնել մերձավորի բռնաբարվելը, թուրքին ծախվելը, աքսոր և անխուսափելի մահվան ճիրաններին մատնվելը: Ո’չ Էրզրումում աքսոր գնալը, ո’չ բանտն ու ո’չ էլ մահն էր ինձ վախեցնում, այլ այն սոսկալի բարոյական անկումը, որի մեջ պիտի թողնեի խեղճ ու անմեղ զավակներիս ու թոռներիս, տակավին փշաքաղվում է մարմինս, երբ հիշում եմ նրանց պատկերն ու դրությունը ու տակավին չեմ հավատում, թե նոքա ազատված են այն սոսկալի դժոխքից, ման են գալիս առաջս, խոսում և ծիծաղում…:

Գիտեմ, որ մարդիկ կարող են պատահել, որ կարդան իմ այս գրածներս, չհավատան, չափազանցություն համարեն, գրգռված ուղեղի և կրքի վերագրեն, միևնույնն է ինձ համար, գուցե այն ժամանակ այս աշխարհում ես գոյություն էլ չեմ ունենա: Ես էլ, երբ կարդում էի մեր նախնեաց կրած տառապանքների պատմությունները`Լաստիվերցին, Հովհաննես պատմագիրն ու Կիրակոս  Անեցին, չափազանցություն էի համարում նրանց գրածները, ողբերն ու լացերը: Բայց երբ իմ կուրացած աչքերովս տեսա և թուլացած ձեռքերովս շոշափեցի իմ ժողովրդի քաշած սոսկալի տառապանքը, միայն այն ժամանակ համոզվեցի, որ էն խեղճ վարդապետները, հարյուրից մեկն անգամ չեն կարողացել գրել և ինչպե՞ս գրեին, ո՞րը գրեին, ո՞րը պատմեին: Գազանացած թշնամու արյան ճապաղիքները, թե’ շեն հայրենիքի ավերումն ու  կործանումը կամ ինչպե՞ս կարող էին գրել հենց իրենց հոգևոր զավակների ձեռքով կատարած ստոր ու զազրալի արարքները, թշնամու առաջ քծնելն ու սողալը և կամա թե ակամա կատարած քստմնելի գործերը:

Է~հ, թողենք այս տխուր խոհերը և փորձենք շարունակել հիշատակարանիս շարքը, գուցե այս միայն կարողանա մտքիս ամփոփումը վերադարձնել և հոգվույս  խաղաղություն և սրտիս անդորրություն պարգևել»:

Խ.ք.Ստամբոլցյան

1921 թիվ, 24 օգոստոսի

Մեծ-Ղարաքիլիսա

Անհրաժեշտ է, որ աշխարհին ներկայացնենք այս և նման այլ իրական պատմություններ, գրված ականատեսների կողմից, 95-տարի առաջ, եղեռն ապրած մեր տառապյալ ժողովրդի մասին և անենք ամեն ինչ, որ Թուրքիան ճանաչի ու ընդունի ցեղասպանությունը, դա պետք է մեզ հայերիս` հանուն մեր մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակի և հանուն մեր կորցրած չքնաղ հայրենիքի:

ԿԱՐԻՆԵ  ԱՂԱԲԱԲՅԱՆ

(Կենսագիր)

2010 թիվ

ՍԱԹԻԿԻ ՄԱՅՐԻԿԸ

ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԶՈՒԼՈՒՄԻ

ԱՇԽԱՐՀԻՑ

ՀԱԶԱՐԻՑ ՄԵԿԸ

ԳՐԻ ԱՌԱՎ ԽՈՐԵՆ ՔԱՀԱՆԱ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ

1925թ.

Ա. ԱՐԴԱՀԱՆԻ ԿՈՏՈՐԱԾԸ

Մենք էլ մի օջախ էինք Արդահանում, տուն ու ջրաղացի, կով ու կթանի տեր, – այսպես սկսեց պատմությունը Սաթիկի մայրիկը: 1914 թվի վերջերին, թուրքերի առաջին հարձակման ժամանակ, բնակչության հետ մենք էլ փախել էինք ու ամեն բան կորցրել, բայց նորից վերադարձանք, նորից տանուտեղ եղանք և ամեն բան մոռացանք: Իսկ այս վերջին զուլումը, որ թափվեց մեր գլխին, արյունս խմող թշնամին անգամ չտեսնի:

1918 թվականի բարեկենդանի օրերն էր: Արդահանի հայ ժողովուրդը մահ ու կենաց օրեր էին ապրում: Թուրքը օր առաջ մոտենում էր քաղաքին: Շավշետն ու Արդանուչը արդեն լողացել էին արյան ծովերի մեջ, այն կողմերից ազատվածները, մեծ մասամբ կանայք և աղջկերք ապաստանած էին Արդահանում: Ուրութ հայ գյուղը իսպառ կոտորվել ու այրվել էր և ոչ մի շունչ չէր ազատվել, սարսափն արդեն պատել էր քաղաքի հայ ժողովրդին:  Ղեկավար մարմինները վաղուց արդեն դիմել էին Կարս և Ախալքալակ հրահանգներ և օգնություն խնդրելու: Ժողովուրդը ցանկանում էր հեռանալ, չէին թողնում, շարունակ հուսադրում էին. «Մի վախենաք, շուտով օգնություն կստանաք, ոչինչ չի լինի և… և… »: Բայց և այնպես երեսունի չափ սահնակներ Արդանուչի և Շավշետի փախստականների մի մասը փոխադրեցին Ախալքալակ և այնտեղից յոթանասունի չափ սահնակներ նորից եկել էին մնացած ժողովրդին էլ փոխադրելու, բայց արդեն ուշ էր և քաղաքը ամեն կողմից շրջապատված թշնամիներով:

Քաղաքում մնացած ղեկավար մարմինները երկար ու բարակ խորհրդակցություններ անելուց հետո հարկադրեցին աղ ու հացով դիմավորել թուրքերին և հրավիրել քաղաք:

Այդպես էլ արին, դհոլ զուռնայով գնացին ընդառաջ, թուրք զորքը բերին քաղաք, տեղավորեցին Կուր գետի ափին գտնվող զորանոցներում, իսկ տեղական հայ կամավորները մոտ 300 հոգի տեղավորվեցին Կարսի խճուղու վրա գտնված զորանոցում: Մոտ տասն օր խաղաղ անց կացան: Եվ ահա թուրքերը պահանջեցին հայերից զինաթափ լինել: Միայն կամավորների խմբապետ Շեկ Հակոն և իր օգնականը չէին կամեցել իրենց զենքերը հանձնել և երկու թուրք էլ սպանել էին, բայց իրենք էլ սպանվել: Հայերը գիշերով բերին սրանց դիակները և գաղտնի կերպով թաղեցին ռուսաց գերեզմանատանը և այդ օրվանից էլ այլևս չկարողացան տներից դուրս գալ:

Գիշերները սկսեցին հարձակվել և թալանել, իսկ ցերեկներն էլ խիստ կերպով խուզարկել աչքի ընկնող տները:

Այդ միջոցին մեր տանը հյուր էին ամուսնուս ծանոթ Զուռզուռնեցի թուրքեր և Ռաբատցի Դաշտամուրը, որոնց շնորհիվ միառժամանակ ազատ մնացինք հարձակումից և թալանից: Դոքա շարունակ համոզում էին ամուսնուս Սահակին, որ իրենց հետ հեռանա քաղաքից և մի առ ժամանակ պատսպարվի իրենց գյուղերում, բայց չգիտեմ ինչ էր եղել ամուսնուս, որ չհամաձայնեց թողնել մեզ ու հեռանալ: Թեև նոքա ամեն կերպ ապահովեցնում էին, որ ամբողջ ընտանիքն էլ կազատեն, բայց չկարողացան համոզել, վեր կացան գնացին և իրենց հետ էլ տարան տալիս /ամուսնուս քրոջ/ տղային` Արմենակ Գևորգյանցին, որը կամավորների մեջ էր և չէր գնացել իր ընտանիքի հետ, որոնք օր առաջ հեռանալով քաղաքից գնացել էին Ալեքսանդրապոլ և վերջն էլ ինչպես իմացանք լավ պահպանել էին Արմենակին ու ողջ-առողջ հասցրել էին ծնողներին:

Երկու օրից հետո գնաց Դաշտամուրն էլ: Լավ հիշում եմ, մեծի պահոց երկրորդ շաբաթի երկուշաբթի օրն էր, սև երկուշաբթի, երեկոյան դեմ քաղաք լցվեցին քուրդ հրոսակներ` Աբդուլլահի առաջնորդությամբ և հենց այդ գիշերն էլ քաղաքում սկսվեց հրացանաձգություն լսվել, որին հետևում էր լաց ու կոծ: Մեր տանը բացի ամուսնուցս և ծերունի հորիցս, իմ հինգ զավակներից /երեք աղջիկ և երկու տղա/ ապաստանած էին մի ընտանիք Շավշետցի և դրացիներից, բոլորս մոտ քսան հոգի, կանայքս ու երեխաները ներսի սենյակումն էինք հավաքված իրար գլխի, իսկ տղամարդիկ` դրսի սենյակում: Լսելով հրացանաձգությունները և լաց ու կոծը, սարսափ ընկավ մեջներս և իրար խառնվեցինք, տղամարդիկ մեզ հանգստացնում էին թե` «Մի վախենաք, բան չկա, թուրքերը տոնամայ են կատարում»: Շատ չանցած սկսեցին մեր տան դուռը սաստիկ բախել, լսելով հայ կանանց ձայներ, բաց արինք, ներս լցվեցին դրացի հարս – աղջիկներ լաց ու շիվանով և ասացին, որ. «Թուրքերը մտնում են տները, տղամարդկանց սպանում, ամեն բան թալանում և հարս – աղջիկներին էլ քաշում տանում»:

Դրանց հետևից մեր տունն էլ լցվեցին քուրդ հրոսակները մերկացած սրերով, ամեն բան տակ ու վրա եղավ, ես դուրս վազեցի տղամարդկանց սենյակը, տեսա ամուսնուս մերկ, միայն շապիկ ոտաշորով, իսկ հայրս կծկված էր մի անկյունում: «Սահա’կ, տնաքանդ, էդ ինչ օրի էս, թուրքերը լցվել են և աղջիկներիս կտանեն»: – Էլ ի՞նչ օրի պիտի լինեմ, ամեն բան քաշեցին տարան, դու գնա’ տղոց մոտ, – ասաց և ինձ հրեց մյուս սենյակը: Այդ ժամանակ տեսա, որ երկու քուրդ աղջիկներիս քաշքշում են, հարձակվեցի և սկսեցի պաշտպանել, բայց մի քանի հարվածներ ստանալով գլխիս, արյունլվա ուշաթափ եղա: Երբ ուշքի եկա աղջիկներս լալով ներս էին գալիս, պատմեցին, որ քրդերը իրենց տարան մինչև գոմի դուռը, մեր ձիաները դուրս քաշեցին և երբ ուզում էին մեզ էլ նստեցնել ու տանել, Նորաշեն թաղից մի անսովոր աղմուկ և իրարանցում լսվեց, որից քրդերը շփոթվեցին,  մեզ թողին, իրանք ձիերը նստեցին ու գնացին: Ներս գալիս տեսանք պապը շեմի վրա ընկած էր, իսկ հայրիկը չկար: Բոլորովին ուշքի գալով տեսա` զավակներս մոտս էին, ամեն բան թալանված և տակն ու վրա եղած: Խելագարի նման դուրս վազեցի, տեսնում եմ ծերունի հորս, գրեթե մերկ ընկած դռան շեքում    ,,ղափլուղի,, /ձմեռային քեչապատ դռան/ վրա ընկած արյան մեջ կորած, ականջները, քիթն ու երկու ձեռքի մատներն էլ կտրտված: Կսկիծն ու մորմոքը սրտումս, երկյուղով  ընկնում եմ այս ու այն կողմ, ամուսնուս փնտրում, չկա ու չկա, ոչ մի տղամարդ չի երևում: Սարսափած ու շվարած բարձրանում եմ կտուրը` խղճուկ, դողդողացող բալոցս հետ, մեզ մոտ ապաստանած կանայք ևս հետևեցին մեզ, ծածկի տակ մտանք և այդպես կծկված սպասեցինք լույսը բացվելուն: Թե ինչ ապրումներ ունեցանք կտուրի ծածկի տակ այդ սև գիշերը, մարդկային լեզուն անկարող է պատմել:

Լույսը բացվելուն պես, ինձ հետ ապաստանող կանանց հետ, ցած իջանք կտուրից և տան ամեն քունջ ու պուճախ ման եկանք տղամարդկանց կամ նրանց դիակները գտնելու, ոչ ոք չերևաց, բացի խղճուկ հորս դիակից, որ աչքերը չռած դեպի երկինք, սառն ու անթարթ նայում էր: Գոմում ոչ մի ձի ու տավար չէր մնացել, իսկ սենյակներում ամեն բան թափթփված, ջարդ ու փշուր եղած: Փողոց դուրս եկա դիակների վրայից անցնելով` հասանք Զարիկենց տունը, ուր հավաքված էին բազմաթիվ կանայք, հարս ու աղջիկ և մանր երեխաներ, բակի մեջ շրջում էր թուրք պահապան զինվորը հրացանն ուսին: Այնտեղ գտա քրոջս, որ տանից փախել էր մինչև իսկ ծծկեր երեխան թողնելով, որովհետև տղամարդկանց հավաքել, շարքով կանգնեցրել ու սպանել էին, իսկ կանայք, ոմանք  փախել, ոմանք էլ պահվել էին այս ու այն կողմը: Ես կամեցա վերադառնալ տղոցս մոտ, պահապան զինվորը չթողեց, քիչ անց տղայքը իրենք եկան և ինձ գտան: Պատմեցին, որ վախեցել էին մենակ մնալ կտուրում: Մի բարի թուրքի օգնությամբ և ցուցումով իջել էին և եկել մեզ մոտ:

Այդ օրն ու գիշերը մնացինք այդ տան մեջ, ո’չ հաց տվող կար և ո’չ էլ ջուր և ու՞մ մտքիցն էլ կանցներ ուտել կամ խմել: Գիշերը շարունակ գալիս էին ճրագը ձեռներին, հարս – աղջիկ ջոկում, տանում, լլկում և մի քանի ժամ անցած` նորից ետ բերում: Մյուս օրը հասակավոր կանայք մտածեցին գնալ փաշի մոտ և պաշտպանություն խնդրել: Ես էլ զավակներիս հետ, ընկերացած այդ կանանց, հազիվ մի քանի տեղ անցել էինք, երբ մեզ շրջապատեցին ու տարան, լցրին Ղրխամբարենց տունը, որտեղ նույնպես լիքն էին բազմաթիվ կանայք, հարս ու աղջիկներ: Թե ճանապարհին և թե այդ տների մեջ ինչ որ աչքի ընկնող իրեր էին տեսնում վրաներս, քաշում – տանում էին: Երկու – երեք օր մնացինք Ղրխամբարենց տանը սոված ու ծարավ և թե ինչպիսի սոսկալի գիշերներ էինք անցկացնում, անկարող եմ նկարագրել: Այս տան մեջն էինք, որ բժիշկներ եկան, իբր թե կապկապեցին վիրավորվածներին, դեղեցին, իսկ մի թուրք շարունակ ինձ մոտ գալիս աղաչանք պաղատանք էր անում, թե.`- Երեխաներիդ էլ վերցրու հետս արի, բայց այնպիսի օրի էի, որ ոչ ճանաչում էի ո’վ լինելը և ոչ էլ հասկանում առաջարկության միտքը և բացեիբաց մերժում էի հետևել իրեն: Վերջերում երբ մի քիչ հանգստացել էի, գլխի ընկա, որ այդ թուրքը մեզ ծանոթ Դաշտամուրն էր, երևի ուզում էր մեզ տանել ու ազատել:

Երրորդ օրը գերի վերցրած կանանց ու երեխաներին հավաքեցին, խճուղու վրա կանգնեցրին բազարի մեջ և սկսեցին կտուրների ծածկերի մեջ ռումբեր տրաքացնել և այնտեղերում պահվածներին դուրս թափել: Մարդկային լեզուն չի կարող նկարագրել այն սոսկալի դժոխային տեսարանները, որ պատկերանում էին մեր աչքերի առջև և մենք, չգիտեմ ինչպես կարողանում էինք նայել ու տեսնել մեր սիրելիների հոշոտված մարմինները, որ այրվում ու ճրթճրթալով թափվում էին կտուրներից: Այս դժոխային տեսարաններն էլ ցույց տալուց հետո` մեզ տարան լցրին Ռուսաց դպրոցը:

Այդտեղ մի անասելի սոսկալի վիճակ էր պատրաստված մեզ համար, ամբողջ շենքի շուրջը խոտ էր հավաքած, նավթով լի ամանները ձեռքներին թուրքերը շրջում էին այս ու այն կողմը և ասում, որ բոլորիս էլ պիտի այրեն այս տան մեջ: Բավական չէր այդ սոսկումը, դեռ էլի մտնում էին մեջներս.                                            «Որոշված է բոլորիդ էլ այրել, – ասում էին այդ անխիղճ գազանները, էլ ինչու էք պահում ձեր ոսկի ամարաթները, բերե’ք, ինչ ունեք չունեք տվեք մեզ»: Եվ ի~նչ ասես որ չէին քաշում տանում այդ անկուշտ անիրավները: Ամեն բանից հույսներս կտրած, լալով իրար փաթաթվում, իրար համբուրում, վերջին հրաժեշտ էինք տալիս մեկ – մեկու, լացն ու որոտումը իրար էին խառնվել, պատերից հող էինք պոկում ու բերաններս գցում, իբր սրբություն առնելու մտքով…:

Տալիս /ամուսնուս  քրոջ/ աղջիկը – Նվարդը մոտ մի տարեկան երեխան կրծքին սեղմած` մորն էր աղերսում.  «Ա~խ, մամա ջան, ես ինչպես պիտի կարողանամ տեսնել այս անմեղ բալիկիս այրվելը, լուսամուտից դուրս կգցեմ և չեմ թողնի այրվի»: Իսկ խղճալի մայրն էլ, ողորմելի ձայնով պատասխանում էր. «Էդ մի մատմ անասունը, որ էդքան ցավ կպատճառե քեզ, հապա ես ինչպես պիտի կարողանամ տեսնել ու տանել բուսացրած ու հասցրած իմ ազիզ բալոցս կրակի մեջ ճենճերվելը…»:

Այսպիսի աղիողորմ տառապանքի մեջ էինք, երբ եկան թուրքերը և աչքի լույս տալով` ասացին,      «Փառք աստծո, ազատվեցիք, որոշված է ձեզ չայրել, այլ պիտի ուղարկեն Ախալքալակ, երեք օր ժամանակ է տված, գնացեք տներդ, ինչ որ պահած ամարաթներ ունեք, փող կամ թեթև իրեր առեք, պատրաստվեցեք, որ երեք օրից հետո գնալու էք Ախալքալակ»:

Րոպեի մեջ  բոլոր աղմուկներն ու լացերը կտրվեցին, բոլորս էլ ապշած իրար էինք նայում և կարծես չէինք հավատում լսածներիս, բայց երբ տեսանք, որ հետզհետե դուրս եկան կանայք ու ցրվեցին, ես էլ զավակներիս թողի այդտեղ ուրիշ շատ կեցողների մոտ ու տալիս հետ գնացինք մեր տները, ոչ այնքան բան բերելու մտքով, որքան մեր տղամարդկանց գոնե դիակները գտնելու հույսով: Բոլոր հույսներս պարապ դուրս եկան, հորս այլանդակված դիակն անգամ անհետացել էր և ամեն տեսակ մթերքներով և կենդանիներով լեփ լեցուն տներս բոլորովին դատարկված ու քայքայված էր, այս ու այն կողմ թափթփված ու կեղտոտված: Ուտելու պաշար վերցրած և այնպես հուսակտուր ու ճնշված սրտերով, նորից վերադարձանք դպրոցական շենքը, որովհետև անհնար էր մեր ավերված տներում մնալը: Հրաձգություններն ու անգութ կոտորածը, թալանն ու արյան ճապաղիքները դեռ շարունակվում էին քաղաքում: Մեզ նման շատերն էլ փշրված սրտերով և դատարկ հույսերով վերադարձան և ո’վ ինչ էլ որ կարողացել էր գտնել ու բերել, այն էլ այս երեք օրվա մեջ, սոսկալի խուզարկություններով` ձեռներից հափշտակեցին:

Բ.ԳԵՐԻՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Որոշյալ երեք օրը լրանալուց հետո, մեզ տարան վերի զորանոցները, մի քիչ հանգստանալուց հետո շարունակեց իր պատմությունը Սաթիկի մայրիկը:

Այդտեղ էլ երկու օր պահեցին տանջանքի ու արհավիրքի մեջ, միայն դուրս էին թողնում  գետի ափին իջնելու և ջուր խմելու, այն էլ երկու շարք կանգնած թուրքերի միջով, որոնք ինչ տեսակ լկտի խոսքեր ու վիրավորանքներ ասես թափում էին մեր գլխին: Գետի ափին ջուր խմելուց և սառցի կտորներով կամ ձյունով մեր քաղցն ու սրտի այրվելը հագեցնելուց հետո` նորից քշում լցնում էին զորանոցները:

Երկու օրից հետո էլ բոլորիս փոխադրեցին գետի ափին գտնված զորանոցները և սկսեցին կերակրել մի տեսակ զզվելի “շուրվայով’’ /ապուր – չորպա/, որը ինչպես ասում էին, մարդամսով են պատրաստել և բաժանում էին մալականների նվեր բերած հացերն ու կարտոֆիլը: Գտնվում էին մեր մեջ նաև ճարպիկ կանայք, որ կարողանում էին դուրս պրծնել, փողոց գնալ և թափթփած զեյթուն, որևէ պտուղ կամ ուտելու բաներ ճարել – բերել և այսպիսով պահպանել իրենց թշվառ գոյությունը:

Չորս-հինգ օր մնացինք այդ զորանոցներում իրար վրա թափված և սոսկալի պայմաններում: Թե ինչպիսի խժդժություններ ու   լլկանքներ էր կատարվում գիշերները, ես չեմ կարող պատմել, ցերեկներն էլ մեծ հսկողության մեջ էին պահում, որովհետև վախենում էին թե` Տեր-Բաղդասարյան Հակոբի կնոջ` Աստղիկի նման, մեզ ջուրը կգցենք: Տեսնողները պատմում էին, որ այդ բարձրահասակ ու գեղանի կինը թուրքերի հետապնդումից ազատվելու համար, երեխան գրկած` իրան ջուրն է գցել ու խեղդվել: Երանի~, հազար երանի~ նրան, որ կարողացել է ազատվել այս փուչ ու դառն  աշխարհից:

Անցան այդ չորս-հինգ տառապալից օրերն էլ: Մեզ հայտնեցին, որ մեզ տանելու են Ախալքալակ և փոխանակելու թուրք գերիների հետ, բոլորիս հաշվի առան և ճանապարհ դրին, իբր թե Գյուլաբերդով դեպի Ախալքալակ տանելու համար, որը ամենակարճ ճանապարհն էր: Այդ  հաշվի առնելու ժամանակն էր, որ ինձ հետ մի մեծ դժբախտություն պատահեց: Առաջին իրարանցումի գիշերը, ամուսնուս ինձ պահ տված փողերը /մոտ 4000 ռուբլի/, կապել էի մեջքիս և որպեսզի չնկատվի, շարունակ փոքր որդուս Մարտիկին /3-4 տարեկան/ շալակիս էի պահում: Երբ որ զորանոցից դուրս բերին և հայտնեցին, որ պիտի ճանապարհ ընկնենք, մեծ աղջիկս-Աստղիկը խղճաց վրաս և Մարտիկին ինքը գրկեց: Հաշվի առնող թուրքը, ձեռքը քամակիս տանելիս` նկատեց մեջքիս պահածը և սկսեց ինձ քաշ-քաշել կորզելու համար: Մինչ ես աղաչում և պաղատում էի, թե` թողեք, ես կտամ, մեկ էլ այն տեսա որ ամբողջ կապոցը կտրած-հանած են մեջքիցս  և ինձ հրելով գցել են գնացող շարքի մեջ, էլ ինչ կարող էի անել, եթե ոչ` լուռ ու մունջ հետևել գնացողներին: Դեռ լավ էր, որ մյուս ամարաթներս, որ պահել էի փոքր աղջկաս – Սաթիկիս վրան, կարողացավ նա ճարպկությամբ խույս տալ ամեն խուզարկություններից և ազատել, որի շնորհիվ կարողացանք մեր գոյությունը մինչև օրս պահպանել:

Հազիվ քաղաքից դուրս էինք եկել դեպի Գյուլաբերդ, երբ մեզ դարձրին դեպի Ֆարխել հույն գյուղի ճանապարհը, որտեղ հասնելով գիշերեցինք: Հետևյալ առավոտը գյուղից սայլեր հանեցին, տղրցկան կանանց ու երեխաների համար և մեզ հասցրին մինչև հույնի Խասգյուղ:

Երկրորդ գիշերն էլ այդ գյուղում անցկացրինք և այսպես գյուղե – գյուղ, մի ամսի չափ քաշ տվին մեզ, անպատմելի նեղություններ պատճառելով, անանցանելի ու դժվարատար ճանապարհներով, երբեմն ետ էին դարձնում, իբր թե հայերը այլևս չեն ուզում մեզ ընդունել և ապա նորից առաջ քշում անբան անասունների նախիրի նման:

Սոսկալի էր մեր տրամադրությունը թուրք գյուղերից անցնելիս: Մի տեղ խուժանը մեզ դիմավորեց դհոլ – զուռնայով և պահանջում էր, մեր հարս – աղջիկներին մերկացնեն և պարել տան, բայց մեր լացն ու կոծը տեսնելով և մեր թախանձանքներին զիջելով, մեր առաջնորդ Չաուշները արգելք եղան ու մեզ ազատեցին այդ վերջին տեսակի խայտառակությունից: Պետք է այս էլ պատմեմ, որ շատ դեպքում այդ Չաուշները որոշ չափով օգնության կհասնեին տանջվող գերիներիս, և ինչպես լսեցինք, իրանք էլ զինվորական գերիներ են եղել ու վերջին տարին վերադարձել գերությունից և Արդահանում ստանձնել էին մեզ մինչև Ախալքալակ առաջնորդելու պաշտոնը: Դրանք քսան և հինգ հոգի էին, ամենն էլ հայ գերիներից ջոկել և իրենց համար կին էին վերցրել և ոչ միայն այդ կանանց էին նյութով ու ապահով պահում, այլև հովանավորում ու մեծ աջակցություն ցույց տալիս նրանց մերձավորներին և սրանց խնդրանք ու միջամտությամբ` ուրիշ շատերին: Բավական էր, որ մի դժբախտ դեպք կամ բռնաբարություն պատահեր` բղավում էին “Չաուշ էֆենդի~…” իսկույն վրա կհասնեին և մտրակի հարվածներով կհեռացնեին բռնություն կամ զրկանք գործ անող խուժանին: Ջահել կանանց իրենք չմոտեցան:

Տղոցկան կանանց, որ թարսի պես շատ էլ կպատահեր, ծերերի ու տկարների համար գյուղերից սայլեր կհանեին ու ետ մնացած կամ անճարությունից թողած երեխաներին կբերեին և ծնողներին կհասցնեին…:

Մի անգամ էլ ե’ս թողի Մարտիկիս ճանապարհի վրա, որովհետև այլևս հնարավորություն չունեի տանելու, շարունակ ետ էի նայում, թե ի՞նչ եղավ խղճուկ բալիկս, գալի՞ս է արդյոք թե՝ մնաց: Հանկարծ մեծ աղջիկս նկատեց. “Բա ու՞ր է Մարտիկը, քոռանամ ես: Քեզ որ մնա բոլորիս էլ կթողնես ճանապարհին…” այսպես հանդիմանելով ինձ, ետ գնաց, գրկեց ու բերեց եղբորը: Մի անգամ էլ Նեալա թուրք գյուղի մոտ ինձ մոտեցավ մի թուրք և կարեկցությամբ սկսեց հարցնել. “Դու Սահակի կի՞նն ես, ինչպես են երեխաները…” Ես այնպիսի վիճակի մեջ էի, որ չէի ուզում անգամ պատասխանել, խեղճ մարդը բավականաչափ հաց լցրեց գիրկս և համարյա լալով` հեռացավ մեզանից: Հետո իմացա, որ վերջին օրերում մեր տանը հյուր եղող Զուռզուռնեցի թուրքերից մեկն է եղել:

Աստված մի արասցե, որ ննջեցյալ պատահեր, դուրս կբերեին մեր միջից այդ անիրավ գազանները ոտներից պարան կկապեին, զզվելի կատակներով քարշ կտային և մի ձորից ներքև  կգլորեին, մեզ էլ ասում էին.- Բոլորիդ էլ այսպես շան նման քարշ տալով պիտի կոտորենք և դեռ քիչ է այն ամենի դեմ, ինչ որ մեր գլխին կատարել են ձեր “ջան ֆիդահները”…:

Այսպես վարվեցին ի թիվս ուրիշների Գեանդիենց Խաչոյի զոքանչի հետ, որը մի խեղճ ու կրակ պառավ կին էր, չկարողացավ տանել այնքան զրկանքներն ու նեղությունները և ճանապարհի կեսին կնքեց յուր թշվառ մահկանացուն:

Վերջապես ծաղկազարդի շաբաթին հասանք Տոլոշ գյուղը, մի մեծ գետի ափին, որի վրա մի նեղ կամուրջ կար գցված, ահա այդ նեղ ու խարխուլ կամուրջի վրայով պիտի անցնեին հազարից ավել մեր թշվառ գերիները` տաժանելի ճանապարհորդությունից հյուծված ու ջարդված: Այսպես թե այնպես մեկս մեկու ձեռք բռնած, բոլորիս էլ անց կացրին գետի մյուս ափը: Ամեն մեկիս բաժանեցին մի ֆնտանոց կլոր հացերից ու տարան հասցրին Խրթզ ավանը, ուր պիտի կատարվեր գերիների փոխանակությունը:

Խրթզում մեզ բաժանեցին թուրքերի տները և թե այդ գիշեր ևս, ինչպես որ ճանապարհին պատահած թուրքերի գյուղերում, որպիսի խժդժություններ ու զրկանքներ պատահեցին, Աստծուն է միայն հայտնի:

Հետևյալ առավոտը հավաքեցին մեզ ու տարան բարձրացրին մի բլուրի վրա, որի կատարին երբեմն երբեմն երևում էին սպիտակ դրոշակներ բռնած մարդիկ: Շատ չանցած` այդ տեղից վայր իջեցրին խճուղու վրա և ճանապարհի երկու կողմերում նստեցրին: Բավական սպասելուց հետո Ախալքալակի կողմից երկու ձիավոր թուրքեր եկան ու հարցնում էին.- «Որտե՞ղ է Համալբաշոնց Սերգոյի կինը»: Երևաց, որ նա մեր մեջ չէր, այլ մնացել էր Տոլոշ գյուղի Բեգի տանը: Ձիավորները գնացին և այնտեղից առոք փառոք ձիերի վրա նստեցրած` բերին Սերգոյի կնոջը և Նազարեթենց Վերոնին ու տարան դեպի Ախալքալակ: Մենք մնացել էինք ճանապարհի երկու կողմերում վայր թափված` արյունոտ սրտերով և սպասում էինք:

Ահա նորից երևացին Ախալքալակի կողմից երկու ձիավորներ, այս անգամ թուրք Բեգերի կանայք, իրենց խաս շորերով ու զարդարանքներով: Դոքա մեր միջից անցնելիս` հայհոյում էին մեզ բերող թուրքերին. – ”Շնե’ր, այդպե՞ս կպահեն կին գերիներին, տեսե’ք, հայերը մեզ ինչպես են պահել, ո’չ թալանել են և ոչ էլ վատություն արել… Մեզ էլ սիրտ էին տալիս ու ասում. – Մի’ վախենաք, Բաջիլարի քույրերս, դուք էլ ազատված էք…” Ու անցան գնացին:

Արդեն երեկոյանում էր, երբ մեզ վերադարձրին Խրթզ ասելով` որ. – «Ձեր հայերը այլևս չեն ուզում ձեզ ընդունել, քանի որ տղամարդ չկա մեջներդ…»: Եվ արդարև ոչ մի տղամարդ չկար, բացի մի կաթոլիկ կաղ հայից, թե ինչպես էր ընկել այդ մի հատիկ մարդը մեր մեջ, ոչ մի կերպով չկարողացա իմանալ: Եվ թե ինչպես էր կարողանում այդ մարդը տեսածից համբերել, տեսնելով ամենն` իր կնոջ ու աղջիկների քաշքշոցն ու հալածելը: Թե որպիսի յուրահատկություն և զայրույթ ընկավ մեր  մեջ, աստված ազատե, սոսկալի լաց ու որոտումով նորից լցվեցինք Խրթզ: Թուրքերի լլկանքներն ու մահվան սպառնալիքները նորից ճաշակելու: Անեծք ու հայհոյանք էր, որ թափառում էր  Համալբաշոնց Սերգոյի և նրա դավաճան ընկերների հասցեին, որոնք իբր Արդահանի գլխավոր ղեկավարներ, ժողովդին բռնի պահել էին ու տղամարդկանց կոտորել տվել, իսկ իրենք օգնություն բերելու պատրվակով գլուխներն ազատել էին և այսօր էլ իրենց կանանց Բեգերի խանումների նման ազատում ու մեզ հազար յոթ հարյուրի չափ ողորմելի և սոսկալի տանջանքներ ու տառապանքներ կրած գերիներիս` թողնում էին գազանների ճանկերում: Վերջապես այդ սև գիշերն էլ անց կացրինք Խրթզում, դառը հուսախաբության մեջ և անքուն աչքերով սպասեցինք մյուս օրվա մեր գլխի գալիքներին:

Հետևյալ օրը մեզ նորից հավաքեցին և տարան դարձյալ խճուղու վրա, երկար սպասելուց հետո, բարձրացրին Ախալքալակի կողմը մի լայն դաշտի վրա, որի երկու կողմերում դիրք էին բռնել հայ ու թուրք զինված մարդիկ: Մեզ մոտ իջան Արդահանցի Արեգակենց Գրիգորը, Ղլտչոնց Սուրենը ուրիշ 10-15 ընկերներով և սկսեցին բանակցությունները մեզ փոխանակելու մասին: Պայմանն այնպես է եղել որոշված, որ այր մարդիկ երկուստեք հավասար պիտի փոխանակվեն, իսկ կանայք ու երեխեք` տասը հոգին մի տղամարդու հանդեպ, և որովհետև թուրք գերիների թիվը 300-ից չէր անցնում, համարյա բոլորն էլ տղամարդիկ, ուստի մեզ ազատելու համար եկողները մնացին մոլորված վիճակի մեջ և հազիվ 30-ի չափ փոխանակություն էին կատարել, երբ դառնալով դեպի մեզ ասացին. – «Ավելի լավ չէր լինի, որ բոլորիդ էլ կոտորեինք ձեր տղամարդկանց հետ, քան թե այդ վիճակում եկել հասել էք այստեղ, հիմա մենք ինչպե՞ս փոխանակենք ու ազատենք ձեզ, ով սիրտ ունի և կարող է, թող փախչելով իրան ազատե»:

Մի սարսափելի խլրտում ընկավ մեջներս, ոչ մի արգելքի առջև չխոնարհվելով` դիմեցինք դեպի Ախալքալակի կողմը և ցիրուցան եղանք: Մնացել էին ”Չաուշների” վերցրած կանայք և նրանց բարեկամները, որոնց թուրքերը չէին կամեցել բաց թողնել: Բայց կանայք դեմ էին կացել և պահանջել իրենց ազատությունը ևս, որի պատճառով հայերի և թուրքերի մեջ ընդհարումներ էր առաջ եկել, բայց բարեբախտաբար, վեճը խաղաղությամբ էր վերջացել: Նրանք էլ ազատված եկան, մեզ միացան ու այսպես վերջացավ գերիների փոխանակությունը և մեր ազատության խնդիրը:

Գ. ԱԶԱՏՎԱԾ ԳԵՐԻՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ

Թե ինչպե՜ս թափառեցինք առաջին պատահած գյուղի աղբյուրի վրա և ինչպիսի՜ ագահությամբ ջուր էինք խմում ու լվացվում, դժվար է նկարագրել, այսպես շարունակվեց մինչև իրիկուն: Շավշետի ու Արդահանի գեղեցկադեմ հարս – աղջիկները ցնցոտիներ հագած, երեսներին ամեն տեսակ ապականություն քսած ու երկար ժամանակ անլվա մնացած` զզվանք էին պատճառում տեսնողներին: Թուրքերը զարմացած հարցնում էին իրար – «Ջանմ, ի՞նչ եղան Շավշետի ու մեր քաղաքի հուրի մալաք խանումները, ոտքից մինչև գլուխ խաս ու ղումուշի և ոսկե ամարաթների մեջ կորած հարս աղջիկները ու էս ահլի բեդեաթները մնացին»: Իսկ այդ «ահլի բեդեաթները», իրենց դահիճներից ազատվելու հենց առաջին օրն իսկ լվացվեցին, մաքրվեցին, հագած կեղտոտ ցնցոտիները մի կողմ շպրտեցին ու մարդկային կերպարանք ստացան:   Սկզբում մեզ արգելում էին, շատ ջուր խմել հիվանդություններից զգուշացնելով: Ամեն կողմից ուտելիքներ բերին և գայլի նման սոված բազմությունը քիչ ու շատ կերակրեցին և թողին հանգստանալու:

Հետևյալ օրը շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Ախալքալակ, պատահած գյուղում հանգստանալու ժամանակ մեզ լուսանկարեցին, որից հետո մեզ ազատ թողին, ո’վ ինչպես կամենա տնօրինի իր վիճակը: Շատերը ցրվեցան հայկական գյուղերը և մեծ մասն էլ, որոնց հետ և մենք յուրայիններով գնացինք Ախալքալակ, մի առ ժամանակ տեղավորվեցինք դպրոցական շենքերում և որբանոցներում:

Առաջին հերթին մեզ բաղնիք տարան, լվացին ու մաքրեցին և բժշկական քննության ենթարկեցին և մոտ երկու շաբաթ մեզ կերակրեցին ու լավ պահպանեցին, որից հետո շատերին նորից գյուղերի վրա բաժանեցին, իսկ քաղաքում մնացածներին միայն հաց էին տալիս, իբրև նպաստ և պատվիրում գործի լինել ու գոյություն պաշտպանել: Ախալքալակում Արդահանի գաղթականությունը բողոքեց Համալբաշյան Սարգսի դեմ, մի շարք մեղադրանքներ բերելով նրա վրա, իբր ընդհանուր ղեկավար նրան էին պատճառ համարում Արդահանի կոտորածի, որի հետևանքով դատի կուզեին ենթարկել: Ազգային խորհրդի տունը գնալիս, նրան կանգնեցնում են, նա շատ աղաչում է, թույլ տալ մի քանի խոսք ասելու, բայց զայրացած գաղթականների կանայք քարկոծում և այսպես սպանում են նրան:

Ես չգիտեմ, թե որքա’ն արդարացի էր այդ վերաբերմունքը, բայց դրանով ո’չ մի բավարարություն չստացանք այդչա~փ կոտորածի և ավերածության հանդեպ ու մի ընտանիք էլ մեզ նման թշվառացավ:

Որքան որ ազատված էինք թուրքի ճիրաններից, բայց նրանց ահը դեռ չէր անցել մեր սրտերից և որքան որ լռում էինք նրանց առաջ գալը, այդ ահն ու երկյուղը սաստկանում էր: Ինչպես պատմեցի գերիների փոխանակության ժամանակ մեր փախուստը խանգարեց գործը և հայերի ձեռքը մնացել էին հարյուրից ավելի թուրք գերիներ:

Երբ որ Կարսի ընկնելը և Տաճիկ զորքերի Ախալքալակին մոտենալը հաստատվեց, տեղական վարիչները որոշեցին այդ գերիներին կոտորել: Մեզ հավաքեցին ու հայտնեցին այդ որոշումը, ավելացնելով` որ – «Ինչպես նրանք ձեր տղամարդկանց կոտորեցին ու թալանեցին ձեր աչքերի առջև, դուք էլ կարող էք գնալ, նրանց գերիներին թալանել ու կոտորել: Մեզանից ով որ սիրտ ու քաջություն ուներ  նորից տեսնել արյան ճապաղիքները, գնաց հանդիսատես լինելու և մասնակցելու այդ արյունոտ հանդեսին:

Ես չկարողացա գնալ, բայց մեծ երեխաներս գնացել էին և բերին մի քուրք, մի իպրուղ /ջրաման/, մի խուրջին լի պաշարով, մի վերմակ, մի խալի և մի քանի զույգ գուլպաներ: Մի կաթիլ մեր կորցրածների հանդեպ, բայց այնպիսի վիճակում էինք, որ այդ բերածներն էլ կարող էին զավակներիս մերկությունը ծածկել ու միառժամանակ կերակրել, դրա համար էլ ո’չ մի խոսք չասացի զավակներիս այդ թալանի մասին, թեև հոգով շատ հակառակն էի: Ուրիշներն էլ շատ բան էին բերել ու պատմում էին այդ գերիների ու կոտորելու մասին, որոնցից շատերն էլ փախել էին:

Ազատված հայեր շատ կային, սկսել էին արդեն հեռանալ դեպի Վրաստանի և Ալեքսանդրապոլի կողմերը: Մենք էլ երեք – չորս օրից հետո Ախալքալակի ամբողջ բնակչության հետ նորից գաղթականության ճանապարհը բռնեցինք, անիծելով մեր սև բախտը և աչքի առաջ բերելով գալիք օրերը` այնպես որ, երբ փոքր տղայիս ձեռքից բռնած անցնում էի գետի վրայի կամուրջից, կանգ առա ու Մարտիկիս ասացի. «Գառնուկ ջան, ա’րի ջուրն ընկնենք ու ազատվենք այս սև օրերից… Խեղճ տղաս զարմացած երեսիս նայեց և լացակումած` – Ի~ա, մամա ջան, ախր կխեղդվենք, – ասաց ու ձեռքիցս քաշ տալով գետի մյուս կողմը տարավ:

Առաջին գիշերը մեր խումբը հասավ Ղոդո գյուղը, ուր ես սաստիկ ուժասպառ եղած ընկա վայր դողերեցքից տանջվելով: Սաթիկս գնաց բժշկի մոտ, նա էլ խինին էր տվել, որը ընդունելով` երկունքի ցավերով բռնվեցի և անժամանակ ազատվեցի վերջին ծննդաբերությունիցս…: Երեխան կենդանի էր, անմիջապես մկրտեցին, որը հետևյալ օրը վախճանվեց, ու մենք ստիպված էինք ճանապարհ ընկնել այդ դրությանս մեջ, վատ և անձրևային եղանակներով, անտառների միջով և հազիվհազ Բակուրիան հասանք: Այդտեղ մի բարի մարդ առաջնորդեց մեզ և երկու սենյակից բաղկացած մի բնակարան ցույց տվեց, որտեղ վայր թափվեցինք: Մի քիչ հետո այդ մարդը փայտ էլ բերեց և հուսադրեց, որ կարող ենք վառել ու հանգստանալ, իսկույն աղջիկները կրակ արին, շորերս չորացրին և ընկանք քնելու:

Առավոտը դուրս եկան աղջիկներս և քուրանցս էլ գտնելով բերին մեզ մոտ, որտեղ մի քանի օր մնցինք:

Գաղթականները հետզհետե երկաթուղով հեռանում ու ցրվում էին  այս ու այն կողմ: Մենք էլ գնացինք կայարան, բայց մեզ արգելեցին վագոններ նստել, նույնիսկ կամեցանք տոմսակ վերցնել, այդ էլ չթողին: Ստիպված եղանք շատերի նման ցրվել անտառի մեջ և խիտ ծառերի տակ ապաստանել ու բացօթյա ապրել երկու ամսի չափ: Բայց ես իմս արդեն գտել էի, ծանր հիվանդացա մինչև անզգա վիճակի մեջ: Խեղճ աղջիկներս սոսկալի զրկանքներ ու նեղություններ կրելով` պահպանում ու խնամում էին ինձ ու փոքրահասակ եղբայրներին, շարունակ գնում էին կայարան ու մի վրացի խանութպանից գնումներ անում…:

Երբ արդեն մի քիչ լավ էի դարձել և ուշքի եկել, մեծ աղջիկս ինձ հայտնեց, որ վրացի խանութպանը կամենում է միջնեկ աղջկաս – Արմենուհուս ծառայության վերցնել: Ես բացեիբաց մերժեցի, ասելով. – Այնչափ նեղություններ կրելով ազատեցի, բերի այստեղ, կորցնելու՞ համար: Ու երբ ինձ շրջապատողները,  պնդում էին, ցույց տալով այդ բանի օգտակար կողմերը, ես կակղեցի և չգիտեմ ինչու ասացի, – Եթե փոքրին կվերցնե, կհամաձայնեմ: Մյուս օրը լուր բերին թե` խանութպանը համաձայն է փոքրին էլ վերցնել: Խոսքը բերանիցս դուրս էր եկել…: Էլ չկարողացա հակառակվել և Սաթիկս գնաց խանութպանի մոտ ծառայության մտավ: Ցերեկները գնում էր, իսկ գիշերները գալիս մեզ մոտ քնելու: Մի քանի օրից հետո Սաթիկիս համար կոշիկ և հագուստ էինք գնել, այդ բանը շատ էր ուրախացրել խղճուկ զավակներիս, մի երկու օր հետո էլ հայտնել էր, որ տանելու են Քութաիս: Այդ լուրը ինձ սթափեցրեց, ես չհամաձայնեցի, բայց աղջիկներս, մեզ հետ ապրող տալանքս և քուրանքս և դրացի Թրափը իր քրոջ հետ հանդիմանում և համոզում էին ինձ. – «Քա ի՞նչ կլինի, թող տանեն, ավելի լավ, կգնա, կտեղավորվի ու մեզ էլ կգրի, խանութպանն էլ մեզ կօգնի, վեր կկենանք, կհեռանանք այստեղից, խոմ միշտ ծառերի տակ չենք կարող ապրել, աշունն ու ձմեռը  մոտենում են, ախր ի՞նչ կլինի այն ժամանակ մեր վիճակը…»: Էլ ոչինչ չկարողացա խոսել, ակամա ենթարկվեցի, բայց սիրտս վկայում էր, որ Սաթիկիս կորցնելու եմ: Աստղիկս գնաց խանութպանի մոտ, նրա հասցեն վերցրեց, հազար ու մի աղաչանքներով` խոստումն առավ քրոջը լավ պահպանելու և մեզ էլ այդ դրությունից ազատելու և Սաթիկիս ճանապարհ դրեց դեպի Քութաիս…:

Սաթիկիս գնալուց մի քանի օր հետո էլ եկան որբեր հավաքելու: Տալանքս իրենց երկու երեխային գրել տվին, Թրափն էլ իր երկու երեխաներին, ես դժվարանում էի որոշել: Բայց այստեղ էլ, հազար ու մի գեղեցիկ խոստումներով և հույսերով համոզեցին Արմենուհուս /13 տարեկան/ և Սարգսիս /9 տարեկան/ գրել տվի և դրանց մյուս որբերի հետ ճանապարհ դրինք Սուրամ: Մնացի ես, մեծ աղջիկս Աստղիկը /15 տարեկան/ և փոքր որդիս Մարտիկը /4-5 տարեկան/: Տալս էլ մնաց իր այրի աղջկա – Նվարդի հետ, որի երեխան արդեն մեռել էր: Իսկ Թրափն էլ մնաց իր քրոջ հետ: Այս յոթ հոգիս, ծառների տակ մի կերպ քարշ էինք տալիս մեր թշվառ գոյությունը և անհամբեր նամակի սպասում Սաթիկից և որբերից:

Շատ չանցավ Սուրամից նամակ ստացանք մեր որբերից, որ մեզ էլ կանչել էին, Իսկ Սաթիկիցս լուր չկար ու չկար: Շարունակ գլխիս արևիս էի տալիս ու սրտիս մորմոքը բորբոքում, բայց ի՞նչ կարող էի անել, խղճուկ բալիկս ձեռքիցս թռել էր…:

Մեր Սուրամ գնալը նոր-նոր արգելքների հանդիպեց: Կայարանում հայտնեցին, որ գաղթականների մեջ հիվանդություն է ընկել, արգելված է նրանց տեղափոխելը: Անտառում մեզ մոտ մնացող որոշ ընտանիքներ որոշել էին գաղտնի հեռանալ Բակուրիանից և ոտով գնալ մինչև Սուրամ: Մենք էլ որոշեցինք նրանց հետևել, բայց երբ հայտնեցինք, նոքա մերժեցին թույլ տալ իրենց հետևելու, վախենալով բռնվելուց, իսկ մենք ետ չկեցանք մեր մտքից և որոշեցինք գաղտնի հետևել նրանց ու այդպես էլ արինք:

Պատրաստ սպասում և հսկում էինք, մի գիշեր տեսանք նոքա ճանապարհ ընկան, մենք էլ հեռվից հետևեցինք նրանց: Երբ բավական տեղ անցել էինք, նկատեցին մեր հետևելը և ամեն կերպ աշխատեցին արգելել և ետ դարձնել, բայց մենք դիմադրեցինք. – «Ինչպիսի՞ հայ տղամարդ էք, ասացինք, որ մի քանի կանանց մերժում էք օգնություն ցույց տալ, ձեզանից հաց ու ջուր խոմ չենք պահանջում, էնքան, որ ետևներիցդ գանք ու էս դրությունից ազատվենք»: Վերջապես զիջան մեր թախանձանքին և թողին հետևելու: Անտառի միջով մի օր գնալով` հասանք Ծաղվեր գյուղը, կամուրջից անցնելիս պահապանը կամեցավ արգելել /սակվեր/, բայց մեր ու երեխաների թշվառ դրությունը տեսնելով և մեր թախանձանքին լսելով` զիջեց, չտեսնելու ձևացրեց ու հեռացավ: Մենք էլ կամուրջն անցանք և  ճանապարհը շարունակելով հասանք Բորժոմ: Փողոցում շրջելիս մեզ բռնեցին և իմանալով, որ Սուրամ կամ Տփղիս գնալու միտք ունենք, տարան լցրին մի բակի մեջ, ուր մեզ նման ուրիշ գաղթականներ էլ էին հավաքվել:

Այդ գիշեր Բորժոմցի մի հարուստ հայ /անունը մոռացել եմ/ գաղթականներիս հաց, բրինձ, շաքար ու թեյ բաժանեց: Հետևյալ առավոտը բոլորիս էլ տարան կայարան, լցրին բաց վագոնների մեջ և Տփղիս /Թիֆլիս/ ուղարկելու խոստումով` ճանապարհ դրին: Մենք էլ չափազանց ուրախացանք, որ վերջապես պիտի ազատվենք թափառական վիճակից, բայց որքա~ն եղավ մեր հիասթափությունը և զարմանքը, երբ մեզ իջեցրին նորից Բակուրիանի կայարանը…: Ի՞նչ կարող էինք անել, այլևս չհեռացանք կայարանից և մի ամսի չափ էլ նորից քարշ եկանք այդտեղ, ցերեկները անտառում և այս ու այն կողմ օրերս անցկացնելով` գիշերները գալիս, դատարկ վագոններում քնում էինք:

Այդ միջոցին մի վրացի ընկել էր ետևներս և ամեն տեսակ խոստումներ անելով խնդրում էր տալիս աղջկան – Նվարդին` իրեն տալ: Բայց տալս բարկացավ ու հայհոյելով վռնդեց. – «Գլուխդ ուտե քո օգնությունդ, էլ բիլեթ տանելդ էլ և ճանապարհ դնելդ էլ…»: Այսպիսով այդ մարդու խոստումներից ու օգնություններից էլ հույսներս կտրեցինք: Ամառն անցնում էր, աշնան և ձմռան ցրտերի ուրվականը մեզ սթափեցնում էր: Մի օր տալիս, մյուսներին առաջարկեցի վեր կենալ ու ոտով նորից Բորժոմ գնալ, գուցե կարողանանք մի կերպ Սուրամ կամ Տփղիս /Թիֆլիս/ հասնել, եթե ոչ, այստեղ անտառում բոլորս էլ կկոտորվենք: Սկզբում չէին ուզում համաձայնվել, բայց վերջիվերջո համոզեցի ու ճանապարհ ընկանք` մի ամիս առաջ գնացած ճանապարհով, ես էի առաջնորդում, մեծ դժվարությամբ ու նեղություններով մի կերպ հասանք Ծաղվերի կամուրջին և որչափ ուրախացանք, որ արգելքի չհանդիպեցինք և այդ տեղից ուղիղ ճանապարհով հասանք Բորժոմ, բայց չվստահացանք մտնել քաղաք, մնացինք անտառում, միայն աղջիկներին ուղարկեցինք, որ գնան մեզ համար ուտելիք գնեն և լուրեր բերեն: Նոքա էլ գնացին ու երկար ժամանակ չեկան, մեզ բավականին անհանգստություն պատճառելով:

Վերջապես երեկոյան դեմ եկան և ուրախ – ուրախ պատմեցին, որ պատահել են Արդահանցի Գեանդիենց Մկոյին, որ ճանաչելով իրանց` շատ ուրախացել, տարել կերակրել  ու պատվել էր, մինչև իսկ գինի խմեցնելով ու երբ իմացել էր մեր մասին, շատ էր ուրախացել, տարել էր կայարանի մոտ մի տեղ ցույց տվել և պատվիրել, որ վերադառնան և մեզ գիշերով տանեն այն տեղը, ինքը կգա, մեզ կգտնի և բիլետ էլ կառնի ու ճանապարհ կդնի Սուրամ: Մեր ուրախությանը չափ չկար, փառք տվինք, որ վերջը ազատվելու ենք, բերած պաշարը կերանք, հանգստացանք և մթնով գնացինք Մկոյի պատվիրած տեղը: Երկար սպասել չտվեց այդ պատվական դրացին, եկավ, հետն էլ միրգ էր բերել երեխաների համար, ցավակցություն հայտնեց մեր վիճակը տեսնելով և արտասունքն աչքերին սկսեց մխիթարել և հուսադրել, մինչև որ գնացքի ժամանակը եկավ, անվերջ շնորհակալություններ հայտնելով, փող տվինք և խնդրեցինք տոմսակ վերցնել և ճանապարհ դնել Սուրամ: Մկոն գնաց և մենք սրտատրոփ սպասում էինք նրա վերադարձին: Վերջապես եկավ տոմսակները ձեռքին և տարավ մեզ տեղավորցրեց վագոնում, հայտնելով, որ իր ընտանիքին է ուղարկում Սուրամ: Այլևս մեզ բան ասող չեղավ, չափազանց երախտագիտությամբ շնորհակալ եղանք այդ մարդուց և իբրև հարազատից` արտասաթուր աչքերով բաժանվեցինք:

Գնացքը շարժվեց, մենք կծկված վագոնում չէինք հավատում, որ ազատված ենք Բակուրիանի անհյուրընկալ աշխարհից: Կես գիշերն անցել էր, որ հասանք Սուրամ և կայարանից հեռանալով` մի պատի տակ կուչ եկած` լուսացրինք այդ բաղտավոր գիշերը:

Դ. ՍՈՒՐԱՄԻ ՈՐԲԱՆՈՑԸ

Առավոտը լույսը բացվելուն պես, պատահած մարդկանց հարցնելով` գտանք հայոց եկեղեցու բակի մեջ, դպրոցական շենքում որբանոց կոչված բնակարանը, երբ փնտրում էինք մեր որբերին, տեր Աստված, ի՞նչ տեսանք այդտեղ: Հինգ հարյուրի չափ որբեր իրար վրա թափված, կեղտի ու ոջիլի մեջ, մնացինք սարսափած, չեինք ուզում աչքներիս հավատալ: Վերջապես գտանք մեր խղճուկ որբերին և նրանք թափվեցին վրաներս, մի կողմից լաց ու կոծ, մյուս կողմից ուրախություն և համբույրներ, ուրիշ շատ ծանոթ ընտանիքների որբեր ևս եկան, շրջապատեցին մեզ և հարցերի կարկուտ տեղացին, չէինք իմանում, որին ինչ պատասխանենք, կամ ինչպե՞ս մխիթարենք ու հանգստացնենք ծնողազուրկ կարոտ սրտերը…:

Վերջապես կառավարչն եկավ քահանայի հետ, մենք դիմեցինք նրանց և խնդրեցինք թույլ տալ մեր որբերին տանել, լողացնել ու մաքրել: Սկզբում համաձայնեցին, բայց վերջում մերժեցին ասելով`- որ այսքան որբերի մեջ մի քանիսներին մաքրելը միտք չունի և լավ ազդեցություն էլ չպիտի թողնի: Ուրիշ բան կլիներ եթե կարողանայինք բոլորին լողացնել ու մաքրել, մենք ձեզ կօգնենք ու վարձ էլ կտանք…: Մենք թեև դժվարությամբ, բայց հանուն մեր որբերի հանձն առանք այդ ծանր գործը, թեև ջարդված ու երկար տառապալից դեգերումներից ուժասպառ: Հենց այդ օրն էլ իջանք առվի վրա, կրակ վառեցինք, ջուր տաքացրինք և մեծ որբերի օգնությամբ սկսեցինք լողացնել ու մաքրել այդքա~ն խղճալի որբերին:   Կառավարիչներն էլ սկսեցին շրջել քաղաքում և ունևոր տներից շորեր հավաքել ու հետզհետե մեզ ուղարկել: Մինչև երեկո անընդհատ աշխատելով կարողացանք բոլորին էլ լողացնել, մաքրել, հին անպետք շորերը այրել ու նորերը հագցնել: Բնակարանն էլ մի լավ մաքրել տվինք ու այդպես տեղավորեցինք որբերին: Իսկ մենք բեզարած ու ջարդված հենց եկեղեցու բակում էլ գիշերեցինք և հանգիստ քուն եղանք:

Հետևյալ առավոտը կառավարիչն ու քահանան բժշկի հետ եկան, մեծ շնորհակալություն հայտնեցին և Աստղիկիս, տալիս ու նրա աղջկան` Նվարդին պաշտոնի կարգեցին որբանոցում: Մնացինք ես ու Մարտիկս և դրացի Թրափն ու իր քույրը Հերիքնազը, վարձատրեցին և մեզ էլ հայտնեցին, որ չի կարելի եկեղեցու բակում գիշերել, ցույց տվին գաղթականների կայարանները, որտեղ թագավորում էր կեղտն ու ամեն տեսակ հիվանդությունները: Մենք նախընտրեցինք եկեղեցուն կից գերեզմանատան քարերի մեջ գիշերել, քան գնալ և ընկնել ընդհանուր կայարանների աղբանոցում և այսպես մոտ երկու շաբաթ, գիշերները անց կացրինք գերեզմանատան քարերի մեջ, երկյուղի ու սոսկումի զգացմունքով նախապաշարված: Իսկ ցերեկները Մարտիկիս ուղարկում էի քույրերի մոտ, իսկ ես Թրափի քրոջ հետ թափառում էի այս ու այն կողմը: Թրափը գնում էր մուրալու և երեկոները դառնում գոգը լի պաշարով և շարունակ քրոջը հանդիմանում թե`- «Անգործ նստել ես, ես կաշխատեմ, դու կուտե’ս: Գնա’, դու էլ մուրացկանություն արա»: Ես էլ համոզում էի, որ այդպես անե և ազատվի քրոջ հանդիմանություններից: Բայց նա լաց լինելով ասում էր ինձ. – Ա~խ, չե’մ կարող, Աղավնի մորքուր, սաստիկ կամաչեմ, մեռնելս կուզեմ, քան տնե դուռ ընկնել ու մուրալ…:

Խեղճ ջահել հարս, ի~նչ օրի էր, հիմա ինչ օրի մեջ է ընկել, հազիվ 18 տարեկան լիներ և երեք ամիս էլ չապրավ ամուսնու հետ: Մի օր էլ խղճալով առաջարկեցի նրան միասին գնալ մոտիկ գտնված Միխայլով գյուղը և փորձել մուրալու: Թեև մեծ դժվարությամբ, բայց համաձայնեց գալ: Երեք վերստի չափ գնալով հասանք Միխայլովո գյուղը, հենց առաջին դռանը խիստ հանդիմանություն լսեցինք. «Ոտներդ կոտրվեր, չգայիք այս կողմերը, չե՞ք ամաչում, ջահել, առողջ և սիրուն կանայք, ընկել էք մուրալու: Գնացե’ք, աշխատեցեք ու ապրեք…»:

Երկրորդ դռնից շունը բաց թողին վրաներս և հայհոյելով վռնդեցին, իսկ երրորդ դռնից փայտերով հալածեցին…: «Ես այլևս ո’չ մի դուռ չեմ գնա մուրալու, Հերիքնազ ջա’ն.- ասացի ընկերուհուս, մոտս փող կա, գնանք մի քիչ հաց առնենք, ուտենք, հանգստանանք և վեր կենանք գնանք տուն»:

Խեղճ աղջիկը ոչինչ չպատասխանեց, սաստիկ կարմրել ու դողդողում էր: Բազարից երկու ֆունտ հաց գնեցի, նստանք մի պատի տակ, կերանք, ես գլուխս դրի Հերիքնազի ծնկան ու քնեցի: Բավական ժամանակ անցել էր, երբ ճանապարհ ընկանք և երեկոյան դեմ հասանք մեր կեցարանը – գերեզմանատունը: Մի քիչ հետո Թրափն էլ եկավ: Նա առավոտն ուրախացել էր, որ մուրալու պիտի գնանք, գալուն պես. – «Է~ աղջիկներ, ասաց, բերեք տեսնեմ, ի՞նչ էք վաստակել այսօր»: Մենք էլ ծիծաղելով` մի պարկ ցույց տվինք, որը տնտղելուց հետո նոթերը կիտած ու թթված ասաց. – «Ես գիտեի, որ ձեզանից բան դուրս չպիտի գա, էդքան շնորք չունեք, հիմի արեք տեսեք թե ես ինչեր եմ բերել»: Գոգնոցը բացեց և ինչ ասես, որ  չհանեց, տեսակ – տեսակ հացի կտորտանք, մի երկու խմորեղեն, հավի ու ոչխարի մսի կտորտանք և այլն և այլն:

Վերջապես մենք էլ ազատվեցինք այդ սև օրերից: Որբանոցի կառավարիչները տեսնելով` որ չենք հեռանում գերեզմանոցից ու եկեղեցու բակից, երեքիս էլ պաշտոն տվին որբանոցում ծառայելու և այդ  օրվանից ազատվեցինք մուրալուց էլ, գերեզմանատնից էլ և աննպատակ թափառելուցն էլ: Այդ ժամանակ որբանոցը երկու մասի էր բաժանված, վերի հարկում հիվանդներին էին տեղավորել, որտեղ ծառայում էին աղջիկներս: Իսկ ներքևի մասում առողջները, որտեղ մենք էինք ծառայում: Թեև բավական մաքրված ու կարգի էր բերված, բայց քոս կոչված հիվանդությունն էր ճարակել, որբերի մեջ և այնպես սաստկացավ, որ օրական 5-10 որբեր կմեռնեին: Առողջներին բաժանեցին հիվանդներից և տեղավորեցին գետի մյուս ափին գտնված մի մեծ շինության մեջ: Ընդհանուր կառավարիչը ռուս էր, իսկ օգնականները և պահեստապետը հայեր էին: Որբանոցը այն ժամանակ ավելի բարեկարգվեց, երբ ընկավ Տփղիսի /Թիֆլիսի/ Ամերիկական որբախնամների հսկողության տակ, բայց ինչ օգուտ, որ վարակիչ հիվանդությունը այնպես սաստկացավ, որ համարյա որբ չթողեց, 500-ից մնացել էին միայն հարյուր ու մի քանի որբեր: Որբերի քչանալու պատճառով էլ ծառայողներիս կրճատեցին: Ես ստիպված` ապրում էի մի առանձին տան մեջ, մոտ չորս ամսվա չափ: Այդ միջոցներին էր, որ  խղճուկ Արմենուհիս էլ զոհ գնաց որբանոցի ծառայելու գիշերն էլ մահացավ, նա փորացավ ստացավ, նրա վերջին րոպեներում վերևի հարկից փոխադրեցինք ներքևի հարկը, երբ ընկած բիբերը վայր էին տածում «Մամա ջան, ու՞ր կտանես ինձ հարկից», իբր ասացի թե վարի հարկում ավելի հարմար տեղ, ինձ մոտ, «Է~հ, ավելորդ էր. – ասաց, այս գիշեր էլ հանգիստ թողնեիք, ամեն բան կվերջանար ու այդպես էլ եղավ անցավ», – ասաց բալես ու ինձ թողեց սգի ու դառն խոհերի մեջ:

Արմենուհուս մահից հետո Սաթիկիս  անհետանալն էլ զգալի էր լինում, քանի որ ոչ մի լուր չկարողացա իմանալ: Քանի նամակներ գրեցի ցույց տված հասցեով, պատասխան չստացա: Կասկածն ընկավ սիրտս, տեղական քահանային և որբանոցի կառավարիչին էլ ցույց տվի այդ հասցեն, բայց նոքա էլ բան չհասկացան և պարզապես ասացին. – Ա’յ կին, քեզ խաբել են ու աղջիկդ տարել, էս հասցեով նրան գտնել չես կարող այլևս: Կրակն ընկավ ջանս:

Վեր կացա նորից Բակուրիան գնացի, գտա աղջկաս տանողի խանութը, որտեղ մի հայ էր կանգնած, դիմեցի դրան և արտասուքն աչքերիս հարց ու  փորձ էի անում, գոնե մի բան իմանալու համար դժբախտ աղջկաս մասին: Այդ խանութում կեցող հայ մարդը երևի խղճաց ինձ, ներս կանչեց և ասաց. «Սամսոն Շենգելիանի տարած աղջիկը քու՞կդ է, արի’, ես դրա մասին շատ լավ տեղեկություն ունեմ: Սամսոնը իմ ընկերն է, ապրում է  Զուգդիդ գյուղում, մին-մին գալիս է այստեղ և գնում: Ես էլ եմ գնում – գալիս, հենց նոր եմ եկել այնտեղից, աղջկատ էլ տեսել եմ, ինձնից հայերեն գիրք էր ուզել, ես անձամբ տարա: Բոլորովին միամիտ է աղջիկդ, ողջ առողջ է և շատ լավ էլ պահում են, զուր տեղն էս անհանգստանում և այս ու այն կողմն ընկնում…»:

Այս ամենը իմանայով` խելքս կորցրի, ընկա այդ մարդու ոտները. – Ի սեր Աստծո, եղբա’յր, ասացի, որտե՞ղ է այդ Զուգդիդ գյուղը, մի տարի կլինի կորցրել եմ խեղճ աղջկաս, մի միջոց ցույց տուր, գոնե տեսնելու գնամ…»:

– Լա’վ, լա’վ վեր կաց. – պատասխանեց, Զուգդիդը Սամտրեթից  50 վերստ հեռու է, դու դժվար թե կարողանաս գնալ, տասն և հինգ օրից ես գնալու եմ, դու քո հասցեն թող ինձ մոտ, կգամ Սուրամ ու քեզ էլ հետս կտանեմ…:

Բավական հանգստացած և Սամսոնի իսկական հասցեն էլ վերցնելով, շնորհակալություն հայտնեցի և վերադարձա Սուրամ: Անցավ 15-20 օրը, բայց այդ մարդը չեկավ: Շարունակ տունը նստած սպասում էի և լաց լինում, մի անգամ ինձ մոտեցավ դրացի մի անծանոթ վրացի կին և հարցրեց արտասվելուս պատճառը, ես էլ պատմեցի: Երբ լսեց Սամսոն Շենգելիանի անունը, սաստիկ զարմացավ. «Այ կին. – ասաց, այդ մարդը իմ լավ ծանոթս է, տասն օր չկա, որ այստեղից գնացել է: Խոստացավ նամակ գրել, ես էլ մի քանի տող գրեցի Սաթիկիս, տվի այդ կնոջը, որ դնե նամակի մեջ: Շատ հուսադրեց ինձ, ես էլ շնորհակալություն հայտնեցի ու բաժանվեցի:

Այդ միջոցին ինձ նորից հրավիրեցին որբանոցում ծառայելու, թեև գնացի, բայց արդեն հանգստությունս կորցրել էի, գիշեր ցերեկ արտասուքս աչքերիցս չէր կտրվում: Սաթիկիս գտնելու միտքը երբեք չէր թողնում ինձ, քանի որ բավական տեղեկություն ստացել և ճիշտ հասցեն էլ ունեի այս մասին: Տփղիս /Թիֆլիս/ քրոջս էլ գրեցի և սպասում էի շատ հարմար դեպքի գնալու և Սաթիկիս գտնելու:

Ե.   ՈՐԴԵԿՈՐՈՒՅՍ  ՄԱՅՐԸ

Նոր էի երկրորդ անգամ ծառայության մտել որբանոց, երբ Տփխիսից /Թիֆլիսից/ քույրս նամակ էր գրել և հայտնել, որ Արդահանցի Կալիպսեն էլ կորցրել էր իր աղջկան, հոգևոր կառավարիչը թուղթ էր հանել և գնացել Զուգդիդ գյուղում` գտել աղջկան ու բերել: Ի՞նչ էս նստել Սուրամում և սուգ ու շիվան անում, արի դու էլ թուղթ հանիր և գնա’ Սաթիկիդ գտիր: Այստեղ է կարսեցի Տիգրան Չապրյանը, որ Կալիպսեին շատ օգնել է, կարող է քեզ էլ օգնել: Հանգստությունս բոլորովին կորավ, անմիջապես դիմեցի որբանոցի կառավարիչին և խնդրեցի թույլ տալ մի քանի օրով Տփխիս /Թիֆլիս/ գնալու, մի քիչ ձգձգեցին ու վերջապես թույլ տվին: Գնացի Տփխիս /Թիֆլիս/ և այնտեղ գտա մյուս տալս Սոֆիա Այվազյանցին, Կարսեցի Խորեն Քահանա Ստամբոլցյանի տունը, որի հետ գնացինք Ազգային խորհուրդը և հիշյալ քահանայի եղբոր որդու` Անուշավանի օգնությամբ ստացանք մի կնքված գրություն և 100 ռուբլի էլ նպաստ, Կալիպսեին նույնպես տեսա և նրանից իմացա Զուգդիդ գնալու և աղջիկը գտնելու մանրամասնությունները: Վերադարձա Սուրամ:

Որբանոցի կառավարիչին հայտնեցի Զուգդիդ գնալու մտադրությունս և թույլատրություն խնդրեցի: Թե’ կառավարիչը և թե’ մանավանդ բժիշկ Ադիբեկյանը չէին ուզում թողնել. «Ա’յ աղջի, գլխիցդ ձեռք էս քաշել, դու ո՞նց պիտի գնաս այդ վայրենի երկիրը, բա մեզ համար ամոթ չի~, դու կաց, մենք բերել կտանք քո աղջիկը»: Ես ոչ ոքի չլսեցի և համարյա գաղտնի ճանապարհ ընկա երկաթուղիով մինչև Նովի Սենակ կայարանը:

Գիշերը կայարանում անց կացրի, դահլիճի նստարանի վրա քունս տարել էր, երբ արթնացա, տեսա կողքիս քնած մի վայրենի դեմքով մարդ, յափնջու մեջ փաթաթված, շատ վախեցա, կամացուկ վեր կացա և դահլիճից դուրս գնացի, կեսգիշերն անցել էր: Մի քանի ռուս կանայք  զրուցում էին: Մոտեցա նրանց և խոսում էի հետները, երբ մի ուրիշ կին կանչեց իր մոտ, որ մի քիչ հեռուն միայնակ նստած էր և իմանալով հայ լինելս` շատ ուրախացավ, խնդրեց իր մոտ նստել ու սկսեց հարց ու փորձ անել, որտեղացի լինելս ու այստեղ գալուս պատճառը և երբ իմացավ Զուգդիդ գնալուս նպատակը սարսափեց ու նա էլ սկսեց համոզել, որ թողնեմ այդ հիմար մտադրությունս: «Գնալու տեղդ վայրենի երկիր է, բնակիչները քրդերի նման գող ու ավազակ մարդիկ են, դրանց ձեռքին ընկած աղջիկներին դժվար է ազատել, դու էլ կգնաս և գլխիդ կտաս, ջահել ու ժիր կին էս, մեղք եմ գալիս: Եթե գործ չունես, արի միասին ընկերանանք, առևտրով զբաղվենք, շատ փող կվաստակենք»: Եվ երբ տեսավ, որ ո’չ մի կերպ չի կարելի ինձ համոզել, ավելացրեց.

– Դու գիտե’ս, քույրս, մեղքը քո վիզը, ես քեզ կօգնեմ, կառք կվարձեմ ու ճանապարհ կդնեմ, շուտով Զուգդիդի հանրակառքերը կգան: Աստված հետդ լինի, միայն շատ զգույշ պիտի լինես, չասես թե հայ եմ, նրանք մեզ չեն սիրում, թեև միշտ էլ մեր տղաներին ու աղջիկներին գողանում կամ տանում և իրենց ազգը շատացնում են, դրանց մենգրելներ են ասում: Ով որ կհարցնի, ասա բերզեն եմ ու թե Աստված կսիրես, երբ հաջող վերադարձար, ինձ գտիր, ես շարունակ այս կայարաններում եմ լինում, շատ կուրախանամ, խեղճ գլուխդ ազատելու համար»: Ես շատ շնորհակալ եղա այդ բարի կնոջից, մեր խոսակցությունը շարունակեցինք մինչև որ Զուգդիդի հանրակառքերն եկան:

Միասին գնացինք կառապանների մոտ, 50 ռուբլի վարձ ուզեցին, որը տվինք և տոմսակ ստացանք, երբ ճանապարհ պիտի ընկնեինք, տեսա մեր վարձած կառքի մեջ միայն տղամարդիկ էին լցված, բոլորն էլ զենքերով ու յափնջիներով: Շատ վախեցա նրանց հետ գնալ: Ընկերուհիս անմիջապես մի ուրիշ կառապանի հետ խոսեց, որի մեջ էլ կանայք կային, համաձայնություն կայացվեց և ինձ երկրորդ կառքի    մեջ տեղավորելով` ճանապարհ գցեց: Կես ճանապարհին, մի լեռան ստորոտում կառքը կանգնեց, ճանապարհորդները բոլորն էլ վայր իջան ու կարճ ճանապարհով սկսեցին լեռը բարձրանալ: Ես էլ հետևեցի ինձ հետ նստող կանանց: Դրանք շուտով աչքիցս կորան, ես մնացի բոլորովին մենակ, լսածներս մտաբերելով, սաստիկ երկյուղի մեջ ընկա, սկսեցի մեծ դժվարությամբ լեռն ի վեր բարձրանալ, չգիտեմ ինչու’:

Ձեռներս սկսեցին դողալ և ոտներս թուլանալ: Մի կերպ քարշ էի գալիս, երբ կառքի մոտենալու ձայնը լսեցի: Մեծ ճանապարհի մոտ մի քարի վրա նստեցի մի քիչ հանգստանալու, հետզհետե ցրված ճանապարհորդներն էլ եկան: Նստեցինք կառքը և ճանապարհը շարունակելով հասանք Զուգդիդ և բազարի մեջ կառքից վայր իջանք:

Կառքերը և ճանապարհորդները հեռացան ու ես մնացի մենակ, անծանոթ ու մոլորված վիճակի մեջ: Մի քիչ հեռվում երևացին կոշիկ սրբողներ, մոտեցա նրանց և վրացերեն հարցրի, որտեղ է գտնվում Տիգրան Պապոյանի տունը: Նրանցից մեկը կոպիտ կերպով պատասխանեց. – Դու հայ ե՞ս, բա ինչու՞ հայերեն չես խոսում ու ավելացրեց. – Էսօր կիրակի է, Տիգրան Պապոյանը տանը չի լինի, մի քիչ առաջ կնոջ հետ ման էր գալիս, մի քիչ կաց, հիմա ուր որ է կգա»: Բավական ժամանակ սպասեցի և խնդրեցի այդ տղային, գոնե տունը ցույց տա: Նա չմերժեց և տարավ տունը ցույց տվեց, որ շատ էլ հեռու չէր: Բակում նստեցի, սպասում էի, երբ մի բարձրահասակ, կոպիտ ու խոժոռ դեմքով մարդ մոտեցավ ինձ, ես իսկույն ոտի կանգնեցի և հարցրի. – «Եղբայր, դու՞ք էք Տիգրան Պապոյանը»:

-Հա’, ես եմ, ի՞նչ է եղել, զահլա էք տանում, մի պատառ հաց եմ ուտում, էն էլ ձեռքիցս առնել պիտի տաք:

-Եղբա’յր, ես ի՞նչ եմ արել քեզ, որ այդպես էս խոսում, մի թշվառ հայ կին եմ, ընկել եմ օտար տեղ, էլ ու՞մ պիտի դիմեմ…

-Լա~վ, լա~վ, – իսկույն կտրեց խոսքս, մի քիչ սպասի’ր, հիմա տնեցիք կգան. – ու ինքը հեռացավ: Վերջապես եկավ և նրա կինը, մի բարի դեմքով, հղի կին, բարով ընդունեց ինձ, ներս տարավ, թեյ պատրաստեցին, հաց բերին, առաջարկեցին ուտել և խմել: Բայց ու’մ բերանը կբացվեր: Ես ինձ հետ էլ ունեի բավականին պաշար, ձեռք անգամ չէի տվել: Տիգրանն էլ եկավ տուն, սկսեց մեղմ կերպով ինձ հարց ու փորձ անել, սիրտս սաստիկ լցված էր, քիչ էր մնում փղծկեր, ձեռքերս էլ սաստիկ ուռել, կարմրել ու մռմռում էին: Շատ դժվարությամբ էի պատասխանում Տիգրանի հարցերին: Բայց երբ իմացավ Արդահանցի և Կարսեցի Սահակի` ընտանիք լինելս, սաստիկ զարմացավ և վերաբերմունքը բոլորովին փոխեց ու հարցրեց. – «Արդահանում կամ Կարսում էլ ու՞մ եմ ճանաչում»: Ասացի Հովհաննես Այվազյանի կինը` Սոֆիան իմ տալս է: Այդ կոպիտ մարդը բոլորովին մեղմացավ և սկսեց կարեկցաբար խոսել հետս: «Քանի որ դու Սահակի կինն ես և Սոֆիայի հարսն ես, իմ էլ բարեկամս ու քույրս ես, չեմ կարող քեզ չօգնել: Դու մի նեղանար, որ սկզբում այնպես խիստ վարվեցի քեզ հետ, մի կին էլ էր եկել այստեղ իր աղջկան գտնելու: Էնպես աղմուկ ու նեղություն պատճառեց ինձ, որ ահագին նյութական վնաս կրեցի նրա երեսից և դեռ լավ է, որ կենդանի էլ մնացել եմ այս վայրենի երկրում…»:

Մարդ ու կին ամեն կերպ աշխատեցին սիրտ առնել ու հանգստացնել: Պատմել տվին գլխներովս անցածները և խոր ցանկություն հայտնեցին ու մխիթարեցին ինձ և վերջն էլ ասացին, որ.

-Մենք առավոտը ցույց կտանք Շենգելիանի տունը, միայն հեռվից, դու միայն կգնաս և առանց երկյուղի կպահանջես աղջիկդ, ինչ էլ որ կպատահի, կգաս մեզ կպատմես, մենք ամեն աջակցություն էլ ցույց կտանք քեզ, միայն թող չիմանան սրանք, որ մեզ էլ վնաս չպատճառեն, շատ զգույշ պետք է լինել և գիտեցի’ր, որ սրանք շատ վայրենի, արյունախում ժողովուրդ են:

Թեև բավական միամտվեցի, բայց չկարողացա հանգիստ քնել, մի կողմից զանազան մտքեր էին պաշարել ինձ, մյուս կողմից էլ ձեռքերիս ուռեցքն ու ծակծկոցն էին տանջում: Վերջապես լույսը բացվեց, թեյ խմելուց հետո` Տիգրանի կնոջ հետ դուրս եկանք տանից, որը հեռվից ցույց տվեց Շենգելիանի տունը և ինքը մի կողմ քաշվեց, ես սրտատրոփ մոտեցա և մտա բակը, աչքերս չռած` թե որտեղ և ինչպես պիտի տեսնեմ Սաթիկիս: Պատշգամբում մի կին էր նստած տխուր, ձեռքը ծնոտին տարած, մոտեցա և հարցրի.- «Ա՞յս է  Սամսոն Շենգելիանի տունը»: Կինը զարմացած` նայեց ինձ և հրավիրելով իր մոտ ասաց. «Այս էլ Շենգելիանի տունն է, բայց ո’չ Սամսոնինը, նա մեր ազգականն է և մնում է Օրուճի գյուղում…»:       Ես շփոթվեցի, այդ միջոցին մի մարդ էլ դուրս եկավ սենյակից, ինձ հրավիրեցին նստել և հարցրին,  ինչու՞ եմ որոնում Սամսոնին…: Ես պատմեցի գալուս նպատակը: Հանկարծ կինը ձեռքերն իրար խփեց ու բացականչեց. – «Վա’յ, Օլխսսի դեդայի’»: Այն ժամանակ երկուսն էլ հետաքրքրված հարցուփորձ արին. – «Մեր Սամսոնի հետ մի սիրուն հայ աղջիկ կա, չլինի՞ թե դու նրա մայրն ես, շատ էլ նման է քեզ»: Ես այլևս չկարողացա համբերել ու սկսեցի արտասվել, նրանք էլ զգացվեցին ու ինձ հետ լաց եղան: Հրավիրեցին ինձ ներս գնալ, բայց ես մերժեցի, այն ժամանակ դուրս բերին ճաթի, պանիր, գինի և հրավիրեցին ուտել, խմել, նոքա ստիպում էին, մի երկու բաժակ էլ գինի խմեցրին: Երբ մի քիչ հանգստացել էի, մարդը ինձ հարցրեց. – «Չլինի՞ թե եկել ես  աղջկադ տանելու»: Ես աշխատեցի ծածկել բուն նպատակս. -«Բոլորովին միտք չունեմ տանելու. – ասացի, լսել եմ շատ լա’վ են պահում, էլ ինչու՞ եմ տանում, ուրիշ երկու տղա ու մի աղջիկ էլ ունեմ, որբանոց տված, նրանց շա’տ կարող եմ պահել, որ սրան տանեմ: Մի տարի է չեմ տեսել, եկա միայն տեսնելու…»:

Ինչպես երևաց, նրանք շատ ուրախացան ասածներիս վրա և խոստացան անպատճառ բերել տալ աղջկաս. «Հենց այսօր էլ նրանց գյուղից մարդ է եկել տերտերի մոտ, լուր կուղարկենք, վաղը աղջիկդ այստեղ կլինի. – ասացին, և ինձ էլ խորհուրդ տվին, մյուս երեխաներին էլ բերեմ այստեղ. – Մենք ձեզ տուն կտանք, ասացին, այգի ու հող կհատկացնենք, տղաներիդ ամեն բանով կօգնենք և դուք շատ բախտավոր ու երջանիկ կապրեք…»:

Որոշ պատասխաններ տալով` շնորհակալություն հայտնեցի, վեր կացա գնալու, բայց նրանք չէին թողնում. – Կաց մեզ մոտ, ու՞ր պիտի գնաս: «Բազարում գործ ունեմ, վաղը նորից կգամ» – ասացի ու դուրս եկա նրանց տանից:

Տիգրանի կինը ինձ կսպասեր, միասին տուն վերադարձանք: Բոլորը պատմեցի Տիգրանին, միևնույն ժամանակ երկյուղս հայտնեցի, թե` միգուցե սրանք լուր ուղարկեն և Սաթիկիս կորցնեն…: Տիգրանը չափազանց ուրախացած`- Շատ լավ դիրք ես բռնել, – ասաց, որ ասել ես թե տանելու չեմ եկել ու երկյուղդ էլ անտեղի չէ’: Հենց հիմա էլ գնացեք տերտերի մոտ, նա բարի մարդ է, և եթե հնար է այսօր էլ կարող ես Օրուճի գնալ եկող մարդկանց հետ…:

Տիգրանի կնոջ հետ գնացի տերտերի մոտ, պատմեցի Օրուճի գնալու մտադրությունս, նա էլ սիրով լսեց, իր մոտ կանչեց եկող մարդկանց և ասաց ինձ. – «Այս մարդիքը այն գյուղացիքն են, մեկը ոտով է եկել, մյուսը ձիով, որի հետ կամենաս կարող ես ապահով կերպով գնալ, ես արդեն ասացի նրանց և ինչ որ պետքն է պատվիրեցի: Ոտավոր մարդը աչքիս մի տեսակ երևաց, իսկ ձիավորը` ծերացած – բարի մարդ էր երևում, ցանկություն հայտնեցի վերջինիս հետ գնալ ու Տիգրանի կնոջը ճանապարհ դրեցի դեպի տուն: Մի ժամից հետո արդեն ճանապարհ էի ընկել Օրուճի գյուղը, գնալու եմ ձիավոր առաջնորդիս ետևից ոտով քարշ գալով: Եղանակը վատանում էր, սկսեց մանր անձրև տեղալ ու սաստիկ ցեխ շինել, ես դժվարությամբ էի առաջ գնում, առաջնորդս կանգնում և ինչ որ բլբլացնում էր, բայց ցավալին այն էր, որ ես ոչինչ չէի հասկանում, վրացերեն կամ ռուսերեն խոսում էի, նա բան չէր հասկանում, նա նորից առաջ էր գնում, տեսնելով, որ ես դժվարությամբ եմ ոտներս փոխում, կանգնեց և թամբը ցույց տալով նորից բլբլացրեց և ինչ որ ասում էր, երևի առաջարկում էր նստել իր քամակին, բայց ես վախենում էի և ցույց էի տալիս թե չեմ հասկանում ասածը: Սա էլ բարկացած ձին քշում էր առաջ, նորից կանգնում, նորից բլբլացնում: Վերջապես մեծ դժվարությամբ ու թրջվելով` հասանք մի տան առջև: Առաջնորդս վայր իջավ ձիուց և ներս գնաց ու ինձ էլ հրավիրեց հետևել իրեն: Տան մեջտեղը օջախ կար վառած ու մի մեծ երկար փայտ էլ դրած օջախի մեջ, որի ծայրը վառվում էր:

Բանից դուրս եկավ, որ այդ տունը մեզ պատահած ոտավոր մարդունն է եղել: Առաջնորդս նստեց կրակի մոտ, սկսեց շորերը չորացնել, և ինչ որ խոսում էր տանտիրոջ հետ, կարծես վրաս էին նայում: Նրա կինն էլ շարունակ ինձ է նայում, վրաս ծիծաղում ու զանազան նշաններով, կրճատված վրացերենով հարցնում էր ինձ, թե ինչու մարդս չկար: Բավական հանգստանալուց և չորանալուց հետո առաջնորդս վեր կացավ և մենք նորից ճանապարհվեցինք:

Բարձրավանդակի վրա կանգնեց, ճյուղք պոկեց ծառից և ներքևում երևացող տները ցույց տալով, ծառի ճյուղքը մի քանի անգամ շարժեց, ինչ որ բլբլացրեց և առաջ գնաց, իհարկե ես նորից բան չհասկացա և հետևեցի նրան, բայց նա բարկացած` ինձ կանգնեցրեց, նորից նույն շարժումներն արավ և արագ կերպով ձին առաջ շարժեց: Ես վախեցած մի քիչ կանգնած մնացի, երբ բավական հեռացել էր, սկսեցի առաջ գնալ, մեկ էլ տեսնեմ առաջնորդս կանգնեց մի տան առաջ և նայեց ինձ, ծառի ճյուղը մի քանի անգամ շարժելով` գցեց տան առջև և ինքը անհետացավ: Ես սաստիկ վախեցած` առաջ գնացի ու կանգնեցի վայր գցած ճյուղքի մոտ մոլորված, հանկարծ մտածեցի, չլինի՞ թե այս տունն է Սամսոնինը, որ խելոք ու բարի առաջնորդս, այս խորամանկ միջոցով ինձ ցույց տվեց, որ ինքը չնկատի: Հանկարծ հեռվից երևաց նրա գլուխը, որ շաժելով դեպի տունն էր նշանացի անում, խորապես շնորհակալ եղա այդ մարդուց, գլխով նշանացի արի ու մոտեցա տանը:

Սաստիկ դողալով ու սրտատրոփ մտա բակը և նայում էի շուրջս, երբ մի ջահել կին երևաց, որին հարցրի վրացերեն բարբառով: Նա շատ զարմացած` խլշկոտելով բավական նայեց և ”Օլխսսի դեդայի” բղավելով ընկավ վզովս ու սկսեց համբուրել: Երկրորդ անգամ լսում էի այդ  անունը: Անշուշտ Սաթիկիս անունը պիտի փոխած լինեին և այդպես կոչեին, մինչ այդ, կինը ինձ թողեց ու ոտով վազեց տուն: Վրաս թափվեցին կին ու աղջիկներ և ”Օլխսսի դեդայի” բղավելով փաթաթվում և համբուրում էին, իսկ ես Սաթիկիս էի որոնում: Համբերությունս հատավ, վրացերեն բարբառով կանչեցի. – Թողե’ք ինձ, ի սեր Աստծո, ես ձեզ չեմ ճանաչում, ես իմ աղջիկս եմ փնտրում, ու՞ր է Սաթիկս, ու՞ր է կորած բալես:

Եվ ահա, տեսնեմ պարտեզի մյուս ծայրից, հեռվից, կամաց – կամաց գալիս է մի սիրուն աղջիկ, գոգը լի ցախով լցված: Երբ քիչ մոտեցավ ու հավաքված խումբը նկատեց, մի քանի րոպե կանգ առավ և գրկի ցախը թափելն ու «Մամա ջա~ն» կանչելը և գիրկս ընկնելը մեկ արավ:

Սաթիկիս գտել էի, փաթաթվեցի կորած բալիկիս և անդադար համբուրում էի ու լաց լինում նրա հետ:

Մեզ շրջապատող կանայք ու աղջկերքն էլ սկսեցին լաց լինել, մի այնպիսի վայրենի ձայներով ու բլբլոցներով,  որ ես իմս մոռացա:

Վերջապես մեզ տարան տուն, ամեն տեսակ հարգանք ցույց տվին և հյուրասիրեցին իրենց անքանակ ճաթիով, պանրով և գինիով:

Գիշերն էլ երկուսիս համար մի տեղաշոր պատրաստեցին մնալու համար: Բայց ու’մ քունը կտաներ, ես ամեն տանջանք ու նեղություն մոռացել էի, կորած բալիկիս գտել էի, որին պինդ փաթաթված համբուրում ու անվերջ հարցեր էի տալիս: Սաթիկս էլ պինդ կպած կրծքիս, շարունակ համբուրում ու հարցերիս էր պատասխանում: Երբեմն – երբեմն գալիս էին աղջիկներն ու վերմակի ծայրը վերցնում տեսնելու համար թե ի՞նչ ենք անում` քնե՞լ ենք, թե` խոսում ենք, իսկ մենք քնած էինք ձևանում:

Զ. ՍԱԹԻԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ  ԵՎ  ՓԱԽՈՒՍՏԸ

Ամբողջ գիշեր մայր ու աղջիկ փաթաթված քնել չկարողացանք, անդադար ինձ համբուրելով Սաթիկս պատմում էր.

-Մամա ջա’ն, երբ որ քեզնից բաժանվեցինք, Սամսոնը ինձ Քութաիս չտարավ, ինչպես որ ասել էր, այլ Նովո-Սենակում վայր իջանք երթուղուց և հանրակառքով եկանք Զուգդիդ, մի գիշեր հյուրանոցում մնացինք, հետևյալ առավոտը գնացինք ազգականներին և ծանոթներին տեսնելու, բոլորն էլ ինձ սիրով ընդունում ու փայփայում էին, բոլորն էլ առաջարկում էին մնալ իրենց մոտ, բայց ես չէի ուզում Սամսոնից բաժանվել, ախր չէ՞ որ, մամա ջան, նա իր հասցեն տվել էր, գիտեի, որ դու մի օր կգաս ինձ գտնելու: Հենց այդ օրն էլ ոտով ճանապարհ ընկանք  այստեղ                                                                                 գալու: Ճանապարհին հետաքրքիր դիտում էի, թե ինչպես գյուղացիք արտերը քաղում և այգիների ծառներից էլ պտուղներ էին թափ տալիս: Սամսոնի ծանոթները ամեն տեղ էլ պատվում էին ճաթի, պանիր ու գինի և մրգեր, այսպես հասանք տուն:

Սամսոնի կինը, որ ծերացած ու բարի կին էր, շատ սիրով ընդունեց ինձ, նույնպես և աղջիկները` Էլիզաբեթը /20 տարեկան/, Թամարը /16 տարեկան/ և տղաները` Ալեքսանդրը / 35 տարեկան/, որ համր էր, Նապոլեոնը` /23 տարեկան/ մի հիվանդոտ տղա, Ալյոշան /14 տարեկան/ և Ժորիկը /21 տարեկան/, բոլորն էլ շատ ուրախացան, սիրում ու փայփայում էին ինձ:

Սկզբում ես շատ տխուր էի և շարունակ լաց էի լինում, լեզուն էլ չէի հասկանում, շատ վատ էր: Կամաց – կամաց լեզուն էլ սովորեցի, հետները խաղում էի, աղջիկների հետ գնում էի անտառ, ձի նստում և ման գալու էինք գնում, մի փոքր կավե ամանով առվից ջուր էի բերում, ցախ հավաքում և ինձ ընկած տան գործն անում, թեև շատ էլ չէին թողնում աշխատելու…:

Երեք ամիս չէր անցել, երբ Նապոլեոնը մեռավ, այդ ժամանակ Սամսոնը տանը չէր, մեռելը ավազի մեջ պահեցին, մինչև հոր գալը: Դու պիտի տեսնեիր, մայրի’կ ջան, թե ինչպես լաց էին լինում կանայք ու աղջիկները, մազերը պոկում, երեսները չանգռում – արյունոտում և սարսափելի վայրենի ճիչեր արձակում: Ես սաստիկ վախենում էի այդ ժամանակ և մի անկյուն կուչ եկած` լաց էի լինում և ձեր մասին մտածում:

Վերջապես Սամսոնն էլ եկավ, դրացիները նույն լաց ու ճիչով հավաքվեցին, հետները բերում էին մի կլոր ճաթի և չեփած լոբի: Մեռելը ավազի միջից հանեցին, լվացին, հագցրին, պատկերը քաշել տվին ու տերտերով տարան թաղեցին: Յոթին էլ մալ մորթեցին ու ժողովրդին հաց տվին…:

Մի քանի անգամ էլ ինձ հարսանիք տարան հետները, զարմանալի ու ծիծաղելի սովորություններ, երգեր ու պարեր ունեին, մեզի պես հարսին հագցնում ու գլխին ֆաթե են կապում, երգում, պարում: Հետո գալիս է փեսան, ուտում, խմում և տանում պսակում են: Այնպիսի վայրենի ճվոց-բոռոցներով, որ մարդ չի իմանում զարմանա, թե` ծիծաղի:

Ինձ ոչ մի բան էլ չէր ուրախացնում, շատ անգամ գնում առվի ափին նստում ու լաց էի լինում:

Նկարը`Հ.Աբրահամյանի

Երկար փնտրելուց հետո գալիս գտնում և բռնի տուն էին տանում: Շարունակ ուզում էի ձեզ նամակ գրեմ, որ գաք ինձ տանեք, բայց ու՞մ հետ պիտի ուղարկեի, ո’չ մի ծանոթ չունեի: Լսում էի, որ ուրիշ հայ աղջիկներ ու տղաներ էլ կան սրանց մեջ, բայց ոչ մի անգամ չպատահեցի նրանց: Մտածում էի փախչել, բայց ու՞ր պիտի գնայի, լեզուն լավ չէի իմանում, ճանապարհ էլ չգիտեի: Մի անգամ էլ, մյուս սենյակում փսփսում էին, հետաքրքրվեցի և իմացա, որ իմ մասին են խոսում և ինչ որ նամակ-նամակ էին ակնարկում, կարծելով անշուշտ, որ ձեզնից նամակ եկած կլինի, ներս մտա և լալով ասացի. – Ինչ նամակի մասին էք խոսում, անշուշտ մայրիկիցս նամակ ստացած կլինեք, տվեք իմ նամակս…:

Բայց նոքա մերժեցին ու բոլորովին ուրախացան: Սամսոնը միշտ տանը չէր մնում, շարունակ գնում էր Բակուրիան կամ ուրիշ տեղ, ուզում էին ինձ դպրոց տալ, բայց ես մերժեցի: Բակուրիանից մի հայերեն գիրք բերին ինձ համար, շատ լավ գիրք էր, մեջը լավ -լավ աղոթքներ կար, շարունակ կարդում և աղոթքներն էլ անգիր ասում էի: Իմ մխիթարությունը այդ գիրքն էր:

Բավական ժամանակ  լռելուց հետո շարունակեց Սաթիկը ցածր ձայնով.

-Սրանք ինձ կամքով թողնողը չեն, մայրիկ ջան, եթե գալդ առաջուց իմանային, անշուշտ ինձ ուրիշ տեղ կտանեին – կկորցնեին: Ես այլևս չեմ ուզում սրանց մոտ մնալ, լավ էր, որ եկար, ի’նչ ուզում ես արա, ինձ էլ հետդ  տար, ես շատ եմ կարոտել քույրերիս ու եղբայրներիս, ինչպե՞ս է Մարտիկս, ա~խ հոգիդ ուտեմ, ախպեր իմ, այնպես չէ՞, մամա ջան, ինձ հետդ կտանես ու չես թողնի սրանց մեջ. – լաց լինելով ասում էր Սաթիկը ու փաթաթվում ինձ:

Այսպես լուսացրեցինք այդ գիշեր մայր ու աղջիկ:

Մեր բախտից այս անգամ էլ Սամսոնը տանը չէր: Տանեցիք հետաքրքրվեցին գալուս բուն նպատակը իմանալու համար: Ես էլ ասացի, որ եկել եմ միայն տեսնելու, երբեք էլ միտք չունեմ տանելու…: Պատմեցի Զուգդիդում իրենց ազգականի հետ ունեցածս խոսակցությունը, նրանց առաջարկը, մյուս երեխաներիս էլ բերելու իմ համաձայնությունս: Այս բանը նրանց շատ ուրախացրեց ու հանգստացրեց: Երկու օր շարունակ ծրագրեր էի մտածում, թե ինչպե՞ս պիտի կարողանամ այս վայրենիներին համոզել և աղջիկս դուրս կորզել ճիրաններից: Սամսոնի վերադառնալուց շատ էի վախենում, ուստի առաջարկեցի թողնել աղջկաս մինչև Զուգդիդ հետս գալու. – «Նրան այնտեղ կթողնեմ ձեր ազգականի տանը ու կգնամ մյուս երեխաներիս էլ բերելու: Այսպես խոսելով, թեև մեծ դժվարությամբ, համոզեցի Սաթիկիս հետս տանելու: Ճանապարհի պաշար տվին և արտասուքով ճանապարհին մեզ: Մինչև իսկ երկու աղջիկները հետներս եկան մինչև կես ճանապարհը և մեծ դժվարությամբ դրանց համոզեցինք վերադառնալ: Դրանցից էլ ազատվելով հասա Զուգդիդ և ընկա Տիգրանենց տունը ազատ շունչ քաշելով:

Տիգրանը և կինը չափազանց ուրախացան մեր հաջող վերադարձով. – «Աղավնի’, – ասաց Տիգրանը, արժեր այս աղջկադ, որ այնչափ նեղություններ կրեցիր: Ես քեզ շուտով բաց չէի թողնի, մինչև կնոջս ազատվելն էլ կպահեի, բայց կարող է Սամսոնը վերադառնալ ու ձեզ հետևել, ուստի վաղնևեթ ճանապարհ կդնեմ ձեզ, միայն այն պայմանով, որ խոսք տաս, աղջիկդ տանել – տեղավորցնելուց հետո, փոքր տղայիդ հետ գաս ու միառժամանակ մեզ մոտ մնաս…»:

-Ես ուրախությամբ կգայի, պատասխանեցի, միայն ինձնից չէ կախված: Դժվար թե որբանոցի կառավարիչը թույլ տա, առանց այն էլ շատ մեծ դժվարությամբ թողին այս անգամ, համարյա բռնի կերպով եկա…:

Այսպես երկար խոսակցելով, ուրախ տրամադրությամբ   հանգստացանք այդ գիշեր և հետևյալ առավոտը Տիգրանը կառք վարձեց ու մեզ ճանապարհ դրեց:

Նովի Սենակի կայարանում տոմսակներ առել ու սպասում էինք գնացքի գալուն, հանկարծ պատահեց Սամսոնը: Սաթիկս սաստիկ վախեցած կպավ ինձ, իսկ նա Սաթիկին տեսնելով, նախ` շատ զարմացավ, հետո բարկացավ ու կամեցավ նորից վերադարձնել, բայց ես, որ սկզբում շատ էի վախեցել ու շփոթվել, հետզհետե սիրտ առա և Ազգային խորհրդից ունեցած գրությունը ցույց տալով` սկսեցի աղմուկ բարձրացնել: Չգիտեմ այդ միջոցին որտեղից բուսավ այն հայ կինը, որ առաջին գիշերը պատահել էր ինձ, խորհուրդներով օգնել ու ճանապարհ դրել Զուգդիդ: Նա էլ մեծ օգնություն հասցրեց իր միջամտությամբ և չափազանց ուրախացած էր երևում մեր վերադարձը տեսնելով:

Սաթիկիս լացն ու ինձնից կպչելը տեսնելով և երևի աղմուկից խուսափելով` Սամսոնը տեղի տվեց և հենց այդ միջոցին էլ գնացքը եկավ և մենք շտապեցինք վագոնում տեղավորվել և մի անկյունում կուչ գալ երկյուղով լցված, մինչև որ գնացքը շարժվեց ու մենք ազատ շունչ քաշեցինք և Սուրամում վայր իջանք գնացքից:

Երբեք չէի սպասում այդպես շուտ և այն էլ հաջող վերադարձիս: Որբանոցի կառավարիչը և մանավանդ բժիշկը շատ ուրախացան.

-Ապրե’ս այ կին, շատ ղոչաղն էս եղել. – ասաց բժիշկը, աղջիկդ էլ շա~տ լավն է, արժեր, որ այդչափ նեղություն կրեցիր և ազատեցիր:

Մի ամիս չէր լրացել Սաթիկիս ազատվելուց, երբ Տփղիսում /Թիֆլիսում/ ապրող քույրս նամակ էր գրել ու հայտնել, որ «Կարսը և Արդահանը նորից հայերին են հանձնել, մենք շուտով գնալու ենք, դուն էլ արի’, որ միասին գնանք»:

Դիմեցի որբանոցի կառավարչին, որ թույլ տան գնալ Տփղիս /Թիֆլիս/, բայց նրանք ոչ մի կերպ չէին ուզում թողնել և ես էլ նրանցից գաղտնի թողի ու եկա Տփղիս /Թիֆլիս/: Դոքա արդեն տեղափոխվել էինք Կարս, տալանքս էլ Արդահան: Քույրս ուրիշ գաղթականների հետ պատրաստվել էին մեկնելու, բայց չգիտեմ թե ինչու՞ էր ձգձգվում:

Ես գրեցի, Սաթիկիս էլ բերել տվի և տեսնելով, որ Տփղիսում  /Թիֆլիսում/ դժվարությամբ էինք ապրում և Սաթիկս էլ հիվանդացավ, քրոջս հետ փոխադրվեցինք ,,Տրիոխսոդ” կոչված փայտաշեն բնակարանները, գաղթականների մեջ, որոնց համեմատաբար լավ կերակրում և օգնում էին, ավելացած հացերը տանում քաղաք փոխում էինք թարմ մրգերի, լուցկու հետ, ավելի բարձր ծախելով: Երկու ամիս էլ այստեղ քարշ եկանք: Վերջապես մի գեղեցիկ օր էլ գաղթականներիս լցրին վագոնները և ճանապարհ դրին Կարս, այնտեղից էլ Արդահան:

Արդահանում տված նպաստով չկարողացանք ապրել, ես վերադարձա Կարս և Ձեզ մոտ, Տեր Խորեն Հայր, Առաքելոց եկեղեցում ծառայության մտա, որից հետո մեզ հետ պատահած դեպքերը ձեզ հայտնի են: 1920 թ.-ի ամռանը լսելով քրոջս խորհրդին, նորից Արդահան գնացի այն հույսով, թե պիտի կարողանամ տիրանալ տներիս և ջրաղացիս, բայց ոտս կոտրվե’ր չգնայի: Երեք ամիս չանցած, նորից փախանք Արդահանից:

Ախալքալակում իմացա, որ Սուրամի որբերը Ախալցխայի և Ախալքալակի վրայով հասել են Ալեքպոլ: Ես էլ հետևեցի նրանց: Թեև գտա Սարգսիս և մի աղջկաս – Աստղիկին, բայց ավա~ղ, աղջիկս էլ շուտ կորցրի: Նա չդիմանալով այնքա~ն տառապանքի ու որբանոցի տաժանակիր աշխատանքի, հիվանդացավ ու կնքեց իր տարաբախտ մահկանացուն: Սարգիսս որբանոցում լավ սովորում էր, իսկ փոքրը` Մարտիկս մոտս էր: Սաթիկիս թողել էի Կարս, նա էլ ձեզ հետ գերի էր մնացել թուրքերի մեջ, մորմոքը սրտիցս չէր հեռանում, որ նորից կորցրել եմ Սաթիկիս: Մինչև 1921թ. մայիսի վերջերին ձեր շնորհիվ, ազատվեց իր որբանոցի հետ և գտավ ինձ: Որբանոցից դուրս չեկավ և այսօր էլ ծառայում է

հիվանդանոցում:

Այս ամեն զրկանքներն ու վշտերը մոռացել էի արդեն, բայց բախտի հարվածը ինձ չթողեց, վերջին օրերս Սարգիս որդիս պալիգոնի որբանոցում թոքախտով հիվանդացել էր և որբանոցի հիվանդանոցում  երկար չդիմանալով` նա էլ կնքեց իր  դժբախտ մահկանացուն և թողեց ինձ: Նա իմ ապագա հույսն ու հենարանն էր լինելու:

Սրբելով աչքերից անդադար հոսող արտասուքները, վերջացրեց իր տխուր պատմությունը տիկին Աղունը:

Վ Ե Ր Ջ Ա Բ Ա Ն

ՀԵՂԻՆԵ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Գեղանկարչուհի, վաստակավոր մանկավարժ /2010թ./

Շարունակեմ այս տխուր պատմությունը` Սաթիկին հանդիպել եմ 1920 թվի հոկտեմբերի 30-ին: Կարսի ձորի ահավոր կոտորածը տեսնելուց և հարազատներ կորցնելուց հետո, երբ եկանք Առաքելոց եկեղեցի, պապիս` Խորեն քահանա Ստամբոլցյանի  մոտ, Սաթիկն այնտեղ էր: Աղավնին վերադարձել էր Արդահան իր տուն ու ունեցվածքին  տեր կանգնելու համար: Քաղաքում մնալը անհնար էր դարձել, թուրքը իր սովորության համաձայն զբաղված էր թալանով և սպանություններով: Պապիս շնորհիվ կարողացանք տեղավորվել Կարսի Ամերիկյան որբանոցում, Սաթիկն էլ մեզ հետ էր: Նրան տեղավորեցին որպես խնամակալ, փոքրիկների բաժնում /2-5 տարեկան/, մեր Գևորգն էլ` հորեղբորս թոռը, նրանց մեջ էր: Մինչև 1921 թիվը մի կերպ դիմացանք այդ որբանոցում, սակայն երբ բոլորին տեղափոխեցին Ալեքսանդրապոլ` երկու մորաքույրներս նշանակվեցին թոքախտավորների բաժնում աշխատելու: Շուտով նրանք էլ դուրս եկան այնտեղից և մեզ էլ հանեցին: Սաթիկը մնաց մանկատան հիվանդանոցում աշխատելու:

Սաթիկին որոշ ժամանակով կորցրի, հետո անսպասելի գտա Երևանում արդեն բժշկուհի դարձած: Անչափ բարի, հոգատար, իր գործի լավագույն մասնագետ Սրապյան Սաթիկը աշխատում էր 4-րդ պոլիկլինիկայում,  հարգված ու սիրված էր բոլորի կողմից, միևնույն ժամանակ նա աշխատում էր նաև ծննդաբերական հիվանդանոցում: Նրա հոգատար ձեռքերի շնորհիվ ծնվեցին բազմաթիվ երեխաներ, նաև եղբորս աղջիկը`Ռուզաննան և թոռնիկը` Դիանան:

Սաթիկի մայրիկը Արդահանից բավական ուշ եկավ Ալեքսանդրապոլ: Աղավնուն տեսել եմ Կարսում, պապիս մոտ: Աղավնիի դժբախտությունները այդքանով չէին ավարտվել: Շուտով թոքախտով հիվանդացել էր նաև փոքր որդին` Մարտիկը: Աղավնին ամեն ինչ արել էր նրան մահվան ճիրաններից փրկելու համար, սակայն ապարդյուն: Մարտիկն էլ էր կնքել իր մահկանացուն: Որպես սփոփանք այդ դժբախտ կնոջ համար, մնացել էր միայն Սաթիկը:

Սաթիկի հետ միշտ հեռախոսային կապի մեջ էի: Նա ամուսնացել էր, ուներ մի տղա` ապրում էին միասին: Երկրաշարժից հետո, երբ մենք էլ կորուստներ ունեցանք, զանգեցի Սաթիկին, բայց նրանք արդեն այդտեղ չէին ապրում: Այդպես էլ կորցրեցի նրանց:

Պապիս մասին ասեմ, որ նա բավականին գրագետ մարդ էր` սովորել էր Էջմիածնի հոգևոր ճեմարանում: Ինքը ստեղծագործում էր: Հիշում եմ` սրբագրում էր  Ատրպետի գրվածքները: Ես էլ տանում բերում էի ձեռագրերը: Նիկողայոս Մառին օգնում էր Անիում կատարված պեղումների ժամանակ, քարերի վրայից նկարում էր զարդանախշերը: Ուներ բավականին արժեքավոր մագաղաթյա մանրանկարներով հարուստ գրականություն: Դրանցից օգտվելով կազմել էր նկարչության դասավանդման ձեռնարկներ: Ինքն էլ բավականին լավ նկարում էր: Ինձ էլ էր նվիրել դրանցից մեկը, սակայն երբ ես սովորում էի Լենինգրադում,  հորեղբորս աղջիկը 1937թ.-ին այրել էր, վախենալով թե կարող են գտնել և աքսորել մեզ, քանի որ այնտեղ աստված բառը կար գրված:  Ցավոք սրտի Կարսում մնացած ողջ գրականությունն էլ  ոչնչացավ: Իր ինքնակենսագրականում պապս գրում է.

«Որքան ախմախ ու ապուշ էի, որ ժամանակին չկարողացա օգտվել և հրատարակել այդ աշխատություններիս գոնե մի կարևոր մասը, որով ոչ միայն այսօր կորցնելուց ազատած կլինեի, այլև գուցե և օգտակար դառնային դպրոցների, գրականության և գեղարվեստի համար: Մի տեսակ անտեղի երկյուղ կար մեջս ու դեռ մինչև օրս էլ կրում եմ այդ  երկյուղը և ինձ անպատրաստ համարում գրական ասպարեզ իջնելու համար: Այդ վեհ ու պատկառելի ասպարեզը սրբություն էր ինձ համար, այնինչ, ինչպես նկատում էի շատ ու շատ անպատրաստներ ու թերուսներ ինձ նման, երևի ավելի ցուցամոլության,քան օգուտ ստանալու տեսակետով ցույց էին տալիս այդ ձգտումը և իրենց անհամ ու անհոտ գրվածները հրամցնում էին մեր հասարակությանը և դպրոցներին:

1919 թվի գարնանը Կարս վերադառնալիս մեծ հույս ունեի, թե կորցրածներիցս շատ բան կգտնեմ, բայց ավաղ, գրեթե ոչինչ չգտա, բացի մի քանի կտոր գրքերից ու անշահ թղթերից և «քարոզի տետրակներից», այն էլ ցեխի ու ապականության մեջ շաղախված և պատառոտված և այդ  շնորհիվ ոմն ռուս կապիտան Սերգեևի, որը ինչպես Թիֆլիսում լսեցի և Կարսում էլ ստուգեցի, մնացել էր Կարսում և թուրքերի գալուն պես մտել էր մեր կեցած բնակարանը` սեփականացրել իմ և ուրիշների ունեցվածքները, մինչև իսկ չի լսել հույն ընկերոջ խորհուրդը «Գրքերս ու եկեղեցական իրերը թաղել մի ապահով տեղ», այլ իր համար անպետք համարվածները  /որոնք ինձ համար ամենից ավելի թանկն էին/ աղբանոց էր լցրել,իսկ մնացածները արկղներով հետը տարել Կարսից հեռանալիս»:

Ամբողջ կյանքում նա տանջվում էր, որ իր ազգի համար փրկած եզակի ձեռագրերը և իր պատմական հուշագրերը ոչնչացան ընդմիշտ:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախաբան ———————————————————-    4

Ա.Արդահանի կոտորածը —————————————–    8

Բ.Գերիների փոխանակություն ———————————-   13

Գ.Ազատված գերիների վիճակը ———————————-  18

Դ.Սուրամի որբանոցը ———————————————  23

Ե.Որդեկորույս մայրը ———————————————- 27

Զ.Սաթիկի պատմությունը և փախուստը ———————— 33

Վերջաբան ———————————————————– 39

ԽՈՐԵՆ  ՔԱՀԱՆԱ  ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ

ՍԱԹԻԿԻ  ՄԱՅՐԻԿԸ

ԻՐԱԿԱՆ   ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ   ԶՈՒԼՈՒՄԻ   ԱՇԽԱՐՀԻՑ

(Գրի առնված 1925թ.)

Հրատարակիչ, խմբագիր`

ԿԱՐԻՆԵ ԱՂԱԲԱԲՅԱՆ

Համակարգչային շարվածքը և ձևակերպումը`

ԿԱՐԻՆԵ ԱՂԱԲԱԲՅԱՆԻ

Տպաքանակը` 250 օրինակ

Երևան 2010   E-mail: agkarine@mail.ru

Դիտվել է 6816 անգամ:
Print Friendly

Leave a Reply